2016.10.26,

vox populi

Լուսինե Գինոսյան. «Ես եմ մեդիան և ես կարող եմ այն փոխել…»

Սթրիթ-արտ էսքիզների մրցույթին ներկայացրած իր աշխատանքը 24-ամյա Լուսինե Գինոսյանը պատկերացնում է Վանաձորի Վարդանանց 122 շենքի կամարներից (դալան) մեկի պատին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ժյուրին մրցույթի արդյունքներն ամփոփեց 2016թ. հունիսին, և «Մեդիայի դերը հասարակությունում», «Խոսքի ազատություն» և «Ես եմ մեդիան» անվանակարգերում հաղթողներն են՝ Արտակ Գևորգյանը, Անի Թադևոսյանը և Էլիզա Բաղդիյանը:

Մասնագիտությամբ գեղանկարիչ Լուսինե Գինոսյանի՝ մեդիային առնչվող հետաքրքիր այս աշխատանքը, թերևս, երբևէ կիմաստավորի իր իսկ ընտրած կամ թեկուզ մեկ այլ շենքի կամարները: Ի դեպ, 2011թ. արդեն նա Վանաձորի բնակելի շենքերից մեկի պատին իրականացրել է «Արտագաղթ» թեմայով իր գաղափարը: Իսկ լրատվական աշխարհին վերաբերող մրցութային աշխատանքի իր հայտը նա այսպես էր ամփոփել՝ ես եմ մեդիան և ես կարող եմ այն փոխել:

Էսքիզի իմ տարբերակում փորձել եմ ցույց տալ, թե որքան մեծ է մեդիայի ազդեցությունը մարդու վրա: Այն ամենն, ինչ մենք լսում, կարդում և տեսնում ենք ամեն օր, մեծ ներազդեցություն ունի հատկապես մեր ենթագիտակցության վրա: Ինտերնետը, հեռուստացույցը, տպագիր մամուլը, սոցիալական կայքերը աշխարհի իրադարձությունները ֆիլտրելով են ներկայացնում մեզ, իսկ մենք ճանաչում և տեսնում ենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն մեզ ներկայացնում են: Ցավալի է, որ լրատվական դաշտն այսօր ավելի շատ ողողված է բացասական ինֆորմացիայով, արտակարգ դեպքերով, բարոյականության և հասարակական նորմերը ոտնահարող իրադարձությունների լուսաբանմամբ: Սա իր հերթին մարդու մոտ առաջացնում է ագրեսիվ վերաբերմունք աշխարհի նկատմամբ: Ակնհայտ է, որ բացասաբար տրամադրված անձը չի կարող լինել հասարակությանը պիտանի և լիարժեք ինտեգրվել հասարակության մեջ:

Յուրաքանչյուրս կարող ենք միջամտել մեդիայի գործունեությանը և պետք է պայքարենք գրագետ մեդիա ունենալու համար, քանի որ ուժեղ է այն պետությունը, որն ունի կրթված և իրազեկված հասարակություն:

Այսօր գրեթե ամեն ոք կարող է ինքնակոչվել որպես լրագրող, զբաղվել քաղաքացիական լրագրությամբ և որևէ կայքում հրապարակել նյութ` մեդիադաշտը դարձնելով ինքնաարտահայտման վայր: Այս ամենի արդյունքում ինտերնետային պարբերականները լի են վերնագրերին չհամապատասխանող նյութերով, որոնցում հեղինակների սուբյեկտիվ կարծիքը խեղաթյուրում է իրականությունը: Այս պարագայում մամուլը դառնում է տեղեկատվական զենք: Սա, թերևս, գրագիտության և պրոֆեսիոնալիզմի պակասի արդյունքն է:

Լրատվամիջոցների գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքից է նաև կախված, թե ինչպիսի հասարակություն կունենանք: Այդ իսկ պատճառով մեդիան չպետք է լինի հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու՝ շահ հետապնդող գործիք: Իսկ լավ լրագրողներ և լրատվամիջոցներ ունենալու համար անհրաժեշտ են լավ ներդրումներ, որպեսզի դիտումների քանակով գումար վաստակողներն «աղբով» չլցնեն լրատվամիջոցները:

Լուսինե Գինոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *