«Մեդիա սպառողից դեպի ստեղծող անցում կատարելը լուրջ դիմադրողական արարք է»

14.07.2016, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

«Բուն» գիտա-մասնագիտական առցանց հեռուստաընկերությունն իր ձևաչափով եզակի է: Հայաստանյան մեդիա դաշտում այն առանձնանում է իր հստակ թիրախային լսարանով ու ոչ պատեհապաշտ թեմաների ընտրությամբ: Այս հարթակ այցելում են նրանք, ովքեր ուզում են լսել ալտերնատիվ մասնագիտական խոսք:

«Բուն»-ը ոչ մի տեղ չի շտապում ու չի վազում հրատապության հետևից՝ հավաքագրելով ժամանակակից գիտական միտքը: Երեք տարվա կյանք ունեցող «Բուն»-ը փորձարկել է տարբեր ձևաչափեր՝ զրույցներ, թեմատիկ բանախոսական շարքեր, բայց ամենապահանջվածը շարունակում են մնալ մեկ թեմա բացահայտող 20 րոպեանոց տեսաձեռնարկները, որոնք վավերացնում ու արխիվացնում են ժամանակակից հայաստանյան մասնագիտական տեսակետները:

«Բուն»-ի հիմնադիրները անհատներ են՝ Քրիստինե Արմենակյանն ու Գեմաֆին Գասպարյանը, որոնք իրենց անձնական ֆինանսական ներդրումներով կարողացել են փոքր-ինչ տեղից շարժել այն կարծրատիպը, թե Հայաստանում այսօր միտք չի գեներացվում, կամ էլ հայտնվելու դեպքում՝ անհուսալիորեն փոշիանում է:

Թեև «Բուն»-ը միայն խոսք փոխանցող հարթակ է, այն միաժամանակ՝ քչախոս է: Քչախոս է, քանի որ կոնկրետ է: Այսօր ընդունված է մեդիա հարթակներից խոսել ամեն ինչից ու քիչ-քիչ՝ սահելով թեմաների մակերեսների վրայով: Քրիստինե Արմենակյանն ասում է, որ «Բուն»-ը փորձում է աննպատակ ու, մեծ հաշվով, կասկածահարույց այդ մոտեցումից հեռու լինել:

Տրոհված, ֆրագմենտար և արագ իրականության մեջ «Բուն»-ն առաջարկում է երկար ու վիզուալ տեսակետից ոչ հետաքրքիր վիդեոշարքեր, որոնք դուրս են իրադարձային ձևաչափից ու նախատեսված են անշտապ դիտման համար: Չունեի՞ք մտավախություն, որ այդ դիտումները պահանջարկ չեն ունենա:

Ճիշտն ասած, հիմա էլ ունենք այդ մտավախությունը: Բայց երբ ինֆորմացիայի փոխանակման արագությունն արդեն հիստերիայի է հասել, այլընտրանք է դառնում վերլուծական, դանդաղ դիտվող ու երկարատև հետք թողնող մասնագիտական խոսքը:

Լրատվամիջոցներից ու սոցցանցերից տեսնում ենք, թե ինչ թեմաներ են կարևոր: Բոլորը գրում են միևնույն բանի մասին, իսկ ես պատրաստ չեմ նույն բանի մասին կարդալ հազար ութսուներորդ կարծիքը:

Անգամ ամենակարևոր թեման, հաճախ կրկնվելով, արժեզրկվում է ու վերածվում աղբի:

Կարծում եմ՝ նույն թեմաներին անընդհատ անդրադարձ անելը սխալ մարտավարություն է: Գերադասելի է նոր թեմաներ ու նոր խոսակցություններ առաջ բերել:

Եթե եղած ինֆորմացիան սպառելուց անընդհատ դժգոհում ու փնթփնթում ենք, կարող ենք, ի վերջո, ինքներս էլ այլըտրանք առաջարկել: Համոզված եմ, որ քննադատության լավագույն ձևը այլ՝ առավել կենսունակ բան առաջարկելն է։

Եվ ընդհանրապես, սպառողից դեպի ստեղծող անցում կատարելը լուրջ դիմադրողական արարք է։

Դուք չունենք լրագրողական մոտեցում ու միջամտություն, դա սկզբունքայի՞ն է:

Մեզ մոտ մշտապես բացակայում է լրագրողը։

Ինձ երբեմն թվում է, որ լրագրողները հարցազրույցների ձևաչափն օգտագործում են որպես սեփական անձի ազդեցիկ ֆոն։ Կանչում են եթեր մարդուն ու նրա հաշվին փորձում հաստատվել: Միշտ չէ, որ լրագրողը բոլոր բնագավառներում ասելիք ունի, ի վերջո, կարելի է թողնել, որ խոսեն մասնագետները՝ առանց նրանց եթերային թանկարժեք ժամանակը «լափելու»։

Ուզում ենք մեդիա կանոններից դուրս լինել: Շատ դեպքերում չենք էլ նայում, թե ինչ են անում մյուս մեդիա հարթակները, այլ հետևողականորեն առաջ ենք տանում մեր գիծը:

Տեսնում ենք, որ մեզանից տեսանյութեր, թեմաներ, ի վերջո, լուսանկարներ են վերցնում ու առանց հղումի շրջանառում ցանցում: Իրականում մենք ուրախ ենք, քանի որ դա էլ մեր տարածման ձևերից մեկն է:

Առաջնայինը թեմա՞ն է, թե՞ մարդը:

Թվում է՝ ոչ կոմերցիոն ալիքը հաշվետու չէ ոչ մեկի առջև, բովանդակության ընտրության հարցում որևէ սահմանափակում չպետք է ունենար, բայց «Բուն»- ում ներկայացվող բովանդակության ընտրությունը ինքնասահմանափակող ընտրություն է: Երբ քո առջև խնդիր ես դնում ներկայացնել գիտական, մասնագիտական որոշակի խոսք, որը մասն է այսօրվա համաշխարհային գիտական մտքի, սկսում ես առնչվել ոչ բավարար որակավորում ունեցող մասնագետների և ուսումնասիրվող թեմաների աղքատությանը:

Ժամանակի հետ գալիս է սառը գիտակցումը, որ գործ ունես արագ սպառվող ռեսուրսի հետ: Եվ եթե նախկինում տեսանյութերում առաջնայինը թեմաներն էին, ապա հիմա հաճախ թեման ընտրում ու կառուցում ենք՝ ելնելով մասնագետների առկայությունից:

Եթե խոսքն, ասենք, կենսաբանության մասին է, ստուգու՞մ եք խոսքի ճշտությունը: Ի վերջո, հնարավոր է, որ բանախոսներն ասեն վիճելի կամ սխալ բաներ:

Սովորաբար այն մարդիկ, որոնք մեզ մոտ հյուր են գալիս, հետո դառնում են մեր փորձագետները, որոնց հետ մշտապես կապի մեջ ենք: Ինքնագլուխ որոշումներ չենք կայացնում, տարբեր բնագավառների «գուրուների» հետ խորհրդակցում ենք ու հետևում նրանց երաշխավորումներին՝ ոլորտի այլ գիտակների որոնման հարցում:

Ամենավտանգավորը պսևդոգիտականությունն է, որից ամեն գնով հարկավոր է խուսափել: Մի շատ զարմանալի բան էլ կա՝ երբ առաջին անգամ տեսնում ես մարդուն, հասկանում ես, թե որքանով է սուզված իր գործի մեջ, որքանով է խանդավառ:

Խանդավառությունը պրոֆեսիոնալիզմի չափանի՞շ է:

Որոշ իմաստով՝ այո, քանի որ ցույց է տալիս, որ մարդը տեղյակ է ժամանակակից գիտական մտքին ու գիտի, թե այսօր ինչ է կատարվում իր ոլորտում, այլ ոչ թե բավարարվում է կարծրացած ու հնացած գիտելիքով, որին տիրապետում էր դեռ շատ վաղուց: Խանդավառությունը նույն հետաքրքրասիրությունն է, միշտ գիտության ներսում գտնվելու ու աշխարհի հետ համընթաց շարժվելու ցանկությունը:

Տեսնում եմ, որ մեր հյուրերից շատերն իրենց խոսքից հաճույք են ստանում, քանի որ գիտեն, թե ում են այն ուղղում: Շատերը օգտագործում են նյութերը դասախասությունների ժամանակ: Ես, օրինակ, ուրախ կլինեի եթե իմ ուսանողական տարիներին նման նախագիծ լիներ, հաստատ դրա սպառողը կլինեի։

Ընդհանրապես, արժանահավատ են այն նախաձեռնությունները, որոնք անձնական կարիքից դրդված են ստեղծվել։

Ավարտելով ԵՊՀ-ն՝ ինձ երբեք չի լքել թերուսության դառը զգացումը, և անձամբ ես «Բուն»-ն ունենալու, դրանից օգտվելու խիստ կարիք եմ զգացել միշտ։  

«Բուն»-ը հետաքրքիր արխիվային վայր է: Եթե անգամ չես դիտում բոլոր տեսանյութերը, միևնույն է, գիտես, որ պետք եղած դեպքում հենց այստեղ կարող ես լուրջ խոսք լսել: Արխիվի գաղափարը ձեզ համար կարևո՞ր է:

Խոստովանեմ, որ լինում են դեպքեր, երբ հենց նկարահանման ժամանակ հստակ հասկանում եմ, որ հիմա մենք անում ենք մի շատ կարևոր բան հետոյի համար։ Կուտակված գիտելիքը չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է փոխանցվի: Ապագայի ուսումնասիրողի, հետազոտողի համար «Բունը» կարող է մեր ժամանակի միտքը վավերացնող հարուստ շտեմարան լինել։

Կարծում եմ՝ մեր արածը նաև մասնագիտական դաշտի ծուլությունից է սկիզբ առել: Ի վերջո, վիդեոբանախոսությունները նաև չգրված գրքեր կամ հոդվածներ են: Մեր արածը նման է ձեռնարկի, որը կարող էր գրված լինել, բայց հեղինակն այն ստեղծելու ժամանակ կամ հնարավորություն չի գտել:

Եվ հիմա այդ ասելիքը պահպանվում է վիդեոտարբերակի միջոցով: Մենք էլ փորձում ենք հետևողական լինել, և եթե նյութ ենք տեղադրում, անպայման հեղինակից գրականության ու հղումների ցանկ ենք պահանջում, որը, ցանկության դեպքում, կօգնի դիտողին սեփական ուսումնասիրություններն անել: 20 րոպեանոց խոսքը խայծ է, որը տանում է լայն մտքի աշխարհ:

Լինու՞մ են դեպքեր, երբ մերժում եք հյուրերին:

Իհարկե լինում են, բայց ժամանակի հետ սովորել ենք շատ գեղեցիկ մերժել: Բախտագուշակ-աստղագուշակներն են շատ ակտիվ այդ հարցում: Բայց սա այն է, ինչից կրակի պես փախչում ենք։ Դեպքեր են եղել, երբ տեսանյութը չենք տեղադրել կայքում, քանի որ հասկացել ենք, որ ներկայացված խոսքի որակը կայքի ընդհանուր գծից շատ ցածր է։ Իհարկե, դա նաև մեր աշխատանքի թերացումն է, որ նման մարդիկ պատահականորեն հայտնվել են մեզ մոտ։

Միգուցե դա գրաքննություն է, բայց դժվար է ասել, թե որն է այն սահմանը, որն անցնելուց հետո հարթակը կարող է հենց մեր ձեռքերով որակազրկվել և ոչնչացվել: Ուզում ենք վստահելի ռեսուրս դառնալ, որ այցելուները տեսնեն, որ պահի պատեհականությամբ չենք առաջնորդվում, այլ արդեն ֆիլտրման տարբեր օղակներով անցած, զտված տեղեկություն ենք տալիս:

Հիմա, օրինակ, իսլամագիտության շարք ենք սկսել և փնտրում ենք կրոնագետի կամ աստվածաբանի, որը կկարողանա քրիստոնեության միջուկը ներկայացնել չեզոք, մասնագիտական դիրքից, ինչը շատ հեռու կլինի քարոզից, չգիտեմ, դեռ չենք գտել։

Դուք առաջարկում եք ոչ թե զուտ սպառվող, այլ միտք շարժող տեսանյութեր: Միտքը բոլոր ժամանակներում էլ ամենահզոր գործիքն է, եթե տեղից շարժվեց, բավական անհարմար հարցեր է առաջ քաշում:

Միտքը «վտանգավոր» է: Բայց կարծում եմ, որ այդ «վտանգը» դեռ լավ չի գիտակցվում: Համենայնդեպս, մենք հիմա շատ ազատ ենք աշխատում, առանց որևէ արգելքի։ Պարզից էլ պարզ է, որ մտածող մարդը լուրջ խնդիր է ցանկացած իշխանության համար և «Բուն»-ի կարևորագույն նպատակն էր՝ դառնալ այն տեղը, ուր այս տեսակ մարդիկ մտափոխանակության հնարավորություն կունենային։ Հիմա հաջորդ փուլն է, պետք է ձգտել հնարավորինս տարածվել՝ ավելի ու ավելի նոր շերտեր ներգրավելով։

Մտքի անհանգստությունը պետք է վարակիչ դառնա։  

Տպավորություն է, որ մեծ սփռում ունեցող ալիքների համեմատ «Բուն»-ը զուգահեռ իրականություն է ստեղծում:

Ինձ թվում է, որ մեր սպառողն այն մարդն է, որը հեռուստացույց միացնում է միայն որպես մեծ էկրան՝ ֆիլմեր կամ ֆուտբոլ դիտելիս:

Հայաստանում մարդկանց մի ստվար զանգված կա, որն ալտերնատիվ հայացքներ է կրում, բայց տեղ չունի մեծ մեդիա հարթակներում: Ընդ որում՝ նրանց ասածը շատ ավելի պետքական ու այսօրեական է, քան այն, ինչով օր ու գիշեր «արդուկում» են մեր գլուխները խոշոր հեռուստաալիքները: Մեզ մոտ են գալիս այդ հեռուստաալիքներում երբևէ չհայտնվելու որոշում կայացրած կամ այնտեղից փախչող մարդիկ:

Ձեր տեսանյութերում վիդեոն ստատիկ է և մեծ հաշվով՝ երկրորդական, քանի որ խոսքը կարելի է լսել առանց տեսաշարի:

Հենց լսարանի խնդրանքով կայքում տեղադրելու ենք նաև զրույցների աուդիո տարբերակը, որպեսզի ավելի հեշտ լինի լսել ավտոմեքենայի մեջ կամ տնային գործեր անելիս, կամ, թեկուզ, երբ ոչ մի բան անելդ չի գալիս, բայց ուզում ես, որ մի պատքական բան, այնուամենայնիվ, տեղի ունենա քեզ հետ։

Արդարացված համարու՞մ եք անձնական գումարներ ներդնելու որոշումը: Սովորաբար, որպես կանացի բինզես, Հայաստանում ընդնունված է վարսավիրանոց բացելը: Մեդիան նորույթ էր:

Ի դեպ, շատ հպարտ կլինեմ, որ վարսավիրանոցում մազերը գունաթափող կինն էլ օգտվի մեր կայքի աուդիո բաժնից։ Շնորհակալ եմ, որ ամուսինս այլ կերպ մտածեց (գուցե նաև իմ ոգևորությունն էր շատ համոզիչ այդ հարցում), որ որոշեց ներդրում անել՝ չմտածելով եկամուտ ստանալու մասին։ Երջանիկ եմ, որ Գեմաֆին Գասպարյանի պես գործընկեր ունեմ, որն աշխարհի ամենաչվհատվող մարդն է։ Հրաշալի թիմ ունենք:

Ավելի ուշ ունեցանք նաև գործընկերներ, որոնք միացան մեզ՝ տեսնելով, որ փորձում ենք որակ պահել, և կա մի նիշ, որից իջնել թույլ չենք տա մեզ: Բայց ես ամենից շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մեզ մոտ հյուր էին գալիս՝ բացարձակապես չիմանալով, թե ուր են եկել: Հենց նրանք էլ ստեղծեցին «Բուն»-ը՝ իրենց խոսքի որակով, աշխատանքի հանդեպ վերաբերմունքով: Ընդ որում՝ արեցին դա անհատույց ու առանց վախի, որ իրենց արածը կխեղաթյուրվի:

Երևի եզրակացրին, որ, ի վերջո, նույն գործն ենք անում:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?