Ինչպես կարող են լրատվական նյութերը մրցել տեսանյութերի հետ. 6 խորհուրդ մուլտիմեդիա լրագրողներին

19.04.2013, Մեդիագլոբ

Անհրաժեշտությունը գյուտարարության մայրն է: Իմ կատարած մուլտիմեդիա աշխատանքում հենց այսպես էլ եղել է: Որպես Հետաքննական լրագրության կենտրոնի /ՀԼԿ/ ավագ մուլտիմեդիա պրոդյուսեր՝ ես վեց տարի շարունակ ղեկավարել եմ ծրագրեր, որոնց շրջանակներում թվանշային պատմություն-նյութեր էինք պատրաստում:

Հաճախ մենք աշխատում էինք խիստ գերհագեցած, բարդ թեմաների վրա եւ թարգմանում էինք դրանք առավել երիտասարդ, ինտերնետային մտածողությամբ լսարանի համար, որին հատուկ է կարճատեւ կենտրոնացման ունակությունը: Դա հեշտ չէր: Սակայն առավել մեծ մարտահրավեր էր հին ավանդական լրատվական միջավայրում նոր գաղափարներ առաջ մղելը:

Ավանդական լրատվության ձեւաչափերից խուսափելը կարող է դժվար, երբեմն՝ տհաճ լինել: Նոր մեթոդները հաճախ ընկալվում են որպես սպառնալիք: Բայց հնարավոր չէ հենց այնպես հեռուստանյութը կամ թերթի նյութը տեղափոխել ինտերնետ, բջջային հեռախոս կամ թաբլեթ եւ կոչել այն «թվանշային» լրագրություն: Բովանդակությունն ինքնին փոփոխման կարիք ունի:

Եթե լրագրությունը պատրաստվում է գոյատեւել, այն չի կարող ուղղորդվել բանաձեւերով, մանավանդ՝ այն բանաձեւերով, որոնք ստեղծվել են այնպիսի հարթակների համար, որոնք այսօր կորցնում են իրենց ակտուալությունն ու լսարանը: Այն պետք է ուղղորդվի ձեռնարկատիրական ոգով, ինչը ենթադրում է ռիսկ, իսկ երբեմն՝ ձախողում:

Ահա մի քանի դաս, որ քաղել եմ մուլտիմեդիա ոլորտում իմ աշխատանքի վերջին մի քանի տարիներին:

#1. Քո երազած աշխատանքը հավանաբար գոյություն չունի: Դու ստիպված ես ինքդ այն կերտել:

Ես կարիերաս սկսել եմ՝ որպես տպագիր լրագրող: Ժուռնալիստիկայով տարվեցի ամսագրի համար պատմություններ գրելու գրավչության պատճառով եւ մինչ օրս կարծում եմ, որ դա հզոր միջոց է:

Տարիների հետ ինձ փորձեցի նաեւ գիտական լրագրության մեջ, ճանապարհորդական ակնարկի ժանրում, գրահրատարակչության, վեբկայքի ստեղծման, վիդեոլրագրության եւ հեռուստատեսային սցենարի ստեղծման ոլորտներում: Մեդիայի ցանկացած տեսակով էլ գլխավոր նպատակս միշտ ազդեցիկ պատմություն պատմելն էր: Երբ 2007-ին ընդունվեցի Հետաքննական լրագրության կենտրոն, աշխատում էի որպես վեբ պրոդյուսեր՝ կայքի մենեջեր, բլոգի խմբագիր եւ, հնարավորության դեպքում, օրիգինալ վեբ բովանակության պրոդյուսեր:

Երբ կազմակերպության աշխատակիցների թիվն աճեց՝ 8-ից հասնելով մինչեւ գրեթե 80-ի, ես հնարավորություն ունեցա ձեւափոխելու իմ պաշտոնը՝ հիմնական ուղղվածությունը դարձնելով մուլտիմեդիա մասը:

Ոչ ոք ինձ չհանձնարարեց նախաձեռնել թվանշային պատմություն-նյութերի փորձնական ծրագրի ղեկավարի գործը: Ես ինքս այն ստեղծեցի՝ ժամանակի ընթացքում դրա համար ճանապարհ հարթելով:

#2. Եթե ունես նոր մեդիա գաղափարներ հին մեդիա միջավայրում, հավանաբար ստիպված կլինես պայքարել դրանց համար:

Իմ ճամփորդությունը դեպի անիմացիոն, պատկերավորված պատմություն-նյութ սկսվել է վերջերս՝ 2010-ին: Մենք աշխատում էինք միջազգային ածխածնի շուկային վերաբերող մի նախագծի վրա, որը հնարավորություն էր տալիս ջերմոցային գազերով շրջակա միջավայրը աղտոտող ընկերություններին միավորներ վաստակել՝ փոխհատուցելու այդ աղտոտվածությունը:

Դա բավական բարդ բան էր: Լրագրողներից մեկը՝ Սառա Թերրի Քոբոն, մոտեցավ ինձ՝ մուլտիմեդիա արտադրանք պատրաստելու առաջարկով:

Սա պատմություն էր այնպիսի բաների մասին, որոնք անտեսանելի են՝ ածխածնի երկօքսիդ եւ այլ ջերմոցային գազեր, որոնք դրամական արժեք են ձեռք բերում փոխարժեքի շուկայում: Ինչպե՞ս ներկայացնել վիզուալ պատմություն սրա մասին:

Մենք սկսեցինք խոսել անիմացիոն ֆիլմ ստեղծելու մասին: Նայեցինք «The Story of Stuff»եւ մի քանի այլ հաջողված անիմացիոն ուսուցողականներ օնլայն տարբերակով: Հետո գրեցինք սցենար եւ կապվեցինք նկարիչների հետ:

ՀԼԿ-ում մի քանիսը չէին հասկանում, թե ինչ էինք փորձում անել: Գլխավոր մենեջերներից մեկը փորձեց ինձ համոզել, որ խուսափեմ այս գործից: Արժե՞ արդյոք դրա վրա գումար ծախսել, ու՞ր կտանի դա եւ ո՞վ է նայելու:

Մենք «թափառում» էինք ինտենետի վայրի հատվածում, եւ ՀԼԿ-ում մեր արած գործի նախադեպը չկար: Բայց ես ու Սառան առաջ էինք ընթանում: Մեզ հաջողվեց կապվել Արթուր Ջոնս ֆանտաստիկ իլյուստրատոր -անիմատորի հետ, եւ մենք միասին կազմեցինք բյուջե իր ծառայությունների համար:

#3. Մուլտիմեդիա լրագրության համար չկան սահմանված տարածման ուղիներ, ուստի ստիպված ես սպառել ապրանքդ ցանցում` սոցիալական մեդիայի միջոցով:

Երբ վերջնական ավարտից հետո՝ 2011 թվականի հունիսին մեկնարկեց անիմացիոն «The Price of Gas» («Գազի գինը») նյութը, այն շատ դանդաղ մեկնարկ ունեցավ օնլայն աշխարհում: Մենք այն տեղադրեցինք YouTube, Vimeo, Blip.tv եւ այլ ինտերնետ ալիքների վրա, բայց չունեինք ոչ մի պաշտոնական տարածող գործընկեր:

Այս հինգրոպեանոց տեսաֆիլմում հաջորդաբար ցուցադրվում էր, թե ինչպես է մի գալոն բենզինը գետնի տակից դուրս քաշվելուց հետո (ինչպես Սաուդյան Արաբիայում հում նավթն է արվում), արտահանվում, վերամշակվում, տեղափոխվում եւ, ի վերջո, Կալիֆորնիայի բենզալցակայաններից մեկում լցվում մեքենայի մեջ՝ ամեն հաջորդ քայլին ցույց տալով ավելացվող հավելյալ գները:

Մենք սկսեցինք այն ակտիվ տարածել սոցիալական մեդիայով: Ես այն ուղարկեցի իմ կոնտակներում եղած գրեթե բոլոր լրագրողներին:

Ավելի ուշ այդ շաբաթ տեսանյութը սկսեց պտտվել ինտերնետում. Rolling Stone, Mother Jones, Grist, Time magazine, Fast Company եւ այլ հրատարակչություններ դրեցին այն իրենց կայքում կամ գրեցին այս մասին իրենց բլոգում:

Այս մեծ կայքերից գրառումներ եղան նաեւ այլ կայքերում: Եվ ամեն անգամ, երբ գազի գների թեման վերադառնում էր լրատվություն, մեր հոլովակը եւս հայտվում էր այնտեղ: Շուտով այն ունեցավ մոտ 100.000 այցելություն եւ շահեց բազմաթիվ լրագրողական մրցանակներ: Այն դարձավ մեր առաջին առցանց հիթը:

Սրան հաջորդեցին եւս երկու անիմացիոն ուսուցողականներ, որոնցից մեկը բացահայտում էր կառավարության հսկողությունը շարքային քաղաքացիների վրա (government surveillance of everyday citizens), մյուսը՝ պատմում էր մեկ համբուրգերի էկոլոգիական ազդեցության մասին (the eco-footprint of one hamburger):

«Համբուրգերի թաքնված արժեքը» նյութը արագ գերազանցեց «Գազի գնին» եւ հռչակվեց որպես ՀԼԿ-ի ամենադիտված օնլայն տեսանյութ՝ գրանցելով 170.000 այցելություն: Այս երկու վիդեոների վրա էլ աշխատել եմ իլյուստրատոր-անիմացիոնիստ Արթուր Ջոնսի հետ:

#4. Նոր հարթակի համար բովանդակություն ստեղծելիս պետք է հաշվի առնել, որ լսարանը տարբեր է, ինչպես եւ սպառողի փորձառությունը: Հետեւաբար, խմբագրության մոտեցումը եւս պետք է տարբեր լինի:

Մեր անիմացիոն ուսուցողականները միանշանակ հիթ էին, եւ ահա այն դասերը, որ քաղեցի դրանցից: Ամենահաջողված անիմացիոն ուսուցողականներում օգտագործված են

ա/ արտասովոր գրաֆիկա եւ հումոր՝ բ/ հատվածաբար ներկայացնելու բարդ առարկան լայն լսարանի համար գ/ բոլորին հասկանալի ձեւով:

Սա միգուցե հակասում է ավանադական լրագրության բնազդներին: Մեր ամենահաջողված տեսանյութերը կապված չէին լրատվական խայծի հետ, դրա համար էլ օնլայնում պահպանեցին արդիականությունը ամիսներ, անգամ՝ տարիներ շարունակ: Թեմաները ընդհանուր էին. գրեթե յուրաքանչյուրն առնչվում էր մեքենա վարելու կամ տավարի միս ուտելու հետ:

Իսկ հումորն օգնեց բարդ թեմաները առավել մատչելի դարձնել: Այս դասերը միգուցե ակնհայտ թվան, բայց լրագրողները, ովքեր հաճախ ընկնում են նորությունների հետեւից եւ խորասուզվում են չափազանց նեղ մանրամասների մեջ, հաճախ մոռանում են ընդհանուր պատկերի մոտեցման մասին:

#5. Խոչընդոտները նորարարությունների մեծ հնարավորություն են տալիս:

Այնուհետեւ՝ 2012-ի աշնանը կանգնեցի նոր մարտահրավերի առջեւ: Լրագրող Րայըն Գեբրիելսընը մոտ մեկ տարի հետաքննում էր Կալիֆորնիայի մտավոր խնդիրներ ունեցողների պետական հաստատությունները, ուր հանդիպել էր մի շարք զարմանալի, ողբերգական մարդկային պատմությունների:

Այս պատմություններից որոշները հակիրճ անդրադարձ պիտի ունենային այն պարբերականում, որի համար Րայընն աշխատում էր:

Մենք մի նոր պատմություն էին պլանավորում նմանատիպ հաստատություններում սեռական ոտնձգությունների բարձր տոկոսի մասին, բայց վիզուալ ոչ մի փաստ չունեինք: Րայընը գալիս էր մեր ծրագրի հանդիպումներին՝ նկարագրելու մի շատ դրամատիկ պատմության մանրամասներն ու նրբությունները. Սոնոմայի հաստատության մտավոր խնդիր ունեցող, ընկճախտից տառապող բնակիչներից մեկը՝ Ջենիֆերը, գանգատվել էր խնամակալի սիրահետումներից, բայց նրա բողոքները հիմնականում անտեսվել էին:

Ամիսներ անց բացահայտվեց, որ սեռական բռնություն, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել. Ջենիֆերը հղի էր:

Գործի խիստ անձնական բնույթի պատճառով մենք որոշեցին չնույնականացնել Ջենիֆերին իր ազգանունով: Նրա մայրը համաձայնեց հարցազրույց տալ, բայց փակ դեմքով եւ փոփոխված ձայնով: Հեռուստատեսությունը քննարկումից դուրս էր, ռադիո նյութը բարդ կլիներ:

Սա կարող էր մուլտիմեդիա ճանապարհի ավարտը լինել, բայց ես չէի ուզում հանձնվել: Սկզբում ուզում էի ստեղծել մի աուդիո պատմություն՝ օգտագործելով Րայընի ձայնը՝ որպես հեղինակի, եւ մի դերասանի՝ մոր դիտարկումները կարդալու համար:

Մենք փորձում էինք խուսափել անիմացիայից, քանի որ մեզանից ոչ մեկը չէր ուզում վերարտադրել այդ սարսափազդու տեսարանները շարժապատկերներով: Հետո սկսեցինք քննարկել էլեկտրոնային գրքի գաղափարը՝ օգտագործելու մի քանի տպավորիչ իլյուստրացիաներ՝ որպես վիզուալ լրացում: Եվ ես մտածեցի՝ եթե մենք կարող ենք օգտագործել իլյուստրացիաներ էլեկտրոնային գրքի համար, ապա ինչու՞ չանել դա մեկ ամբողջական աուդիո նյութի համար:

Արդյունքում ստեղծվեց «In Jennifer’s Room» («Ջենիֆերի սենյակում») տպավորիչ նյութը, որը պատմվում էր գիրք-պատմություն վիդեո ֆորմատով՝ համադրելով աուդիո պատմությունը, երաժշտությունը եւ ձայնային էֆեկտները` նկարիչ Մարինա Լուսի ստատիկ իլյուստրացիաների հետ:

Սա փորձ էր, եւ ես գաղափար չունեի՝ այն կաշխատեր, թե ոչ: Անհանգիստ էի, որ ստատիկ իլյուստարցիաները կլճացնեին նյութը, բայց արդյունքը ճիշտ հակառակն էր: Կարծում եմ, որ Մարինայի իլյուստրացիաների էֆեկտը համարժեք է հզոր ֆոտոնկարներին:

Դու կարող ես միայն նայել նկարներն ու պատկերացնել ողջ պատմությունը: Այն աշխատացնում է քո երեւակայությունը: «Ջենիֆերի սենյակում» նյութը մեծ ուշադրության արժանացավ լրագրողական համայնքի կողմից եւ արձագանք ստացավ օնլայն դիտողների կողմից:

Փոյնթերը գրեց այս մասին երեք անգամ՝ որպես նորարար լրագրության օրինակ:

ProPublica’s MuckReads -ը այս նյութը ճանաչեց որպես 2012 թվականի լավագույն հետաքննական աշխատանքը: Այն արդեն շահել է The Gracies ազգային մրցանակ՝ կանանց մասին, համար եւ կողմից արված դիտարժան ծրագրավորման համար:

#6. Եթե հաղթական գաղափար ունես, առաջ տար եւ զարգացրու այն:

Այս հաջողությունից անմիջապես հետո մի նոր պրոեկտ ներկայացրին: ՀԼԿ-ի նախագահ Ֆիլ Բրոնստեյնը ձեռք էր բերել մեկ այլ անանուն աղբյուր` ռազմածովային նավատորմում աշխատող մեկին, ով կրակել եւ սպանել էր Օսամա բեն Լադենին: Ֆիլն այս անգամ աշխատում էր Esquire պարբերական ամսագրի հոդվածի վրա:

Նա մեզ հարցրեց. կարո՞ղ ենք ինչ-որ նոր բան անել այս պատմության հետ: Այն պետք է տպագրվեր առնվազն երեք շաբաթից: Ես ճշտեցի իլյուստրատոր Մարինա Լուսից՝ արդյո՞ք նա կձեռնարկի այս գործը: Երկուսս էլ համաձայնեցինք, որ նմանատիպ մեծ պատմությունների հաճախ չես հանդիպի: Եվ մենք խորասուզվեցինք:

Տասնվեց օր անց ավարտեցինք մեկ այլ «գրաֆիկական դոկումենտալ նովել» վիդեո՝ «The Shooter» վերնագրով՝ հիմնված Բրոնշտեյնի անանուն աղբյուրի հետ հարցազրույցի վրա: Այդ վիդեոն տարածվեց The I Files-ով անգլերենով եւ ֆրանսերենով, ունեցավ ավելի քան կես միլիոն դիտում ընդամենը երեք շաբաթում: Այն շատ արագ դարձավ The I Files YouTube ալիքի թոփ վարկանիշային տեսանյութը:

Գրաֆիկական պատմություն-նյութը նորություն չէ: Խմբագրական ծաղրանկարչությունը ավելի, քան մեկդարյա պատմություն ունի: Բոլորովին վերջերս վավերագրական գրաֆիկական նովելներն ու անիմացիոն ֆիլմերը ինչպիսին, օրինակ, «Persepolis»-ն է, առաջ մղեցին մեդիան եւ բարձրացրին այս մեդիայի դերը հիմնական լսարանում:

Ես ընդամենը օգտագործել եմ այս գործիքներից մի քանիսը դժվարամարս, խճճված լրագրողական հետաքննության մեջ՝ նպատակ ունենալով ներկայացվելիք առարկան ավելի հասկանալի եւ ընկալելի դարձնել: Սա նման է վիտամինը շաքարապատելուն: Նպատակը առաջվա պես լուրջ, կարեւոր հիմնահարցերը բացահայտնելն է:

Կարելի է կատակերգությունից, միստիկական նովելներից, արվեստից, այո՛, նույնիսկ ժամանցային ժանրից տարրեր փոխառել՝ նյութն ավելի գրավիչ դարձնելու համար: Մենք չենք կարող մատուցել վարսակն ու ակնկալել, որ մարդիկ այն կուտեն:

Մենք այստեղ մրցակցում ենք վիրտուալ սառնաշաքարի հետ՝ սկսած կատուների մասին սիրողական վիդեոներից, մինչեւ հանճարեղ երաժշտական հոլովակների պայքարում: Այսպիսիով, լրագրությունը պետք է ավելի համով լինի, այսինքն` ավելի լավ տեսք ու ձայն ունենա:

Շատերն այժմ փորձեր են կատարում գրաֆիկական ժուռնալիստիկայի ոլորտում: Cartoon Movement-ը առցանց հրապարակում է՝ նվիրված լրագրողական մուլտֆիլմերին: Symbolia-ն նոր iPad ամսագիր է, որն անում է նույն բանը թաբլեթների համար:

Ավանդապաշտ լրագրողական կազմակերպությունների տարիների անտարբերությունը, երբեմն՝ դիմադրումը դեպի անցում նյութ-պատմության նոր ձեւերին, հանգեցրեց նրան, որ այսօր նրանք էլ սկսում են տեսնել այդ փորձառության իրական արժեքը:

Այս պահին ամենամոդայիկ ուղղվածությունը գրաֆիկական լրագրությունն է, մեկ տարի անց դրան կփոխարինի բոլորովին այլ բան: Մենք պետք է շարունակենք ընդլայնել սահմանները:

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:

Հեղինակ՝ Քերրի Չինգ
Թարգմանությունը՝ Քրիստինա Հարությունյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?