2017.05.16,

Քննադատ

Փամբուկչյանի դեպքը. եթե Յություբից հեռացնում են ձեր տեսանյութը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Յություբն արգելափակել է 1in.am-ի և Armtimes.com-ի տեսանյութերը, որտեղ երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, ՀՀԿ քարոզարշավի ժամանակ խոնարհվում է նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի առաջ:

Յություբին բողոքը ներկայացրել է [email protected] էլեկտրոնային հասցեով օգտատերը, որը հեղինակային իրավունքի հայց է ներկայացրել հարթակին: Լրատվամիջոցների կարծիքով` բողոք ներկայացնողը հենց ինքը` երգիչն է, որն այսպես որոշել է հեռացնել սոցիալական ցանցերում բուռն քննարկումների ու քննադատությունների արժանացած տեսարանը:

Այժմ լրատվամիջոցների` ուղիղ հեռարձակման հնարավորությունը կասեցված է 3 ամսով, քանի դեռ նրանք որոշակի գործողությունների չեն դիմել:

Ինչպես կարող էր օգտատերը հեղինակային իրավունքի բողոք ներկայացնել 1in.am-ի և Armtimes.com-ի դեմ

Հեղինակային իրավունքի բողոք կարող է ներկայացնել միայն հեղինակային իրավունքի իրավատերը կամ իրավասու գործակալը, որը իրավատիրոջ անունից գործելու լիազորություն ունի: [email protected]-ը որևէ տեսանյութի դեմ հեղինակային իրավունք ներկայացնելու և այն արգելափակելու համար պետք է ներկայացներ հեղինակային իրավունքի խախտման առարկան` ընտրելով Յություբի առաջարկած տարբերակներից`

  • Անպատշաճ բովանդակություն (մերկություն, բռնություն, և այլն)
  • Ես այս տեսանյութում հայտնվել եմ առանց իմ թույլտվության
  • Չարաշահում/ոտնձգություն (որևէ մեկը հարձակվում է ինձ վրա)
  • Անձնական կյանքի/տվյալների պաշտպանություն (որևէ մեկը օգտագործում է իմ պատկերը)
  • Ապրանքանիշի չարտոնված օգտագործում (որևէ մեկն օգտագործում է իմ ապրանքանիշը)
  • Հեղինակային իրավունքների խախտում (որևէ մեկը պատճենել է իմ ստեղծագործությունը)
  • Այլ իրավական խնդիր (այդ թվում` տեխնոլոգիական միջոցառումների շրջանցում, ինչպես, օրինակ, քեյգենների և հաջորդական համարների տրամադրում):

Հեղինակային իրավունքի խախտման բողոք ներկայացնելիս պետք է ընտրել հետևյալ տարբերակներից որևէ մեկը:Ավելին`այս տարբերակներից որևէ մեկը ընտրելուց, ստորագրելուց, անձնական հետադարձ կապի մասին տեղեկություններ ներկայացնելուց բացի` բողոք ներկայացնողը պետք է կցի նաև հետևյալ հայտարարությունը, հակառակ դեպքում Յություբը չի կարող գործողություն սկսել իրավախախտ օգտատիրոջ դեմ.

«Ես բարեխիղճ համոզմունք ունեմ, որ նյութի օգտագործումն այն տեսքով, որը բողոքարկվել է, արտոնված չէ հեղինակային իրավունքի իրավատիրոջ, նրա գործակալի կողմից կամ օրենքով:

Այս ծանուցման տեղեկությունը ճգշրիտ է և ներկայացվել է խարդախության համար պատժի գիտակցմամբ: Ես իրավատերն եմ կամ իրավատիրոջ անունից գործելու լիազորված գործակալը այն բացառիկ իրավունքի, որը ենթադրաբար խախտվել է»:

Հայտնի չէ, թե նշված տարբերակներից որ մեկն է ընտրել բողոք ներկայացնողը, սակայն ցանկացած տարբերակի դեպքում էլ բողոքը, մեղմ ասած, արդարացված չէ, քանի որ լրատվամիջոցները նկարահանել են հանրային դեմքի` լուսաբանման նպատակով, այն էլ ոչ թե նրա անձնական համերգի (որտեղ նկարահանումը կարող էր արգելված լինել), այլ բաց միջոցառման ժամանակ` ՀՀԿ-ի քարոզարշավին, որին հատուկ հրավիրված են եղել լրագրողները: Եվ կարելի էր ենթադրել, որ այդ տեսանյութը հետագայում օգտագործվելու էր լրատվական նյութերում, պահպանվելու էր Յություբի արխիվներում:

Յություբից հայցելով բովանդակության հեռացում` [email protected]-ը իրավական գործընթաց է սկսել: Իսկ այդ իրավական գործընթացի համաձայն` եթե օգտատերը կեղծ հայց ներկայացնի, դա կարող է հանգեցնել նրա յություբյան հաշվի կասեցման և այլ իրավական հետևանքների:

Ինչ կարող են անել 1in.am-ն ու Armtimes.com-ը` վերականգնելու իրենց յություբյան հաշիվները

Եթե տեսանյութը հեռացվում է հեղինակային իրավունքների խախտման իրական հիմքով, Յություբը օգտատերերին առաջարկում է դասընթացներ անցնել իր Հեղինակային իրավունքների դպրոցում, որտեղ մատչելիորեն բացատրվում է, թե ինչ է հեղինակային իրավունքը, ով է իրավատերը, ինչ իրավունքներ ունեն օգտատերերը: Այս դպրոցը փորձում է կրթել իր օգտատերերին` հետագայում նման իրավիճակներում չհայտնվելու համար:

3 անգամ հեղինակային իրավունքի խախտման բողոք ստանալու պարագայում Յություբը կարող է փակել օգտատիրոջ հաշիվը, հեռացնել նրա վերբեռնած բոլոր տեսանյութերը և արգելափակել նոր հաշիվ բացելու հնարավորությունը:

Եթե հեղինակային իրավունքի խախտման մասին ծանուցում ստացած օգտատերը կարծում է, որ իր տեսանյութը անարդարացիորեն կամ սխալմամբ է հեռացվել, նա կարող է`

Հակընդդեմ հայցը ստանալուց հետո բողոքողը 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ապացույց ներկայացնի, որ դատական գործընթաց է սկսել` տեսանյութը հեռացնելու նպատակով:

Եթե դուք իրավախախտման մասին ծանուցում եք ստացել և չեք ցանկանում ընտրել վերը նշված տարբերակներից որևէ մեկը, մնում է այցելել Հեղինակային իրավունքների դպրոց և սպասել 3 ամիս, մինչև կլրանա բողոքի վաղեմության ժամկետը և դուք հնարավորություն կունենաք օգտվելու ձեր յություբյան հաշվից:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *