«Տղայական «ես քեզ զգուշացրել էի»-ն բավական չէ, որպեսզի հետո դրանով հիմնավորեն, թե ինչու են լրագրողին ծեծել»

02.07.2015, Տեսակետ

Լրագրող

Հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս ոստիկանները ծեծի ենթարկեցին լրագրողներին, կոտրեցին նրանց աշխատանքային գործիքները, առգրավեցին սարքավորումներն ու հեռախոսների հիշողության քարտերը: Լրագրողներից շատերին տարան ոստիկանական բաժանմունք: Մոտ 20 լրագրող տուժեց ոստիկանական գործողություններից:

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանը գտնում է, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չէին, ավելին` դրանք ուղղորդված էին` խոչընդոտելու լրագրողների` տեղեկություն տարածելուն: Այդ մասին են վկայում լրագրողի աշխատանքային գործիքների ոչնչացումն ու առգրավումը:

Գեւորգ Հայրապետյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում ողջ լրագրողական հանրությունը պետք է ոտքի կանգնի եւ փորձի պաշտպանել իր իրավունքները, ներպետական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ Հայաստանի Հանրապետությանը հաղթելու հավանականությունը մեծ է:

#ElectricYerevan ցույցը լուսաբանելիս լրագրողները բռնության ենթարկվեցին: Դա լուսաբանվեց տեղական մեդիայում, գրվեց նաեւ արտասահմանյան մամուլում: Բարձրաձայնելուց բացի՝ որո՞նք պետք է լինեն լրագրողների հետագա քայլերը:

Լրագրողները կարող են եւ պետք է վարվեն այնպես, ինչպես յուրաքանչյուր անձ, ով մտածում է, որ պետական մարմինն իր հանդեպ արել է ոչ իրավաչափ գործողություն: Բացի այն բոլոր ընթացակարգերից, որ ունեն մարդիկ` դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին եւ խնդրել քրեական գործ հարուցել իրենց ծեծի ենթարկելու կամ մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով, լրագրողներն ունեն քրեական օրենսգրքով իրենց տրված մի առանձին հնարավորություն. 164 հոդվածով` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է:

Տվյալ դեպքում, քանի որ լրագրողներին բռնության ենթարկողը, ենթադրվում է, ոստիկանությունն էր, պետք է դիմել դատախազություն կամ հատուկ քննչական ծառայություն` հաղորդելով հանցագործության մասին:

Պետության մոտեցումն այն է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի մասնակիցներին: Այս կոնֆլիկտը միշտ կա. արդյո՞ք ընկալելի էր` այդ պահին անձը լրագրող է, թե ոչ: Իմ տեսածով՝ ընկալելի էր: Լրագրողների մի մասն ուներ բեյջ, եւ նրանց մեծ մասի տեսա- եւ լուսանկարահանող սարքերն էականորեն տարբերվում էին ցույցի մասնակիցների տեսանկարահանող սարքավորումներից: Դրանք պրոֆեսիոնալ էին: Եվ իրավապահ մարմնի ներկայացուցչի համար շատ էլ ընկալելի պետք է լիներ՝ ով է լրագրող, ով ոչ:

«Լրագրողի նկատմամբ վարվել այնպես, ինչպես անօրինական հավաքի մասնակցի, ի սկզբանե իրավաչափ չէ»: 

Հավաքների մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հավաք լուսաբանող կամ հավաքի անցկացման ժամանակ մասնագիտական գործունեություն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչները չեն համարվում հավաքի մասնակիցներ: Այսինքն՝ այս դեպքում որեւէ բան չի կարող արդարացնել ոստիկանների գործողությունները:

Եթե անգամ ենթադրենք, որ հավաքի հասարակ մասնակցին ոստիկանությունը բերման է ենթարկել իրավաչափորեն, նույն պայմաններով լրագրողին բերման ենթարկելն արդեն օրենքի խախտում է: Թեեւ հարցեր կան ընդհանրապես հավաքի մասնակիցներին տեղից հեռացնելու իրավաչափության մասով, որովհետեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համաձայն` անգամ չարտոնված հավաքը օրինական է, եթե այն չի վտանգում կենսական շահեր: Իսկ այս դեպքում որեւէ կենսական շահ չէր վտանգվում:

Տեղական եւ միջազգային մեդիա կազմակերպությունները դատապարտեցին ոստիկանության գործողությունները եւ հայտարարեցին, որ հունիսի 23-ին կատարվածը թիրախավորված բռնություն էր լրագրողների նկատմամբ: Դուք ի՞նչ եք կարծում:

Ես համակարծիք եմ այդ կազմակերպությունների հետ: Դրա մասին խոսում են մի քանի փաստեր: Փաստերից մեկը լրագրողական տեխնիկայի ուղղորդված առգրավումն էր: Եթե ենթադրենք, որ լրագրողներին բերման են ենթարկել որպես հավաքի մասնակիցների, ինչների՞ն էր պետք տեսանկարահանող սարքերն ու հիշողության քարտերը ձեռքերից վերցնել ու ջարդել:

Սա վկայում է այն մասին, որ ոստիկանությունն ուղղակի խոչընդոտել է տեղեկություն տարածելուն: Սա ցայտուն փաստ է, որն ավելի քան բավարար է` ասելու համար, որ ոստիկանության գործողություններն ուղղորդված են եղել:

Երբ ցույցի ժամանակ ոստիկանությունը հայտարարում է, թե սկսելու է ուժ կիրառել, եւ լրագրողներին զգուշացնում է հեռանալ, արդյո՞ք դա կարող է հիմք համարվել լրագրողի նկատմամբ բռնության կիրառման:

Լրագրողի նկատմամբ վարվել այնպես, ինչպես անօրինական հավաքի մասնակցի, ի սկզբանե իրավաչափ չէ: Դրա վերաբերյալ ամեն մի հայտարարություն էլ իրավաչափ չէ ու չի կարող հետագայում պատճառաբանություն լինել նման կերպ վարվելու: Հավաքը լուսաբանող լրագրողը հավաքի մասնակից չէ:

Լրագրողի կարեւորությունը հասարակության համար, նրա հանրային դերն այնքան մեծ է, որ հասարակություններն անգամ լրագրողին անձեռնմխելիություն տալու մասին են մտածում: Դեռեւս 1979 թվականին ՄԻԵԴ-ն ասել է, որ լրագրողը հանրային հսկիչ է, եւ նրան պետք է վերաբերվել այդպես: Հետեւաբար ինչ-որ բակային կամ տղայական «ես քեզ զգուշացրել էի»-ն բավական չէ, որպեսզի հետո դրանով հիմնավորեն, թե ինչու են լրագրողին ծեծել, բռնել, կամ ջարդել նրա գույքը:

«Եթե լրագրողները դիմեն Եվրոպական դատարան, մեծ ծառայություն մատուցած կլինեն ամբողջ աշխարհում իրավունքի զարգացմանը»:

Ոչ մի ժողովրդավարական հասարակության հարիր չէ պետական մարմնի կողմից նման հայտարարությունները: Ոստիկանությունը միայն անօրինակ ցույցը ցրելու համար չէ, այն նաեւ օրինական հավաքը ապահովելու համար է:

Վերջին օրերին նկատվեց մասնավորապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անհարգալից վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: Ոստիկանապետը թույլ տվեց «միայն լեզուն շաղ տալով չէ», «հորթի պես», «չքվիր աչքիցս» եւ նման այլ արտահայտություններ: Ի՞նչ պետք է անի լրագրողը, որին վիրավորում է բարձրաստիճան պաշտոնատար անձը իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Ոստիկանն իրավունք չունի վիրավորելու լրագրողին: Առհասարակ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը եւ դրան ուղղված ցանկացած գործողություն շատ քննադատելի է: Զարմանալի իրավիճակ է ստեղծվում. ոստիկանությունը, որպես պետական մարմին, որը մեծ հանդուրժողականությամբ պետք է վերաբերվի իր հանդեպ քննադատությանն ու ծաղրական խոսքին, ընդամենը վերջերս հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացու՝ իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար: Պատվի ու արժանապատվության արժեքը գիտակցող պետական կառույցն ինչպե՞ս կարող է ինքը նման կերպ վարվել:

Լավ կլինի, եթե լրագրողները ոստիկանապետի արտահայտությունները ստուգեն էթիկայի դաշտում: Ոստիկանը չի կարող իր պաշտոնում այդպես խոսել:

Լրագրողական հանրությունը պետք է պայքարի իր իրավունքների համար, անընդհատ գրի այդ մասին, վերլուծություններ անի, տեսանյութ հրապարակի, առավելագույն կերպով ապացուցի, որ իր հանդեպ ոչ իրավաչափ գործողություններ են կատարվել:

Որպես կանխարգելիչ միջոց` լրագրողները պետք է հնարավորինս էթիկայի դաշտում աշխատեն: Լավ կլինի, որ հավաքների ժամանակ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողները չնույնականացվեն հավաքի մասնակիցների հետ իրենց սեփական արտահայտությունների եւ վարքի պատճառով: Որպեսզի այն ոստիկանը, որն ուղղորդված ծեծել ու տարել է լրագրողին, չասի՝ չհասկացա, որ լրագրող է, կարծեցի` ցուցարար է:

Առհասարակ, եթե հունիսի 23-ին բռնության եւ բերման ենթարկվելու առիթով լրագրողները ներպետական ատյաններում չկարողանան պաշտպանել իրենց իրավունքները եւ դիմեն Եվրոպական դատարան, մեծ ծառայություն մատուցած կլինեն ամբողջ աշխարհում իրավունքի զարգացմանը, որովհետեւ դատավորը դիրքորոշում կհայտնի նմանատաիպ բոլոր դեպքերի կապակցությամբ: Իսկ Եվրադատարանում Հայաստանի Հանրապետությանը հաղթելու շանսերը շատ մեծ են:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?