«Լրագրողը օգտակար աղբյուր է մյուս լրագրողների համար»

10.02.2016, Տեսակետ

Լրագրող

Ֆելիքս Ֆրանցը «Hostwriter» (Հոսթռայթըր) համակարգի հաղորդակցության և բովանդակության ղեկավարն է:

Սա կայք է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների լրագրողներին և օգնում նրանց համագործակցել:

«Սա համագործակցության ցանց և օնլայն հարթակ է, որտեղ լրագրողները կարող են գտնել իրար, օգնել միմյանց, խորհուրդ տալ, միասին հետաքննություն կատարել, նյութեր համահեղինակել, աջակցել կեցության հարցում՝ գործնական ճամփորդությունների ժամանակ: Գլոբալացման պայմաններում կարևոր է լրագրողական աջակցությունը, որը թույլ է տալիս աշխատել առանց հավելյալ դրամական միջոցներ ծախսելու, քանի որ լրագրության մեջ դրամական միջոցները շատ չեն»,- ասում է Ֆելիքս Ֆրանցը:

Համակարգը ստեղծել են երեք կին լրագրող, որոնք նպատակ ունեն լրագրությունը գլոբալ դարձնելու: 2014 թվականին Գերմանիայում հիմնադրված կայքը այսօր միմյանց է կապում ավելի քան 1700 լրագրողների 90-ից ավելի երկրներից:

Ինչո՞վ է «Hostwriter»-ը գրավիչ լրագրողների համար:

Կարծում եմ՝ լրագրությունը մի մասնագիտություն է, որտեղ որքան շատ ինֆորմացիա ունես, այնքան ավելի հավանական է ճշմարտությանը մոտ լինելը: Լրագրողները շատ օգտակար աղբյուրներ կարող են լինել մյուս լրագրողների համար, քանի որ գիտեն, թե ինչ է պետք, և որքան կարևոր է ճշգրտությունը: «Hostwriter»-ը ցանց է, որը կարող է բարելավել լրագրողների աշխատանքը, օգնել ստուգել փաստերը, իրադարձությունների ավելի լայն պատկեր տեսնել՝ գործընկերներին հարցնելով:

Այն նաև սոցիալական գործոն ունի. եթե ես գնում եմ, ասենք, Բանգկոկ հետազոտություն անելու, կարող եմ կապվել մեր համակարգում գրանցված բանգկոկցի 5 լրագրողների հետ և ասել` «Հեյ, ես այստեղ եմ, կուզե՞ք սրճենք միասին, ուզում եմ նյութ պաստրաստել այս կամ այն բանի մասին»: Տարբեր միջավայրերում գործընկերներ գտնելը, նյութի վերաբերյալ խորհուրդներ հարցնելը կամ պարզապես սրճելն ու զրուցելը իր մեջ սոցիալական շփման տարրեր է պարունակում:

Ուզում ենք «միայնակ գայլի» լրագրությունից անցում կատարել համագործակցային լրագրության:

Իհարկե, հիմնական իմաստը մասնագիտական գործածությունն է, բայց նաև հաճելի է զգալ, որ աշխարհի տարբեր երկրների լրագրողների համայնքի մաս ես կազմում: Ամեն դեպքում սա այն է, ինչ մենք ուզում ենք առաջարկել լրագրողներին:

Բազմաթիվ այլ նախագծեր էլ ունենք, որոնք դեռևս մշակման փուլում են: Չենք ուզում պարզապես հարթակ լինել: Ուզում ենք դառնալ լրագրողական համագործակցության շարժում և «միայնակ գայլի» լրագրությունից անցում կատարել համագործակցային լրագրության: Պլանավորում ենք միջազգային գիտաժողով ու վորքշոփեր կազմակերպել, սահմանելու ենք նաև «Hostwriter» մրցանակը, որը կխրախուսի լրագրողների միջև միջազգային համագործակցությունը:

Կարելի է աշխարհի տարբեր երկրների լրագրողերին գտնել, ասենք, Թվիթերի միջոցով: Էլ ի՞նչ կարիք կա անդամակցելու ձեր հարթակին:

«Hostwriter»-ում լրագրողի անձնական էջը մասնագիտական է, այնտեղ կարելի է տեսնել նրա հրապարակված հոդվածները, մասնագիտացումը, հմտությունները, լեզուների իմացության մասին ինֆորմացիան: Մենք ստուգում ենք` դիմած մարդիկ իսկապես լրագրող են, թե ոչ:

Կարող են լինել դեպքեր, երբ լրագրողը նյութ պատրաստելիս չի ուզում բացահայտել, թե ում հետ է կապ հաստատել՝ տեղեկություն հավաքելու նպատակով: Մեզ համար կարևոր է, որ «Hostwriter»-ը անվտանգ ու փակ միջավայր լինի լրագրողների համար, որ ոչ ոք չտեսնի, թե ով ում հետ և ինչպես է շփվում:

Հնարավո՞ր է նաև գործնական օգնություն խնդրել, ասենք, տվյալներ վիզուալիզացնելու, ինֆոգրաֆիկա պատրաստելու:

Իհարկե, մեր ցանցում լրագրողներ կան, որոնք մասնագիտացած են տվյալների լրագրության գործում: Կայքի որոնման բաժնում կարող եք գրել բանալի բառերն ու գտնել համապատասխան մասնագիտացում ունեցող, տվյալների լրագրությամբ զբաղվող լրագրողներին, տեսնել նրանց անձնական էջերն ու աշխատանքի նմուշները: Եթե որևէ մեկով իսկապես հետաքրքրվեք, կարող եք նրան հաղորդագրություն ուղարկել, ասել՝ «Ես այս նախագիծն եմ անում, ձեր խորհուրդն եմ ուզում, կարո՞ղ ենք Սքայփով խոսել»: Եվ եթե լրագրողը համաձայնի, քննարկել:

Հաճելի է զգալ, որ աշխարհի տարբեր երկրների լրագրողների համայնքի մաս ես կազմում:

Որքա՞ն է տևում համակարգում գրանցված անձի ինքնությունը ստուգելը:

Մոտավորապես 48 ժամ: Ստուգումը ձեռքով ենք իրականացնում՝ առանց որևէ համակարգչային ծրագրի: Այժմ փորձում ենք ստուգման ավելի արդյունավետ տարբերակներ գտնել: Այս պահին ստուգելիս կարդում ենք դիմողի հոդվածները, որպեսզի հասկանանք լրագրող է, թե ոչ: Եթե այլ լեզուներով է գրված լինում, թարգմանում ենք:

Դուք նաև էթիկայի կանոններ ունեք: Ի՞նչ հետևանք կարող է լինել, եթե լրագրողը խախտի այդ կանոնները:

Ուզում ենք, որ մարդիկ հավատարիմ մնան լրագրողական չափանիշներին և չշահագործեն իրար: Որ եթե հոդված են համահեղինակում, նախապես խոսեն այդ մասին, պայմանավորվեն գումարային հարցերի շուրջ: Եթե բողոք ենք ստանում, փորձում ենք հետաքննել դեպքը, խոսել կողմերի հետ: Այնուհետև որոշում ենք կայացնում: Վատագույն դեպքում խախտում անողին հարթակից հեռացնում և արգելափակում ենք:

Խոշոր լրատվամիջոցները սովորաբար ունենում են գործընկերների իրենց ցանցը: Ձեզ մոտ կա՞ն լրագրողներ հեղինակավոր լրատվամիջոցներից:

Այո, իհարկե, մեր համակարգում լրագրողներ կան հեղինակավոր բոլոր լրատվամիջոցներից՝ BBC-ից, CNN-ից, Բրազիլիայի Globe-ից, New York Times-ից, the Guardian-ից, Չինաստանի CCTV-ից և շատ այլ լրատվամիջոցներից:

Հարցազրույցը` Աննա Բարսեղյանի

Հարցազրույցն արվել է Բեռլինի լրագրության դպրոցի կազմակերպած «Մեդիա գործընկերները հանուն ժողովրդավարության, թափանցիկության և փոխանակման» ծրագրի ընթացքում: Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?