Ոստիկանությունը կքննի #ElectricYerevan-ի լրագրողների դեմ բռնության դեպքերը

10.07.2015, Նյուսրում

Լրագրող

Ոստիկանությունը սկսել է վերադարձնել հունիսի 23-ին #ElectricYerevan նստացույցը լուսաբանող լրագրողներից առգրաված տեսանկարահանող սարքերն ու հիշողության քարտերը:

Վերադարձված հիշողության քարտերի մեծ մասը եղել է դատարկ. ոստիկանությունում հեռացվել է քարտերի ողջ ինֆորմացիան:

Ոստիկանությունը վերադարձրել է «PanPhoto» գործակալության ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանի ֆոտոխցիկը եւ հիշողության քարտը, սակայն քարտը եղել է դատարկ:

«Բոլոր լուսանկարները ջնջված էին»,- ասում է Կարապետ Սահակյանը:

Ոստիկանությունը վերադարձրել է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամ»-ը լրատվականի տեսախցիկը փոքր-ինչ վնասված վիճակում: Հեռուստաընկերության մասնագետները նորոգել են այն:

Ֆոտոխցիկի հիշողության քարտը՝ դատարկ վիճակում, հետ է ստացել նաեւ «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանը:

«Հիշողության քարտի ամբողջ ինֆորմացիան ջնջել են, դա մեր կրած վնասն է, որը չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է փոխհատուցեն»,- ասում է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

Ոստիկանությունը վերադարձրել է անկախ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի ֆոտոխցիկն ու հիշողության քարտը:

«Ինչպես հասկացա, միայն ես եմ հետ ստացել հիշողության քարտն իր ամբողջ պարունակությամբ: Որեւէ լուսանկար ջնջված չէր»,- ասում է ֆոտոլրագրողը:

Ոստիկանությունը փոխհատուցել է նաեւ Գեւորգ Ղազարյանի կոտրված ակնոցը եւ խոստացել է ծառայողական քննություն անցկացնել ոստիկանների կողմից նրա նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ:

Ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը ոստիկանությունից դեռ չի ստացել իր տեսախցիկի հիշոողության քարտը:

«Փոխհատուցում առաջարկեցին, պայմանով, որ ես բողոքս հետ կվերցնեմ, բայց ես այդ պայմանին չեմ համաձայնել ու պնդել եմ, որ քրեական գործ հարուցվի: Ես հասկացա, որ իմ հաղորդումը ՀՔԾ ուղարկելու փոխարեն, ուղարկել են Ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն անցկացնելու համար»,- Panorama.am-ին ասել է Հակոբ Կարապետյանը:

Դեռեւս չի փոխհատուցվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի կոտրված տեսախցիկն ու աշխատանքային հեռախոսը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ լրագրողների սարքավորումների վերադարձման եւ փոխհատուցման գործընթացը շարունակվում է:

«Եղել է, որ հայտնաբերել ենք տեխնիկան, վերադարձրել ենք իրենց: Այս պահին ուսումնասիրում ենք, որովհետեւ պետք է ճշտել սարքավորումները ոստիկանի գործողությունից են վնասվել, թե ոչ: Եթե պարզվի, որ ոստիկանի գործողությունից են վնասվել, բնականաբար, ինչպես եւ խոստացվել էր, ոստիկանությունը կհատուցի: Կլինի նաեւ ծառայողական քննություն»,- ասում է Աշոտ Ահարոնյանը:

Հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողներին, կոտրել են նրանց աշխատանքային գործիքները, առգրավել սարքերը եւ հիշողության քարտերը: Ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը,

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը կփոխհատուցի լրագրողներին պատճառված նյութական վնասը:

«Կան որոշակի թերություններ, որ ես տեսել եմ աշխատանքի մեջ, հատկապես՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված: Հայցում եմ իմ ներողամտությունը: Ծառայողական քննություն ենք նշանակել, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ կոտրվել են տեխնիկական միջոցներ, ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները»,-ասել էր ոստիկանապետը:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?