Եվրոպական դատարանի որոշումը. կայքերը պատասխանատու են օգտատերերի մեկնաբանությունների համար

19.06.2015, Նյուսրում

Լրագրող

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը վերահաստատել է Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով որոշումը, համաձայն որի լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր կայքում ընթերցողների թողած վիրավորական եւ զրպարտչական մեկնաբանությունների համար::

2006 թվականի հունվարին էստոնական Դելֆի լրատվական պորտալը լաստանավային ընկերություններից մեկի մասին նյութ էր գրել, որի տակ ընթերցողները վիրավորական մեկնաբանություններ էին թողել: Կայքը հրապարակումից 6 շաբաթ անց՝ 2006 թվականի մարտին, ընկերության իրավաբանի խնդրանքով հեռացրել էր վիրավորական մեկնաբանությունները:

Սակայն լաստանավային ընկերությունը 2006 թվականի ապրիլին դիմել էր դատարան: Էստոնիայի դատարանը որոշել էր, որ մեկնաբանությունները զրպարտչական էին, եւ Դելֆին պատասխանատվություն է կրում դրանց համար՝ լրատվամիջոցից գանձելով 320 եվրո հօգուտ հայցվորի:

Էստոնիայի դատարանը գտել էր, որ Դելֆիի դերը, որպես տեղեկատվական հանրությանը ծառայություն մատուցող, զուտ տեխնիկական, պասիվ եւ չեզոք չէ, եւ որ պորտալը վերահսկողություն է իրականացնում մեկնաբանությունների հրապարակման համար:

Դելֆին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Դատարանը, քննելով գործը, որոշել է, որ ներպետական դատարանի վճիռը արդարացի է եւ համաչափ, քանի որ մեկնաբանությունները ծայրահեղ վիրավորական էին, իսկ պորտալը չէր կարողացել կանխել դրանց հանրային դառնալը, օգուտ էր ստացել դրանց գոյությունից եւ թույլ էր տվել դրանց հեղինակներին մնալ անանուն:

Դելֆիի գործը նախադեպային նշանակություն ունի կայքերի համար, որտեղ ընդունված է հրապարակել ընթերցողների մեկնաբանությունները:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո հայաստանյան մեդիային բարդ շրջան է սպասվում:

«Այս պահին ես որոշակի խնդիրներ եմ տեսնում, որոնց լուծումը չի երեւում: Արդյո՞ք խոսքը վերաբերում է լրատվամիջոցի ենթակայության տակ գտնվող բոլոր հարթակներին, մասնավորապես սոցիալական ցանցերին: Որովհետեւ, օրինակ, Ֆեյսբուքը նախնական մոդերացիայի հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք նախապես պարզենք մեկնաբանությունը վիրավորանք է, թե ոչ: Եվ ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե սոցցանցերում մեկնաբանություններին հետեւող մեր աշխատակիցը մի քիչ ուշանա, իսկ այդ ընթացքում մեկը սքրինշոթ անի, ինչը շատ հաճախ են անում, ու հիմք դարձնի պատասխանատվության»,- ասում է նա:

«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ որոշումը իրազեկման եւ բողոքարկման մեխանիզմներ է նախատեսում. խմբագրությունը նախ պետք է տեղեկացվի ու զգուշացվի, որ մեկնաբանություններում վիրավորանքի տարրեր կան,եւ միայն կայքի կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում հարցը կարող է վիճարկվել դատական կարգով:

Դավիթ Ալավերդյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի որոշումը բավական հավասարակշռված եւ փոխզիջումային է:

«Մի կողմից վտանգ կա, որ ՄԻԵԴ-ի վճիռը կարող է որոշակիորեն սահմանափակել խոսքի ազատությունը ԵԽ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Մյուս կողմից՝ այլ որոշում չէր էլ կարող լինել, որովհետեւ զրպարտող եւ վիրավորական մեկնաբանությունների հետեւանքով խախտվում էին մարդու այլ հիմնարար ազատությունները»,- ասում է նա։

«Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիրը գտնում է, որ օնլայն լրատվամիջոցների համար լուծումը մոդերատոր լրագրողների աշխատանքի ընդունելն է կամ էլ մոդերատորի պարտականությունը գործող լրագրողների միջեւ բաշխելը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ի որոշումը լրատվամիջոցներին ռեսուրսային խնդրի առջեւ է կանգնեցնում:

«Լրատվամիջոցները պարտավորվում են ոչ միայն նախնական մոդերացիայի ենթարկել մեկնաբանությունները՝ հեռացնելով ակնհայտ հայհոյանքները, այլեւ նախապես ստուգել տեղադրված տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ լրատվականները պետք է սկսեն կա՛մ ահռելի մարդկային ռեսուրս ծախսել տեղեկատվությունը ստուգելու համար, կա՛մ փակեն մեկնաբանությունները։ Ւսկ չարագործներին այս որոշումը կեղծ մեկնաբանություններով լրագրողներին անընդհատ դատարաններով քարշ տալու լայն հնարավորություններ է տալիս»,- ասում է նա:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ընդունելի է համարում ՄԻԵԴ-ի որոշումը: Aysor.am-ին տված հարցազրույցում՝ նա ասել է, որ այսուհետ հստակություն կմտցվի, թե դատարաններն ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան նման դեպքերում:

«Եթե մինչեւ այս խմբագրությունը կարող էր ասել՝ այդ մեկնաբանության հեղինակը ես չեմ եւ որեւէ պատասխանատվություն չեմ կրում նման մեկնաբանությունների համար եւ պարտավոր չեմ դա հանել իմ կայքից, ապա այժմ նման դեմագոգիկ երեւույթները բացառվելու են: Եթե դու ունես խմբագրական քաղաքականություն, ապա պարտավոր ես հանել նաեւ նման մեկնաբանությունները», -ասել է նա:

Բորիս Նավասարդյանը նշել է նաեւ, որ այս որոշմամբ հնարավոր են խոսքի ազատության սահմանափակման միջադեպեր իշխանությունների կամ շահագրգիռ անձանց կողմից: Դրա համար պետք է հետեւել, թե օրենքն ինչպես է կիրառվում մեր դատական պրակտիկայում:

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ խոսքի եւ մեդիայի ազատության վրա:

«Տվյալ գործով ՄԻԵԴ-ի որոշումը չպետք է մասնակից երկրների կողմից օգտագործվի որպես թույլտվություն՝ ներկայացնելու պատասխանատվության ենթարկման անորոշ կարգավորումներ, որոնք կարող են սահմանափակել ինտերնետում օնլայն մեդիայի խոսքի ազատությունը: Այն նաեւ չպետք է օգտագործվի ինտերնետում բաց քննարկումները եւ գաղափարների տարածումը սահմանափակելու նպատակով»,- ասել է նա:

Դունյա Միյատովիչն ասել է, որ պետք է պահպանել եւ պաշտպանել ինտերնետում մեդիայի ազատությունը անհարկի միջամտությունից եւ ավելորդ կարգավորումներից՝ մեդիայի ինքնասահմանափակումներից եւ բացասական ազդեցությունից խուսափելու համար:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?