Լրագրողական հանրությունն ակնկալում է, որ #ElectricYerevan-ին լրագրողների գործունեությանը խոչընդոտած ոստիկանները կպատժվեն

07.07.2015, Նյուսրում

Լրագրող

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ո'չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում եւ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների եւ իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս», - ասվում է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն ու հիշողության քարտերը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ (ԽԱՊԿ) Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ քրեական գործ հարուցելը պայմանավորված է դեպքերի կապակցությամբ տեղական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունների ու մամուլի արձագանքով:

«Այնուամենայնիվ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք օրինակներ ունենք, երբ լրագրողի գործունեությունը խոչընդոտվել է, քրեական գործ է հարուցվել, այնուհետեւ կարճվել է՝ համարելով, որ հանցակազմ չկա: Այս անգամ նույնպես կփորձեն այդ ճանապարհով գնալ»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

IMG_20150623_235751

ԽԱՊԿ-ի նախագահը գտնում է, որ շատ մեծ է լրագրողական հանրության դերը՝ գործընթացներին հետեւելու, հանրության ուշադրությունը դրանց վրա հրավիրելու եւ հետեւողականորեն լուսաբանելու առումով:

«Դա շատ կարեւոր է: Եվ կարեւոր է, որ հենց տուժած լրագրողները շատ հետեւողական լինեն ու շարունակեն պայքարել իրենց իրավունքների համար»,- ասում է նա:

Հունիսի 23-ին ոստիկանության գործողություններից, տուժած լրագրողներից է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

«Իրենց թվացել էր՝ հենց ջրցանը միացնեն, բոլորը կցրվեն: Երբ տեսան, որ մարդիկ ոչ մի տեղ չեն գնում, քաղաքացիական հագուստով ոստիկանները սկսեցին ցրել մարդկանց: Այդ ընթացքում մեկը եկավ, մեր ուղիղ եթերի լարը պոկեց: Եվ հետեւիցս քաղաքացիական հագուստով տարբեր մարդիկ պարբերաբար հարվածում էին»,- ասում է բռնության ենթարկված՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

Քաղաքացիական հագուստով ոստիկանները «Ազատության» ռադիոկայանի լրագրողներին բռնության եւ բերման ենթարկելուց բացի՝ կոտրել են նրանց տեսախցիկն ու աշխատանքային հեռախոսը:

«Երբ մտանք Ազատության հրապարակ, տեսա՝ 3-4 հոգով մեր օպերատոր Գարիկին տանում են: Մոտեցա, ասացի՝ «ինչ եք անում, իմ օպերատորն է»: Մեկը եկավ, թեւս ոլորեց, ասաց՝ «հլը տենամ որտեղից ես», վզիցս կախված բեյջը վերցրեց, նայեց, պոկեց ու դեն նետեց, ասաց՝ «գնա ստեղից, էլ լրագրող չես»: Հարվածեց ու ջարդեց տեսախցիկի առջեւի մասը: Երբ կռացա, որ հավաքեմ, ոտքով տշեց ու տշելու ընթացքում խփեց նաեւ ձեռքիս: Ես խառնված վազեցի մեր մյուս լրագրող Արթուր Պապյանի մոտ, որ ասեմ Գարիկին տարան, մեկ էլ տեսնեմ մեկը Արթուրի հեռախոսը խփեց գետնին: Արթուրն ասաց՝ «ախպեր ինչի՞ ես անում»: Նա, թե «ես քեզ ինչ ախպեր» ու հայհոյեց: Արթուրը կռացավ, որ հեռախոսը վերցնի, նա քացով խփեց նորից»,- պատմում է Սիսակ Գաբրիելյանը:

Police at #ElectricYerevan

Ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը պատմում է, թե ինչպես են ոստիկանները առգրավել տեսախցիկի հիշողության քարտը, որը լրագրողը թաքցրել էր գրպանում:

«Հունան Պողոսյանը հրամայեց ձեռքիցս վերցնել տեսախցիկը: Երբ տեսախցիկի մեջ քարտ չգտան, սկսեցին խուզարկել: Պողոսյանը հրամայեց հիշողության քարտը վերցնել, իսկ տեսախցիկը վերադարձնել: Հիշողության քարտի մասին էլ ասաց՝ «կգաս բաժնից կվերցնես մաքուր չիպը»: Երբ հիշողության քարտը վերցնող ոստիկանին հարցրի, թե որտեղից կարող եմ հետ ստանալ քարտը, նա շատ կոպիտ տոնով ասաց՝ «ի՞նչ չիպ, ապեր, շա՞ռ ես անում»: Ինձ համար արդեն պարզ էր նրանց մարտավարությունը»,- պատմում է Հակոբ Կարապետյանը:

(Հունիսի 23-ին բռնության ենթարկված լրագրողների պատմությունները կարող եք կարդալ այստեղ):

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանի կարծիքով՝ քրեական գործի հետագա ընթացքը պայմանավորված է հանրային իրավաչափ ճնշմամբ:

«Թեեւ քրեական գործ հարուցելը ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու համար արտառոց բան չպետք է լինի, քանի որ այդ թվում հենց դրա համար էլ գոյություն ունի ՀՔԾ-ն, Հայաստանում «յուրայինին պատժելու» հնարավորության հանդեպ հասարակության վստահության խիստ պակասի պայմաններում, կարծում եմ, ճիշտ կլինի հույսը չդնել իրավապահ մարմնի անկախության եւ անաչառության վրա եւ այս գործը պահել հանրային ուշադրության կենտրոնում: Հանրային հսկողությունը գուցե կլինի այն լծակը, որը կկաշկանդի իրավապահներին եւ թույլ չի տա հնարավոր ծածկադմփոց անել»,- ասում է Գեւորգ Հայրապետյանը:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?