2015.06.23,

Նյուսրում

#ElectricYerevan. Բռնության ենթարկված լրագրողների պատմությունները (լրացվում է)

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հունիսի 23-ի առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողներին, կոտրել են նրանց աշխատանքային գործիքները, առգրավել սարքերը և հիշողության քարտերը:

Կան լրագրողներ, որոնց սարքավորումների գտնվելու վայրը մինչև այժմ հայտնի չէ:

Մեր հաշվարկներով՝ ոստիկանները բերման են ենթարկել 11 լրագրողի՝ Անի Հովհաննիսյան («Հետք»), Հրանտ Գալստյան («Հետք»), Մկրտիչ Կարապետյան («Հայկական ժամանակ»), Փայլակ Ֆահրադյան («Գալա» հ/ը), Կարապետ Սահակյան («Panarmenian Photo»), Արսեն Սարգսյան (News.am), Տիգրան Հակոբյան (Epress.am), Սեդա Մավյան (անկախ լրագրող), Գարիկ Հարությունյան (Ազատություն), Դավիթ Դավթյան («Արմենիա» հ/ը), Խաչատուր Եսայան («Արմենիա» հ/ը):

Մեր տվյալներով՝ այս պահին բերման ենթարկված բոլոր լրագրողներն ազատության մեջ են: Բերման ենթարկված լրագրողների մի մասը ենթարկվել է բռնության:

Նախնական տվյալներով՝ ոստիկանական գործողության ընթացքում բռնության է ենթարկվել 9 լրագրող՝ Կարեն Չիլինգարյան (1in.am), Հովսեփ Հովսեփյան (1in.am), Գոռ Հովհաննիսյան (1in.am), Նիկոլայ Թորոսյան (Panarmenian.net), Գևորգ Ղազարյան (անկախ լրագրող), Արթուր Պապյան (Ազատություն), Սիսակ Գաբրիելյան (Ազատություն), Գարիկ Ազիբեկյան (Ազատություն), Հակոբ Կարապետյան (ilur.am):

Բերման և բռնության ենթարկված լրագրողների ցանկն աճում է, մենք օրվա ընթացքում կթարմացնենք այն:

Ներկայացնում լրագրողներից մի քանիսի պատմությունները:

Կոլաժը՝ Յանա Շարամանյանի

Դավիթ Դավթյան, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

5:30-6:00-ի սահմաններում, երբ ջրցան մեքենան գործի դրեցին, մարդկանց քշեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտան ամբողջությամբ ազատեցին, ոստիկաններն ընկան մարդկանց հետևից: Մի մասին բերման ենթարկեցին: Մյուս մասը, որին չէր հաջողվել բռնել, հավաքվել էր Ազատության հրապարակում:

Ես ու մեր օպերատոր Խաչատուր Եսայանը հետևեցինք նրանց: Մի քանի րոպե հետո ոստիկանները հավաքվեցին ամբողջ կազմով և սկսեցին հարձակվել ցուցարարների վրա: Ես ու օպերատորը, ինչպես նաև մյուս լարտվամիջոցների գործընկերներս. կողքից կանգնած ֆիքսել ենք կադրերը, թե ինչ է տեղի ունենում, կատարել ենք մեր աշխատանքը:

Երբ հիմնական ցուցարարների մասին բռնեցին, հերթը հասավ մեզ: Նույնիսկ չնկատեցի էլ, թե ինչպես հարձակվեցին վրաս, որովհետև մի պահ ուղղակի հայացքս թեքեցի, ու միանգամից 4 հոգով հարձակվեցին, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանական, այլև քաղաքացիական հագուստով իրավապահներ:

Չէի պատկերացնում, որ ոստիկանները կարող էին նման կերպ վարվել, որովհետև իսկապես անհամատեղելի էր այն, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, ու այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ հաշվի չառան, որ լրագրող եմ: Երբ բեյջս ցույց տվեցի, ոստիկանները պոկեցին այն ու ինձ բերման ենթարկեցին:

Ինձ ու օպերատորին սկզբում տարան ոստիկանության Կենտրոնի բաժին, այնտեղից արդեն տարբեր ուղղություններով, ինձ՝ Մալաթիայի, իրեն՝ Էջմիածնի բաժանմունք: Դաստակիս հատվածում կապտուկ ունեմ և այտուց, օպերատորն էլ հարվածներ ստացել, ձեքին վերք կա:

Տեխնիկան մինչև այս պահը չգիտենք որտեղ է և ինչ վիճակում է:

Կարապետ Սահակյան, «ՊԱՆՖոտո»-ի ֆոտոլրագրող

Երբ արդեն ավարտում էի նկարելը Թումանյանի արձանի մոտ, մեկը ձախ կողմից ձեռքը գցեց, որ ֆոտոխցիկը քաշի: Ես փախցրեցի, մեկ էլ մյուս կողմից քաշեցին: Քաղաքացիական հագուստով իրավապահներ էին: Ֆոտոապարատս գրկեցի պինդ, նստեցի գետնին:

Մի քանի հոգի քաշում էին, խփում էին, բարեբախտաբար, վնասվածքներ չեղան: Ապարատս ձեռքիցս խլեցին, խփեցին գետնին ու գետնին խփելով տարան: Հետո վիդեոյի մեջ տեսա, որ իրենցից մեկը դրեց թևի տակ ու գնաց:

Դրանից հետո դիմակավորներն ինձ տարան ոստիկանության Կենտրոնի բաժին, այնտեղից՝ Էջմիածին, տվյալներս վերցրին ու բաց թողեցին:

Տեղեկություն չունեմ՝ ապարատս որտեղ է և ինչ վիճակում է:

Կարապետ Սահակյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի, Պանարմենիանի ֆեյսբուքյան էջից

Անի Հովհաննիսյան, «Հետք» լրագրող

5:30-ի սահմաններում քաղաքացիական հագուստով անձինք սկսեցին ջարդել մարդկանց աջ ու ձախ կողմերից: Իսկ դիմացից ջրցան մեքենան սկսեց ջուր շփել: Մարդկանց քշեցին դեպի Ազատության հրապարակ: Ազատության հրապարակում սկսեցին ծեծել, հայհոյել ու բերման ենթարկել:

Շատ դաժան էին վարվում: Լրագրողների նկատմամբ վերաբերմունքը ոչնչով չէր տարբերվում ցուցարարների հանդեպ վերաբերմունքից: Հրաման էր իջեցված՝ կապ չունի ով, ինչ, բոլորին հավաքել: Կար լրագրող, ով բեյջը ցույց էր տվել, որ լրագրող է, վերցրել ճղել էին ու բռնությամբ բերման էին ենթարկել:

Ես երկու ընկերներիս հետ Ազատության հրապարակի մոտ էի, նկարում էի ամբողջ ծեծ-ջարդը, հայհոյանքները: Հեռվից քաղաքացիական հագուստով մի անձ վազելով եկավ մեր հետևից, բռնեց ու ընկերներիցս մեկին սկեց քաշքել, որպեսի հարվածի:

Ես միջամտեցի, ասացի՝ լրագրող եմ, բեյջս ցույց տվեցի, ասաց՝ ուրեմն երեքիդ էլ բերման կենթարկեմ: Ու բերման ենթարկեցին: Ինձ մատով չեն կպել, միայն հրել են, երբ միջամտել եմ, որ ընկերոջս չծեծեն:

Գևորգ Ղազարյան, անկախ ֆոտոլրագրող

Օպերայի և Մաշտոցի անկյունում տեսա, որ ոստիկանները մի ակտիվիստ աղջկա շրջանակի մեջ էին վերցրել ու վիրավորական բառեր էին ասում, հայհոյում էին: Մոտեցա, խնդրեցի, որ չհայհոյեն, գրեկցի աղջկան, որովհետև շատ վատ էր զգում, լաց էր լինում:

Ոստիկաններից մեկը բավական բռի ձևով մոտեցավ, ասաց՝ «էս երկուսին բերման ենթարկեք»: Մեզ մի 10 հոգի որտեղից պատահի բռնեցին ու տարան: Ընթացքում խփում էին, քաշքշելով ամեն ինչ վերցնում էին, այդ թվում՝ ֆոտոապարատս: Չգիտեմ էլ` ով է վերցրել, ու որտեղ է:

Here I’m with my missing glass on frame. #WantMyCameraBackRightNow I’ve a lot of toShow #Baghramyan #ElectricYerevan pic.twitter.com/EPFIYt0Qdi

— Gevorg Ghazaryan (@initiaty) June 23, 2015

Նիկոլայ Թորոսյան, Panarmenian.net-ի լրագրող

Երբ Օպերայի մոտ սկսեցին ցուցարարներին հավաքել, բերման ենթարկել, իմ հետևից էլ ընկան: Որոշ ժամանակ վազվզելուց, փախչելուց հետո Հյուսիսային պողոտայի հատվածում նստեցի նստարանին, որ մի քանի րոպե շունչ քաշեմ, որովհետև շնչակտուր էի լինում: Այդ պահին ինձ մոտեցան 2 ոստիկաններ, ասացին՝ շարժվի:

Ասացի՝ լավ չեմ զգում, շնչակտուր եմ լինում, երկու րոպեից վեր կկենամ, կգնամ: Սկզբում ձեռքը դրեցին շնչափողիս, հետո բարձրացրին ու բրդելով տարան՝ ընթացքում հայհոյելով: Չհասած Տերյանի խաչմերուկ՝  տապալեցին գետնին ու սկսեցին ծեծել՝ ոտքերով և վահանով հարվածելով:

Մեկը մյուսին ասում էր՝ շիթով խփի, որ տեղ չմնա: Մի քանի րոպե խփելուց հետո մեկ այլ ոստիկան հայտնվեց, որը, ինչպես հասկացա, մեկ այլ ջոկատից էր: Ինձ այդ ոստիկանների մոտից հեռացրեց, օգնեց բարձրանամ ու գնամ, նստեմ նստարանին:

Նայեց բեյջիս, հասկացավ, որ լրագրող եմ ու ներողություն խնդրեց ինձանից, ասաց՝ «էսպես չպիտի լինի, ներողություն եմ խդնրում ամեն ինչի համար»: Դրանից հետո ինձ թողեցին, գնացին:

Փայլակ Ֆահրադյան, «Գալա» հեռուստաընկերության լրագրողի ֆեյսբուքյան էջից

Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերատավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ:

Հակոբ Կարապետյան, ilur.am

Երբ Ազատության հրապարակից ցուցարարներին հավաքեցին տարան, և մնացին միայն ոստիկաններն ու լրագրողները, որոնք տեսա- կամ լուսանկարահանում էին, ֆիքսեցի՝ ինչպես գեներալ Լևոն Երանոսյանը հայհոյանքների ուղեկցությամբ կոտրեց օպերատորներից մեկի տեսախցիկը: Եվ երբ նա հրաման տվեց՝ «բռնեք սրանց», հասկացա, որ անիմաստ է այդտեղ մնալը, փախա դեպի Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածը: Հրապարակից դուրս գալիս հանդիպեցի Panarmenian.net-ի թղթակից Նիկոլայ Թորոսյանին:

Մի քանի ոստիկաններ մայորի գլխավորությամբ վազելով մոտեցան մեզ և հրամայեցին ինձ հետևել իրենց: Խնդրեցի ներկայանալ և ասել, թե ինչի համար են ուզում ինձ տանել: Ոչ մի բացատրություն չտվեցին, ձեռքերիցս բռնեցին: Տեսել էի, որ գործընկերներիս ծեծում են, հասկացա, որ հրամանները չկատարելու դեպքում ինձ էլ են ծեծելու, այդ պատճառով հետևեցի նրանց: Ոստիկաններն այդ պահին Նիկոլայի վրա ուշադրություն չդարձրին, ենթադրում եմ, որովհետև նրա ձեռքին տեսախցիկ չկար: Նիկոլայն ասաց՝ «տեսախցիկդ տուր ինձ», փորձեց գոնե դա փրկել: Նրան ասացի՝ փախի: Երբ ինձ տանում էին, հետ նայեցի, տեսա, որ այդ ոստիկանների խմբից մի քանիսը հարձակվեցին Նիկոլայի վրա և սկսեցին նրան հարվածներ հասցնել: Ճանապարհին տեսախցիկից հանեցի հիշողության քարտը, դրեցի գրպանս:

Ինձ տարան Ազատության հրապարակ, որտեղ ոստիկանության զորքերը մի քանի տողանով շարվել էին, այլ ոստիկանների հետ կանգնած էին նաև Հունան Պողոսյանն ու Լևոն Երանոսյանը: Հունան Պողոսյանն ինձ ասաց՝ «ես որ քեզ ասում էի». սկզբում չհասկացա ինչի մասին է խոսքը: Հետո ենթադրեցի, որ այդ օրն ավելի վաղ ունեցած զրույցի մասին է խոսում: Հունիսի 23-ի օպերացիայից առաջ, երբ հայտնվեցին քաղաքացիական հագուստով ոստիկաննները, Պողոսյանին հարցրի՝ «Ո՞րն է պատճառը, որ ոստիկանները համազգեստով չեն, միգուցե ոստիկանությունը համազգեստների դեֆիցի՞տ ունի»: Նա ասաց՝ «Դուք միշտ խոսում եք ոստիկանների լիազորությունների գերազանցելու մասին, բայց դուք այս պահին գերազանցում եք ձեր լիազորությունները»:

Հունան Պողոսյանը հրամայեց ձեռքիցս վերցնել տեսախցիկը: Երբ տեսախցիկի մեջ քարտ չգտան, սկսեցին խուզարկել: Պողոսյանը հրամայեց հիշողության քարտը վերցնել, իսկ տեսախցիկը վերադարձնել: Հիշողության քարտի մասին էլ ասաց՝ «կգաս բաժնից կվերցնես մաքուր չիպը»: Երբ հիշողության քարտը վերցնող ոստիկանին հարցրի, թե որտեղից կարող եմ  հետ ստանալ քարտը, նա շատ կոպիտ տոնով ասաց՝ «ի՞նչ չիպ, ապեր, շա՞ռ ես անում»: Ինձ համար արդեն պարզ էր նրանց մարտավարությունը:

Մի քանի անգամ զանգեցի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին, որևէ պատասխան չստացա հիշողության քարտիս վերաբերայալ: Հետո դիմեցի ոստիկանության կենտրոնի բաժանմունք, հաղորդում տվեցի հանցագործության մասին իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու առթիվ:

Հունիսի 23-ի երեկոյան, երբ Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց, որ Վովա Գասպարյանը ցավում է լրագրողների նկատմամբ ոչ համաչափ գործողությունների համար և խոսեց փոխհատուցման մասին, հարցրի՝ «Իսկ իմ հիշողության քարտը, որը ձեր հրամանով վերցրել են, որտեղի՞ց կարող եմ հետ ստանալ», ասաց՝ «Հարգելիս, դուք սխալվում եք, ես որևէ մեկին ձեր չիպը վերցնելու հրաման չեմ տվել»: Նա հերքեց ամեն ինչ:

Իսկ հիշողության քարտս մինչև հիմա էլ չեն վերադարձրել:

Սիսակ Գաբրիելյան, «Ազատություն» ռադիոկայան

Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը մի քանի անգամ բարձրախոսով հայտարարեց՝ «Հարգելի լրագրողներ, ազատեք տարածքը, ոստիկանությունն անցնում է հատուկ գործողության», մեզ առաջարկեցին բարձրանալ մայթ: Բայց դա հնարավոր էլ չէր, որովհետև այնտեղ կանգնած էին քաղաքացիական հագուստով ոստիկանները: Իրենց թվացել էր՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները գործ չեն ունենա անելու, որովհետև հենց ջրցանը միացնեն, բոլորը կցրվեն: Երբ տեսան, որ մարդիկ ոչ մի տեղ չեն գնում, քաղաքացիական հագուստով ոստիկանները սկսեցին ցրել մարդկանց: Այդ ընթացքում մեկը եկավ, մեր ուղիղ եթերի լարը պոկեց: Եվ հետևիցս քաղաքացիական հագուստով տարբեր մարդիկ պարբերաբար հարվածում էին:

Երբ մտանք Ազատության հրապարակ, տեսա՝ 3-4 հոգով մեր օպերատոր Գարիկին տանում են: Մոտեցա, ասացի՝ «ինչ եք անում, իմ օպերատորն է»: Մեկը եկավ, թևս ոլորեց, ասաց՝ «հլը տենամ որտեղից ես», վզիցս կախված բեյջը վերցրեց, նայեց, պոկեց ու դեն նետեց, ասաց՝ «գնա ստեղից, էլ լրագրող չես»: Հարվածեց ու ջարդեց տեսախցիկի առջևի մասը: Երբ կռացա, որ հավաքեմ, ոտքով տշեց ու տշելու ընթացքում խփեց նաև ձեռքիս: Ես խառնված վազեցի մեր մյուս լրագրող Արթուր Պապյանի մոտ, որ ասեմ Գարիկին տարան, մեկ էլ տեսնեմ մեկը Արթուրի հեռախոսը խփեց գետնին: Արթուրն ասաց՝ «ախպեր ինչի՞ ես անում»: Նա, թե «ես քեզ ինչ ախպեր» ու հայհոյեց: Արթուրը կռացավ, որ հեռախոսը վերցնի, նա քացով խփեց նորից:

Քիչ հետո, երբ տեսանք Հունան Պողոսյանին, ասացինք, որ մեր օպերատորին տանում են: Ասաց՝ «գնացեք ասեք՝ Հունան Պողոսյանն ասում ա թող բաց թողնեն»: Ոստիկանը, որի ներկայությամբ Հունան Պողոսյանն ասաց մեզ այդ ամենը, բացեց մեքենայի դուռը, որտեղ հավաքել էին ցուցարարներին ու լրագրողներին, հարցրեց՝ «Գարիկը ստե՞ղ ա»: Գարիկը ներսից պատասխանեց՝ այո: Ոստիկանն ասաց՝ «դե լավ մնա», ու դուռը փակեց:

 

Հարգելի գործընկերներ, բռնության և բերման ենթարկվելու ձեր պատմությունները կարող եք ուղարկել [email protected] հասցեին:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *