6 խորհուրդ լրագրողներին՝ լուսաբանելու ողբերգություն, ինչպիսին, օրինակ, Կոլորադոյի թատրոնի հրաձգությունն է

17.09.2012, Մեդիագլոբ

Գրեթե բոլոր լրագրողները ինչ-որ պահի լուսաբանում են ճգնաժամային իրավիճակ՝ լինի դա սպանություն, բռնաբարություն, բնական աղետ թե հրաձգություն, ինչպիսին տեղի ունեցավ Կոլորադոյի Ավրորա կինոթատրոնում:

Սովորաբար չի խոսվում այն ազդեցության մասին, որ կարող են նման պատմություններն ունենալ այդ նյութերը լուսաբանող լրագրողների վրա: Որոշ խոշոր լրատվամիջոցներ, ինչպիսին օրինակ՝New York Times-ն է, հոգեբանական բժշկական ռեսուրսներ են առաջարկում այն լրագրողներին, ովքեր դրա կարիքն ունեն՝ անկախ նրանից, թե ինչ են նրանք լուսաբանում՝ պատերազմ արտերկրում, թե տարերային աղետ իրենց իսկ երկրում: Փոքր նյուզրումներն, իհարկե, ոչ միշտ են նման ծառայություններ մատուցում:

Եթե դուք փորձում եք պաշտպանվել ձեր լուսաբանած ցնցող միջադեպի ազդեցությունից, ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է պահպանել ողջամտությունն ու շարունակել աշխատել լրատվական դաշտում:

Հոգեբանորեն նախապատրաստեք ձեզ

San Francisco Chronicle պարբերականի հանցագործություններ լուսաբանող լրագրող Հենրի Լին հետապնդում էր ոստիկանական մեքենաներին իր հեծանվով, երբ նա ընդամենը 7 տարեկան էր: «Իմ մի մասը այն 7 տարեկան տղան է, ով դեռ լիացած չէ հետապնդման սուր զգացողություններից, մեքենաների տագնապի ազդանշաններից ու լույսերից»,- ասած նա իր էլեկտրանային նամակում: Թեեւ լուսաբանելը «խոցում է» իրեն որպես մեծահասակի, բայց  ըստ իր խոսքերի՝ «նա միշտ փորձում է իր զգացմունքները զսպած պահել, հակառակ դեպքում չի կարողանա գործն արդյունավետորեն ավարտին հասցնել»:

Ոչ բոլորին է հաջողվում կտրվել միջադեպից, ինչպես Լիին, բայց շատ լրագրողներ իրենց կարիերայում հաստատ երբեւէ ստիպված կլինեն լուսաբանել արտակարգ  ցնցող պատմություն: Նման իրավիճակներում շատ ժամանակ չի լինում հոգեբանորեն նախապատրաստվելու համար, բայց նախապես գիտակցելը, որ դուք հանցագործության վայր գնալու ճանապարհին եք, ուր կարող եք տեսնել արյուն կամ դիակ, կարող է օգնել ձեզ պաշտպանել ձեր բանականությունը:

Աջակցություն փնտրեք ձեր գործընկերներից

Երբ դուք պոտենցյալ հոգեբանական ծանր իրադարձություն եք լուսաբանում, լրագրությունը կարող է ձեզ օգնել մասնագիտական հեռավորություն պահպանել: Այնուամենայնիվ ձեր աշխատանքը նաեւ պահանջում է հավաքագրել տհաճ ինֆորմացիայի մանրամասներ, որոնք տրամադրում են ոստիկաններն ու ականատեսները: Կարճ ժամանակում այսքան մեծ ծավալի բացասական ինֆորմացիա մշակելիս կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, թե դուք անձամբ եք այդ սարսափը ապրել:

Շատ հանցագործությունների դեպքի վայրում ընդմիջում է լինում, որի ընթացքում, լրագրողները սպասում են պաշտոնական ինֆորմացիայի: Այս ժամանակն օգտագործեք կատարվածի մասին այլ լուսաբանում տվող լրագրողների հետ զրուցելու համար: Խոսքը մասնագիտական նորությունների փոխանակման մասին չէ, այլ աչքի տեսածը իրար պատմելու: Իմանալով, որ գետնափորում ձեզ հետ եւս մեկը կա, կմորմոքի ձեր տրավմաները: Եթե հնարավոր չէ դա անել ձեր մրցակիցների հետ, ապա զրուցեք գործընկերների հետ, երբ գրասենյակ վերադառնաք:

San Mateo County Times-ի նախկին լրագրող Թարա Ռամրուպ Հանթն ասում է, որ միշտ ազդվել է տրավմատիկ միջադեպեր լուսաբանելիս, հատկապես մի միջադեպից, երբ մարդու գանգի մաշկը քերթվել էր այն բանից հետո, երբ նրա երկար մազերը մնացել էին արդյունաբերական մեքենայի մեջ: Տիկին Հանթի կարծիքով խոսելը միշտ օգնել է:

«Ընկերների, այլ մտերիմ մարդկանց, հատկապես լրագրողների հետ»,- հայտնեց նա ինձ էլ փոստով: « Երբեմն, նույնիսկ նյութը գրելուց առաջ, սիրտս բացում եմ խմբագրիս կամ այլ լրագրողի առաջ: Ինձ դուր չի գալիս անծանոթի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ խոսելու գաղափարը, ես նախընտրում եմ կոլեգաներիս աջակցությունը»:

Գրեք, բարձրաձայնեք այդ մասին

Ինչպես մտահոգիչ իրադարձությունների լուսաբանումը կարող է ազդել ձեր զգացմունքների վրա, այնպես էլ գրելը այդ մասին կարող է օգնել: Այն բանից հետո, երբ ազատ լուսանկարիչ Լինսի Ադդարիոն ներկայացրեց Կոնգոյի բռնաբարության համաճարակի լուսանկարային շարքը, նա նյութ գրեց այն մասին, թե ինչպես էին այդ կանանց պատմությունները ազդել իր վրա:

Ադդարիոն նաեւ առեւանգվել էր Իրաքում եւ Լիբիայում, որտեղ առեւանգողները «ձեռք են գցել» նրան: Գրելը եւ այդ մասին խոսելը կարող է օգնել հաստատել, թե ինչի միջով են շատ լրագրողներ անցնում՝ մատնանշելու այն բացերը, որտեղ լրագրողները աջակցության կարիք ունեն: Երբ CBS-ի լրագրող Լառա Լոգանը Կահիրեում հանդես եկավ իր բռնաբարության մասին ելույթով, դա օգնեց բարձրացնել իրազեկությունը կին լրագրողների մասին, որոնք բռնաբարության ոտնձգության են ենթարկվում աշխատանքի ժամանակ:

Ուշադրություն դարձրեք նախանշաններին

Լրագրողները, ռազմական զինվորները, բուժաշխատողները եւ հրշեջները, բոլորը սարսափելի միջադեպերի են բախվում իրենց աշխատանքում: Այնուամենայնիվ, ի տարբերություն մյուսների՝ լրագրողները չեն հարցաքննվում նման միջադեպերից հետո, ինչպես Շերի Ռիկիարդին գրել է American Journalism Review-ում: «Նույնիսկ եթե հոգեկան առողջության ռեսուրսները հասանելի են, լրագրողները հրաժարվում են դրանցից»,- ասում է Ռիկիարդին:

«Դրա հիմնական պատճառը»,- գրում է նա,-«ժամանակի բացակայությունն է, հատկապես՝ վերջնաժամկետի պարագայում եւ անվստահությունը, որ օտար մարդիկ չեն կարող հասկանալ հասարակության անունից վկա լինելու գործի ծանրությունը»: Բայց իրականությունն այն է, որ օգնությունից հրաժարվելը կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների երկարաժամկետ հեռանկարում:

Դաժան պատմությունից հետո հաջորդած շաբաթների եւ ամիսների ընթացքում ուշադրություն դարձրեք ծայրահեղ սթրեսի վարքագծի նախանշաններին, որոնք կարող են արտահայտվել մղձավանջի տեսքով, լինեն ցավեր կրծքավանդակում կամ գրանցվեն հիշողության խնդիրներ: Եթե զգում եք, որ գործ ունեք այս կարգի լարվածության հետ, անպայման հոգեբանական աջակցության դիմեք ձեր լրատվամիջոցում, եթե այն տրամադրում է այս տեսակ խորհրդատվություններ, կամ այլուր:

Կոչ  արեք ձեր կազմակերպությանը ռեսուրսներ տրամադրել եւ քաջալերեք լրագրողներին օգտվել դրանցից

Իմ ժամանակներում որպես լրագրող ես բավական սարսափելի միջադեպեր եմ լուսաբանել: 2008 թվականի հունվարին 17-ամյա Խոսե Լուիս Ֆլորեսը, ընկճված իր ավագ եղբոր՝ Իրաքում տեղակայելու փաստից, ուղևորվեց դեպի Ռեդվուդ Սիթիի կենտրոնից հյուսիս գտնվող Քալթրեյն ռելսեր: Նրա մարմինը հայտնաբերվեց ռելսերի վրա երեկոյան ժամը 8:15: Դիակը հայտնաբերած ուղեկցորդի գնահատմամբ՝ Ֆլորեսին գնացքը հարվածել էր 45 րոպե ավելի վաղ: Եվ եւս 3 գնացք վրայով անցել էր, մինչեւ նրա մարմինը գտնելը:

Այս դեպքը լուսաբանելիս ես սարսափելի մանրամասներ էի հավաքել Ֆլորեսի մահվան հետ կապված: Դրանք չերեւացին իմ հոդվածում, բայց խրվեցին մեջս: Դրանից հետո մի քանի օր ցնցված էի: Երբ ես մեր մարդկային ռեսուրսների դեպարտամենտից խորհուրդ խնդրեցի, իմացա, որ լրագրողներին ընդամենը երեք անվճար խորհրդատվության է տրամադրվում տարվա մեջ:

Եթե դուք աշխատում եք թերթում, որը լրագրողներին չի մատուցում հոգեկան առողջության ծառայություններ, խնդրեք ձեր խմբագիրներին եւ մարդկային ռեսուրսների աշխատակազմին առաջնահերթություն տալ այդ հարցին: Դա կարող է ծանր պայքար լինել՝ հաշվի առնելով, թե քանի թերթ է պայքարում բյուջետային կրճատումների դեմ, բայց հոգեկան առողջության ծառայություն տրամադրելն ավելի էժան է, քան վճարել լրագրողներին, որոնք բժշկական տեղեկանք են ներկայացնում աշխատավայր առողջական խնդիրները վերականգնվելու համար:

«Լրագրության ու Տրավմայի Դարթ Կենտրոնը» լրագրողների համար ունի մի քանի խորհուրդ, թե ինչպես ընտրել թերապեւտ եւ այլ բժշկական ռեսուրսներ:

Նույն կերպ, եթե ձեր գործընկերը դիմում է ձեզ, որովհետեւ տառապում է հետտրավմատիկ սթրեսով, լսեք նրան, բայց խրախուսեք, որպեսզի նա գնա մասնագետի մոտ: Ինչպես ասում են, լավ է ունենալ լավ լրագրող, ով առողջ է և երջանիկ, քան սթրեսի ենթարկված և անաշխատունակության չափ հյուծված:

Հասկացեք, ինչը կօգնի Ձեզ և արեք դա

Ուղիներից մեկը, որով Լին դուրս է գալիս իր՝ հանցագործություններ լուսաբանելու սթրեսից, իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է, հիմար հեռուստաշոուներ դիտելն ու ուրախ ամսագրեր կարդալը: Որոշ լրագրողներ սեւ հումորով են զբաղվում, ինչը թեև սառնասրտություն է թվում, բայց որոշ դեպքերում արդյունավետ է:

Ադդարիոն այլ եղանակների է ապավինում՝ իր սթրեսը հաղթահարելու համար:

«Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր լրագրող, ով պատերազմ և հակամարտություն է լուսաբանում եւ ով եղել է պոտենցիալ տրավմատիկ իրավիճակներում, իր սեփական եղանակն ունի դրանից դուրս գալու»,- գրում է Ադարիոն Մավրիատանիայից:

«Ես գրում եմ, զգում եմ, մարզանք եմ անում, խոսում եմ այն մասին, թե ինչի միջով եմ անցել, եւ դա ինձ օգնում է, բայց ես նաև գիտակցում եմ, որ զոհը ես չեմ. այն մարդիկ, որոնց ես լուսաբանում եմ, սոսկալի հանցագործությունների, բռնաբարությունների զոհեր են: Եվ ես կարծում եմ, որ իրենց համեմատ ես արտոնյալ կյանք եմ վարում: Ես ինքս եմ որոշում լինել դեպքի վայրում և հիմնականում որպես խողովակաշար նրանց պատմությունների համար»:

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:

Հեղինակ՝ Բեթ Ուայնգարներ
Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?