Երեք կարծիք. 2017-ի իրադարձություններն ու 2018-ի սպասելիքները

22.12.2017, Նյուսրում

Լրագրող

2017 թվականի ո՞ր իրադարձություններն էին կարևոր լրագրության տեսակետից և ի՞նչ փոփոխություն են ակնկալվում լրագրության ոլորտում 2018-ին:

Media.am-ի երեք գործընկերները՝ տարվա իրադարձությունների ու մասնագիտական թրենդերի մասին:

«Արմենիա» ՀԸ լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր, Newmag ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյան

Լրատվական դաշտի համար 2017-ը նշանավորվեց մի քանի իրադարձությամբ:

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը հունվարի 18-ին գաղտնազերծեց սառը պատերազմի դարաշրջանին և ՉԹՕ-ներին վերաբերող գաղտնի փաստաթղթերը: Դրանք մեդիայի ուշադրության կենտրոնում կհայտնվեն աստիճանաբար, քանի որ միաժամանակյա հեղեղը կխանգարի նկատել ու գնահատել յուրաքանչյուր փաստաթղթի պատմական կարևորությունը: Օրինակ՝ Պենտագոնը դեկտեմբերի 16-ին հրապարակեց կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է F 18-ի օդաչուն ստրատոսֆերայում ֆիքսում ՉԹՕ-ի տեղաշարժն արտասովոր հետագծով:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները (ապրիլին) կառավարման հին համակարգի հին մեթոդներով՝ կեղծումներով, բերեցին կառավարման նոր համակարգ՝ կուսակցական պայքարի միջոցով իշխանություն ձևավորելու համար: Սա հրաշալի լուծում է՝ կործանարար հետևանքներով, քանի որ Հայաստանում, ըստ իս, 1995-ից ի վեր կուսակցություն չկա: Մամուլն այս տարի չի վերլուծել ստեղծված աբսուրդային իրավիճակը, քանի որ հայկական մեդիայում վերլուծական միտք, ցավոք, չի ձևավորվել:

Ամենակարևոր իրադարձությունը Սիրիայում պատերազմի ավարտն ու Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ջախջախումն էր: Ուրախ եմ, որ այս տարածքից պատերազմական լուրեր այլևս չենք ստանա ու հաղորդի: Իմ միակ ափսոսանքն է, որ հայկական ռազմաօդային ուժերը թեկուզ մի քանի կործանիչների խմբով, չմիացան ռուսական տիեզերաօդային ուժերի հարվածներին, և հայկական մամուլի համար այդ խնդիրը մնաց առանց քննարկման:

Սպասելիքների մասին

Կարծում եմ՝ տպագիր մամուլը պետք է հիմնովին վերանայի իր ապրանքային տեսքը եկող տարում, քանի որ այն վերածվել է 60 տարեկանից բարձր ընթերցողի համար նախատեսվող լրաժամանցի՝ հնարավորին չափ գաղափարականացված ու մանիպուլյատիվ բովանդակությամբ: Կայքային մամուլը դառնում է առավելապես իրադարձությունների հեռարձակման սպասող տեխնիկական տարածք՝ առանց սեփական մեդիաարտադրանքի: Հայաստանյան կայքերն ունեն միևնույն թերությունը. երբ սկսում են բարձր դիտումայնություն ապահովել, սկսում են չտարբերվել իրարից, տարրալուծվել ու դառնում են չմտապահվող: Ռադիոն գրեթե լիովին արտամղվել է հանրային կյանքից՝ բավարավելով շուտասելուկային լրատվությամբ:

Հեռուստատեսությունը շարունակում է մնալ քաղաքական, շոուբիզնեսային և գովազդային շուկաների կցորդ՝ այդպես էլ մեդիաշուկայում չվերածվելով ինքնուրույն խաղացողի: Հրաշալի կլիներ, եթե 2019-ին սկսվեր հեռուստապերսոնաների Մեծ արտագաղթը դեպի համացանց: Ենթադրում եմ, որ համացանցում կարող են ստեղծվել Ազատ ինֆորմացիոն գոտիներ (Ազատ տնտեսական գոտիների օրինակով): Հայաստանի լրագրողները հավանաբար կշահեն, եթե ավելի շատ մտածեն ոչ թե որևէ տեղ աշխատանքի տեղավորվելու, այլ ինքնազբաղ (self-employed) լինելու մասին, համացանցում սեփական լրատվական միավորը հիմնելու և ոչ շաբլոնային ինֆորմացիա վաճառելու մասին:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյան

2017 թվականին առավել բնութագրական երեք միտում կառանձնացնեի: Առաջինը «կեղծ լուրեր» (fake news) հասկացության շուրջ քննարկումների մեծացումն է գլոբալ առումով` չնայած այն հանգամանքին, որ մենք խոսում ենք ոչ թե կեղծ լուրերի քանակի ավելացման, այլ դրանց նկատմամբ ուշադրության շատ ավելի մեծացման մասին, ինչը տեխնոլոգիական զարգացումների հետևանք է: Այսինքն` տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է նրան, որ կեղծ լուրերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում հասարակությունների վրա: Սոցիալական ցանցերը շատերի ուշադրությունը բևեռում են այս խիստ մերժելի երևույթի վրա:

Երկրորդը` մենք ականատեսն ենք ռադիոյի զարգացման այն միտումներին, երբ ռադիոհեռարձակումը FM տիրույթից տեղափոխվում է թվային հեռարձակման տիրույթ: Առաջին երկիրը, որը FM հեռարձակումը փոխարինում է թվային հեռարձակմամբ, Նորվեգիան է: Մի քանի այլ պետություններ ևս դիտարկում են այդ հնարավորությունը:

Երրորդ միտումն էլ արհեստական բանականության կիրառության մեծացումն է նաև լրատվության ոլորտում:

Ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյան

Տարվա կարևոր իրադարձությունն, իմ կարծիքով, Ռոհինգիայի փախստականների գաղթն էր դեպի Բանգլադեշ, որը ամենադաժաններից էր այս տարվա ընթացքում: Ցավոք, պատերազմներն ու դրանց հետևանքները սովորաբար ամենաշատ լուսաբանվող թեմաներն են:

2018-ի համար կառանձնացնեի սոցցանցերի հետ աշխատանքին ավելի լուրջ վերաբերվելու անհրաժեշտությունը: Իհարկե, դա նոր չէ, բայց, ի տարբերություն անցած տարիների, լուսանկարելիս ավելի հաճախ մտքումս է, թե ինչպիսի տեսք կունենա նյութը սոցցանցերում: Չէ որ բացի գրելուց և լուսանկարելուց, արտադրանքը նաև պետք է տարածվի: Նախկինում օրինակ ֆոտոների շարքերը, ֆոտոպատմությունները ակտուալ էին, հիմա էլ են կարևոր, սակայն եզակի նկարի ուժը վերահաստատվում է: Այսինքն այն միակ նկարը, որը կարող է ավելի շատ դիտվել ու որի շնորհիվ ֆոտոպատմության վրա կսեղմեն ու կնայեն: Վերնագիրն ու լուսանկարը շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ, և դրան պետք է լուրջ վերաբերվել:

Եվս մեկ միտում, որ նկատել եմ, լրագրողների դերի փոփոխությունն է։ Լրագրողները բացի խնդիրը լուսաբանելը, սկսել են մտածել նաև այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ անելու մասին: Եթե մի քանի տարի առաջ ավելի ծանր էր ընդունվում այն, որ լրագրողը կարող է նաև ակտիվիստ լինել, այսօր ավելի ընդունելի է, երբ լրագրողը ՀԿ է սկսում կամ շարժում ստեղծում՝ այս կամ այն խնդրի լուծման համար:

Այսօր սոցցանցերը հնարավորություն են տալիս հրատարակել ինչ ուզում ու ընտրում ես, հարթակ ու հետևորդներ ունենալ և ասելիքդ հասցնել լսարանին:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?