2012.12.06,

Քննադատ

Երկրաշարժ սովետական մեդիայում, մաս 8

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

(1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս, 5-րդ մաս, 6-րդ մաս, 7-րդ մաս)

8. Զարմանալի  

Երկրաշարժի թեմային նվիրված հազարավոր հրապարակումների մեջ կան փաստեր, մեկնաբանություններ, հետաքրքրաշարժ արտահայտություններ, որոնք  զարմանք են հարուցում, երբեմն նաեւ` ծիծաղ, չնայած ողբերգական հանգամանքներին։

«Սերը եւ երկրաշարժը»` այսպես կարող էր վերնագրված լինել «Սովետսկայա տորգովլյա» թերթի «Դժբախտությունը ամրության ստուգում է» վերնագրով հոդվածը (Մ. Գուրտովոյ, 1988, դեկտեմբերի 20)։ Ահա թե ինչ է պատմել թերթի սեփական թղթակից Մ. Գուրտովոյին սերժանտ Օլեգ Պոնչարինը, ով դաշտային խոհանոցից ճաշ է բաժանել աղետյալ լենինականցիներին. «Մի աչոն մոտեցավ։ Սոված էր։ Ես բորշչը ամանի կողքն էի լցնում, աչքս չէի կարողանում իրենից կտրել։ Պարզվեց, ուսանողուհի է, անունը` Մարիա։ Հողին էր հավասարվել` ինչ ունեցել-չէին ունեցել։ Համոզեցի, որ գնա ծնողներիս մոտ, Պսկով։ Հիմա էնտեղ է։ Շուտով զորացրվում եմ, հույս ունեմ, որ տանը կտեսնեմ իրեն»։  

ՍՍՀՄ փոխվարչապետ Բատալինը Սպիտակի երկրաշարժը անսպասելի կողմից է Չեռնոբիլի հետ համեմատում` պատասխանելով «Մոլոդյոժ Գրուզիի» թերթի թղթակցի հարցերին. «Չեռնոբիլում ավելի հեշտ էր։ Այնտեղ մարդիկ էվակուացվել էին, իսկ տներն, ունեցվածքը մնացել էին անխաթար» («Ողբերգության բեւեռները», 1988, դեկտեմբերի 20)։ Սա հեշտացրել է դրամական փոխհատուցման չափը որոշելը` ահա թե ինչն է չեռնոբիլյան աղետի դրական կողմը։ 

Սովետական հազարավոր քաղաքացիներ իրենց տներն էին առաջարկում տուժյալներին, կային եւ այնպիսիք, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով էին ջանում օգտակար լինել։ Պահեստի փոխգնդապետ Վլադիմիր Նիկոլաեւիչ Մոկրոուսովի նամակը Ն. Ռիժկովին. «13 դեկտեմբերի1988 թ., քաղաք Տալլին։ Հարգելի Նիկոլայ Իվանովիչ։ Խոսքեր չկան արտահայտելու հոգուս ամբողջ դառնությունը Հայաստանը պատուհասած ողբերգության առթիվ։ Չեմ ուզում Ձեզանից շատ ժամանակ խլել, որն առանց այդ էլ Ձեզ չի բավարարում։ Ուզում եմ մի գործնական խորհուրդ տալ բոլորին, ովքեր ապրում են վրաններում, որտեղ այսպես կոչված «բուրժույկաներ» են տեղադրված։ Տաքության պահպանության համար պետք է այդ վառարանները պատել քարերով, որ լիուլի են Հայաստանում։ Երեկոյան վառելով վառարանը, կարելի է ամբողջ գիշեր տաք քնել։ Այս եղանակ փորձված է Զինված Ուժերի շարքերում երկար տարիների ծառայության ընթացքում։ Ընդ որում, վառելիքը պահանջվում է շատ ավելի քիչ» (Հայաստանի պետական արխիվի փաստաթղթերից)։

Նիկոլայ Ռիժկով: Լուսանկարը` Ֆոտոլուրի
Նույն Նիկոլայ Ռիժկովը Երկրաշարժից քսան տարի անց պատմում է, թե ինչպես է պատահել, որ Միխայիլ Գորբաչովը չի շարունակել իր արտասահմանյան այցը, այլ վերադարձել է ՍՍՀՄ, Հայաստան։
    «Այստեղ նա ինձ հարցրեց.
– Ի՞նչ ես կարծում, հիմա ես Կուբա կամ Անգլիա մեկնե՞մ, թե՞ այնուամենայնիվ վերադառնամ։
Ես պատասխանեցի, առանց մտածելու.
– Բնականաբար, պետք է վերադառնալ։ Եվ ինչքան հնարավոր է` շուտ։ Դուք պետք է թռչեք այստեղ, ողբերգական իրադարձությունների վայրը։ Այս օրերին պետք է մոտիկ լինել…
Նա Հայաստանում հայտնվեց 10-ի առավոտյան, շաբաթ էր, ժամանեց կնոջ հետ, ով միշտ ու ամենուրեք ուղեկցում էր նրան»։ Ավելի ուշ Ռիժկովին զանգահարել է գեներալ Պլեխանով` պետանվտանգության 9-րդ, «պահպանական» վարչության պետը.
«- Նիկոլայ Իվանովիչ, Լենինականում թռիչքուղու վիճակն ի՞նչ է, կդիմանա ծանր ինքնաթիռին։
– Կդիմանա,- հաստատեցի ես։- Իսկ դուք ինչ է, տանկեր եք բերելու։
– Ինչու՞ տանկեր,- իմ մռայլավուն հումորը չընդունեց Պլեխանովը,- «ԶԻԼ»եր` Միխայիլ Սերգեեւիչի եւ ուղեկցողների համար։
Այդտեղ ես պայթեցի։ Մեղա եմ գալիս` գոռացի.
– Ի՜նչ «ԶԻԼ»եր։ Անմիտ բաներ դուրս մի տվեք։ Այստեղ դժբախտություն է, մարդկային վշտի օվկիանոս, համազգային ողբերգություն, իսկ դուք պատրաստվու՞մ եք։ «անդամատարներով» («членовоз») շրջել։ Ի՞նչ կասեն տուժած մարդիկ։ Մտածե՞լ եք։ Չէ-է, Գորբաչով ինձ հետ է գնալու ամեն տեղ։ Սովորական «Իկարուսով»։ Իրեն ուղեկցողներն էլ հետը` տեղը բոլորին կհերիքի, ավտոբուսը մեծ է։ Պա՞րզ է։» («1988։ Սպիտակի հուշահամալիր»… Էջ 31)

Ժամանակին այս մանրամասները, բնականաբար, հայտնի չեն եղել, բայց ժողովուրդը ներզգացողությամբ առանձնահատուկ սեր ուներ Ռիժկովի հանդեպ, որն արտահայտվել է նաեւ «Հայ ժողովրդի մեծ բարեկամ Ն. Ի. Ռիժկովը» խոսուն վերնագրով գրքի լույսընծայմամբ (հեղինակ` Կ. Գ. Խաչատրյան, Երեւան, 2004 թ.)։

Երկրաշարժը տեղի է ունեցել 11.41-ին։ Լուսանկարը` Միխայիլ Ռոգոզինի

Երկրաշարժի հետ կապված հրապարակումներում հաճախ են հանդիպում պատմական էքսկուրսներ` Հայաստանում երկրաշարժեր քիչ չեն եղել է։ Զարմանալի է, որ յուրօրինակ մանրամասներ են հաղորդում ոչ հայ հեղինակները։ «Միահյուսվել են ցավն ու բարությունը» հոդվածում Օլեգ Գրուզդիլովիչը գրում է այն մասին, որ երբ հազար տարի առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Անիում, հայրենակիցներին օգնության են հասել կիլիկեցիները («Զնամյա յունոստի» բելոռուսական թերթ 1988, դեկտեմբերի 18)։

Նույնպես պատմական անցյալին է առնչվում մեկ այլ հրապարակում… թուրքական թերթի հունվարյան խմբագրական։ «Միլիեթ»-ում Ա. Օյմենը խոսել է այն մասին, որ հայերը կարող են բացասաբար վերաբերել թուրքերի օգնությանը, ինչը կմտահոգի սովետական ղեկավարությանը, բայց Թուրքիայում պետք է ըմբռնողություն ցուցաբերեն եւ բանավեճ չհրահրեն, թե ինչու իրենց օգնությունը չի ընդունվել։

Աշխարհագրությունը, որպես առարկա, մի ճակատագրական զուգադիպության առիթ է դարձել։ «Տասներեքամյա Արկադի Մանուկյանը այստեղ է հայտնվել (մոսկովյան հիվանդանոցում – Վ. Մ.) Ախուրյան ոչ մեծ շրջկենտրոնից։ Այդ ահեղ ժամին աշխարհագրություն են անցել` Հարավային Ամերիկա, խոսել են երկրաշարժերից, որ հազվադեպ չեն պատահում։ Եվ հանկարծ ցնցում` շարժվում են լուսամուտները, պատերը։ Ուսուցիչը փորձում է հանգստացնել երեխաներին` հիմա կդադարի։ Բայց տղան պոկվում է տեղից ու նետվում դեպի ելքը։ Չի հասցնում։ Պատը փլվում է ոտքերին։ Մնացածները զոհվում են» («Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա», Ի. Պեշեւ, 1988, դեկտեմբերի 14)։

Ռուսաստանում տիրող ազգայնականության ու անհանդուրժողականության այսօրվա մթնոլորտի հետ համեմատության տեսակետից անհավատալի է թվում «Վեչերնայա Մոսկվա» օրաթերթի «Չարժե խանգարել փրկարարներին» վերնագրով նյութը։ Այն խնդրանք է ուղղված մոսկվացիներին` ինքնուրույն չմեկնել աղետի գոտի, քանի որ այն կարիք ունի միայն որոշակի մասնագետների (1988, դեկտեմբերի 14)։

Մի հետաքրքիր փաստի է ուշադրություն դարձրել «Կոմունիստ» ռուսալեզու թերթի թղթակից Մ. Գրիգորյանը «Կյանք արժեցող ակնթարթներ» հոդվածում (1988, դեկտեմբերի 16)։ Ինքնին ենթադրելի է, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցները միանգամից գերբեռնվել են աղետից հետո։ Բայց չէ որ, ըստ ամենայնի, ազատ տեղերը շատ չեն եղել` ձրի բժշկության պայմաններում, երբ հիվանդներն էլ այսօրվանից մի քանի անգամ երկար էին պառկում։ Եվ ահա վերոհիշյալ հոդվածից տեղեկանում ենք, որ երկրաշարժի օրը Բժշկական ռադիոլոգիայի ինստիտուտում «ցերեկը ժամը 15-ի մատույցներում արդեն բոլոր հիվանդները դուրս էին գրված»։  

Նույն թերթը «Աջակից են գնացքները» (1988, դեկտեմբերի 19) հրապարակման մեջ արտակարգ ու բնականոն վիճակների արտառոց բախման օրինակ է բերում։ Այդ օրերի բարդագույն խնդիրներից մեկը «օգնությամբ» լեցուն գնացքները տեղավորելն ու բեռնաթափելն էր։ Մինչդեռ պարզվում է, «որ երկրաշարժից հետո նույնիսկ քանդված ձեռնարկությունների հասցեներով մատակարարները շարունակում են բեռներ ուղարկել», որոնք «հանրապետության Պետմատը… բախտի քմահաճույքին էր թողնում կայարանների տարածքներում»։

«Սովետսկայա Ռոսիա» օրաթերթը «Հաց` դաշտային գործարաններից» (1988, դեկտեմբերի 14) ոչ շատ հասկանալի վերնագրով նյութ է տպագրել, որում 1988, Լենինականը գիշերով: Լուսանկարը` Միխայիլ Ռոգոզինիփրկարարների (իսկական` արտասահմանյան արհեստավարժ փրկարարների) աշխատանքի մի նրբության հետ է ծանոթացնում. «Ամեն 10-15 րոպեն մեկ պետք է շներին փոխել` հոտառությունները բթանում է»։ Այս բանը լրագրող Ն. Դոմբկովսկուն բացատրել է շվեյցարացի փրկարարների ղեկավար Չարլզ Ռադերսդորֆը։

«Կորուստ եւ ցավ, հավատ եւ ուժ» վերացական վերնագիրն է զարդարում բանաստեղծ Համլետ Կարճիկյանի տպավորությունների ամփոփումը փլատակված Լենինականից («Երեկոյան Երեւան», դեկտեմբերի 15)։ Գրողի աչքը նկատել է «կիսափուլ շենքի մոտ անվթար մնացած ազդագիրը` «Քինգ-Քոնգը ողջ է»։ Հաջորդ  կինոշենքի ինչ-որ հնդկական կինոֆիլմի ազդագիրն ավելի ահազդու է եղել` «ամեն ինչ ավերված է»։ 

Նույնպես գրողական դիտողականություն է պահանջվում նկատելու, որ աղետի գոտին «հավանաբար միակ տեղն է երկրի վրա, որտեղ կարմիր խաչով  հռնդացող մեքենան խինդի զգացում է առաջացնում` ուրեմն, ողջ մարդու են հանել»։ Սա մեջբերում է «Լիտերատուրնայա գազետայի» 1988-ի դեկտեմբերի 14-ի «Հայաստան։ Ողբերգական դեկտեմբեր» հրապարակումից, որը ստորագրել են Զ. Բալայանը, Գ. Բոչարովը, Յու. Ռոստը։ 

Մինչդեռ ողբերգության վայրին աշխարհագրորեն շատ ավելի մոտ «Սովետական Ղարաբաղը» թերթը, հակառակ նրան, որ հաղորդում է արցախցիների բուռն կարեկցության եւ օգնության համընդհանուր մղման մասին, իր հրապարակումներից մեկը վերնագրել է «Պատահարը մեզ չի ընկճի» (1988, դեկտեմբերի 10)։ Ասես խոսքը «ճանապարհա-տրանսպորտային» պատահարի մասին է կամ սայթաքած գետն ընկած մարդու։

Տարօրինակ հրապարակումների թվին կարելի է դասել նաեւ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Վ. Խոջաբեկյանի «Վերքը թեեւ կսպիանա, բայց ցավը տեւական կլինի» վերնագրով ծավալուն հոդվածը  («Երեկոյան Երեւան»), որտեղ հեղինակը նկարագրում է, թե ինչեր պետք է ձեռնարկել ժողովրդագրական «փոսից» խուսափելու համար. «…Փառք ու պատիվ այն կանանց, ովքեր թեեւ մինչեւ աղետը ավարտված էին համարում իրենց ընտանիքի անդամների թվի վերարտադրության ընթացքը, աղետից հետո կվճռեն ժողովրդին պարգեւել նոր երեխաներ։ Նման որոշում կարող է ընդունել մինչեւ 49 տարեկան ամեն մի կին»։ Բանն այն է, որ հոդվածը լույս է տեսել 1988, դեկտեմբերի 16-ին`աղետից ընդամենը 10 օր անց, եւ դժվար է պատկերացնել, որ այդ դժոխային իրավիճակում «մինչեւ 49 տարեկան ամեն մի կին» սկսեր մտածել «նոր երեխա» ունենալու մասին։ Թեեւ… միգուցե պետք է վերապահում անել` նկատի ունենալով այդ օրերի ազգային միասնության մթնոլորտը, երբ ընդհանուր խնդիրները յուրաքանչյուրի առօրյայի մասն էին դարձել։ Որպես հաստատում բավական է հիշել, որ Շարժման առաջին օրերին Հայաստանի քրեական աշխարհը հանցագործությունների “մորատորիում” էր հայտարարել, նույնիսկ օգնություն էր ցուցաբերում հանրահավաքների մասնակիցներին։     
Շվեդ փրկարարները` դագաղների ֆոնին։ Այն օրերին պետք էին միայն դագաղներ ու տաք հագուստ։ Բերում էին ամեն տեղից։ Լուսանկարը` Միխայիլ Ռոգոզինի

«Իզվեստիայի» թղթակից Սերգեյ Բաբլումյանը, մի շարք ուրիշ հեղինակների նման, ուշադրություն է դարձրել  այն բանին, որ եթե երկրաշարժը տեղի ունենար ոչ թե 11 անց 41, այլ 11 անց 45, «կհնչեր զանգը, օրերը տաք էին` երեխաները բակ կվազեին», եւ քանի-քանիսը կփրկվեին («Վշտի եւ արիության օրեր», 28)։ Այս միտքը հավանաբար օդում է եղել, քանի որ, ինչպես հաստատում է հեղինակը «հայերի համար երեխաներն ավելի մեծ սրբություն են, քան բոլոր աստվածները միասին վերցրած» (նույն տեղը)։ Նույն գրքում նշվում է նաեւ, թե զոհերի ինչ թվեր էին շրջանառում աղետին հետեւող օրերին` 120, 170 հազար մարդ («Վշտի եւ արիության օրեր», էջ 65)։

Հայաստան ուղարկված օգնության մեջ էլ եղել են ապրանքներ, որ զարմանք են հարուցում այսօր։ Լատինֆորմի այն օրերի հաղորդագրությունից (1988, դեկտեմբերի 9) իմանում ենք, որ լատիշները երեսուն հազար զույգ կոշիկ են ուղարկել Հայաստան եւ մեկ… համակարգիչ։

Քառորդ դարի հեռավորությունից աներեւակայելի թվում մի փաստ, որին ժամանակի մամուլը չի անդրադարձել, որովհետեւ արտասովոր չի համարել։ ՍՍՀՄ փոխվարչապետ Յու. Պ. Բատալինի 1988-ի դեկտեմբերի 28-ին անցկացրած օպերատիվ խորհրդակցության արդյունքում 20 հազար աշխատողների հաշվով պահանջվող ապրանքների թվում (5 հազար բաճկոն ու կիսամուշտակ, 10 ավտոզուգարան եւ այլն) նշվել է նաեւ 5 շարժական կինոսարքավորում (Հայաստանի պետական արխիվի փաստաթղթերից)։

Իր բնույթով բոլոր հրապարակումներից տարբերվում է Լեւոն Ջավախյանի «Խոստովանությունը» («Գրական թերթ», նոյեմբերի 10)։ Նա անկեղծորեն խոստովանում է, որ այնքան է ազդվել երկրաշարժի ավերներից, որ «կնոջ նման լաց է եղել», բայց  չի գնացել մարդ փրկելու… եւ  նման ուրիշ «մեղքեր», որ բնորոշ են եղել շատ ու շատ օրինավոր մարդկանց, ովքեր իրենց էությամբ նախաձեռնող չեն, բայց անձնվիրությամբ, հավանաբար, չեն զիջի ոչ մեկին, եթե ուրիշն իրենց կազմակերպի ու առաջնորդի։

Ապշելու տեղեկություն է ինձ հայտնել լրագրող Նարինե Սաֆարյանը։ Նա մինչեւ դեկտեմբերի 7-ը հաղորդում է լսել ռադիոյով, որ տիբեթցի հոգեւորականները գուշակել են երկրաշարժն ու նամակ են գրել Հայաստան, որ աղոթում են մեզ համար։ Այս հոդվածաշարը համարենք մի առիթ, որ մարդիկ ովքեր լսել են հաղորդումը կամ որեւէ բան գիտեն այդ մասին, մեկնաբանություն գրեն. ժամանակի մամուլում ես այս տեղեկության հաստատումը չեմ կարողացել գտնել։

Ժամանակի մամուլը ապրում էր սովետական անցյալի կաղապարներով ու դրանք հաղթահարելու ճիգեր գործադրում։

(վերջը` հաջորդիվ)

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *