10 խորհուրդ հզոր հարցազրույց անել ցանկացողներին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հարցազրույցը շատ դիպուկ ու հետաքրքիր, բայց բարդ ժանր է: Թող զարմանալի չթվա, բայց հենց հարցազրույցն է ցույց տալիս լրագրողի մտածելու ու կառուցելու ունակությունները: Լավ հարցազրույցում լրագրողը գրեթե չի նկատվում, փոխարենը նկատվում ու լսելի է դառնում նրա զրուցակիցը: Լրագրողն աննկատ է, բայց հրամանատար: Իսկ դա լրագրության բարձր պիլոտաժն է:

Լավ հարցազրույցը չի հնանում, իսկ առաջին (բայց ուրիշի) դեմքով ասելիքը ներկայացնող լրագրողը, որպես դասական հեղինակ, մնում է կուլիսների հետևում՝ քանդելով հին կուլիսներն ու կառուցելով նորը:

1. Լավ հարցազրույց անելու առաջին քայլը լավ զրուցակից գտնելն է: Այսինքն` նրան, ով ասելու բան ունի ու կարող է ասել դա:

Լավ կլինի հիշել, որ ամեն մարդ չէ, որ արժանի է հարցազրույցի հերոս դառնալու: Ցանկալի է ֆիլտրել ենթադրյալ զրուցակիցների ցանկն ու կանգ առնել այն թեկնածուի վրա, որն արժանի է դառնալու ձեր զրուցակիցը: Սա մեծամիտ կեցվածքով չէ ասված, պարզապես եթե զրուցակիցն անձամբ ձեզ հետաքրքիր չէ, ուրեմն հետաքրքիր չի դառնա նաև ընթերցողների համար: Իսկ դուք չեք ուզում, չէ՞, հերթական անհամ տեքստը մոգոնել ու օդը տատանել ապարդյուն բառերով:

Ապարդյուն չլինելու համար ցանկալի է հավասարապես խուսափել թե՛ ամեն քայլափոխին հարցազրույցներ տվող ու «ծեծված» մեդիա անձանցից, թե՛ չափազանց զգուշավոր ու ցանկացած հարցից խուճապահար փախչող մարդկանցից: Երկու դեպքում էլ նրանք հարցազրույցի հարմար հումք չեն: Միգուցե այլ ժանրի նյութերի համար նրանց կերպարներն ու ասածները պետք կգան, բայց հացազրույցի՝ ոչ, քանի որ երկու դեպքում էլ նրանք թարմ ու արժեքավոր բան, հավանաբար, չեն ասի:

Իհարկե, օրիգինալ ու հետաքրքիր մարդ գտնելը դեռ չի նշանակում, որ նա լավ է խոսելու: Փորձը ցույց է տալիս, որ իրենց ոլորտների գիտակները ոչ միշտ են կարողանում լավ ձևակերպել մտքերն ու ներկայացնել իրենց տեսակետը:

Եվ ուրեմն պետք է օգնել նրանց:

2. Հարցազրույցի հերոսին օգնեք՝ լսելով: Լսեք համբերությամբ, հետաքրքրասիրությամբ (մի քիչ էլ ջանք գործադրեք՝ դա ցույց տալու համար): Ու մի շտապեք ավարտել զրույցը, նույնիսկ եթե այն ժամեր է տևում:

Յուրաքանչյուր մարդ ուզում է ինքնաարտահայտվել: Թողեք, որ հարցազրույցի ենթարկվողը «հասունանա» այնքան, որ սկսի ազատորեն խոսել: Եթե զգաց, որ դուք լսում եք համակ ուշադրությամբ, անպայման կուզի ասել ավելին, քան նախատեսում էր:

Գնահատեք նաև դադարները: Եթե զրուցակիցը լռում է ու մտքերը ժողովում, մի խախտեք նրա լռության իրավունքը, լռությունն էլ իր արժեքն ունի:

Պարզ է, որ վերջնական տարբերակում տեղ կգտնի զրույցի շատ փոքր հատվածը, բայց այն կլինի լավ հատվածը: Ձեր համբերությամբ վաստակած հատվածը:

3. Բնական է, որ հարցազրույցի գնալուց առաջ հարկ է տեղեկություն ունենալ հերոսի ու նրա ոլորտի մասին: Որքան շատ, այնքան լավ: Եվ որքան տարաբնույթ, այնքան արժեքավոր:

Մի զլացեք պեղումներ անել արխիվներում ու սոցցանցերում: Շատ հաճախ մարդիկ ցանցերում թույլ են տալիս իրենց իրապես մտահոգող հարցերի շուրջ ավելի մարդամոտ արտահայտվել: Հաշվի առնելով, որ կան շատ օգտակար գործիքներ՝ թեգեր ու հեշթեգեր, նման տեղեկություն կարելի է արագ հավաքագրել:

Իհարկե, իդեալական կլինեի, եթե դուք ոչ պակաս տեղյակ լինեք այն ոլորտից, որի ներկայացուցչի հետ հանդիպելու եք: Բայց անգամ եթե սակավ տեղյակ եք, հիշեք, որ ձեր հավաքած տեղեկությունները խաղաքարտերի պես են. պետք չէ միանգամից բացել դրանք:

Իրականում հարցազրույցի դրամատուրգիան հուշում է, որ ամեն բան պետք է քայլ առ քայլ արվի: Հնարավոր է, որ մի հարցը բխի մյուսից սահուն ու տրամաբանական, բայց հնարավոր է նաև, որ հարցերը կտրուկ ու շրջադարձային լինեն: Մարտավարությունը որոշում եք դուք:

4. Ում հետ էլ որ զրուցեք, երբեք բաց մի թողեք զրույցի ղեկը:

Դուք եք հարց տվողն ու վերջնական տարբերակի հեղինակը, և, ուրեմն, մի երկյուղեք անգամ երբ զրուցում եք կարկառուն հեղինակության հետ: Չէ՞ որ ձեր նպատակը ոչ թե զրուցակցին հաճելի պահեր պարգևելն է, այլ զրուցակցի անունից հզոր գրավոր տեքստ գրելը:

Եթե շրջանցեք անհարմար ու փշոտ հարցերը, հարցազրույցը կլինի անհամ: Եվ ուրեմն, մի խուսափեք տալ այն հարցերը, որոնք ընթերցողի տեսակետից են հետաքրքիր, անգամ՝ պարտադիր:

Հարցազրույցի համաձայնած անձը գիտի, թե որն է իր հարմարավետության տարածքը, և անընդհատ ձգտում է մնալ այդ տարածքի սահմաններում: Հարկ եղած դեպքում հանեք նրան հաճելի ու ծանոթ թմբիրից, ընդհատեք ու ուղղորդեք դեպի սուր ու ցավոտ հարցերի դաշտը:

Ի վերջո, եթե ձեր զրուցակիցը խելացի է, հետո նա ձեզ շնորհակալ կլինի:

5. Կրճատեք:

Կրճատելը միշտ դժվար է: Բայց անհրաժեշտ:

Լավ ու առանց ափսոսանքի կրճատելու համար քաջություն է պետք: Եթե քաջ եք, հիշեք, որ կրկնությունները, երկար նախադասություններն ու մեծ իմաստով՝ ոչ հետաքրքիր ու թարմ մտքերը ոչ միայն ծանրացնում են հարցազրույցը, այլև ստվերում այն լավ հատվածները, որոնք դուք քրտնաջան ու սիրով լսել, գրառել, մոնտաժել եք: Կարճ ասած՝ եթե կասկածում եք, կրճատեք: Առավել ևս կրճատեք այն մանրամասները, որոնք բուն հարցին ոչինչ չեն ավելացնում:

Թույլ մի տվեք, որ «ջրիկ» տեքստը դուրս մղի իմաստը:

Իհարկե, բացառություն կա. եթե նպատակ է դրված նսեմացնել զրուցակցին, ուրեմն գրառեք նրա ասածները բառացի ու ցույց տվեք, որ ձեր հերոսը չի կարող մտքերը հոդաբաշխ արտահայտել: Իսկ եթե հարգում եք զրուցակցին, նրա վրիպակներն ու թուլությունները մի դարձրեք ձեր ուժեղ կողմերը: Այս դեպքում՝ դուք ոչ թե դուք եք, այլ ձեր հերոսը: Եթե նա միջակ է, ուրեմն դուք էլ եք միջակ:

6. Հետևեք, որ հարցազրույցում քիչ լինեք:

Հարցերը կարող են երկար լինել զրույցի ժամանակ, բայց ոչ գրավոր տարբերակում: Եթե ձեր հարցն ավելի մեծ տեղ է գրավում, քան պատասխանը, դա ծիծաղելի է: Ավելի ծիծաղելի, երբ հարցը տրվում է պաթետիկ ու մեղադրական շեշտադրումներով: Հիշեք, որ դուք դատախազ չեք:

Ավելի գերադասելի է ներկայանալ, ասենք, հետաքրքրասեր մանուկի դերում ու հարցերը կառուցել խորամանկորեն ու ազնիվ միամտությամբ:

Փորձարկեք նաև թութակի դերը (անձամբ ես շատ եմ սիրում), երբ պատասխանից խուսափողին անընդհատ վերադարձնում եք ձեր հարցին՝ անելով դա սիրով ու պարբերաբար:

Պարզ է, որ վերջնական տարբերակում դուք ձեզ հանելու եք: Բայց եթե պատասխանն արդեն կա, դուք ձեր գործն ավարտել եք:

Բավականին հնաոճ են թվում ու ակամայից ծաղրական վերաբերմունքի արժանանում այն հարցերը, որտեղ ջանում եք լինել շատ խելացի ու նախահարձակ: Ավելի լավ է, կարծիքների բախումը ցույց տաք ոչ թե հարցերում, այլ ձեր անունից գրված նախաբանում:

7. Երբեք մի սղագրեք հարցազրույցն ամբողջությամբ: Լսելով ձայնագրությունը՝ արդեն իսկ հասկանում եք, որ կան կրճատվող կտորներ: Եվ ուրեմն ի սկզբանե դուրս շպրտեք դրանք:

Դա թույլ կտա ոչ միայն ժամանակ շահել, այլև մտքերը չցրել: Սովորաբար հենց զրույցի ընթացքում է արդեն պարզ դառնում, որ այս կամ այն կտորը պետք չի գա, կամ էլ ընդհակառակը՝ արժանի է հատուկ ընդգծման ու վերնագիր դառնալու:

Ընդհանրապես, հարցազրույցները երբեք չեն հիշվում ամբողջությամբ, լավագույն դեպքում ընթերցողի հիշողության մեջ կմնան մեկ-երկու մտքեր ու ձևակերպումներ: Պատրաստ եղեք ինքներդ որոշել, թե դրանք որոնք են լինելու:

Ձեռքի տակ պահեք հին ու բարի նոթատետրն ու մատիտը, եթե անգամ ձայնագրիչը միացված է: Մի քանի գրառումներ անելով՝ դուք արդեն կուրվագծեք ապագա հարցազրույցի կմախքը:

Արժե գոնե մի քանի բառերով սեղմ գրառումներ անել, դա կօգնի վերականգնել հարցազրույցի կառուցվածքը անգամ ձայնագրության կորստի դեպքում: Տեխնիկան կարող է դավաճանել ձեզ, իսկ սեփական ձեռքը (այն էլ՝ գրող)՝ երբեք:

8. Թույլ մի տվեք, որ հարցազրույցը նմանվի մամուլի հաղորդագրությունից մեջբերումներին:

Ամենատհաճը հարցազրույցի տեքստը հերոսին ուղարկելու փուլն է: Բայց դա անխուսափելի է. եթե մարդը պարզապես խնդրում է կարդալ մինչև հրապարակելը, դուք պարտավոր եք տեքստն ուղարկել նրան:

Որպես կանոն՝ հարցազրույց տվողը սկսում է փոխել ձեր հավաքած տեքստը՝ դարձնելով այն ավելի պաշտոնական ու չոր: Ձեր կարծիքով ամենահետաքրքիր հատվածները կարող են կրճատվել, իսկ փոխարենը հայտնվել մամուլի հաղորդագրություններ հիշեցնող կտորներ:

Հարցազրույց տվողները տարեցտարի դառնում են ավելի զգուշավոր ու հաճախ մտածում, որ կարող են ասել մի բան, իսկ տեքստը ստանալուն պես՝ շտկել, մեղմել ու հարթեցնել իրենց ասածների սուր անկյունները:

Մի զլացեք նախապես հիշեցնել, որ սուր անկյունները չեն մեղմվելու, ու տեքստի վերջնական վերանայողը (հրամանատարը) միշտ դուք եք:

9. Պահպանեք (հարկ եղած դեպքում՝ սրեք) զրուցակցի հնչերանգներն ու ոճը: Հարցազրույց կարդալը հաճելի է, երբ այն կառուցված է հենց զրույցի ֆորմայով:

Լավագույն հարցազրույցն այն է, որը կարդում ես այնպես, կարծես լսում ես: Հարցաթերթիկի պես լրացված, «սանրած» ու հնչերանգազրկված տեքստերը հրապուրիչ չեն ու չեն կարդացվում մինչև վերջ:

Իհարկե, պետք է գրական ու խոսակցական լեզուների ներդաշնակությունը գտնել: Եվ դա, թերևս, այն բարդություններից է, որը հմուտ լրագրողը հաղթահարում է հաճույքով:

10. Հարցազրույցը կենդանի ժանր է: Երբեք հարցազրույց մի արեք հեռակա ճանապարհով (հեռախոսով, տարբեր խելացի հավելվածներով), եթե նույն տարածաշրջանում եք գտնվում:

Հանդիպեք, սուրճ կամ թեյ խմեք (եթե ընտրություն ունեք, ոչ գրասենյակում), որպեսզի հարցերն ու պատասխանները շղթայի պես կառուցվեն ու զրույցը ճյուղավորվելու տեղ ունենա: Երբեք չեք իմանա, թե ինչ պատասխանից ինչ հարց կբխի:

Դուք հանդիպում եք որոշակի տեղեկություն կրողի հետ, և ուրեմն ստացեք տեղեկություն առավելագույն ծավալով: Եթե նույնիսկ ինֆորմացիայի փոքր մասն է տեղ գտնելու հարցազրույցի վերջնական տարբերակում, դուք ավելի հարստացած կվերադառնաք հանդիպումից:

Հաճախ զրույցի ընթացքում բացահայտվում կամ խոսքերի արանքից սողոսկում են ապագա հոդվածների համար պիտանի թեմաներ: Մի զրկեք ձեզ այդ թեմաների ցանկը ընդլայնելու նվերից:

Եթե զրուցակիցը վստահում է ձեզ, կարելի է խնդրել նրան մեկնաբանել որևէ հարց՝ անջատելով ձայնագրիչն ու խոստանալով, որ իր ասածներն իր դեմ չեք օգտագործի:

Համաձայնեք, որ հարցազրույց պատրաստելը թե՛ լրագրություն, թե՛ դիվանագիտություն է: Ուրեմն, եղեք լավ դիվանագետ: Ի վերջո, եթե հեղինակություն եք վայելում ու գիտակի իմիջ ունեք, զրուցակիցը ինքն էլ շահագրգռված կլինի իր խոհերն ու կարծիքները հատկապես ձեզ ներկայացնել:

Ինչպես հայտնի է, ջրի կաթիլը քար է տաշում ու անգամ ծակում: Իսկ կաթիլների հոսքին ուղղություն ու հաճախականություն տալիս են լրագրողները:

Բոլորս էլ ուզում ենք ոչ թե արագ (և՛ գրվող, և՛ մոռացվող) մի բան հրապարակել, այլ սպասում ենք, որ գրելուց հետո ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: Ասենք՝ քարի պես կարծրացած ու լռության մեջ սուզված հարցերը, եթե անգամ չծակվեն, գոնե կտեղաշարժվեն: Ձեր ու ձեր զրուցակցի շնորհիվ, իհարկե:

Նունե Հախվերդյան
Լուսանկարը՝ Fotocitizen-ի (որոշ իրավունքներ պաշտպանված են)

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *