2017.02.17,

Քննադատ

Լրագրողին «գեղեցկուհի» անվանելը հաճոյախոսություն չէ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ազգային ժողովի գալիք ընտրություններին «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրեն հարցեր ուղղող կին լրագրողներին մի քանի անգամ դիմեց «գեղեցկուհի ջան» բառերով:

Լրագրողներին հաճոյախոսություն շռայլող և «դու»-ով դիմող պատգամավորը, երևի, փորձում էր ընկերական մթնոլորտ ստեղծել, սակայն ստացվեց, որ ամրապնդեց կանանց նկատմամբ սեքսիստական վերաբերմունքը, որը գոյություն ունի Հայաստանում և որի զոհ են դառնում կին լրագրողները:

Ծառուկյանին հարցեր ուղղող լրագրողներն, անխոս, գեղեցիկ են, և նրանք, վստահաբար, իրենց արտաքին տեսքի վերաբերյալ հաճոյախոսություններ ստանում են ընտանիքի անդամներից, ընկերներից, մտերիմներից: Սակայն քաղաքական գործչի կողմից լրագրողի տեսքի մասին մեկնաբանություններ անելը` հատկապես աշխատանքային հարաբերություններում, մերժելի է:

Վարքը, որը կարող է նորմալ դիտվել մի համատեքստում, կարող է բացարձակ անպատշաճ լինել մեկ այլ դեպքում: Լրագրողին «գեղեցկուհի» անվանելը անցանկալի հնչերանգ է հաղորդում պրոֆեսիոնալ հարաբերություններին, որոնք կան լրագրողների և քաղաքական գործիչների միջև:

Լրագրողը, որն իր աշխատանքն է կատարում և հարց է ուղղում քաղաքական գործչին, ակնկալում է հարգալից պատասխան, այլ ոչ թե հաճոյախոսություններ կամ մեկնաբանություններ իր գեղեցկության մասին: Որովհետև լրագրողն այնտեղ չի գտնվում իր գեղեցկության շնորհիվ. ի վերջո, նա գեղեցկության մրցույթի չի մասնակցում, այլ մամուլի ասուլիսի, և նրան տեսքը չի հասցրել այդ դահլիճ կամ իր աշխատավայր, այլ՝ խմբագրության առաջադրանքը:

Լրագրողի տեսքը մեկնաբանելով` քաղաքական գործիչը հաճոյախոսություն չի անում: Նա կամա թե ակամա նսեմացնում է լրագրողի  մասնագիտական կարողությունները` շեշտելով, որ լրագրողն ավելի շատ պետք է հաճոյանա իր տեսքով, ոչ թե աշխատանքով:

Լրագրողին ամբողջությամբ էսթետիկ արժեք հաղորդելով` քաղաքական գործիչը ցույց է տալիս, որ նրան լուրջ չի ընդունում: Այդպես նա փորձում է գեղեցիկ բառերն օգտագործել որպես մանիպուլացիայի գործիք` ցուցադրելու մտերմիկ հարաբերություններ, որոնք իրականում չկան, կամ ստեղծելու դրական նախատրամադրվածություն:

Ամենապարզ էթիկետի համաձայն` եթե անձի հետ շատ մտերիմ չես, խոհեմ չէ մասնագիտական և նույնիսկ անձնական հարաբերություններում սահմաններն անցնելը` նրա արտաքին տեսքը մեկնաբանելով: Ի վերջո, պատգամավորը պետք է տարբերվի փողոցում աղջկա հետևից գոռացող կամ մեկնաբանություններ անող անցորդ տղամարդկանցից, որոնք փորձում են գրավել նրա ուշադրությունը:

2015 թվականին Ֆրանսիայի 40 կին լրագրողներ համախմբվեցին և սեքսիստ քաղաքական գործիչների դեմ միասնական նյութ հրապարակեցին «Libération» թերթում` պատմելով իրենց նկատմամբ դրսևորված սեքսիզմի դեպքերի մասին և դատապարտելով դրանք: «Մենք կին քաղաքական լրագրողներ ենք և սեքսիզմի զոհեր» վերնագրով նյութին կից ստորագրահավաք սկսվեց` վերջ դնելու կին լրագրողների նկատմամբ գենդերային կողմնակալ վերաբերմունքին:

Մեր հասարակությունում նման դեպքերը հաճախ անուշադրության են մատնվում, իսկ տարբեր երկրներում կին լրագրողների նկատմամբ սեքսիստական վերաբերմունքը սկանդալի պատճառ է դառնում: Այդ մասին բարձրաձայնում են, քննարկում են, երբեմն էլ դրա հետևանքով քաղաքական ու հասարակական գործիչները զրկվում են պաշտոններից:

Սնուցելով այն միտքը, թե կնոջ մասնագիտական որակն ու արժեքը ուղիղ համեմատական են նրա ֆիզիկական գեղեցկությանը, ամրպապնդվում է այն կարծրատիպը, թե տղամարդիկ կանանցից առավել են, քանի որ տղամարդկանց արժեքն ու որակը բացարձակ անկախ են նրանց արտաքին տեսքից: Որևէ տղամարդ լրագրող քաղաքական գործչից հաճոյախոսություն չի ստացել գոնե Հայաստանում: Նույնիսկ հակառակը:

Ինքը` Գագիկ Ծառուկյանը, ամիսներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի տղամարդ լրագրողին «գեղեցիկ» անվանելու փոխարեն անվանել էր «մուտիլովշչիկ և շպիոն»:

Կին լրագրողին մասնագիտական համատեքստում «գեղեցկուհի» անվանելը հատկապես անցանկալի է պատգամավորի թեկնածուի կողմից, որը վաղը Ազգային ժողովում գուցե օրենքներ է ընդունելու կանանց իրավունքների և (ան)հավասարության մասին` ելնելով կանանց դերի և արժեքի վերաբերյալ սեփական փիլիսոփայությունից:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *