2012.07.18,

Քննադատ

Ինչպես լրատվամիջոցներով ներկայացնել ողբերգությունը

Օրերս հայկական լրատվական կայքերը զետեղեցին տեսանյութ եւ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են լիբիացի ապստամբները ծաղրուծանակի ենթարկում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի դին: Ռուսական newsru.com կայքը այն զետեղելիս հատուկ զգուշացրել էր իր այցելուներին՝ տեսագրությունում պատկերվածը սարսափելի է, թույլ նյարդերով մարդկանց խնդրում ենք հեռու մնալ տեսանյութից: Մեկ ժամ հետո ռուսական կայքը փոխեց նյութի վերնագիրը՝ «սահմռկեցուցիչ» բառի փոխարեն գրեց. «Անհայտ տեսանյութ. ապստամբները խաղում են նրա մարմնի հետ, ինչպես տիկնիկի»: Փոխարենը ռուսական առաջատար լրատվական կայքերը՝ ria.ru-ն, lenta.ru-ն, այդ տեսանյութին ընդհանրապես չանդրադարձան: Բնականաբար, էթիկական պատճառներով:

newru-screen

Հայկական news.am-ը այն դրեց հիմնական էջի 4 կարեւորագույն լուրերի շարքում: Առանց զգուշացնելու, որ այն մեղմ ասած սարսափելի է: Փոխարենը տեղեկացրեց, որ այն ցնցող տեսանյութ է:

newsam-screen

Այսպիսով, էթիկան հայկական կայքային տեղեկատվական դաշտում խաղի կանոն չէ: Երբ tert.am-ը պատմում է քիչ առաջ ինքնասպան եղած մարդու մասին, լուրի աղքատիկությունը նրանից չէ, որ էթիկան թույլ չի տալիս մանրամասնել, այլ որ այդ պահին այդքանն է հայտնի: Ընդ որում՝ կայքը տեղեկությունը ձեռք է բերում ոչ թե ինքնուրույն, այլ Գագիկ Շամշյանի միջոցով: Տեղեկությունն ստանալուց հետո լրատվամիջոցը երբեմն փորձ չի անում հասկանալու, թե ինչ դեպքի հետ գործ ունի: Մեզ մոտ ողբերգությունները սովորաբար ցավակցություն չեն առաջացնում: Կարծիք կա, որ էթիկապես ճիշտ չէ շատ խորանալ ինքնասպանությունների կամ, ասենք, մանկապղծության դեպքերի մեջ: Էթիկապես ճիշտ է նախ ինքնասպանի անունը չգրելը:

Ընդ որում՝ ոչ մի դեպքում չպետք է գրել, նույնիսկ եթե բոլոր հանգամանքները հայտնի են: Ինչու՞ չպետք է գրել: Նախ՝ որովհետեւ դեպքն ավելի էական է, քան դեպքի գործող անձը, երկրորդ՝ հնարավոր է՝ իր քայլով ինքնասպանն իրեն փորձել է հեռու պահել որեւէ մեկին վնասելուց: Կամ, ասենք, ամոթից է ինքնասպան եղել, կամ անբուժելի հիվանդությունից: Կամ՝ խայտառակվելու վտանգից: Վերջին տարբերակը միջնադարյան Ճապոնիայում հաճախ է պատահել: 21-րդ դարում հենց այդպիսի վտանգը ինքնասպանության դրդեց Հարավային Կորեայի նախկին նախագահին: Իհարկե, նրա անունը լրատվամիջոցներում հայտնվեց հենց ինքնասպանություն գործելու օրը: Բոլոր դեպքերում եթե անունը չես նշում կամ նշում ես միայն անվան եւ ազգանվան առաջին տառերը, հանգամանքներից, այսինքն՝ ողբերգության ծավալից խոսելը հեշտանում է:

Փոխարենը հանգամանքները պետք է մանրամասն նկարագրվեն: Լրագրողական հետաքննություն պետք է լինի: Հետաքննությունը կարող է չշրջանցել հարազատներին կամ երեխաներին, բայց կրկին առանց անուններն ամբողջական նշելու կամ փոխված անուններով: Եթե մեղավոր կա, այսինքն՝ ինքնասպանության դրդող, նրա անունը նույնպես պետք է ամբողջական չնշվի: Դատավճիռը նրան «կվերադարձնի» իր անուն ազգանունը:

Նույնը վերաբերում է սպանությանը կամ, ասենք, դանակահարությանը: Ոստիկանության հաղորդագրությունները սովորաբար պահպանում են խաղի այսպիսի կանոնները: Դիցուք՝ news.am-ը իր աղբյուրների միջոցով պարզել էր, որ Երեւանյան լճի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: Ոստիկանությունը հետագայում հաստատել էր փաստը, ավելին՝ ճշտել դանակահարողի ինքնությունը: Միեւնույն է, լրատվամիջոցին չէր հայտնել: Ո՞ր դեպքում է արդարացված անուն ազգանվան հրապարակումը, եթե դեպքին մասնակից է պետական, քաղաքական կամ հասարակական գործիչը, իսկ ոստիկանությունը հրաժարվում է նրան ներգրավել գործի մեջ որպես կասկածյալ, եւ երբ լրատվամիջոցը ծանրակշիռ փաստերով է ներկայացնում նրա մեղավորությունը: Ռուսական կայքերը այսպիսի դեպքեր հաճախ են ներկայացնում:

Այնպես չէ, որ ռուսական կայքերը էթիկայի ոլորտում հրեշտակ են: Life news-ը տեղեկացնում է դաղստանցի դպրոցականի մասին, որն սպանել է դասընկերուհու հորը, որը պարտքի պատճառով կրակել էր դպրոցական տղայի ծնողների վրա: Life news-ը նշում է մարդասպանի անունը եւ ավելացնում՝ հարուցվել է քրեական գործ: Էթիկան ինչի՞ համար է: Եթե հարուցվել է քրեական գործ, ուրեմն մեղքն ապացուցված չէ, նույնիսկ եթե կա ինքնախոստովանություն: Բացի նրանից, որ կա անմեղության կանխավարկած, կա նաեւ մարդասպանի հարազատություն: Նրանք դեպքի հրապարակայնության պատճառով ինքնաբերաբար ընկալվում են որպես մարդասպանության հակվողներ, նրանք հասարակության մեջ որոշակի խնդիրների են բախվում: Անխուսափելի է դառնում սոցիալական մեկուսացումը:

Սովորաբար կայքերը, նաեւ հեռուստալրատվական ծրագրերը հանցագործության մասին պատմելիս երբեք չեն թաքցնում հանցագործի դեմքը: Այդպես են վարվում, երբ տեղեկությունը ձեռք են բերում ինքնուրույն: Վահե Ավետյանի սպանությունից հետո մենք տեսանք, թե ինչ «ախորժակով» են որոշ հեռուստաընկերություններ, մասնավորապես՝ «Արմենիա»-ն ցուցադրում հանցագործության մեջ կասկածվողների դեմքերը: Նրանց ձեռքերը շղթայել էին, մինչդեռ նրանք իրավունք ունեին փակելու իրենց դեմքը: Սա է էթիկան:

Կայքերը չեն կարող պատրաստի ունենալ այդ դեմքերը: Ծնողները կարող էին տրամադրել, եթե դատապարտում էին իրենց որդիների արարքը, բայց նույնիսկ այս դեպքում լրատվամիջոցները պարտավոր են հրաժարվել ծնողների «բարեգործությունից»: Արտասահմանում ընդունված է, որ հանցագործը կարող է փակել իր դեմքը, քանի որ նրա մեղքը դեռ ապացուցված չէ: Այնտեղ նույնպես մանրամասներից չեն խուսափում: Բայց, օրինակ, երբ Մայքլ Ջեքսոնին հարցաքննում էին մանկապղծության մեղադրանքով, ամբողջ աշխարհը ցուցադրում էր կադրերը, թե ինչպես է Ջեքսոնը ներկայանում դատարան: Ինքը գալիս էր ապացուցելու, որ անմեղ է եւ բոլորը պետք է իմանան, որ բաց երեսով է գալիս դա անելու: Բացի դրանից՝ ինքը ձերբակալված չէր դատարան ներկայանալիս:

Երբ նա մահացավ, մի քանի օր հետո բոլորը գիտեին նրա բժշկի անունը, որին մեղադրում էին Ջեքսոնին սպանելու մեջ: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները դատարան մուտք չունեին եւ դատարանի միջոցով չէին կարող տեղեկանալ մանրամասներին: Թեպետ հասցրել էին իմանալ գրեթե բոլոր մանրամասները: Այնուամենայնիվ, էթիկայի կանոնները որոշակի լրատվական քաղաքականության մաս են: Ցանկացած լրատվամիջոց ինքն է որոշում ինչպես պահպանել այդ կանոնները եւ ինչու:

News.am-ը Քադդաֆիի տեսանյութի համար ոչ մեկին բարոյապես կամ ֆինանսապես հաշվետու լինելու կարիք չունի: Երբ կայքերը ցուցադրեցին «Եղնիկներ» զորամասի հայտնի տեսանյութը, որտեղ սպան ծաղրուծանակի էր ենթարկում զինվորներին, էթիկայի դերն անմիջապես զրոյացվեց: Ավելի ճիշտ՝ էթիկայի կարիք չեղավ տեսանյութը ներկայացնելիս, դեմքերն առանց այն էլ աղոտ էին: Սակայն հասարակությունն անուններ պահանջեց, քանի որ բազմաթիվ մայրեր այդ զորամասում որդիներ ունեին: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները դեպքի հայտնի դառնալուց հետո բավականին ուշ իմացան եւ զինվորների եւ նրանց ծաղրուծանակի ենթարկող սպայի անունները:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *