2016.05.27,

Քննադատ

Իսկ դու շռայլե՞լ ես քո բաժին հիացմունքը…

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մոնումենտալ կերպարային արվեստը միշտ ծաղկում է պետության պատվերով, որը փորձում է հսկա արձանների ու հուշարձանների տեսքով ցուցադրել ու քարոզել, թե ինչի է ձգտում ու ինչպես է պատկերացնում ապագան: Այսինքն, ուղենիշների պես մի բան է կանգնեցնում:

Պարտադիր է, որ այդ բանը լինի շատ մեծ, հաստատուն ու ծանր: Եվ որպես ծանրակշռության հետևանք՝ ուղեկցվի պաթետիկ մեկնաբանություններով ու հիացական խոսքերով:

Իրականում այդ նույն մոնումենտալ դերը կատարում են այն լրատվամիջոցները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ (նաև բաց կամ քողարկված) ֆինանսավորվում են պետական բյուջեից: Այդպիսի «մոնումենտալ» դերակատարություն իր ուսերին բարձած մեդիան փորձում է բացատրել, թե ինչն է ուզում բարձրաձայնել և ինչը անուշադրությամբ պսակել ոչ թե հանրությունը, այլ պետությունը:

Երկու դեպքում էլ տեղի է ունենում քարոզչություն: Պետական այրերը արձանների ու լրագրողական նյութերի միջոցով տարածում են իրենց նախասիրությունները, մտքերն ու ճաշակը:

Արձաններն արդեն չեն դիտարկվում արվեստի ու քաղաքաշինության նպատակահարմարության տեսակետից, լրագրողներն էլ չեն ընկալվում որպես սեփական տեսակետ ունեցող առանձին միավորներ: Երկուսն էլ կատարում են մեկ դեր. խոսում են իշխանությունների անունից ու շատ դեպքերում՝ իշխանությունների ուզած խոսքերով:

Տարբերությունը, թերևս, հնչերանգներն են՝ բրոնզի քանակը կամ «բրոնզաձույլ» բառերի ծավալը: Կարճ ասած՝ ով ավելի շատ բրոնզ կդնի ձայնի մեջ, այնքան ավելի ջանասեր կհամարվի:

Մեդիա դաշտի մոնումենտալ հուշարձանների դերը մեր օրերում հանձնված է հեռուստատեսությանը: Այդ մոնումենտալությունը ակնառու է դառնում, երբ դիտում ես մի քանի հեռուստաընկերությունների՝ նույն թեմայով ռեպորտաժները:

Լավ ու թարմ առիթը ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացումն էր: Մի քիչ առաջ անցնելով՝ կարելի է պնդել, որ նույն ոճն ու ձեռագիրը գործի կդրվեն նաև վաղը, երբ բացվի Գարեգին Նժդեհի հսկա արձանը (միգուցե կավելանա լրագրողական «բրոնզի» քանակը, ի վերջո, Նժդեհն ավելի մեծ ու ծանր է, քան Բաբաջանյանը):

Բոլոր հեռուստատեսային ռեպորտաժներում նկատելի է բառային գրոհը, որը ուղեկցվում է իմաստների ուռճացմամբ (որոշ դեպքերում՝ իմաստների կորստով, ինչն անխուսափելի է ծայրահեղ ուռճացման պարագայում) ու կրքոտ առոգանությամբ:

Խառնվում են համատեքստերը՝ ՀՀ բանակը նույնացվում է ԽՍՀՄ բանակի հետ, պաթետիկ հայտարարվում է, որ մեր բանակն այսօր հաղթանակում է, քանի որ նախկինում հաղթանակում էր սովետական բանակը: Ընդհանրապես Սովետի գովքը Սովետ չտեսած հեռուստալրագրողներն ավելի մեծ նվիրումով են անում, քան տեսածները:

Հանրային հեռուստաընկերությունը սկսում է արձանի մասին պատմել մեջբերումով: Պատկառելի տարիքի կինն ասում է՝ Համազասպ Բաբաջանյանը շատ բան է արել մեր ընդհանուր տան՝ Սովետական միության համար: Լրագրողն այդ միտքը զարգացնում է առանց խզում տեսնելու (այդ տունը վաղուց չկա, և ստացվում է, որ մենք անտուն ենք):

«Բաբաջանյանի արձանը կզարդարի պուրակը»,- ասում է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու, խորհրդային լավագույն ավանդույթների համաձայն՝ ավելացնում, որ արձանը «շունչ ու ոգի է ստացել մանրակրիտ ու նրբանկատ աշխատանքի շնորհիվ»: Բառերը հեշտ են շարվում, և նշանակություն չունի, որ շատերը իմաստ չեն կրում՝ դառնալով գեղեցիկ ու դատարկ պատյաններ:

Նկատելի է, որ լրագրողները խոսում են արձանի մտահղացման մասին՝ հիմնվելով բացառապես հեղինակների կարծիքների վրա: Ասենք, քանդակագործն ասում է, որ Բաբաջանյանին նստած է պատկերել, քանի որ այդպես ավելի ցայտուն է դառնում հաղթանակած մարդու կերպարը: Եվ նույն բառերը լրագրողը կրկնում է առանց փոփոխության ու կասկածի: Ասում է, որ նստած է, քանի որ հաղթանակած է:

Լրագրողը ոչ թե կարծիք ունեցող է, այլ բառեր շռայլող: Հանրային հեռուստատեսության լրագրողն, օրինակ, ասում է՝ «ավանցիները վստահ են, որ մարշալի արձանը պատշաճ խրոխտ է և իր տեղում է»:

«ԱՐ» հեռուստաընկերության ռեպորտաժն այնքան երջանիկ-պաթետիկ է, որ ակամայից ուզում ես դադարներով դիտել, որ չուշաթափվես երանությունից: Լրագրողն ասում է. «Քանդակագործը մարշալի արձանը կերտելիս փորձել է ընդգծել հատկապես նրա հայրենասիրությունը»: Իսկ վերջում ավելացնում է. «Արձանը կզարդարի պուրակն ու Ավան վարչական շրջանի բնակչության համար կդառնա հայրենասիրության յուրահատուկ խորհրդանիշ»: Ուզում ես հարցնել՝ ինչու՞ միայն Ավանի, միգուցե նաև Նոր Նորքի՞…

Կամ էլ՝ որքանով է «զարդարել» բառը սազում հայրենասիրության հետ: Ինչպես կասեին կարկառուն սովետական բառապաշարին տիրապետողները՝ սերն առ հայրենիքը զարդերի կարիք չունի: Տանկերի՝ միգուցե, բայց զարդերի՝ ոչ: Կինոյում ասում էին՝ կոստյու՞մն է, որ պետք է զարդարի:

Նման ռեպորտաժներ դիտելը, իհարկե, ուրախ գործ է, բայց շատ դեպքերում հուսահատեցնող:

«Արմենիա» հեռուստաընկերությունն առաջարկում է խորհրդային զորքերի մարշալին ընկալել որպես հեքիաթի հերոսի: Լրագրողն իր ռեպորտաժը կառուցում է փոքր աղջկա տեսանկունից, ում համար արձանը հրաշք է, իսկ զենքով բարձրաստիճան զինվորականը՝ հեքիաթային հերոս, որի գալստյանը նա սրտատրոփ սպասում է: Լրագրողն ասում է՝ ահա կբացվի սպիտակ սավանն ու կհայտնվի հեքիաթային մարշալը: Բնական է, որ դա ասվում է ինքնամոռաց պաթոսով, որի հետ չի կարող մրցել անգամ սովետական լրագրողական-գաղափարախոսական դպրոցը:

Սա կիչային լրագրության նմուշ է: Միացվում են երկու հակադիր հարթություններ՝ անմեղ մանկությունն ու զենքով հերոսը: Զենքն այլևս մահաբեր չէ, այլ հեքիաթ է: Անցյալ չէ, այլ՝ երազած ապագա:

Այս ռեպորտաժում ասվում է նաև, որ աղջիկն ինքն է «փոքրիկ մարշալ»: Իսկ ինչու՞ ոչ, պաթոսի այս խտացման պարագայում կարելի է ասել ամեն ինչ:

Եթե անգամ լսարանին չի ասվում, որ Բաբաջանյանը 1956 թվականին Բուդապեշտում իրականացրել է ազատագրական պայքարի ճնշումն ու վերադարձրել Հունգարիան ԽՍՀՄ վերահսկողության դաշտ (ինչի արդյունքում հազարավոր մարդիկ մահացան, հայտնվեցին բանտերում ու հեռացան երկրից), դա դեռ չի նշանակում, որ լսարանն այդ մասին չգիտի:

Գիտի ու, «փոքրիկ մարշալի» մասին լսելով, ոչ մի կապ չի տեսնում ճշմարտության ու այս «մոնումենտալ» լրագրության միջև:

Բոլոր հեռուստաընկերությունները սովետական մարշալի արձանը կապում էին ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան պատերազմի հետ, ինչը անտրամաբանական քաջություն էր պահանջում լրագրողներից: Արցախում կռվող զինվորները դառնում էին սովետական բանակի մարշալի հետնորդներ, և դրանով իսկ ինքնաբերաբար հավասարվում ԽՍՀՄ կազմում ընդգրկված այն երկրների զինվորների հետ, որոնք, տարբեր էթնիկ ծագում ունենալով (ուզբեկ, տաջիկ, ադրբեջանցի), կարող են ասել նույնը:

Եկեք մի պահ շունչ քաշենք ու մտածենք:

Եթե հայ զինվորը խորհրդային զինվորի հետնորդն է, ուրեմն խորհրդային զինվորի հետնորդը նաև ադրբեջանցին է: Եվ հիմա սահմանագծում միմյանց սպանում են նույն միավորի հետնորդները: Հարց եմ ուզում ուղղել լրագրողներին՝ չե՞ք կարծում, որ, ուրեմն, դա այդքան էլ լավ միավոր չէր, եթե մասնատվել է ու դեմ առ դեմ հանել իր մասերը:

Եվ, ի վերջո, ինչու՞ է այդ միավորին արձան կագնեցվում Հայաստանի անկախության տարեդարձի նախօրեին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *