2019.03.01,

Տեսակետ

«Մեդիան նաև ծուղակ է թե՛որոշում ընդունող չինովնիկի, թե՛ քաղաքացու համար»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեն երբեք համակրելի կառույց չի եղել, ավելի շուտ նույնացել է բյուրոկրատական քաշքշուկի, կաշառքի ու ստվերային որոշումների հետ: Կադաստրի հետ գործ ունենալու համար անհրաժեշտ էր հոգեպես կուռ ու համառ լինել: Հիմա փորձ է արվում կտրուկ փոխել այդ մեծ (մոտավորապես հազար աշխատակից ունեցող) կառույցի դերն ու աշխատաոճը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ դառնալով կադաստրի կոմիտեի ղեկավար, ուզում է առաջին հերթին փոխել աշխատանքի տրամաբանությունը և մի քանի տարվա ընթացքում այն դարձնել աշխարհի ամենալավ, թվային, ինքնաշխատ ու բաց կադաստրը: Նաև՝ ուրախ ու ինտեգրված:

Կադաստրի տվյալների բազան կկառուցվի օնլայն քարտեզի մոդելով՝ ամբողջացնելով Հայաստանում եղած բոլոր տարածական տեղեկությունները:

Սարհատ Պետրոսյանը հավատում է, որ պետական կառավարման տրամաբանությունը կարող է փոխվել, եթե մասնագիտական կիրքը չհանգչի: «Ես չեմ եկել այստեղ ուղղակի կոռուպցիան վերացնելու համար, այլ ուզում եմ խթանել մեծ փոփոխություններ, որոնք էականորեն կփոխեն պետական կառավարման տրամաբանությունը: Եթե չարեցինքն, ընկնելու ենք նույն ծուղակը»,- ասում է նա:

ԱԺ ընտրություններից հետո արդեն հերթն է հստակ ծրագրերի: Առնվազն այդ ծրագրերի փիլիսոփայության: Բայց որքան նկատում ենք, էմոցիոնալ տեքստերն ավելի շատ են, քան կոնկրետ ծրագրերը: Ինչո՞ւ է այդպես:

Հիշում եմ, երբ անցյալ տարվա ապրիլյան մի ցույցից հետո ընկերներով զրուցում էինք, ասացի՝ կարծես թե ստացվում է… մենք «քաշվեցինք»: Այսինքն, տարիներով կուտակված խնդիրները հիմա պետք է լուծենք:

Հիմա իրոք լուծումներ որոնելու ժամանակն է: Ու ինձ թվում է մենք երկվության շրջանում ենք, բոլորս տեղի ունեցածին տվել ենք քաղաքական, բայց ոչ տեխնիկական գնահատական: Այսինքն, գիտենք, որ շատ բան կա փոխելու, բայց հստակ չէ, թե ինչն ենք փոխելու, իսկ ինչը՝ պահելու և ինչպես ենք դա անելու:

Իրականում մեզ համար շատ բան անակնակալ էր և միգուցե ավելի շատ ժամանակ է պետք փոփոխությունների փիլիսոփայությունը հասկանալու համար:

Օրինակ, մշակութային հեղափոխությունը գործընթաց է, որին կամ պետք է պատրաստ լինել նախապես մշակված նպատակներով կամ անել քայլեր հընթացս:

Բոլոր դեպքերում մենք նոր հեծանիվ չենք հորինելու: Փորձում ենք Փաշինյանի փիլիսոփայության խճանկարում մեր դերը կատարել: Վստահ եմ, որ որևէ քաղաքական ուժ չի ունեցել հստակ պատկերացում, թե ինչ պիտի անի ասենք, կադաստրը: Նպատակը ծնվել է հընթացս:

Լրատվական դաշտում քննարկվում են այնպիսի երկրորդական ու մանր խնդիրներ օրինակ, օրհներգը, որ կորում են լուրջ հարցերը: Արդյո՞ք դա միայն լրատվամիջոցների մեղքն է:

Դա երևի մեդիայի շուրջ պտտվող հասարակության պրոբլեմն է: Այնպես չէ, որ ամերիկյան կամ եվրոպական մեդիայում շատ են բովանդակային քննարկումները:

Ավելի հեշտ է քննարկում ապահովել օրհներգի կամ պարգևավճարների թեմայով, քան ավելի լուրջ հարցերի: Մեծ հաշվով հասարակությանը միևնույն է, թե օրինակ, ինչ է կատարվում կադաստրում, նրան միայն պետք է, որ կարողանա փաստաթղթեր վերցնել՝ առանց կաշառքի:

Եվ բնականաբար, շատ ավելի հեշտ է նստել բազմոցին ու կարծիք հայտնել օրհներգի, քան ավելի նեղ ու կարևոր մասնագիտական հարցերի մասին:

Բայց այդ նույն օրակարգը օդից չի ծնվում, նոր պաշտոնյաներն են այն ստեղծում: Ինչու՞ է կշիռ ստանում հիմնականում անկարևորը:

Վերջիվերջո, մեդիան նաև ծուղակ է թե՛որոշում ընդունող չինովնիկի, թե՛ քաղաքացու համար: Մեդիան պրոցես է, որը ավելի շուտ ոչ թե մի կենտրոնից է ղեկավարվում, այլ հոսում է՝ ներառելով նաև թրոլինգը:

Եվ եթե, օրինակ, լրատվամիջոցը կամ չինովնիկը մի քանի անգամ շրջանցեն իրենց անկարևոր թվացող թեմաները, կարող են նաև պարտվել, հայտնվել խաղից դուրս, հետնապահի կարգավիճակում:

Օրինակ, ասել՝ վայ, երկրում քննարկվում են պարգևավճարները, իսկ ես դրա մասին կարծիք չեմ հայտնել: Էլ ինչու՞ եմ Ֆեյսբուքում, եթե ոչինչ չեմ գրելու այդ մասին:

Այնպես որ մեդիայի տրամաբանությունը հասկանալի է, բայց միանշանակ է, որ պետությունը պիտի ունենա լրատվական դաշտի հետ հարաբերվելու հստակ ձևը ու լեզուն:

Մեդիան ծուղակ է, որի մեջ կարող ես ընկնել կամ չընկնել: Կան ազդեցիկ խմբեր, որոնք լավ գիտեն, թե որ թեման առաջ տանելով, ինչպիսի արդյունք կստանան: Դա մոտավորապես գիտության նման է:

Բոլոր դեպքերում արդյունք ապահովում են փոփոխությունները, որոնց և սպասում են մարդիկ: Բայց պետական կառավարման տրամանաբությունը չի կարող արագ փոխվել:

Կա տպավորություն, որ որոշ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, այսինքն, կոմպետենտ չեն, և դա հանրային լարում է ստեղծում:

Ինձ չի թվում, որ իրենց տեղում չեն: Ցանկացած աշխատանք, որը անում ես, սովորելու պրոցես է, հա՛մ ինքդ քեզ ես բացահայտում, հա՛մ էլ այն համակարգը, որտեղ հայտնվել ես: Օրինակ, շփվում եմ մարդկանց հետ, որոնք բոլորին հայտնի են որպես կոռուպցիոներներ, բայց դու չես կարող նրանց անտեսել: Դա ասում եմ որպես մարդ, որը հայտնվել է ամենակոռումպացված համակարգերից մեկում:

Եվ եկեք չմոռանանք, որ այսօրվա խնդիրներն այսօր չեն ծագել, դրանք ինստիտուցիոնալ են և գոյացել են տարիների ընթացքում:

Ցավոք, ստեղծել ենք այնպիսի հանրային կառուցվածք, որտեղ որոշումների մեծ մասը կայացվում է անձնական շահերից դրդված: Բայց եթե ուզում ես կառավարել արդյունավետ, միշտ ստիպված ես որևէ մեկին ցավ պատճառել:

Մենք պիտի պատրաստ լինենք ցավ պատճառելու: Կան մարդիկ, որոնց ես հրավիրել եմ, բայց երեք ամիս հետո ազատել աշխատանքից՝ ընդունելով, որ սխալ որոշում եմ կայացրել, ու այդ մարդը չպիտի այլևս աշխատի:

Իսկ հանրային լարվածություն կարող է լինել: Բնականաբար, էյֆորիայից հետո գալիս է անկումը, քանի որ սկսում ես վճարել հոսանքի փողը, հասկանում ես, որ աշխատավարձը միանգամից չի տասնապատկվի, բայց մեր ժառանգած պետական կառավարման համակարգը և տնտեսությունը տեղից շարժելը այդքան էլ հեշտ չի: Անգամ շատ բարդ է:

Պատասխանատվություն վերցնելը ենթադրում է նաև պատրաստ լինել դրան, քայլ առ քայլ մոտենալ խնդիրներին՝ խուսանավելով պետական համակարգի դանդաղկոտության, իներցիայի ու սաբոտաժի միջով:

Փաշինյանը արեց մի բան, որի մասին ոչ ոք անգամ չէր կարող երևակայել ու մտածել, որ դա հնարավոր է: Բայց կարևոր է հասկանալ, որ եթե մենք մեզ վրա ենք վերցրել այդ բեռը, դեռ չի նշանակում, որ մենք ամեն ինչ գիտենք:

Չպիտի ակնկալենք, որ ղեկավարը, առաջնորդը պետք է ամեն ինչ իմանա: Նա պարզապես պետք է գտնի այն մեխանիզմները, որոնք կօգնեն կուտակել երկրում եղած ներուժը ու փորձել դա կիրառել: Իսկ դա անելը իրոք բարդ է:

Կադաստրը գեղեցիկ, օգտակար ու լավ իմաստով հավակնոտ նպատակներ ունի: Ի՞նչ է նշանակում ինտեգրված կադաստր:

Մենք միասնական տրամաբանությամբ համադրելու ու ներկայացնելու ենք բոլոր տարածական տվյալները՝ ճանապարհներ, հուշարձաններ, հողատարածքներ, շենքեր, թույլտվություններ և այլն:

Հիմա այդ տվյալները ապակենտրոնացված են: Օրինակ, կադաստրը մի օղակից քարտեզներ կամ տեղեկություն է վերցնում, որպեսզի ներկայացնի մեկ այլ տեղ: Մինչդեռ, հենց այն պահին, երբ վերցնում է այդ քարտեզը, այն արդեն հնանում է, քանի որ հասցնում են գրանցել նոր գույքեր:

Այսինքն, տվյալները պետք է ներկայացվեն իրական ժամանակում: Օրինակ, եթե բնապահպանության նախարարությունը ուզում է տեսնել, թե ինչ է կատարվում Խոսրովի արգելոցի կոնկրետ մի հատվածում, այն պիտի նամակ գրի կադաստր, մենք պատասխանենք, հետո այդ թուղթը համապատասխանեցնեն այլ տվյալների հետ:

Իսկ մեր նպատակը միասնական տվյալների բազան է, որը, կարծում եմ, կսկսի մասնակիորեն գործել 2020 թվականից և կլինի քարտեզ՝ իրական ժամանակում:

Ու դիցուկ բնապահպանության նախարարությունը նամակ գրելու կարիք այլևս չի ունենա:

Քարտեզը ինքներս ենք պատրաստելու Գուգլի քարտեզի նմանությամբ: Իրենց տվյալները կմեկտեղեն բոլոր պետական գերատեսչությունները, որոնք գործ ունեն տվյալների հետ՝ ջրային կոմիտեն, գյուղատնտեսության, բնապահպանության, տրասնպորտի, պետական գույքի կառավարման նախարարությունները:

Կարծում եմ, տվյալների հավաքագրման ժամանակ կբացահայտվեն նաև կեղծ տվյալներ, քանի որ տարիներ շարունակ թվեր են նկարվել, ուռճացվել: Օրինակ, գյուղատնտեսության ոլորտում:

Այո, միանշանակ կլինեն: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ երբևիցե կադաստրի բազան չի համադրվել օդից արված լուսանկարների հետ: Հիմա մենք փորձում ենք դա անել (առաջինը Արմավիր համայնքում):

Օրինակ, հիմա տեսնելով այն հողատարածքները, որոնք ջրվում են, կարող ենք եզրակացնել, որ դրանք մշակվում են:

Իսկ մինչ այդ չենք կարողացել համադրել մի քանի տվյալ:

Երբ անենք դա, այլևս մոտավորապես, այսպես կոչված աչքաչափով որոշումները կվերանան ու կկարողանաք ասել, որ միասնական բազայում եղած ցանկացած տվյալ արդեն հավաստի է:

Եվ վերջանական նպատակով հողի յուրաքանչյուր սեփականատեր կունենա ոչ թե մի թուղթ, որի մեջ գրած կլինի տարածքի չափսերը, այլ նրա ունեցվածքը կամրագրվի քարտեզի վրա՝ բոլոր տվյալներով:

Իսկ տվյալները կլինե՞ն բաց բոլորի համար:

Իրականում, հիմա էլ կա իրավունք բացահայտելու ցանկացած գույքի սեփականատիրոջ: Դա տնտեսության շարժիչ պայմաններից մեկն է: Որոշ երկրներում պահանջում են, որ բաց լինի նույնիսկ գույքի արժեքը:

Այդպես է ԱՄՆ-ում, որտեղ թեև շատ խիստ է անձնական տվյալների պահպանման օրենքը, բայց միևնույն ժամանակ սեփականատերերի մասին ինֆորմացիան բաց է:

Իսկ մեր քարտեզի վրա առնվազն պետք է ֆիքսված լինի գույքի սեփականատերը:

Ի վերջո, եթե չունենանք ելակետային ճիշտ տվյալներ, չենք կարողանա ճիշտ որոշումներ կայացնել:

Հասկանալի է նաև, որ պետք է ջանք ու գումար ծախսել տվյալները հավաքագրելու համար: Քարտեզագրումը միևնույն է արվում է տարբեր կառույցներում, կարևոր է, որ դա արվի միասնական ստանդարտներով:

Խնդիրը մասնագիտական կիրքն է: Պիտի երազես, որ կարողանաս փոփոխությունների հասնել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *