Մեղրիում չկան լրատվամիջոցներ եւ գործող լրագրողներ
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում եւ շրջակա գյուղերում տեղական լրատվամիջոց չի գործում: Այստեղ չկա տեղական թերթ, հեռուստաընկերություն կամ ռադիո: Մեղրիում չկան գործող լրագրողներ, չկան լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների, տպագիր կամ ցանցային լրատվամիջոցների սեփական թղթակիցներ:
Սյունիքի մարզի այս հատվածում տեղի ունեցած հրատապ իրադարձությունների վերաբերյալ լրագրողները ստիպված են լինում ինֆորմացիա վերցնել հեռախոսով՝ տարբեր պաշտոնյաներից: Իհարկե, երբեմն նաեւ լրագրողների խմբեր կամ անհատ լրագրողներ են այցելում Երեւանից 376 կմ հեռավորության վրա գտնվող Մեղրի եւ շրջակա գյուղեր՝ Հայաստանի հարավային այս շրջանի մասին լրագրողական նյութեր գրելու համար: Նաեւ Կապանում, Գորիսում գործող լրատվամիջոցների լրագրողներն են պարբերաբար այցելում Մեղրի:
Մեղրեցիները Սյունիքի մարզի նորություններին հետեւում են Կապանում գործող «Սոսի» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների օգնությամբ: Նաեւ թերթեր են
կարդում եւ ցանցային լրատվամիջոցներին են հետեւում:
Մեղրեցիներն ասում են, որ իրենց քաղաքից լրագրողի մասնագիտություն ընտրած ուսանողները ուսումն ավարտելուց հետո Երեւանից Մեղրի չեն վերադառնում, դրա համար էլ լրագորղական դաշտը Մեղրիում պասիվ է եւ տեղում գորոծող լրագրողներ կարելի է ասել` չկան:
Մեղրիի մոտակայքում գտնվող Լեհվազ գյուղում հանդիպեցինք 53-ամյա Ներսես Աղաբեկյանին, ով նախկինում լրագրող է եղել, աշխատել է Մեղրիի շրջանային «Արաքս» թերթում: Թերթը փակվելուց հետո այլեւս լրագրությամբ չի զբաղվել, անցել է այլ աշխատանքների` անհատ ձեռներեցությամբ, հողագործությամբ զբաղվել, բայց խոստովանում է, որ ամբողջ ընթացքում իրեն շարունակել է լրագրող համարել:
«Ճիշտ է, բավականին երկար ժամանակ է հոդվածներ չեմ գրել, բայց ստեղծագործական ջիղը դեռ իմ մեջ մնացել է եւ եթե լրատվամիջոցներից առաջարկներ լինեն, ապա պատրաստ եմ թղթակցել: Ի վերջո տեղական խնդիրներին ավելի լավ եմ ծանոթ եւ ավելի տեղեկացված», - ասում է Ներսես Աղաբեկյանը:
Լրագրողական աշխատանքին վերդառնալու ամենամեծ դժվարությունը Ներսեսը համարում է այն, որ նա նորագույն տեխնոլոգիաներին չի տիրապետում: Նյութերը համակարգչով գրելու համար նախնական շրջանում ստիպված կլինի ուրիշի օգնությանը դիմել, մինչեւ ընթացքում կկարողանա հասկանալ համակարգչային լեզուն եւ տիրապետել այն:
Մերի Սողոմոնյան, Մեղրի









































Comments
Մեկնաբանել