Կորպորատիվ հանդեսները ամանորյա եթերում

26.12.2011, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Նոր տարվա տոնական, արձակուրդային օրերին հեռուստացույցը միշտ արդիական է դառնում: Ավանդույթն է այդպիսին. հարազատների ու ընկերների հետ նստում ենք սեղանի շուրջը, ուտում, խմում, զրուցում, բայց աչքի պոչով հետեւմ թե ինչ է կատարվում հեռուստաէկրանին:

Իսկ էկրանին որպես կանոն նույն բանն է կատարվում՝ երգում, պարում, ուրախացնում եմ ավելի մեծ եռանդով, ավելի շինծու ոգեւորությամբ ու ավելի դատարկ խոսքերով, քան տարվա այլ օրերին:

Իհարկե, ամանորյա եթերը դադարել է տոների կարեւոր բաղադրիչը մնալ, սակայն քչերն են ուժ գտնում անջատած պահել այդ ժամանցային սարքը: Սովետական տարիները ընտելացրել են հայաստանցիներին «երկնագույն էկրանին», որը միակ կապող օղակն էր աշխարհի հետ, իսկ անկախության տարիներն ամրացրել են այդ սովորույթը:

Ամանորյա տոներն իրենց ամենաթող ուրախությամբ, կուշտ ուտելու, խմելու ու կուշտ ուրախանալու ներքին պարտադրանքով հիշեցնում են դպրոցական «վերջին զանգի» արարողությունը: Երկու տոների դեպքում զանգը վերջին անգամ է զրնգում՝ ավետելով նոր կյանքի ավարտն ու նոր էջի սկիզբը: Եվ երկու տոների ժամանակ էլ իսկական բարբարոսական ուրախության բանաձեւն է կիրառվում:

Ուրախանալ մինչեւ վերջ, այսինքն՝ ահարկու գոռգոռալ, ձեռքը չհեռացնել մեքենաների ազդանշաններից, վայրի ցեղերի պարեր պարել փողոցներում, ռումբիկներ պայթեցնել անցորդների ոտքերի տակ: Մի խոսքով՝ ցույց տալ բոլորին, որ մենք մեր քրտնաջան ու խոնարհ աշխատանքով վաստակել ենք անբռնազբոս ու լիաթոք ուրախանալու իրավունքը: Ամեն ինչ, իհարկե, վատ է (թանկացումներ են, արտագաղթ, կոմունալ վարձերն են խեղդում) բայց քանի որ տոնը սուրբ բան է, ոչինչ չպիտի մեզ խանգարի ուրախանալ:


Նկատած կլինենք, որ երկու տոների ընթացքում էլ հսկողությունը մեղմանում է. վարորդներին թույլատրվում է մեքենա վարել ոչ այնքան սթափ վիճակում, երգիչները չեն նախատվում ֆալշ երգելու համար, ոստիկաններն ավելի բայրացակամ են օրինազանցների նկատմամբ,  իսկ հարեւաններն ու անգամ անծանոթները պարտավոր են հանդուրժող լինել բարձր հնչող երաժշտության ու քեֆ անող մարդկանց գոչյունների հանդեպ:

Ամանորյա տոներին հեռուստացույցը հենց նման ներքին տրամանաբանության համաձայն է աշխատում: Այն սպասարկում է տոնական եթերն այնպես, ինչպես քեֆի սեղանի շուրջ  նստածներին են սպասարկում ռեստորանային մատուցողները: Հեոռուստամենյուն վաղուց արդեն հենց ռեստորանային (երաժշտական ու կենացային) ֆորմատ է ձեռք բերել: Եվ երաժշտա-հումորային լավագույն ուժերը որպես կանոն նետվում են աշխատանքի հենց դեկտեմբերի վերջին օրերին՝ սպասարկելու համար ոչ այնքան հավակնոտ ու ոչ այնքան սթափ հանդիսատեսին (եթե փորձես նայել ամանորյա հաղորդումները սթափ վիճակում, ուղեղի կաթված կստանաս):

Հայրենական հեռուստատեսությունը շատ լավ հասկանում է, որ ավելին անել պետք չէ (գաղափարապես) ու նախընտրում է տնտեսել (գործնականորեն):

Կար ժամանակ, երբ մեր բոլոր հեռուստաալիքները նախօրոք էին պատրաստվում ամանորյա եթերին՝ դեռ աշնան առաջին իսկ ամիսների ընթացքում նկարահանելով իրենց շնորհավորանք-հաղորդումները:

Այդ հաղորդումները գրեթե իրարից չէին տարբերվում, նույն երգիչներն ու դերասան-վարողները մի ալիքից մյուսն էին դեգերում, նույն երգերին կատարում ու նույն ուրախ բառերն ասում, սակայն այդ հաղորդումները վերջիվերջո, պատրաստվում էին:

Իսկ հիմա ալիքները գործում են էքսպրոմտով, հանպատրաստից՝ ստեղծելով տոնական հաղորդումներն այնպես, ինչպես կազմակերպվում են կորպորատիվ հավաքույթները: Որեւէ ալիքի նկարահանման տաղավարում տեղադրված սեղանիկների շուրջը նստում են մարդիկ (հիմնականում սույն ալիքների բրենդային դեմքերը, հրավիրված հայտնիները կամ սեփական նախագծերի մասնակիցները) եւ ... ամեն ինչ ընթանում է ռեստորանային ձեւաչափով:

Ալիքների սեփականտերերը գտան ամանորյա եթերը լցնելու ավելի հեշտ ու էժան տարբերակ, որն ի դեպ՝ արդեն պատմության գիրկն անցած «ԱԼՄ»-ի «նոու հաուն» էր: Մենք երգում, մենք պարում, մենք էլ ուրախանում ենք. Տիգրան Կարապետիչի այս բավականին ազնիվ, միամիտ ու այդ միամտության մեջ ազդեցիկ մոտեցումը ուղենիշ դարձավ բոլոր ալիքների համար:

Բոլորովին հարկ չկա փնովել ամանորյա եթերը (ֆիլմերը կրկնվում են, երգիչները ձանձրացնում, ուրախությունն էլ արհեստական է), իրականում տոնական եթերը շատ կարեւոր դեր է կատարում: Այն խտացնում է բարբարոսական հակումներն ու մեզ ցուցադրում այն, ինչը սովորաբար ընդունված չէ ի ցույց դնել (գինովցած, զվարճանալ ուզող, ռաբիս երգեր լսող, գավառական մատրիցան): Միայն հիշեք, թե ինչպիսի վեհ խոսքեր են սկսում ասել երրորդ սորտի աստղերը, կիսագրագետ հաղորդավարներն ու տարբեր տրամաչափի օպտիմիստները, ու կհամոզվեք, որ ցանկացած իրավիճակի խտացումը ֆարս է դառնում: Իսկ ֆարսը բուժիչ գործոն է:

Ամանորը գեղեցիկ տոն է: Ձյուն է, մաքուր օդ, համեղ ու հանգիստ օրեր, շփում ու թարմության սպասում: Իսկ ամանորյա եթերն այդ ցանկում հակավիրուսի դեր է կատարում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?