Քաղցկեղի էֆեկտը հեռուստասերիալներում

Քաղցկեղի էֆեկտը հեռուստասերիալներում
« Մարդիկ ասում են, չէ՞, միմյանց՝ էս մի սերիալը մի քիչ «жизненны» է: Համ արդարանում են, թե ինչու են նայում, համ էլ ինչ-որ իմաստով ճանաչում են էն իրականությունը, որի մեջ կան: Հետեւաբար, սերիալների բովանդակությունը կախված է այն բանից, թե ինչ նպատակ է իր առջեւ դնում հեռուստաընկերությունը »

Սերիալների մասին կարելի է գրել նաեւ առանց բովանդակությանն անդրադառնալու: Նախ անիմաստ է: Երկրորդ, ինչ էլ մտածենք սերիալների մասին, պետք է հիշել, որ դրանք նկարահանվում են ոչ պետության փողերով: Հետեւաբար հեռուստաընկերություններն ազատ են, այսպես կոչված, օրվա բովանդակությանը հարիր սերիալներ նկարահանելիս: Օրվա բովանդակությունը մարդու բովանդակությունը չէ: Օրը կարող է ուզել զուտ ժարգոնային բառապաշարով (որին, չգիտես ինչու, ասում են երեւանյան բարբառ), իր առջեւ որեւէ կրթական խնդիր չդնող ու դա թեմա չդարձնող մարդկանց խմբի մասին կոնկրետ սերիա: Հեռուստաընկերությունը դա կարող է հաշվի առնել: Օրը կարող է ուզել կարծրատիպերի հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխություն, ասենք, մարդկային կերպարով սեռական փոքրամասնություն: Հեռուստաընկերությունը սա կարող է հաշվի չառնել, որովհետեւ նայած ինչ նպատակ է դրել իր առջեւ: Կարող է հաշվի առնել կրկին ըստ նպատակի: Նորմալ է, եթե սա անում է մասնավոր լրատվամիջոցը: 

Գրեթե բոլոր սերիալները խնամված ընտանիքների խայտաբղետ առօրյայի մասին են: Բայց այսպիսին են նաեւ ոչ հայկական սերիալները: Բոլոր սերիալներում քրեական իրականություններ են, որովհետեւ ինչ-որ մի բան պիտի տեղի ունենա, որ դրանք նայես: Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ ինչ-որ մի բան պետք է անպայման տեղի ունենա ճաշակով: Մարդիկ կան, որոնք սեփական միջոցներով տպագրում են իրենց մանկական թոթովանքները եւ «Ընտիր բանաստեղծություններ» խորագրով ներկայացնում են ընթերցողին: Ոչ ոք նրանց չի դատապարտում, չէ՞: Որովհետեւ մասնավոր հեռուստաընկերությունը իր ֆինանսական դրությունն աշխուժացնելու խնդիր ունի: Սերիալից չի կարելի պահանջել ընտանեկան բռնության ցուցադրություն, որովհետեւ այն միշտ մի քիչ չափազանցված իրականությունն է, որը գոնե 10 տոկոսով «жизненны» է: Մարդիկ ասում են, չէ՞, միմյանց՝ էս մի սերիալը մի քիչ «жизненны» է: Համ արդարանում են, թե ինչու են նայում, համ էլ ինչ-որ իմաստով ճանաչում են էն իրականությունը, որի մեջ կան: Հետեւաբար, սերիալների բովանդակությունը կախված է այն բանից, թե ինչ նպատակ է իր առջեւ դնում հեռուստաընկերությունը: 

Հեռուստաընկերությունը միշտ չէ, որ կարեւորում է հասարակական ճաշակը, նախ որ այդ ճաշակը հարաբերական հասկացություն է, երկրորդ, որ Միքելանջելո Անտոնիոնի ցուցադրելով ինքնաարդարացումը չունի: «Ու՞մ համար»,-հարցնում է ռեյտինգային արշավի մեջ մտած հեռուստաընկերությունը: Դրանից բացի հեռուստասերիալը Անտոնիոնիի ֆիլմերից տարբերվում է նրանով, որ առաջինը հեռուստաարտադրանք է, երկրորդը՝ ոչ: Առաջինը հաստատուն հեռուստադիտող է ձեւավորում, որին «լիցքավորում» է զուտ տվյալ օրվան անհրաժեշտ էմոցիաների չափաբաժնով, երկրորդի՝ որեւէ իրողության մասին սեփական մեկնաբանություններն անգամ իրենից անկախ կարող են դառնալ հաջորդ դարերի ասելիք: Երկրորդը մարդ է կրթում, առաջինը՝ ոչ: Առաջինը նկարահանողները Կաննի փառատոնի մասին չեն էլ երազում, երկրորդը, եթե նույնիսկ արհամարհի այդ փառատոնը, կներկայացվի:

Հասարակության մի մասը կարծում է, թե սերիալները պետք է ինչ-որ խնդիր լուծեն: Ոչ: Այդպիսի խնդիր չկա: Կա փոքր ֆինանսական հնարավորություններով մեծ բիզնես անելու առաջադրանք: Ինչը եւ հեռուստաընկերություններն անում են: Ի՞նչ խնդիր են լուծում, օրինակ, «Շանթ» հեռուստաընկերության «Անուրջները» կամ «Լիալուսինը»: Իսկ միայն «Շանթի» կայքում «Անուրջների» դիտումն անցել է 21 հազարը: «Էս կոշիկներս ոնց որ հագուստիս հետ չեն գնում»,-ոչ հայերեն այս նախադասությունը «Անուրջներից» է (էկրանի ներքեւում էլ արտասահմանյան մեքենայի գովազդ է. մեքենայի պարամետրերը հայերեն տառերով՝ ավտոմատ, ֆուլ): Ու սերիալի հեղինակները կարող են, ի վերջո, մաքուր հայերեն տեքստեր գրել: Որպեսզի ի՞նչ անեն: Ըստ այդմ եմ ասում՝ նախ պետք է ճշտել, թե որն է տվյալ հեռուստաընկերության նպատակը տվյալ սերիալը նկարահանելիս: Քիչ է, որ հասարակությունը ճշտել է իր նպատակը սերիալ նայելիս: Անհրաժեշտ է, որ այդ նպատակը «խոսի» սերիալների հեղինակների հետ: Քիչ է, որ կարծրատիպը պետության հանդեպ քաղցկեղային բջիջների էֆեկտ ունի, անհրաժեշտ է, որ քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգան քաղցկեղի էֆեկտը: 

Ըստ իս, հայկական սերիալների հեղինակները նախ բացառել են մարդու բովանդակությունը: Իսկ մարդու բովանդակությունն ասում է՝ ես չեմ կողմնորոշվում այս կամ այն իրողության հանդեպ իմ վերաբերմունքի մեջ, ասենք, ծեծե՞մ կնոջս, երբ վերանում են մեր միջեւ ընկալման բոլոր եզրերը, պայթեցնե՞մ նրա գերդաստանը, եթե զոքանչս, ասենք, սրտովս չէ: Սերիալն այս սյուժեն, անկասկած, կարող է վերցնել: Բայց շեշտադրումը կարող է լինել ոչ թե փոխհարաբերություններն, ասենք, հոգեբանի միջոցով կարգավորելու վրա, այլ՝ ինչպե՞ս սյուժետային գիծը տանել գերդաստանը պայթեցնելու ուղղությամբ, որպեսզի առավել «захватывающий» երեւա: Հոգեբանին դիմելու, այսպես կոչված ալտերմտերիմի թեման չի անցնի մեր սերիալներում, որովհետեւ չի ընկալվի: Հասարակությունը մեկընդմիշտ ճանաչելի է՝ նա հոգեբան չի ուզում, նա դեմ է սեռական փոքրամասնություններին, ամուսնու կյանքն ուտող կինը կամ կնոջը միայն բռնությամբ սաստող ամուսինը քննարկման թեմա չեն, նրանք կան ու վերջ: «Տեսե՞լ ես, թե գյուղերում ինչ ա կատարվում»,-ասում էր սերիալների սցենար գրող մի աղջիկ, որի հետ մի քանի ամիս առաջ խոսում էի այս թեմաներից: Նա ասում էր, որ գյուղացի ամուսինը ձեռքը թափ կտա, եթե փորձես իրեն իր միջավայրից դուրս դնել: Այսինքն, սցենարիստն ի գիտություն էր ընդունել ուռուցքը եւ նրա անբուժելիությունը մեր հասարակությունում: Եվ ինչպե՞ս է նա գրում իր սերիալները՝ մանրամասն ծանոթանում է ոստիկանության ամփոփագրերի հետ: Սյուժե է փնտրում: Որովհետեւ ինքը ճշտել է իր նպատակը, որն իր բառերով «ժողովրդից է վերցրած»:

Մհեր Արշակյան

Հեղինակի մասին

Լրագրող, աշխատում է «Ա1+»-ում:

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License