2016.09.07,

Նյուսրում

Հայկաhttps://media.am/hy/newsroom/2016/09/07/6863/կան առաջին «լրագրողիադան»

Շուտով կսկսի գործել lragroghner.am լրատվական կայքը, բայց մեկ «սեզոնից» կփակվի, մյուս «սեզոնից» նորից կբացվի… Եվ մուտքը ոչ թե վիրտուալ աշխարհում, այլ հեռուստատեսային եթերում է լինելու: Այդ կայքը պարզապես «Լրագրողները» սերիալի «դեպքի հիմնական վայրն է», որտեղ աշխատում են գլխավոր խմբագիրն ու չորս թղթակիցները. բոլորն էլ՝ անկուսակցական: 12 սերիանոց ֆիլմի առաջին մասը «Երկիր Մեդիան» կցուցադրի սեպտեմբերի 19-ից ( երկուշաբթիից հինգշաբթի): Ուղղահայաց, այսինքն, իրարից անկախ տարբեր պատմություններով, բայց նույն հերոսներով ֆիլմաշարի երկրորդ մասի սցենարը ևս արդեն պատրաստ է:

Բեմադրող ռեժիսորը Կարեն Քոչարյանն է, երկրորդ ռեժիսորն՝ Արթուր Պապյանը, բեմադրող օպերատորը Հակոբ Կարանֆիլյանն է, մյուս օպերատորը՝ Արթուր Օրդոյանը: Սցենարի հեղինակ՝ Դիանա Մարդանյան ( կարելի է ավելացնել՝ և ընկերներ): Գլխավոր խմբագիր Մարտիրոսյանի դերում Արթուր Կարապետյանն է, լրագրողների դերերում են Սամվել Գևորգյանը, Ռուզաննա Հարությունյանը («Բարև երկիր» հաղորդման հեռուստավար), Վիկտորյա Հարությունյանը և Իշխան Զաքարյանը: Սևակ Սանթրոսյանը գործարար Վիկտորի դերն է խաղում, որը որոշել է ջարդել այն կարծրատիպը, թե Հայաստանում մենաշնորհ չկա:

Կադր «Լրագրողները» սերիալից, լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-ի

Որքան է ֆիլմի բյուջեն՝ չի հրապարակվում. «Ֆինանսավորում ենք մեր հեռուստաընկերության գովազդի, ծանուցումների եկամուտների հաշվին, և մեր միջոցների համար դա բավական մեծ գումար է»,- Media.am-ին ասաց «Երկիր Մեդիայի» տնօրեն Դավիթ Հակոբյանը:

Սա լրագրողների մասին սերիալի առաջին փորձն է Հայաստանում, և՝ հենց լրագրողների մասին, որովհետև «Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ մեր կյանքն էլ, իրոք, սերիալի թեմա է»:

Վերջին ամիսներին սոցցանցերում լրագրողներին ու լրագրությունը վարկաբեկելու փորձեր էին նկատվում, արդյո՞ք այս սերիալի գաղափարը «Երկիր Մեդիան» հղացավ՝ հակառակ կարծիքը ձևավորելու համար. «Անկեղծ ասեմ՝ ոչ: Ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ լրագրողների մեջ, իրոք, լավն էլ կա, վատն էլ: Մենք ֆիլմում ո՚չ աստվածացնում ենք, ո՚չ էլ վարկաբեկում ենք լրագրողներին, այլ նրանց ցույց ենք տալիս տարբեր իրավիճակներում»:

Կադր «Լրագրողները» սերիալից, լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-ի

Դավիթ Հակոբյանի ասելով, կոնկրետ նախատիպեր կերպարները չունեն, չնայած որոշ զուգադիպություններ կարող են և լինել:

Իսկ սերիալի երկրորդ՝ դեռևս չնկարահանված շարքի սցենարի հեղինակ Արմեն Միրզոյանը խոստովանեց. «Այն մասը, որ ես գրել եմ, բոլոր կերպարների համար նկատի եմ ունեցել որոշակի նախատիպերի, և ոչ թե հավաքական գծերով, այլ կոնկրետ մարդկանց: Բայց չեմ ասի, թե ովքեր են»:  

Ի դեպ, Միրզոյանն իր կարիերան սկսել է որպես լրագրող՝ « «Մայր հայրենիք» հեռուստաընկերությունում, աշխատել է նաև «Երկիր մեդիայում», այլ հեռուստակայաններում՝ «հետո անցանք կինոներին»:

Նախատիպերը կբացահայտվե՞ն, որոշ լրագրողներ ու խմբագիրներ իրենք իրենց կտեսնե՞ն այս սերիալում, թե ոչ, բայց իրական խմբագիրներ էպիզոդային դրվագներում հայտնվելու են:

Կադր «Լրագրողները» սերիալից, լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-ի

«Սցենարի կմախքը մենք ենք կազմում, ապա շարունակում են սցենարիստները՝ սիրային պատմություններ, ընտանեկան դրվագներ, որպիսիք իրենք լավ են գրում: Բայց խմբագրությունում տեղի ունեցող անցուդարձի, հարաբերությունների մասը գրաքննում ենք… Չէ՚, «գրաքննությունը» դուք սխալ հասկացաք, խոսքը զուտ փորձագիտական շտկումների մասին է, որպեսզի անհեթեթ, անպատկերացնելի բաներ չլինեն»:

«Լրագրողները» սերիալի ստեղծագործական խումբը մտադիր է հայկական սերիալներին գերազանցել իր գեղարվեստական որակներով, ստանալ այն, ինչ որ «հայկական այս շուկայում դեռ չկա». ֆիլմի երկրորդ ռեժիսոր Արթուր Պապյանն ասում է, որ նշաձողը նաև միջազգային շուկայի լավագույն սերիալներից ստացած «բագաժն» է:

Կադր «Լրագրողները» սերիալից, լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-ի

Անոնսային հոլովակում ( թրեյլեր) սակայն զանգվածային շուկային տուրք տալու դրվագներ երևում են, օրինակ՝ կրիմինալի տարրեր և այլն, մտավախություն չունե՞ն, որ դա գուցե իրենց ուզած որակը չտա. «Թրեյլերը երկու րոպե է՝ ֆիլմը 12 սերիա: Փորձել ենք  բոլոր սերիաներում պահել դինամիկ ռիթմը, որպեսզի հեռուստադիտողը չհոգնի կերպարներից, կերպարներն ունենան ասելիք, խաղ, զարգացում, որպեսզի ստատիկ կադր չլինի. բոլոր կադրերը խոսող ու շնչող են: Եվ 12 սերիանոց ամեն մի մասն ունենալու է սկիզբ, կուլմինացիա և ավարտ, ամեն մասում մի քանի ուղղությամբ է սյուժեն զարգանալու»:  

Ամենաշատն ինչի՞ց են վախենում այս սերիալի հետ կապված: Արթուր Պապյանն ասաց, որ «Վախ չկա, միայն մտավախություն կա, որ կարողանանք հեռուստալսարանի բոլոր շերտերին հասցնել մեր ուզածը»:

Քննադատություն հաստատ կլինի, քանի որ համարձակվել են ամենաքննադատ «խավին» պատկերել՝ լրագրողներին, պատրա՞ստ են դրան:

«Պարզ է, ամեն լրագրող փորձելու է իրեն տեսնել, մեկը կարող է ասել լրագրողի կերպարն այն չէ, ինչ որ ներկայացնում եք: Ամեն ինչի պատրաստ ենք»:

Գյուղից Երևան աշխատելու եկած լրագրող Ազատի դերակատար Սամվել Գևորգյանն էլ գիտի, որ այս դերով շատ լրագրողների քննադատության թիրախում է հայտնվելու, և պատրաստ է ընդունել ձեռնոցը, եթե պրոֆեսիոնալ ձեռք է նետել այն:

Սամվելն իր կերպարի հետ հակասություններ, այո, ունի, քանի որ. «Եթե այդպիսիք չունենաս, դերը կերտելու ընթացքում չես ստեղծագործի: Այստեղ կոնկրետ այն է, որ իմ Ազատը դեռևս չունի գյուղացու՝ լավ իմաստով պնդաճակատությունը, արդարամտությունը: Ես փորձում եմ հասնել նրան, որ դա բխի իր ներսից, հոգու կանչը լինի»:

Կադր «Լրագրողները» սերիալից, լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-ի

Սամվելը նախկինում լրագրողների հետ շփվելու առիթներ ունեցել է՝ թե՚ որպես դերասան, թե՚ լրագրող ընկերներ ունի. «Լրագրողի տեսակը շատ բարդ տեսակ է, դերասաններիս տեսակին թե՚’նման է, թե՚’բոլորովին տարբեր»

– Ամեն լրագրող երևի համ էլ մի քիչ դերասան է, հա՞:
– Առանց՝ «համ էլ»-ի, մեկն առանց մյուսի չի լինում:
– Լրագրողի՞ մեջ է դերասանությունն ավելի շատ, թե՞ դերասանի:
– Իհարկե՝ լրագրողի: Իսկ եթե կան դերասաններ, որոնց մեջ շատ է դերասանությունը, ես իրենց ուղղակի խղճում եմ:
– Իսկ լրագրողի մեջ դերասանությունը դրակա՞ն բան եք համարում:
– Բնականաբար: Եթե չլինի այդ դերասանությունը, չի լինի այն համառությունը, չի լինի այն էնտուզիազմը, որը լրագրողի համար շատ պետքական է. նկատի չունեմ «լայք» հավաքելու համար գրողներին:
– Դուք ֆիլմում գրակա՞ն հայերեն եք խոսում, թե՞ խոսակցական, ասենք, գնում ա, գալիս ա…
– Առավելագույնս «է»-երով ենք խոսում, բայց լինում են իրավիճակներ, երբ «է» ով խոսելը կեղծ կհնչի, արհեստական: Բայց ոչ էլ ընկնում ենք մյուս ծայրահեղության՝ միայն «ա»-երով խոսելու մեջ:

Եվ վերջում, զանգվածային լսարանին ամենաշատը հետաքրքրող հարցը՝ սցենարի հեղինակ Արմեն Միրզոյանին. աղջիկը կամ տղան վերջում մեռնու՞մ են. «Բոլոր աղջիկները կամ տղաները վերջում ողջ են մնում»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *