2012.06.29,

Քննադատ

Լրագրություն եւ իրականություն

Եթե սերիալների պատկառելի քանակության շնորհիվ մեզանում ռեժիսորի ու դերասանի մասնագիտությունները հետզհետե դառնում են պահանջված եւ գործազուրկի կարգավիճակից դուրս են բերում շատ ու շատ դերասանների ու ռեժիսորների, նույն կերպ էլ լրատվական կայքերի առաջացումն է նպաստում, որպեսզի լրագրողներն աշխատանք ու աշխատատեղեր ունենան: 

Լրագրողներ կան, որ կայքերին զուգահեռ` նաեւ թերթերի հետ են շարունակում համագործակցել, եւ լրագրողներ էլ կան, որ միաժամանակ ու զուգահեռաբար մի քանի կայքերի համար են գրում. այսինքն, եթե աշխատասիրություն, եռանդ ու մի քիչ էլ գրագիտություն ունես, հաստատ աշխատանք ու աշխատավարձ կունենաս, որովհետեւ հիմա մեզանում մանավանդ լրատվական կայքերը սնկի պես են բազմանում ու առաջանում, եւ թերթերը ակնհայտորեն են զիջում կայքերին` հատկապես լրատվության ու հրատապության իմաստով։

Արդեն լրատվական կայքերից շատերն իրենց ուրույն դեմքն ու դիմագիծն ունեն եւ արդեն շոշափելիորեն են իրարից տարբերվում ու առանձնանում, եւ առաջին հերթին տարբերվում ու առանձնանում են իրենց քաղակական ու քաղաքացիական կողմնորոշումներով, ինչպես նաեւ` վերլուծական կարողությամբ ու ընդունակությամբ։

Եվ ահա այստեղ է, որ երիտասարդական եռանդից բացի` նաեւ վերլուծական փորձի ու ընդունակության պահանջն է առաջանում։ Եւ էս ամենի մեջ ուրախալին այն է, որ մեր կայքերը լրագրողական տարբեր սերունդների համագործակցության ու համատեղ աշխատանքի ասպարեզ են դառնում, ընդ որում` միանգամայն հավասար պայմաններով ու հիմունքներով, ի տարբերություն թերթերի, որտեղ առավել հնաբնակ ու առավել փորձառու լրագրողների հեգեմոնիան երիտասարդ անփորձների նկատմամբ արդեն ակնհայտ էր դառնում։

Կայքերի բազմացումից ու նոր մեդիայի տարածումից հետո, ընդհակառակը, փորձառուներն ու համեմատաբար տարիքովներն են  ճգնելու դիմանալ ջահելների մրցակցությանը։ Կայքերի ու ինտերնետային հարթակների բազմացման ու տարածման մեր ժամանակներում  հատկապես մեր համալսարանների լրագրողական բաժիններում  դասավանդողների պարտականություններն ու պարտավորություններն  են ավելանում։

Եվ եթե ասում ենք, որ նոր մեդիայից ու անգամ համակարգչից հեռու լրագրողներն էսօր լրագրության ասպարեզում անելիք չունեն, պիտի հասկանանք նաեւ, որ մեր համալսարանների լրագրության բաժիններում համակարգչին չտիրապետող դասախոսներն ընդհանրապես էդ առարկան  դասավանդելու իրավունքը չունեն։ Ապագա լրագրողներին լրագրություն  դասավանդելու իրավունք ունեն առնվազն նրանք, ովքեր  գործնականորեն են առնչվել հետխորհրդային լրագրությանը, որովհետեւ,  լրագրությունը` լրագրություն, բայց խորհրդային լրագրությունը  հետխորհրդայինի հետ որեւէ առնչություն չունի, եթե չասենք` իրար հակառակ ու հակադիր բաներ են։

Եթե նկատի առնենք, որ մինչեւ վերջերս ժուռնալիստիկայի ֆակուլտետներում դասավանդողները հիմնականում որեւէ առնչություն չեն ունեցել հետխորհրդային լրագրության հետ, հասկանալի կդառնա, թե ինչու ժուռնալիստիկա մասնագիտությամբ շրջանավարտները ժուռնալիստ չէին դառնում, եւ հիմա նոր-նոր սկսում են դառնալ` ոչ միայն էն պատճառով, որ մեր նորագույն շրջանի լրագրողներից ոմանք արդեն դասավանդում են ուսանող լրագրողներին, այլեւ էն պատճառով, որ լրատվական զանազան ու զարմանազան կայքերի գոյացման ու առաջացման շնորհիվ մեզանում բավական մեծ թվով լրագրողական աշխատատեղեր են գոյացել ու առաջացել։

Դրանից էլ բացի, լրատվական նորագույն հարթակները, ի տարբերություն թերթերի, լրատվության անսահմանափակ պահանջարկ են առաջացրել, եւ երիտլրագրողներն ու սկսնակներն օրվա մեջ մի քանի պուճուր ինֆորմացիա են հաջողացնում գրել։ Եւ կարծում եմ, դա իրենց համար  անհամեմատ հաճելի է, քան` օրվա մեջ առնվազն մի լավաշաչափ նյութ գրելը։ Եվ էս հանգամանքից նաեւ ընթերցողներն ու կայքերի հաճախորդներն են շահում, որովհետեւ լավաշի չափ նյութերն իրենց էլ առանձնապես հաճելի չեն։

Հիմա հանկած զգացի, որ ինքս էլ նոր մեդիային ու անգամ համակարգչին  դեռեւս չընտելացած` արդեն սկսում եմ դրանց վերաբերյալ դասախոսել։ Եվ դա էլ է երեւի բնական, որովհետեւ իմ սովորեցնելու՛ ժամանակն է, այլ ոչ թե` սովորելու. սովորելու համար արդեն չափազանց  ուշ է, եւ փառք  Աստծո, որ երիտասարդ լրագրողների համար սովորելու ճիշտ ժամանակն  է, եւ իրենք էլ ցանկություն ու հնարավորություն ունեն սովորելու ու  հմտանալու:

Ընդամենը մի տարի առաջ համոզված կարծում էի, որ անկախության  շրջանի լրագրության մեր վետերաններն ու փորձառուները  դժվարությամբ են իրենց տեղը զիջելու նորերին: Լրատվական նորագույն կայքերի շնորհիվ հիմա բոլորի համար լրագրողական արեւի տակ տեղ կա:

Մնում է ազնվորեն ու անշահախնդրորեն աշխատել:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *