«Գարեգին Նժդեհ». մեդիա պատերազմներում մեր պաթետիկ պատասխանը

29.01.2013, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

«Նժդեհ» ֆիլմին շատերը սպասում էին զգուշավոր լարումով։ Մի կողմից՝ ֆիլմը դեռ էկրան չբարձրացած բազմապիսի զվարճալի մեմերի սկիզբ դրեց (որտեղ ծաղրվում էր թրեյլերի պաթետիկ ռուսալեզու «Յա Գարեգին Նժդեհ» բղավոցը), իսկ մյուս կողմից՝ ակամայից ասոցացվում էր քարոզչության հետ (մանավանդ, որ պրեմիերան համընկավ նախագահական ընտրարշավի հետ ու առաջին հերթին գովազդվեց իշխող կուսակցության անդամների կողմից)։

Իսկ հունվարի 28-ին տեղի ունեցած պրեմիերայի ժամանակ առաջին խոսքը վստահվեց «ՊանԱրմենիան մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանին, ով նշեց, որ պատերազմները հիմա ավելի շատ ոչ թե ռազմի դաշտում, այլ մեդիա տարածքում են ծավալվում։ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ստեղծումը նա պայմանավորեց հենց մեդիա պատերազմներին ակտիվ մասնակցելու անհրաժեշտությամբ։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներն էլ նշեցին, որ այս ֆիլմով վաղվա հայաստանցիներին ավելի հայրենասեր դարձնելու պահանջն է բավարարվում։

Եվ այսպիսով ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Նժդեհը» առաջարկվում էր գնահատել տարբեր դիտանկյուններից (ռազմահայրենասիրական, հերոսական, հուզական, ապագա սերունդների դաստիարակության)՝ համառորեն անտեսելով, որ կինոն առաջին հերթին պատմություն պատմել է նշանակում։

Իսկ պատմությունը որքան էլ փաստագրական լինի, պիտի ոչ թե վերացական (հայ), այլ այսօրվա հանդիսատեսի (հայաստանցու) հետ զրուցելու եզրեր ունենա։

Եվ այստեղ ոչ միայն թույլատրելի, այլև գերադասելի են մեկնաբանությունները։ Ընդհանրապես ազատ ինտերպրետացիայի իրավունքը մեր օրերում ոչ պակաս արժեքավոր է, քան խոսքի ազատությունը։ Եվ ցանկացած կերպար ու գաղափար, որը կարծրացել ու քարացել է, իր նոր կյանքն է գտնում հենց թարմ ու ոչ միանշանակ մեկնաբանության շնորհիվ։

Էներգիայով լի սկզբնաղբյուրը երբեք չի տուժում, եթե իր հետ վարվում են համարձակ ու գրագետ (նույնիսկ անշնորհք մեկնաբանողի ձեռքում այն իր էներգիան չի կորցնում)։

Եվ այն կարծիքները, որ Նժդեհը մեր ամեն ինչն է և իրեն «ձեռք տալ» չի կարելի, ոչ միայն անհիմն, այլև վտանգավոր են։

Ձեռք տալ պետք է։ Զննել, վերադասավորել ու հետազոտել նույնպես։ Մանավանդ, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, բոլշևիկացումն ու անդադար մղվող ռազմական գործողությունները կազմում եմ մի մեծ, հակասական պատմական շերտ, որը գրեթե մեկնաբանված չէ կինոյում։

1918 թվականին Հայաստանը դե յուրե անկախ էր, լի էր վառ անհատներով ու հերոսներով, որոնք հետագայում ոչնչացվեցին, աշխարհով մեկ ցրվեցին կամ էլ «մանրացան»՝ դառնալով ռեպրեսիվ համակարգը աշխետեցնող պտուտակներից (զուգահեռները ակնհայտ են)։

Եվ այդ միաժամանակ կառուցվող ու փլվող, բոցավառ ու շինծու գաղափարախոսներով հարուստ 1920-1940-ականներում ապրել է Գարեգին Նժդեհը՝ մի մարդ, որը սիրում էր հային, հայերենը, իր լեռները, մտածում և ելքեր էր որոնում, համակարգ էր մտնում ու դուրս գալիս (դաշնակների, բոլշևիկների), կռվում ոչ միայն դրսի, այլև ներսի թշնամիների հետ։

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանն ու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հաստատ այդ զուգահեռներն իրենց մտքում տարել են, հարյուր տարվա ընթացքում պատմական կոդերը նույնն են մնացել։ Անհատի (հերոսի) ու համակարգի (կոնֆորմիստների իշխանության) բախումն առավել, քան ակնհայտ է Նժդեհի ճակատագրում։

Սակայն ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության (չեմ ուզում ասել՝ կոնֆորմիզմի) պատճառով որոշել էին հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության։ Ավելի չեն կարողացել կամ չեն էլ ուզել անել։

Նժդեհը ֆիլմում հիմնականում ճառ է ասում, բորբոքվում ու, կլորացնելով աչքերը, պաթետիկ թափահարում է ձեռքերը (հիմնականում դա անում է Նժդեհի երկու դերակատարներից մեկը՝ Արտաշես Ալեքսանյանը)։ Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է հարկավոր երկու դերակատար, մանավանդ, որ երիտասարդ Նժդեհին մարմնավորող Շանթ Հովհաննիսյանը շատ ավելի պատրաստված ու նուրբ դերասան է, քան գոռալով կիրք ցույց տվող Ալեքսանյանը։

Ամեն դեպքում խնդիրը ոչ այնքան դերասաններն են, որքան նրանց խաղալու նյութը։ Ֆիլմի հեղինակները դերասաններին իրապես խաղալու դաշտ չեն տվել, այսինքն՝ չեն տվել դիալոգներ, ենթատեքստերի ու զուգահեռների շանսեր։

Եվ դա առավել ցայտուն երևում է ռուս դերասանուհի Չուլպան Խամատովայի դեպքում, որը պարզապես անզոր է ցույց տալ այն ամենն, ինչի համար իրեն հրավիրել են։ Նա խաղալու բան չունի։

Իսկ երբ ռեժիսորն ու սցենարիստը մեկնաբանության ենթակա փոքր-ինչ տարածք են տալիս դերասաններին, ստացվում է։ Օրինակ՝ այս ֆիլմի հստակ ուրվագծված ու հերոսի մագնետիզմով օժտված կերպարը Խորեն Լևոնյանի կատարմամբ հրամանատար Պողոսն է։ Փոքր դեր, որը ամենից լավն է հիշվում ու ստիպում խորհել հերոսացման սահմանների ու զոհաբերության մասին։ Խորեն Լևոնյանը իրականում մեծ դերասան է և որքան էլ մանրանա ու տիրաժավորի իր անձը որպես հաղորդավար, կինոյում հայտնվելով, միանգամից շողում է (և դա չափազանցություն չէ)։

Դերասանների մասին խոսելու նպատակը իրականում հենց կինոնյութն է։ Այսինքն՝ այն դրվագները, որոնցով և, ի վերջո, կազմվում է story-ն՝ պատմությունը։

Այն ֆիլմը, որը հիմքում պատմական փաստեր ունի, միշտ ռիսկային գոտում է գտնվում։ Եվ մի մոռացեք, որ Նժդեհի մասին փաստավավերագրական ֆիլմ չի նկարահանվել, անգամ գրքի տեսքով փաստերի ամբողջական հավաքագրում չի կատարվել, շատ բան միֆերի ու ենթադրությունների տիրույթում է, ինչը անկասկած բարդացնում է գեղարվեստական կինո նկարահանող ռեժիսորի աշխատանքը։

Նա ստիպված է մեկնաբանել մի բան, որը մեծ իմաստով անհայտ է։ Նաև ստիպված է առավել զգույշ լինել՝ անճշտության մեջ մեղադրանքներին հակադարձելու համար։

Եվ այսպես զգուշավոր ու լայնէկրան կինոյի մասշտաբների հետ գործ չունեցող ռեժիսորը ստեղծում է այն պատմությունը, որն իր մոտ լավ է ստացվում՝ մելոդրաման։ Սակայն մյուս կողմից (նույնպես ստիպված)՝ մաքուր մելոդրամայի ժանրին խառնում է հայրենասիրական պաթոսը։ Նա գերադասում է մնալ մակերեսին ու չսուզվել մեկնաբանությունների այն տարափի մեջ, որտեղ կարելի է «խեղդվել»։

Եվ ստացվում է, որ Հրաչ Քեշիշյանի մեկնաբանությամբ Նժդեհի (փոխաբերական իմաստով՝ նաև Հայաստանի) պատմությունը կազմված է նրա ընտանիք կազմելու ապարդյուն փորձերից, գոռոցներով արտաբերված ճառերից ու տարբեր միջազգային ուժերի (այդ թվում՝ նաև գերմանացի նացիոնալ-սոցիալիստների) հետ համագործակցության եզրերի որոնումներից։ Նույնպես ապարդյուն։

Ռեժիսորը Գարեգին Նժդեհի մաքառումները, արտագաղթն ու բանտարկությունը բերում հանգեցնում է հայրենի հողից մի բուռ սրտին սեղմելու ու երբևէ չտեսած թոռնիկին գրկելու կետում։ Իսկ Նժդեհին այդ հնարավորությունը տալիս է նրա «դահիճը»՝ սովետական դաժան չեկիստը, որը «վարակվում» է Նժդեհի անձի մեծությամբ ու թույլ տալիս արժանի հրաժեշտ տալ հայրենի հողին։

Սա հետաքրքիր ու մարդկային ֆինալ է, սակայն հենց կադրերի կառուցվածքի ու սովետական պաթետիկ (նաև հայաստանյան սերիալային) դերասանական դպրոցի շեշտադրումների պատճառով ծաղրական երանգ է ստանում։

Այս մեկնաբանությունը էկրանավորելու համար բավական մեծ գումար է ծախսվել (7 մլն դոլար), ու շռայլորեն գովեստի խոսքեր են հորդում (շատերին հիմնականում դուր է եկել մելոդրամատիկ շերտը)։

Իհարկե, ուրախալի է, որ Հայաստանում գեղարվեստական կինո է նկարահանվում և այն էլ հեռուստաընկերությունների (արդեն հոլդինգի) նախաձեռնությամբ։

Սակայն առավել ուրախալի է, որ կոնկրետ այս ֆիլմը (իր միապաղաղ պաթետիկ ու սենտիմենտալ ընթացքով) շատերին կհուշի, որ ամեն բան վերանայման կարիք ունի։ Առավելևս բրոնզաձույլ արձանների նման անունները, հերոսները, լոզունգներն ու գաղափարները։

Եվ միգուցե երիտասարդ սերնդին կդրդի սեփական հետազոտությունը կատարել ու սուզվել մի մարդու ճակատագրի ու մտքերի մեջ, որը, թերևս, միշտ համակարգից դուրս էր (նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգի մաս էր)։ Եվ համակարգն էլ, ի վերջո, կործանեց նրան։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?