2016.07.26,

Քննադատ

Սիրեք Ֆեյսբուքը ձեր մեջ, ոչ թե ձեզ ֆեյսբուքում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

ՊՊԾ֊ի գնդի տարածքը գրավելու դեպքի շուրջ գոյություն ունի մի քանի իրականություն։ Այդ իրականությունները ստեղծվել են մեր ջանքերով, բայց մեզնից անկախ։ Այն պատճառով, որ մենք ամեն ինչին փորձում ենք հետեւել երկու միջոցով․ Ֆեյսբուքով եւ Յություբի ուղիղ եթերներով։

Ուղիղ եթերները հանգեցնում են ծույլ ակտիվիստի ձևավորմանը, կամ կարելի է կոչել՝ պասիվիստի։ Մարդու, որը համարում է, որ կարեւորը մասնակցությունն է։ Օլիմպիական սկզբունք։ Բայց՝ առանց օլիմպիական համբերության և հանդուրժողականության։ Այն, ինչ կատարվում է յություբյան ուղիղ եթերների մեկնաբանությունների բաժնում, աշխարհի վերջի մոտիկ լինելուց զատ ուրիշ միտք չի առաջացնում։ Առնվազն, աշխարհավերջյան ներուժը ակնհայտ է։

Պասիվիզմը առաջացնում է տպավորություն, որ եթե մարդկանց կանչես դուրս, ստատուսներ գրես՝ օգտագործելով #ԴուրսԱրիՖեյսբուքից, #ԴավաճանիրԲազմոցիդ, մարդիկ դուրս կգան փողոց ու կգնան ցույցի։ Ինչպես իմ մի շատ լավ ծանոթն է ասում (անունը չեմ տա), մարդիկ արդեն դուրս են եկել փողոց, գնացեք ու նայեք, բոլորը  նստած են Կասկադի սրճարաններում։

Մյուս ամենամեծ խնդիրներից է Ֆեյսբուքը։ Այս հարթակում գործում են շրջակա միջավայրի սեփական օրենքները, հատուկ ալգորիթմերը, որոնք որոշում են, թե ում գրառումը եւ երբ դուք պետք է տեսնեք ձեր պատին, իսկ ձեր ըներներից ում գրառումները դուք ընդհանրապես չեք էլ տեսնելու մոտակա ժամանակ։

Ֆեյսբուքի աստվածները ամեն ինչ անում են, որ դուք այստեղ մնաք, ուրիշ տեղ չգնաք ու շարունակեք ձեր աչքերով գումար վաստակել իրենց համար՝ գովազդ նայելով։ Իսկ որպեսզի դուք չփախչեք, հատուկ ալգորիթմերով այնպես են դասակարգում ձեր պատին հայտնվող գրառումները, որպեսզի դրանք ձեզ իսկապես դուր գան, չվանեն եւ չդրդեն գնալ ուրիշ սոցիալական ցանց, օրինակ, Օդնոկլասնիկի կետ ռու։

Այս իսկ պատճառով, Ֆեյսբուքի ներքին մեխանիզմը անընդհատ ձեզ հետեւում է, նայում է, թե դուք ինչ էք կարդում (ասեմ, որ Ֆեյսբուքը ձեզ հետեւում է նաեւ իրենից դուրս, բոլոր այն կայքերի վրա, ուր կա իր լայքի կոճակը, ձեզ նույնպես հետեւում են ու անընդհատ հաշվարկում), ինչ եք լայքում, մեկնաբանում, ում հետ եք շփվում, նույնիսկ՝ ում նկարներն եք հետաքրքրությամբ դիտում իր էջում։ Սա եւ հարյուրավոր այլ նուրբ պարագաներ հաշվի առնելով՝ Ֆեյսբուքը ձեւավորում է ձեր պատին հայտնվող նյութերի ցանկը։

Այս ալգորիթմի աշխատանքը ունենում է տարօրինակ հետեւանքներ։ Մարդիկ, հատկապես քաղաքական եւ հասարակական սրացումների ժամանակ, սկսում են հենց Ֆեյսբուքի միջոցով իմանալ նորությունները։ Բնականաբար, մարդիկ հիմնականում տարածում են այն լրատվամիջոցների նորությունները, որոնց իրենք հարում են մոտեցումներով։ Նույնը վերաբերում է այլ օգտատերերի գրառումներին։ Որպես հետեւանք, Ֆեյսբուքի ալգորիթմը սկսում է աշխատել։ Եվ մարդիկ սկսում են կարդալ իրենց համախոհների գրածները, քանի որ ֆեյսբուքը համարում է, որ մարդիկ պետք է կարդան իրենց հետաքրքրող մարդկանց գրառումները։

Եվ ստացվում է, որ մենք սկսում ենք ապրել մի քանի իրականություններում։

Իշխող կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են համարել, որ բոլորը կիսում են իշխանության մոտեցումները։ Դե, իհարկե, չհաշված մի քանի անպատասխանատու մարդկանց եւ իրենց ֆեյքերի։

Իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցողները սկսում են համարել, որ բոլորը հակաիշխանական հայացքներ ունեն, ու հակառակ կարծիք ունեն միայն մի շարք ֆեյքեր եւ պարոն Աշոտյանը։

Իսկ իրականությունը այն է, որ Ֆեյսբուքից չի կարելի կարծիք կազմել հասարակական կարծիքի մասին։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *