Հասցեական հեռուստասթրես

25.02.2012, Քննադատ

Լրագրող, աշխատում է «Ա1+»-ում:

 

Այս տարվա հունվարի 30-ին ընդդիմադիր լրատվամիջոցներում աղմուկ բարձրացավ՝ ինչու՞ ՊՆ-ի կայքում տեղադրված չէ դեռեւս հունվարի 27-ին ԼՂՀ զորամասերից մեկում սպանված Փայլակ Շահնազարյանի մահվան լուրը: ՊՆ-ն արձագանքեց անմիջապես՝ տեղադրված է: Փետրվարի 23-ին կայքերը գրեցին, որ «Ասկերանի զորամասերից մեկում զինվորն ինքնասպանության փորձ է կատարել»: Համոզվելու համար, որ տեղեկությունը մատից ծծած չէ, մտնում ենք ՊՆ կայք

Կայքի վերջին երեք օրերի ամբողջ երեք նյութերի վերնագրերն են՝ «Ռուսաստանում կայացած հավաք-մրցույթին 6 երկրների շարքում հայ պատանիները պատվով են ներկայացրել Հայաստանը» (23.02.2012), հաջորդը՝ «ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին» (22.02.2012), մյուսը՝ «ՀՀ զինված ուժերի օպերատիվ կազմի հավաք» (20.02.2012): Մի խոսքով, երեք օր առաջ ինքնասպանության փորձ կատարած արարատցի զինծառայողի մասին ոչ մի խոսք: Նա պաշտոնապես չկա, նրա հարազատությունը հավաստիանալու համար պաշտոնական խողովակ չունեն, պետք է լրատվական կայքեր քրքրեն, որոնք, ինչպես վերջերս կառավարության դիմաց ինձ ասում էր սպանված զինծառայողի հարազատներից մեկը, «իրենց էժան լուրերով այ ստեղներս (ցուցամատը տանում է կոկորդի վրայով- Մ. Ա.) են հասցրել»:

Ինչի՞ց է ապահովագրվում ՊՆ-ն: Հայացք ենք թեքում հեռուստանորությունների ուղղությամբ: «Շանթի» «Հորիզոն» լրատվականը փաստում է՝ «Հայրենիքի պաշտպանի օրը Հայաստանում այցելություն Հաղթանակ զբոսայգում»: ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալն ասում է՝ պատրաստ ենք ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում պատժել հակառակորդի ցանկացած ոտնձգությունը: Հ1-ի «Առաջին լրատվականը» նույնպես լռության է մատնել փաստը: 

Հասկանու՞մ եք, միգուցե, էթիկական պատճառներով չի կարելի չմահացած զինվորի ինքնասպանության փորձը թմբկահարել, քանի որ դա բանակում զինվոր որդիներ ունեցող մայրերի համար ստրեսային լուր է:  Բայց ինչու՞ եք իրար հերթ չտալով կարդում փետրվարի 23-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակոցի արդյունքում զինվորի սպանության մասին լուրը: Չէ՞ որ դա «լրացնում» է սթրեսի այն չափաբաժինը, որը փորձել եք կոծկել ինքնասպանության փորձ կատարած զինվորի արարքը թաքցնելով: Ընդ որում, Չինարի գյուղի ուղղությամբ հնչած մահացու կրակոցի մասին նույնպես ՊՆ կայքում ոչինչ չկա: Թեպետ բոլոր լրատվական կայքերը փոխանցում են ՊՆ ցավակցությունը սպանված Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:

Իսկ ի՞նչ են անում հեռուստաընկերությունները: Կարդում են լուրեր, որոնց «զոհին», այսինքն, հասցեատիրոջը չես ընկալում: Դա կոչվում է լուրի հակահասցեականություն, այսինքն, ամեն կերպ փորձում են ապահասցեավորել լուրը: Ահա ինչու է ինտերնետն առանց մեծ ջանքերի խժռում հեռուստահաճախականություն ունեցող հեռուստաընկերություններին: Որովհետեւ ինտերնետն ընդամենը «քլիքի» մրցավազք է: Նշանակում է, տեսնում են այն աչքերը, որոնք «խժռելու» են իրենց լուրը:  

Հասկանալի է, որ հեռուստաընկերություններն իրենց առջեւ մրցակցության խնդիր չեն դրել: Դիցուք, «Արմենիան» մյուս հեռուստաընկերությունների հետ մրցակցության մեջ է կայքի մակարդակով: Circle.am-ում երբեմն առաջին տեղում է, բայց՝ երկրորդ տեղում՝ առնվազն: Իր կայքում նա տեղադրել է Հրաչ Խլղաթյանի ինքնասպանության փորձի մասին լուրը: Եվ կոնկրետ փետրվարի 23-ի 23.41-ի դրությամբ 77 հազար այցելու է ունեցել: Երկրորդ տեղում է։ Փոխարենը Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի զորավարժությունների մասին խոսեցին բոլոր առաջատար հեռուստաընկերությունները: Հիմա պատկերացրեք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տագնապները: Այստեղ հասցեականությունն այնպես է սթրեսավորում սահմանամերձ հեռուստադիտողին, որ նա մտածում է գլուխն առնելու ու այս երկրից փախչելու մասին: Բայց ինչու՞ են հաղորդում: Որովհետեւ այս զորավարժություններում մեր բանակի կամ իշխանությունների մեղքը չկա: Ընդհակառակը, չի բացառվում, որ, մասնավորապես, ադրբեջանական զորավարժությունները մեր բանակի հանդեպ պաթոլոգիկ վախը հաղթահարելու մի քայլ են: 

Ըստ էության ո՞րն է խնդիրը: Այն, որ հեռուստատեսությունը չի կարողանում փաստից հեռու գնալ, այսինքն, չի կարողանում իրացվել փաստը հասունացնելով, այսինքն, գնալ զորամաս, փորձել հասկանալ զինվորականի ինքնասպանության փորձի պատճառները, խոսել զինծառայակիցների հետ, մտնել զինվորի հարազատների բնակարան, հանդիպել ընկերներին: Ինքը փաստով ավարտում է իրադարձությունը եւ ոչ թե սկսում: Այս ամենը հեռուստալրագրողն այսօր անել չի կարող։ Որովհետեւ նա կարծես աշխատում է ոչ թե հանրային պատվերի դաշտում, այլ կոնյունկտուրայի: 

Մհեր Արշակյան

The views expressed in the column are those of the author's and do not necessarily reflect the views of Media.am.

Add new comment

Comments by Media.am readers become public after moderation. We urge our readers not to leave anonymous comments. It’s always nice to know with whom one is speaking.
 

We do not publish comments that contain profanities, non-normative lexicon, personal attacks or threats. We do not publish comments that spread hate.
More information?