2014.09.09,

Քննադատ

Բլոգս ֆեյսբուքիդ վնաս չէ…

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երեկ լավ լուր կարդացի. գործընկերս՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, որոշել է շարունակել իր բլոգը:

Շաբաթվա կտրվածքով սա Հայաստանում բլոգերի մասին երկրորդ նմանատիպ լուրն էր, որ ստանում էի: Առաջինն այն էր, որ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բլոգ է վարում եւ իր համար օրը մեկ գրառում կատարելու կանոն է սահմանել:

Ես ուրախանում եմ, երբ Հայաստանում հայտնի, հաջողակ, ասելիք ունեցող մարդիկ բլոգ են վարում: Ֆեյսբուքում հայտնիները, փորձառուներն ու հաջողակները շատ են, իսկ բլոգ վարելը վերջին տարիներին «մոդայից դուրս» էր կամ մոդայիկ խոսքով ասած՝ «թրենդում չէր»:

Հայաստանում հիմա շատ ավելի քիչ մարդիկ են բլոգ վարում, քան մինչեւ 2011-2012 թվականները, երբ սկսվեց դեպի Ֆեյսբուք մասսայական արտագաղթը: Բլոգերների՝ ավելի ու ավելի շատ Ֆեյսբուքը նախընտրելու պատճառներից մեկն այն է, որ բլոգ վարելն ավելի աշխատատար է, քան Ֆեյսբուքում գրելը:

Ասածս հիմնավորելու համար բերեմ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան Բարոմետր 2013» հետազոտության տվյալները: Ինտերնետ օգտատերերի միայն մեկ տոկոսն է ասել, որ բլոգ է վարում կամ կարդում է ուրիշների բլոգերը: Նույն հարցման մասնակիցների 35%-ն ասել է, որ շաբաթն առնվազն մեկ անգամ օգտվում է Facebook-ից:

Իմ անձնական դիտարկումներով, մինչեւ ֆեյբուքիզացիան, բլոգը որպես սեփական օնլայն ներկայության վայր ընտրողների թիվը շատ ավելի շատ էր: Սակայն բլոգը խնամք է պահանջում եւ մշտական օրիգինալ բովանդակություն, իսկ Ֆեյսբուքում «ապրելը» շատ ավելի հեշտ է:

Ես դեմ չեմ Facebook-ին: Ես կողմ եմ հնարավորինս շատ ինտերնետային հարթակներ օգտագործելուն: Facebook-ը՝ քննարկումների եւ բովանդակությունը տարածելու համար, Twitter-ը՝ տեղեկատվոթյունը արագ տարածելու, զարգացող իրադարձության մասին տեղեկատվություն ստանալու համար, Tumblr-ը՝ անիմացիոն գիֆերի, Instagram-ը՝ լուսանկարների, իսկ Flickr-ը լուսանկարները պահելու եւ տարածելու համար: Ցանկը կարող եմ շարունակել:

Բլոգը հարմար է այն դեպքում, երբ խնդիրը որոնելի, օրացույցով, դասակարգված արխիվացիա ունեցող, ճկուն եւ հարմար դիզայնով բովանդակություն ստեղծելն է:
Եւ իհարկե բլոգի կարեւոր բաղադրիչներից է համայնքը կամ կայուն լսարանը, որ ձեւավերվում է բլոգի հեղինակի շուրջ: Երբ ընթերցողը քո բլոգն է գալիս ոչ թե Ֆեյսբուքում գրառմանդ հղումը տեսնելով, այլ պարբերաբար այցելում է քո բլոգ կամ էլ բաժանորդագրվում է բլոգիդ էլեկտրոնային փոստի կամ RSS-ի միջոցով:

Այս վերջին բաղադրիչի՝ համայնքի համար, ազդեցիկ, փորձառու, ոլորտի առաջատար մարդիկ շատ կարեւոր են: Այս տարվա ընթացքում Հայաստանում բլոգերի վերաիմաստավորման շարժ եմ նկատում: Հոդվածի սկզբի օրինակները այդ շարժի դրսեւորումներն են:

Եւ վերջում բերեմ այն հայկական բլոգերի ցանկը, որ ես կարդում եմ (հերթականությունը պատահական է եւ ցուցակում միայն ակտիվ բլոգերն են):

Թերթ.am/Բլոգ
Armblog.net
Սամվել Մարտիրոսյանի անձնական տարածք
Մարկ Գրիգորյանի բլոգը
Միքայել Յալանուզյանի բլոգը

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *