Աստղերը հուշում են, հեռուստաալիքները լուսաբանում

08.02.2012, Քննադատ

Կրթությամբ կինոդրամատուրգ է: Գրում է պատմվածքներ, պաստառ-պատմվածքներ, կինոսցենարներ: Աշխատել էորպես օրաթերթի լրագրող:

Փետրվարի 6-ին մի «հույժ կարեւոր» մամուլի ասուլիս տեղ էր գտել գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում: էլյա Հովհաննիսյանին որոշ լրատվամիջոցներ ներկայացնում էին որպես աստղագետ, մյուսները` որպես ատղաբան, մաթեմատիկոս: Ասուլիսին ներկա էին ոչ միայն հեռուստաընկերությունների, այլեւ էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողները: Բայց, այնուամենայնիվ, հենց հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերն էին լավագույնս լուսաբանել ասուլիսը: Որպեսզի մեր ընթերցողը հասկանա, թե ինչ կարեւոր մտքեր էր արտահայտում «աստղաբան-մաթեմատիկոսը» եւ ինչու էին հեռուստաընկերություններն անդրադարձել այդ ասուլիսին, բերենք մի մեջբերում. «2012 թվականի հոկտեմբերից հետո կշատանա մահացության թիվը: Պետք է զգուշանալ ոչ թե մահից, այլ խանգարումից: Մահացածները կարող են վերածնվել, իսկ խանգարում ստացած անձինք այլեւս չեն կարող վերածնվել:Մարդկությունը կոչնչանա այն ժամանակ, երբ կվերանա բուսական աշխարհը, հետո կենդանական աշխարհը: Դա կլինի մոտ 120 տարի անց» :

Նմանատիպ զավեշտական մտքեր ասուլիսում շատ են հնչել եւ դրանք թվարկելը երկար ժամանակ կպահանջի: Բայց ամենակարեւորն այն է, որ «աստղագետը» մարդկության ապագայի հետ կապված դարակազմիկ գուշակությունների արանքում չմոռացավ նշել, որ Հայաստանը ծաղկում եւ բարգավաճում է եւ  նրան վտանգ չի սպառնում: Ինչպես նաեւ չմոռացավ իր մասնագիտական գովքն անել`«Ինձ մոտ հերթեր են գոյանում», եւ իր գրքերը գովազդել`«Ես գրել եմ յոթ գրքեր, որոնք աղջիկների համար են: Այդ գրքերը եթե աղջիկները չուսումնասիրեն, չեն կարող գտնել իրենց կեսերին: Աղջիկների մեծ մասը չեն ամուսնանում նրա համար, որ նրանց կեսը նրանց մեջ չէ»: Սա կարևոր է հասկանալու համար, որ մենք գործ ունենք ոչ թե անառողջ սեւեռումներով մարդու հետ, այլ հաջողակ «մասնագետի», ով հստակ պատկերացնում է իր հաճախորդների թիրախային խումբը:


Այն, որ հեռուստաընկերություններն իրենց լրատվական ծրագրերում տեղ են հատկացնում նման ասուլիսներին, վկայում է, որ նրանք եթերաժամը լցնելու խնդիր ունեն, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք հեռուստաընկերությունների որդեգրած քաղաքականությունը: Երբ լրատվամիջոցները չեն ցանկանում կամ չեն կարող ներկայացնել հասարակության եւ պետության ներսում առկա իրական խնդիրները, ապա նրանք ստիպված են պսեվդոգիտական ցնդաբանություններ ներկայացնել:

Նկատենք, որ եթե մի լուրջ գիտնական իր աշխատանքները ներկայացներ, խոսեր գիտության ոլորտում առկա խնդիրներից, ապա դժվար թե այդքան լրատվամիջոցներ ներկայանային նրա ասուլիսին եւ այսքան լրջորեն լուսաբանեին: Տիկին Հովհաննիսյանին ներկայացնում էին աստղագետ, մաթեմատիկոս, որովհետև նա այդպես էր ներկայացել: Ստացվում է, որ ով ցանկանա, կարող է մաթեմատիկոս եւ ֆիզիկոս ներկայանալ, եւ լրատվամիջոցներն այդպես էլ կներկայացնեն նրան հեռուստադիտողին:

Աստղաբանի ասուլիսի լուսաբանումը «արդարացված» կլիներ, եթե լրատվամիջոցներն այդ ասուլիսից հեռուստադիտողին ներկայացնեին միայն այն հատվածը, որտեղ «մաթեմատիկոսն» իր գուշակությունն էր հայտնում, թե Հայաստանում ամեն ինչ լավ է ու ավելի է լավանալու: Դա կլիներ գործող իշխանության արդյունավետ գործունեության «գիտական հիմնավորումը» եւ մոտեցող ընտրությունների համատեքստում ընկալելի կլիներ հեռուստադիտողի համար: Բայց խնդիրն այն է, որ այդ «գիտական պայծառատեսության» հատվածներից զատ, լրատվական ծրագրերը ներկայացնում էին նաեւ մնացած ցնդաբանությունները: Օրինակ` մոլորակների «փոխհարաբերությունների» արդյունքում ինքնասպանության մտքով տարված մարդկանց տրվող խորհուրդները.« Ճիշտ կլինի, որ այդ մարդիկ, այդ երկու-երեք օրը, առավոտյան,մինչև բռնկումը, մտնեն դուշի տակ: Լողանալը չի խնդիրը, այլ ուղղակի մի քիչ երկար մնում են դուշի տակ, դրսից մաքրվում են այդ միկրոմասնիկներից»:

Եթե որոշ լրատվամիջոցներ հեռուստադիտողին հուշեցին, որ պետք չէ լուրջ վերաբերվել «աստղագետի» ասուլիսը ներկայացնող տեսանյութնին, ապա «Հ2» հեռուստալիքը տիկին Հովհաննիսյանի ասուլիսը ներկայացրեց ընդգծված լրջությամբ: «Արմնյուզ»-ի տեսանյութը նույնպես  լուրջ էր, սակայն տեսանյութի բովանդակության զավեշտական բնույթի մասին հուշում էր հաղորդավարուհու ժպիտը: Միայն «Շանթ» հեռուստաընկերությունն էր, որ լրջորեն կասկածի տակ դրեց տեսանյութի «լրջությունը»: Ասուլիսի ժամանակ «աստղագետ-մաթեմատիկոսի» հնչեցրած մտքերը զուգակցվում էին  հոլիվուդյան գիտաֆանտաստիկ եւ սարսափ ֆիլմերից վերցված կադրերով: Իսկ տեսանյութի ավարտից հետո Արամ Աբրահամյանն ու Արմեն Դուլյանը «թեմատիկ վերլուծություններ» շարքում իրենց կարծիքը հայտնեցին տեսանյութի կապակցությամբ: Արամ Աբրահամյանը հեշտությամբ հիմնավորեց, թե ինչու է ինքը նման մարդկանց «շառլատաններ» համարում:

Այսպիսով միայն «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագիրը որոշակի պատասխանատվություն դրսեւորեց եւ հեռուստադիտողին միայնակ չթողեց «աստղագետ-մաթեմատիկոսի» ցնդաբանությունների առջեւ:  Միայն թե արժե՞ր արդյոք այդքան եթերային ժամանակ տրամադրել «շառլատանին»՝ նախ ներկայացնել ասուլիսը, ապա վերլուծել այն: 

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?