Համառոտ ակնարկ՝ հայ-ամերիկյան հեռուստաընկերությունների մասին

04.07.2012, Նյուսրում

Լոս Անջելեսում ամերիկահայ հեռուստալսարանի համար գործում է շուրջօրյա եթեր ունեցող 9-ը հայալեզու հեռուստաընկերություն: Charter Communication-ի կաբելային կայանը ապահովում է սփռման սահմանափակ տարածք՝ (Գլենդեյլ, Բըրբանք, Լա Քրասենթա, Լա Քանադա): Որոշ կայաններ հնարավորություն ունեն օգտվելու արբանյակային հեռարձակումից (Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեքսիկա): 1993 թվականին հիմնադրված Charter Communication Cable Station-ը հայ գործարարներին հնարավորություն ընձեռնեց հեռուստաեթերի հաճախականություններ գնել եւ հիմնել հեռուստաալիքներ։ Հայերի մեծ հոսքն էլ Միացյալ Նահանգներ ձեւավորեց հեռուստալսարանը: Charter Communication Cable Station-ն ունի երեսուն հինգ հազար հայ ընտանիք  բաժանորդ՝ դրանից 25 հազարն է, որ հետեւում է հայկական հաղորդումներին: 

Տեղական քաղաքական կյանքին ոչ ակտիվ հաղորդակցվող հայ համայնքը շատ ասելիք ու ցուցադրելիք չունի: Հեռուստաընկերության հեղինակությունը գնահատվում է սեփական հաղորդումների քանակով: Կան նաեւ գովազդային բնույթի ծրագրեր: Նման ծրագրեր ունեն բժիշկները, փաստաբանները եւ զբոսաշրջային, ավտոմեքենաների, անշարժ գույքի առ ու վաճառքի գործակալները: Հեռուստաեթերը սնվում է նաեւ Հայաստանում պատրաստված հաղորդումներով ու սերիալներով: 

Բոլոր հայկական ալիքներն էլ ունեն երիտասարդներին գրավիչ լինելու խնդիր՝ մանավանդ, որ ինտերնետն արդեն նոր սերնդի գերադասած տեղեկատվական միջոցն է: Հեռուստադիտողները հիմնականում մեծահասակներ են, ովքեր  անգլերեն լեզվի դժվարություն ունեն եւ դեռեւս չեն ներգրավվել ամերիկյան միջավայրին, կամ հետաքրքվում են միայն Հայաստանի իրադարձություններով: 

Տեղական հեռուստատեսությունը հայերեն լեզվի ուսուցման եւ տարածման խթանն է: Իսկ եթե հաշվի առնենք, որ ամենաշատ հեռուստալսարանն ունեն Հայաստանում նկարահանված սերիալները, ապա այդտեղ հնչած հայոց լեզուն էլ դառնում է ընդօրինակելի բոլորի համար: Հեռուստադիտող պարսկահայերն եւ արեւմտահայերն հայերենը հղկելու փոխարեն ռուսերեն բառեր եւ փողոցային խոսելաձեւ են սովորում:   

Դիմագիծ ձեւավորած ամենահին ամերիկահայ հեռուստաալիքը Հորիզոնն է, որն ունի քաղաքական նպատակ եւ ասելիք: Հիմնադրել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն՝ 1989 թվականին: Հորիզոնը հետեւողաբար լուսաբանում է Հայ դատի հանձնախմբի ծրագիրը, համայնքի անցուդարձը: Հայտնի է լուրերի թողարկմամբ, քաղաքական մեկնաբանություններով: Մի քանի ամիս է ինչ Հորիզոնը համագործակցում է Մերիդիան ստուդիայի հետ (տնօրեն Սեւակ Պետրոսյան): Համատեղ աշխատանքի ընթացքում էլ ծրագրերի մեջ հիմնական շեշտը դրվում է համայնքի համար կարեւորություն ներկայացնող թեմաների վրա: Ստուդիայից դուրս աշխատում է Հորիզոնի նկարահանող խումբը՝ լուսաբանելով իրադարձությունները: Հորիզոնը հաղորդումները հեռարձակվում են  անգլերեն, արեւելահայերեն եւ կարեւորը՝ դա միակ կայանն է, որը հատուկ ուշադրություն է դարձնում արեւմտահայերենին: Տեխնիկապես ամենահագեցված հեռուստաալիքն է:

Սփռման մեծ տարածքով եւ հասանելիությամբ է հայտնի է ARTN-Armenian Russian Television Network հեռուստակայանը (հիմնադիր Ռոբերտ Օղլախչյան): Russian TV անվանմամբ գործել է 1985 թվականից՝ որպես հեռուստաժամ, ապա հեռուստակայան: Օգտվում է ոչ միայն  տեղական հեռարձակման կայաններից այլ հասանելի է նաեւ Միացյալ նահանգների ողջ տարածքում, Մեքսիկայում եւ Կանադայում: ARTN–ն ունի ամենամեծ հեռուստալսարանը: Հեռուստաալիքը համագործակցում է Հայաստանյան Շանթ հեռուստաընկերության հետ՝ հեռարձակելով Շանթի հաղորդումներն ու համատեղ հաղորդումներ պատրաստելով: ARTN-Շանթ հեռուստակայանի նպատակն է հետաքրքիր լինել նախկին խորհրդային միությունից արտագաղթած բնակիչների համար՝ առաջարկելով բազմատեսակ ժամանցային ծրագրեր եւ հեռուստասերիալներ՝ հայերեն եւ ռուսերեն: Կայանն ունի իր սեփական հեռուստահաղորդումներն ու իր հավատարիմ հեռուստալսարանը:


Համայնքում լավագույնը լինելու հայտով 2008-ին ներկայացավ USArmenia հեռուստակայանը (հիմնադիրներ Բագրատ եւ Վահագն Սարգսյաններ): USArmenia-ն գործունեության առաջին օրերից հայտատարեց, որ Միացյալ նահանգների թիվ մեկ հեռուստաալիքն է , անտեսելով մյուս ալիքների ներդրումները: USArmenia-ն հայ ամերիկյան հեռուստաընկերություններին գերազանցելու իր խոստումը պահելու համար որոշեց նկարահանել առաջին հայ-ամերիկյան հեռուստասերիալը՝ Էմիգրանտները: Այս հեռուսաալիքի հիմնադրվելուց հետո հայ ամերիկյան հեռուստադաշտում առաջ եկավ մրցակցություն՝ USArmenia-ի եւ՝ ARTN –Շանթի միջեւ:

Best TV հեռուստաընկերությունը USArmenia-ի մասնաճյուղն է, սակայն սփռման փոքր տարածքով՝ (Charter Cable Station): Best TV-ն ցուցադրում է Հայաստանում պատրաստված լավագույն հաղորդումները (ընդ որում՝ հայաստանյան տարբեր ալիքների արտադրանքը) եւ USArmenia-ի հետ համագործակցաբար հաղորդումներ պատրաստում:


AMGA- Armenian Media Group of America հեռուստալիքը հիմնադրվել է 1999 թվականին (հիմնադիր՝ Էդիկ Քալաջյան ): Օգտվում է արբանյակային հեռարձակումից՝ Միացյալ նահանգներ, Կանադա, Մեքսիկա: AMGA  հայաստանյան ընդդիմության հեռուստաբեմն է, ունի այդ թեմաներով մի քանի հեղինակային հաղորդումներ: Ընդդիմադիր մոտեցումը այս ալիքի առանձնահատկությունն է, թեպետ կան նաեւ գովազդային բնույթի եւ ժամանցային այլ հաղորդումներ:

Համայնքային իրադարձություների լուսաբանման վրա է կենտրոնացած AABC –ն՝ Armenian American Broadcasting Corporation-ը: Հիմնադրվել է 2008 թվականին (հիմնադիր՝ Վրեժ Աղաջանյան): Նպատակն է լինել տեղական հեուստաընկերություն՝ անդրադառնալ Ամերիկայում բնակվող հայերի խնդիրներին:  AABC-ն մշտապես լուսաբանում է նահանգի օրենքներն ու նորամուծությունները, քաղաքական ու բժշկական հարցերը: Հեռուստաընկերությունն համարում է որ իր աշխատանքով պետք է օգտակար լինի հայ հեռուստադիտողին: Ծրագրում կան նաեւ ուսումնական ու մշակութային հաղորդումներ:


Icfn.tv -International Christian Family Network-ի նպատակը քրիստոնեական հավատքի քարոզն է։ Հիմնադրվել է 2008 –ին՝(հիմնադիրներ Վահե եւ Հիլդա Մարանյաններ): Եկեղեցիների եւ հոգեւոր այլ կազմակերպությունների հետ համագործակցելով՝ հեռուստաընկերությունը ձգտում է բոլորին համատեղել սիրո ու միասնության գաղափարի շուրջ՝ եթեր տրամադրելով քրիստոնեության տարբեր արտահայտումներին՝ կաթոլիկ, բողոքական ավետարանական: Ըստ ալիքի մարտավարության՝ գովազդատուների եւ հովանավորների գործելակերպն էլ չպետք է հակասի քրիստոնեական  պատվիրաներին:


1996 թվականից գործում է High Vision հեռուսատաընկերությունը (համահիմնադիր Ջորջ Ասատուրյան): Հաղորդումները հեռարձակվում են հայերեն եւ պարսկերեն: Նպատակն էլ հենց հայ պարսական մշակույթի ներկայացումն է, ծրագրում երաժշտական տեսահոլովակներ են եւ պարսերեն կինոնկարներ:    

Հեռուստաընկերությունների այս ցանկին է միանում նաեւ Հ1 հեռուսատալիքը, որը համարում է, որ սփյուռքը պատրաստ է դիտելու ամեն ինչ՝ հայրենիքի մասին:  Սակայն ամերիկահայերը Հ1-ից սպասում են Հայաստանին հիմնահարցերին վերաբերող առավել տեղեկատվական հաղորդումներ, որոնք իրենց պրոֆեսիոնալ մոտեցմամբ առաջատար կարող են լինել համայնքում գործող հեռուստաընկերությունների շարքում: Հ1-ն ունի իր սեփական թղթակիցը Լոս Անջելեսում: 

Լոս Անջելեսում գործող հայալեզու հեռուստաընկերությունների մասին պատմող ակնարկի ավարտին ուզում եմ ներկայացնել թե ինչ հաղորդումներ են ցուցադրել 2012թ. հունիսի 23-ին, հոդվածս գրելու պահին վերը նշված հեռուստաալիքները՝ ըստ Charter Cable Station-ի թվակալած ալիքների:

AMGA «Վարագույր» հաղորդաշար՝ Ռուդիկ Հովսեփյանի հետ
High Vision Երաժշտական տեսահոլովակներ
Icfn.tv Քարոզ տեխնիկական առաջընթացի եւ Աստծո հավատքի մասին
AABC California Dental Group Հաստատության ծրագրի գովազդային բնույթի հաղորդում
Horizon Մ Քլաբ Հանդիսատեսի կողմից քվեարկության ներկայացված տեսահոլովակներ, որոնց ցուցադրության հաճախականությունը կախված է քվեարկության արդյունքներից
USArmenia Հեռուստասերիալ՝ «Եղբայրներ»
Best TV «Բանաձեւ» հաղորդաշարը՝ Արտակ Ալեքսանյանի հետ
ARTN-Շանթ Corner հաղորդաշար՝  Թագուհի Վարդանյանի հարցազրույցը բժիշկ Վիգեն Սեֆիլյանի հետ
Հ1 Հեռուստասերիալ «Երեք ընկեր»

 
Անի Թադեւոսյան, Լոս Անջելես

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?