2012.09.19,

Քննադատ

Թերթերի տպաքանակի տատանումները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալները փաստում են, որ 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի հանրապետության տարածքում պաշտոնապես գրանցված է 1000-ից ավելի տպագիր մամուլի միավոր՝ 825 օրաթերթ եւ 388 ամսագիր։

Հասկանալ, թե որքան թերթ է օրական տպագրվում Հայաստանում, բավականին բարդ է, քանի որ իրական տպաքանակի աուդիտը պետական մարմինների իրավասությունից դուրս է։ Թերթերը գրանցվում, հաշվառվում են ՀՀ Արդարադատության նախարարության պետռեգիստրի ցանկում եւ աշխատում «լողացող» տպաքանակի սկզբունքով՝ անհատական պայմանագրեր կնքելով տպագրատների հետ։ 

Իսկ դա նշանակում է, որ թերթերի էջերում նշված տպաքանակը կարող եւ չհամապատասխանել իրականին։ Սովորաբար հենց այդպես էլ լինում է։ Այդ հարցում ազնիվ լինելու կամ չլինելու որոշումը կախված է յուրաքանչյուր թերթի բարեխճության (նաեւ խիզախության) աստիճանից։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը նյութական կրիչի վրա թողարկված լրատվական միջոցից ի թիվս այլ ինֆորմացիայի՝ պահանջում է  ներառել նաեւ տվյալ թողարկման օրինակների ընդհանուր քանակը։ Տպագիր մամուլի դեպքում դա տպաքանակն է, որը սովորաբար մանր թվերով նշվում է թերթերի վերջին էջում։

Եվ քանի որ թերթերի հարկեր են մուծում ոչ թե հայտարարագրված, այլ վաճառված օրինակների հաշվարկով, ապա շատ թերթեր բավականին ազատ են վարվում տպաքանակի թվերի հետ։ Բոլոր թերթերը յուրաքանչյուր օր տպագրատներին կարող են պատվիրել տարբեր տպաքանակներ (դա կախված է թերթի մեջ ներառված նյութերի կարեւորությունից, տարվա եղանակից, շաբաթվա օրերից կամ էլ այլ գործոններից)։

Որոշ օրաթերթեր տպագրված օրինակների քանակը անգամ չեն էլ նշում, թեեւ պարտավոր են դա անել։ Այդպես են վարվում, օրինակ, «Հայաստանի հանրապետությունը», վերջերս նաեւ՝ «Առավոտը»։ Իսկ որոշ թերթեր փոքր-ինչ (կամ էլ զգալիորեն)  մեծացնում են հայտարարագրված տպաքանակը։ Այսինքն, թերթն իր ընթերցողին մեկ թիվ է հայտնում, իսկ տպարանին պատվիրում բոլորովին այլ քանակի օրինակներ։ Ընդ որում՝ տարբերությունը կարող է անգամ մեկ զրո լինել։

Իրականում թերթերը այդպես են վարվում ոչ թե ընթերցողին միտումնավոր մոլորեցնելու, այլ  իմիջ ստեղծելու (կամ էլ երբեմնի իմիջը պահպանելու) նպատակով։ Եթե շատ օրինակներ ես տպագրում, ուրեմն ընթերցող ունես։ Իսկ եթե ընթերցող ունես, ուրեմն պահանջարկ ունեցող լրատվամիջոց ես ու կարող ես գոհ լինել քո աշխատանքից։ Թերթերի այս ուղերձը ուղղվում է առաջին հերթին թերթերի հովանավորներին, գովազդատուներին, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերին ու մեծահարուստներին, որոնք տվյալ թերթի հետ են «համագործակցում»՝ անթաքույց կամ էլ քողարկված ֆինանսավորելով այն։ Եվ բնական է, որ թերթերի գլխավոր խմբագրերը հակված են ավելի մեծ տպաքանակ նշել, քան իրականում տպագրելու ու ենթադրաբար վաճառելու են։ Իսկ եթե չեն ուզում ընթերցողին խաբել, դիվանագիտորեն ոչ մի թիվ էլ նշում։ Մոտավորապես այդպես վարվեց «Առավոտ» թերթը, որը սկզբում հայտարարում էր իր իրական տպաքանակը, իսկ հետո՝ դադարեց։

Երկակի տպաքանակների գոյությունն էլ թերեւս պայմանավորված է թերթերի սեփականատերերի տագնապով։ Մտավախություն կա, որ ռեալ տիրաժի նշումը ցույց կտա թերթի վաճառքի անմխիթար վիճակը, ինչն էլ իր հերթին վատ կանդրադառնա թերթերի ֆինանսավորողների ու խմբագրությունների հարաբերությունների վրա։ Համենայնդպես, Հայաստանում շատ են այն թերթերը, որոնք իրենց գոյության առաջին իսկ համարից հայտարարում են, որ իրենց օրական տպաքանակը չորս կամ հինգ հազար օրինակ է, մինչդեռ այդ թիվը հազվադեպ է համապատասխանել իրականությանը, իսկ թերթերի վերադարձը կազմել է 60-70%։

Տպագիր թերթերը մեծ վերապահումով կարելի է համարել ապրանք, քանի որ դա շահույթ չապահովող բիզնես է։ Որպես զուտ բիզնես-նախագծեր կարելի է դիտարկել «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերը, որոնք պահանջարկ ունեն կրպակներում ու փորձում են աշխատել «առանց վերադարձի» սկզբունքով։ Այսինքն՝ տպագրել այնքան օրինակ, որքան վաճառելու են։

Իսկ հայաստանյան թերթերի մեծամասնությունը տպաքանակն ուռճացնում է, քանի որ նրանց կենսունակության նախապայմանը հովանավոր կառույցի դոտացիան է։ Իսկ հովանավորին հարկավոր է գրավիչ տպաքանակով ներկայացնել։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե թերթերը աշխատեին ինքնաֆինանսավորման սկզբունքով (գովազդ տեղադրելով ու վաճառքի ծավալը պահելով), սակայն Հայաստանում գովազդային շուկան առանձնապես շահագրգռված չէ թերթրին գովազդ պատվիրել՝ նախապատվությունը տալով հեռուստատեսային ոլորտին։

Թերթերի վաճառքը նվազել եւ շարունակում է նվազել ողջ աշխարհում, իսկ թերթերի ընթերցողները զգալիորեն «ծերացել» են։  Թերթ կարդալն ավելի շուտ սովորույթի հարց է։ Այն կարդում են հիմնականում նրանք, ովքեր ընտելացել են թղթային թերթի ֆորմատին ու թերթերը թերթելու ամենօրյա ավանդույթին։ Իսկ երիտասարդները հակված չեն պարբերականությամբ թերթեր գնել ու կարդալ, լրատվության հիմնական աղբյուրն իրենց համար բոլորովին այլ է։ Վերջին տարիներին ավանդական թերթերը զգալով, որ բարձր տեխնոլոգիաներով հագեցած մեդիա միջավայրում անհրաժշետ է դիմակայել, ակտիվորեն տեղափոխվեցին համացանցային տիրույթ։ Ինչն էլ իր հերթին «նպաստեց» իրական տպաքականակների կրճատմանը (ինչո՞ւ է պետք թերթ գնել, եթե նույնը կարելի է կարդալ անվճար ինտերնետում)։

Երեւանում ամենօրյա պարբերականությամբ լույս տեսնող թերթերի էջերում նշվող/չնշվող տպաքանակը (2012թ.-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ)

Առավոտ տպաքանակը չի նշվում
Հայկական ժամանակ

տպաքանակը տարբեր են՝ տատանվելով
5000-7000 սահմաններում, իսկ թվերը
հազվադեպ են «կլոր» լինում

Չորրորդ ինքնիշխանություն

տատանվող տպաքանակ է՝
5000-6000 օրինակների սահմաններում

Ազգ տպաքանակը 3 000 օրինակ
Ժողովուրդ տպաքանակը 4 000 օրինակ
168 ժամ

առաջին իսկ համարից
սկսած տպաքանակը 5000 օրինակ է

Ժամանակ

տատանվող տպաքանակ է՝
5 000-ի սահմանում

Հրապարակ տպաքանակը 3400 օրինակ
Հայոց աշխարհ տպաքանակը 3 500 օրինակ
Հայաստանի հանրապետություն տպաքանակը չի նշվում

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Եվ քանի որ Հայաստանում ոչ մի պետական մարմին տպաքանակների ստուգման գործառույթ չունի, թերթերը կարող են ցանկացած տպաքանակ նշել (ընդուպ մինչեւ 3 մլն օրինակը)։ Ինչպես հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրից՝ տպաքանակի անհապատասխանության հայցով դատական գործ է հարուցվել Գյումրիի «Հինգշաբթի» թերթերի նկատմամբ, որն էլ թերթրը շահել էր, քանի որ մեղադրանքը անհիմն էր ճանաչվել։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *