2019.04.17,

Տեսակետ

«Մեդիայում տարազ քննարկելն այլևս արդիական չէ»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Աննա Սալոմեն նորաձևության մարքեթինգի մասնագետ է: Ասում է՝ Հայաստանում ոլորտը դանդաղ է զարգանում, ժամանակ առ ժամանակ առաջընթաց է լինում, բայց տեմպը պահել չի ստացվում:

Նորաձևության բիզնեսն ու մեդիան, ըստ նրա, գրեթե չեն համագործակցում։ Մինչդեռ, լրատվամիջոցները կարող են նորաձևությունն օգտագործել ֆինանսական անկախության համար, իսկ  նորաձևության ինդուստրիան մեդիայի օգնությամբ կարող է դուրս գալ երկրի սահմաններից:

Կարևոր է և անհրաժեշտ, որպեսզի նորաձևության թրենդները, խնդիրները մեդիայի միջոցով հանրայնացվեն, սկսեն ազդել և կրթել մարդկանց, հեշտացնեն ներդրումների ճանապարհը: Այդ օղակը պետական կամ պետական-մասնավոր համագործակացությամբ վաղ, թե ուշ պետք է թակի մեդիայի դուռը և բերի նորաձևության դաշտ:

Ես նկատել եմ, որ վերջին շրջանում որոշ բլոգերներ, անհատներ սկսել են ակտիվ հետաքրքրվել նորաձևության ոլորտով:

Կան և գնալով շատանում են, սակայն բովանդակության հետ կապված խնդիր կա: Կրթելու գործառույթ չեն իրականացնում, հիմնականում լուսաբանում են կոմերցիոն միջոցառումներ: Անում են այն, ինչ եկամտաբեր է և ջանք չեն գործադրում իրավիճակը և առկա խնդիրները հանրայնացնելու համար:

Այս տեսանկյունից ավելի ակտիվ են սոցիալական ցանցերը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Պարզապես այստեղ խառն է ամեն ինչ, տարբերակման խնդիր կա, շատ է կոմերցիան:

Կայքերում նորաձևության բաժինները հիմնականում լծված են հայաստանյան շոու բիզնես լուսաբանելուն։ Անհատներ կան, որ հայատառ բովանդակություն են գրում, սակայն դեռ ուշադրության կենտրոնում չեն:

Մինչդեռ լրատվամիջոցները կարող են նորաձևության թրենդ թելադրել, ունենալ սոցիալական, քաղաքական, տնտեսական ազդեցություն լսարանի վրա:

Ո՞վ պետք է անի արդյունավետ համագործակցություն սկսելու առաջին քայլը:

Հայաստանում մեդիան նորաձևության լուսաբանման ուղղությամբ քայլեր չի անում, թեև կա փոքր, բայց կայուն պահանջարկ: Մարդն, ով ուզում է տեղյակ լինել տենդենցներին, կարող է համացանցում մի քանի րոպեում գտնել բազմաթիվ նյութեր: Այստեղ խնդիրը հայալեզու բովանդակության ունենալն է: Պետք են համարձակ քայլեր, որոնք սկզբում չեն կարող եկամտաբեր լինել, սակայն ժամանակի ընթացքում բովանդակությունը կարող է զարգանալ ու լսարան ունենալ:

Հանրայնացման, կրթելու խնդիրն այսօր փորձում են լուծել կազմակերպությունները, օրինակ Նորաձևության և դիզայնի պալատը: Կազմակերպությունը նաև բացատրում է դիզայներներին՝ ինչպես թեմաները հետաքրքիր դարձնել մեդիայի համար և մեդիային՝ որտեղ գտնել լավ նյութ:

Այնքան ենք հետ ընկել, որ դեռևս պետք է սկսենք տերմինաբանության ուսումնասիրությունից:

Նորաձևությամբ հետաքրքրվածների թիվը հսկայական է ու ոլորտը երբեմն սոցիալական կամ քաղաքական ակտիվ դերակատար է:

Նորաձևության մասին գրող մեդիան և հենց ինքը նորաձևությունն ամբողջ աշխարհում սկսել է սոցիալական ուղերձներ հնչեցնել: 2018թ-ի ամենաթարմ ուղերձներից Burberry-ի հավաքածուներից մեկը նվիրված էր նույնասեռականներին, Lacoste-ինը՝ կենդանիների պաշտպանությանը:

Մեդիան վիրուսային էֆեկտով լուսաբանեց իրադարձությունները, երբ Burberry-ի աղյուսակների մեջ նույնասեռականների դրոշի գույներն էին հայտնվել, իսկ Lacoste-ի տարբերանշանի կոկորդիլոսը փոխարինվել էր այլ կենդանիով: Բրենդերը մեծ վաճառք ունեցան, իսկ մեդիան կրկին անդրադարձավ աշխարհին հուզող խնդիրներին նորաձևության համատեքստում:

Հարևան Վրաստանում նորաձևության ոլորտը հանրայնացնելու քայլեր է տանում Թբիլիսիի քաղաքապետարանը: Այս պետական կայույցը նախաձեռնեց Mercedes-Benz Fashion week-ը և լրատվամիջոցներին ներգրավվեց լուսաբանելու այս միջոցառումը, որը բավականին մեծ հնչեղություն ունեցավ թե՛ Վրաստանում, թե՛ տարածաշրջանում:

Սովորաբար ի՞նչ հարցեր են տալիս լրագրողները դիզայներներին:

Այսօր Հայաստանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքականը ֆոնը շատ հարմար են նորաձևության զարգացման համար, սակայն ոլորտի մասնագետներն ասում են, որ լրագրողներն ու մեդիան նորաձևությանն անդրադառնում են խիստ սահմանափակ հայացքով:

Հայ դիզայներներին լրագրողները հիմնականում հիշում են Ամանորից ու մնացյալ տոներից առաջ: Զանգում և հետաքրքրվում են, ինչպես զարդարել նոր տարվա սեղանը կամ ինչ գույնի հագուստով դիմավորել Նոր տարին:

Մեդիան չպիտի նմանատիպ խնդիրներ բարձրացնի և դիզայները չպետք է այդօրինակ հարցերի պատասխանի, որովհետև դիզայների առաքելությունը չէ ուղղորդել ինչպես զարդարել սեղանը: Այդպես ոլորտը մնում է փակ և չկարևորված մեդիայի համար:

Բայց դիզայներական համայնքն էլ այդքան ակտիվ չէ:

Այսօր դիզայներական համայնքը հաղորդակցության խնդիր ունի: Եթե խնդիրները ճիշտ և խորքային ձևակերպվեն, շատ հնարավոր է մեդիան իր հետաքրքրությունները գտնի:

Եթե հիմա կարդանք վերջին շրջանի մի քանի հարցազրույցներ, կտեսնեք, որ հարցերը գրեթե նույնն են, մինչդեռ ոլորտում շատ խնդիրներ կան, օրինակ ազգային նորաձևության միջազգայնացում կամ թրենդների ճիշտ ադապտացիա:

Մեդիայում տարազ քննարկելն այլևս արդիական չէ, արդեն մի քանի տարի է՝ գրվում է հայ դիզայներների տարազային շապիկների մասին: Մինչդեռ մեդիան պետք է խոսի ազգային նորաձևության կոնցեպտի մասին: Այն դեռևս դիմագիծ չունի, հետևաբար ինչպես պետք է սկսի միջազգայնացման ուղին:

Կարծում եմ՝ մեդիան կարող է խնդիրները դաշտ բերել, նպաստել քննարկմանը, այն դիտարկել տնտեսական, մշակույթային, քաղաքական հարթություններում:

Հիմա ստացվում է անպես, որ հայ դիզացներներն այլևս չեն ուզում մեդիայի հետ խոսել, մերժում են հարցազրույցները, փակվում մեդիայի համար, որովհետև նոր հարցեր, նոր պահանջներ չկան նրանց գործի հանդեպ:

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *