2014.11.27,

Խաչմերուկ

Լավաշը՝ մեդիա պատվանդանին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին օրերի թեժ մեդիա իրադարձությունը կապված էր լավաշի հետ: Լավաշը դարձավ միջազգային բարձր ատյանում գրանցված ինքնության վավերացում, հպարտության առիթ ու զենք: Այն դադարեց միայն ուտեստ լինել ու դուրս գալով խոհարարական տիրույթից՝ ձեռք բերեց միֆականացված իմաստ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեն նոյեմբերի 26-ին որոշում է կայացել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել հայկական լավաշը: Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հայտը «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ձևակերպումն ունի:

Այդ լուրը ակտիվ լուսաբանվեց մեդիայում ու քննարկվեց սոցցանցերում՝ ստանալով տարբեր ճյուղավորումներ (ռազմատենչ, ազգային-հայրենասիրական, խոհարարական-փիլիսոփայական, հումորային և այլն):

Տեղեկատվական առիթը միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի հայտնվելը չէր, այլ հայտնվելը՝ ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերի: Այդպես լուրն ավելի մեծ կշիռ ստացավ ու սկսեց աշխատել որպես ՀՀ պետական կառույցների մեծ հաղթանակ ու շարքային քաղաքացիների փոքր հաղթանակ:

Հայաստանի լրահոսը «լավաշ» բառի կողքին տեղադրեց «պայքար», «հիստերիա», «հակահայկական արշավ» բառակապակցությունները:

Panorama.am-ը գրեց՝ «Լավաշի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում»:

Tert.am-ն այսպիսի համատեքստ առաջարկեց իր վերնագրով. «Թուրքերն այժմ էլ լավաշն են թուրքական համարում ու աղմուկ են բարձրացնում ՅՈԻՆԵՍԿՕ-ի որոշման դեմ»: Այդ լուրի մեջ նշվում է, որ «Թուրքիայում հերթական հակահայկական արշավն է սկսվել»:

Yerkir.am-ը այսպիսի վերնագրով հոդված հրապարակեց. «Թուրքիան հիստերիա է բարձրացրել՝ հայկակա՞ն լավաշ»:

«Հիստերիա» բառն իր լուրի վերնագրում օգտագործեց նաև «Արմենպրեսը», բայց կապելով այն Ադրբեջանի հետ՝ «Ադրբեջանում հերթական հիստերիա է. այժմ էլ հայկական լավաշի շուրջ»:

Լավաշը որպես մարդկության մշակութային ժառանգության մաս գրանցելու նորությունը «Հայկական ժամանակն» իր նոյեմբերի 27-ի համարում գլխավոր իրադարձություն դարձրեց՝ նշելով, որ դա կարևոր է «ինքնագիտակցության և միջազգային իմիջի համար»:

Թերթը հիշատակեց հարիսա-«քեշքեշի» գրանցումը՝ որպես թուրքական մշակույթի մաս, ու կանխատեսեց, որ առաջիկայում «ճակատամարտ է սպասվում տոլմայի մասով» ու հարկավոր է «ջանքեր գործադրել՝ տոլման, ինչպես նաև մյուս հայկական «բրենդային» ուտեստները գրանցել որպես հայկական մշակութային ժառանգության մաս»:

Հայաստանին զուգահեռ ադրբեջանական մեդիան սկսեց գրել, որ կանխվել է լավաշի «հայկականացումը», որ Թուրքիան և Ադրբեջանը թույլ չեն տա հայերին յուրացնել ողջ տարածաշրջանի հացատեսակը:

Լավաշը դարձավ այն զենքը, որով քաղաքական ու հանրային հարցեր լուծվելու փորձ արվեց: Այսինքն՝ միաժամանակ նյութական և ոչ նյութական քարոզչություն իրականացվեց:

Հայկական կողմը՝ հաղթանակի հպարտությամբ տոգորված և անպայման «թշնամուն» տեղը դնելու քարոզն արեց, իսկ Ադրբեջանը՝ օգտագործեց այդ տեղեկատվական առիթը՝ արդարությունը հաստատելու իր պատրաստակամության մասին վստահեցնելով: Խոսքը լավաշը համատեղ մշակութային ժառանգություն գրանցելու մասին է:

Մեդիա դաշտում «լավաշային» թեման ստացավ ու շարունակում է ստանալ այն երանգը, որը պահանջում է պատեհ պահն ու տվյալ երկրի քարոզչությունը:

Ցանկացած քարոզչություն հիմնվում է տվյալ ազգի յուրահատկության, եզակի լինելու գաղափարի վրա: Ազգայինը պարարտ հող է միֆեր ստեղծելու համար: Եվ հենց միֆերը, այլ ոչ թե իրականությունը, դառնում են հպարտության առարկա:

Մոտավորապես այսպես՝ ոչինչ, որ սոցիալական վիճակը վատթարանում է, դոլարի արժեքը աճում է, իսկ ապրանքների գինը կրկին աճման միտում ունի, կարևորը, որ լավաշը մերն է:

Հաջորդը տոլման է:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *