«Ցավում եմ, որ Իրանի ու Հայաստանի միջեւ ինֆորմացիոն կամուրջները քիչ են»

«Ցավում եմ, որ Իրանի ու Հայաստանի միջեւ ինֆորմացիոն կամուրջները քիչ են»
Ժորժ Աբրահամյան
« Պարսկական մշակույթը շատ է օգնում Իրանի մասին պատկերացում կազմելուն։ Եվ նույնիսկ ցենզուրայի պայմաններում մեր արվեստը, մշակույթը, կինոն զարգանում են ու աշխարհին ներկայացնում այսօրվա Իրանն ավելի լավ, քան դա անում է մեդիան »

Մեծ հաշվով ազատ կամ անազատ մեդիայի սահմանումը որոշելը շատ բարդ է։ Յուրաքանչյուր երկիր իր քաղաքականությունն ունի։ Իրանի իսլամական հանրապետությունում, օրինակ, բոլոր հեռուստաալիքները պետական են, եւ դա բաղադրիչն է այն քաղաքականության, որով Իրանը փորձում է միջազգային ուժերի (առավելապես Միացյալ Նահագների) ճնշմանը դիմակայել։

Իրանի նման երկրները, որտեղ ատոմային էներգիայի հարցեր կան, ճնշման են ենթարկվում աշխարհի կողմից եւ ստիպված են այս կամ այն սահմանափակումը դնել մեդիայի ոլորտում։ Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին, որտեղ, ինչպես գիտեք, խստորեն կանոնակարգվում է Ղարաբաղի խնդրի լուսաբանումը։

Ես արդեն 8 տարի աշխատում եմ Հայաստանում որպես IRIB Իրանի պետական հեռուստաալիքի սեփական թղթակից։ Իսկ նախկինում ուղիղ եթերի եղանակով վարել եմ «Ռադիոժամ» ծրագիրը, որը ներկայացնում ու քննարկում է իրանահայ համայնքի խնդիրները։

Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում ձեւավորված Իրանի մասին պատկերացումները սխալ են։ Բոլորը նշում են, որ Իրանում խիստ գրաքննություն կա, բայց անտեսում են, որ կինոյի դաշտում այսօրվա Իրանը չափազանց շատ բան ունի ասելու աշխարհին։ Անցյալ տարի, օրինակ, Ասղար Ֆարհադիի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը ոչ միայն «Ոսկե ծիրան», «Ոսկե արջ» ու «Ոսկե գլոբուս», այլեւ «Օսկար» ստացավ։

Այս տարի էլ մեծ թվով պարսական ֆիլմեր են ցուցադրվում աշխարհում (բավականին զարգացած կինոթատրոնների ցանց ունի նաեւ Իրանը)։ Ասածս այն է, որ որ նույնիսկ ցենզուրայի պայմաններում մեր արվեստը, մշակույթը, կինոն զարգանում են ու աշխարհին ներկայացնում այսօրվա Իրանն ավելի լավ, քան դա անում է մեդիան։ 

Ընդհանրապես պարսկական մշակույթը շատ է օգնում Իրանի մասին պատկերացումներ կազմելուն։ Այն շատ հետաքրքիր ու բազմերանգ է, մանավանդ պոեզիան, որը ներթափանցել է ամենօրյա կյանք ու իր յուրահատուկ լեզուն է փոխանցել հասարակ մարդկանց։ Այդ պոետիկ լեզուն դրդում է մարդկանց մտածել, խորհել, այլ ոչ թե ամեն հարցի պատասխանը որպես միակ ճշմարտություն դնել սեղանին։ Իսկ իրանական ֆիլմերը առիթ են ստեղծում մշակույթի պրոցեսի մասնակիցը դառնալ։ Եւ ամենից կարեւորն այն է, որ ֆիլմերի հեղինակները հարգում են դիտողին։

Թեեւ ինքս հեռուստատեսությունում եմ աշխատում, բայց հեռուստացույց հազվադեպ եմ դիտում, ավելի շատ ինֆորմացիա եմ ստանում ինտերնետից։ Դա ավելի պրակտիկ տարածք է, քանի որ ոչ թե դու ես ադապտացվում ինտերնետին, այլ ինտերնետն է ադապտացվում քեզ։ Բայց նկատելի է, որ Հայաստանի հեռուստաալիքները շատ նման են իրար՝ նույն խոսքերն են, նույն հարցերն ու պատասախանները, նույն ֆորմատների հաղորդումները, անգամ նույն հաղորդավարները։

Իրանում, իհարկե, մասնավոր ալիքներ չկան (այժմ քննարկվում են մալուխային ալիքների ստեղծման ուղիները), բայց իրանական ալիքներից յուրաքանչյուրն իր ուղղվածությունն ունի՝ մշակութային, սպորտային, երիտասարդական, տնտեսական։

Ճիշտն ասած՝ ես շատ եմ ցավում, որ Իրանի ու Հայաստանի միջեւ ինֆորմացիոն կամուրջները քիչ են։ Մեր ալիքն, օրինակ, մեծ աշխատանք է տանում Հայաստանը ճիշտ կերպով իրանցիներին ներկայացնելու համար։ Մենք ամսական 10-15 ռեպորտաժ ենք պատրաստում Հայաստանի մասին։ Դրանք ոչ միայն քաղաքական, այլ բազմաբնույթ ռեպորտաժներ են տնտեսության, արվեստի, փառատոնների մասին։

Վերջին տեսանյութն, օրինակ, հայկական պանրի արտադրության ընթացքի, զարգացման մասին էր... IRIB հեռուստաալիքը արտասահմանում աշխատող թղթակիցների մեծ խումբ ունի, որոնք աշխարհում կատարվածը ներկայացնում են իրանցիներին։

Կարծում եմ, որ դրսում աշխատող լրագրողների կարիքը շատ մեծ է հատկապես Հայաստանում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մի քանի միլիոնանոց հայկական սփյուռք ունենալու փաստն արդեն իսկ բավարար է հետաքրքիր հաղորդումներ պատրաստելու համար։ Եվ դա պետք է անել պատմելով ոչ միայն այլ երկների, այլեւ այդտեղ ապրող հայության մասին։ Նկատել եմ, որ հայաստանցիները շատ քիչ բան գիտեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող իրենց հայրենակիցների խնդիրների ու նվաճումների մասին։

Այսօր Հայաստանի հեռուստատեսությամբ պարսկահայերի կամ սիրիահայերի խնդիրները ներկայացնող հաղորդումներ գրեթե չես տեսնի, բացակայում են նրանց կյանքին պարբերական անդրադարձերը։ Կարծում եմ՝ դա կշտկվի, եթե սփյուռքահայությանը Հայաստանի ներկայի մասնակիցը դարձնելուն ուղղված պետական քաղաքականություն լինի։

Հայաստանի մեդիայի բարձրացրած հարցերի շրջանակը շատ նեղ է։ Օրինակ՝ հայաստանցիները գրեթե ինֆորմացիա չունեն, թե ինչ են անում այստեղ բնակվող 5 հազար իրանցիները, ինչով են զբաղված, ինչ ոլորտներում են աշխատում... Ոչ մի անդրադարձ, ոչ մի քննարկում...

Ես, որպես Իրանի պետական հեռուստաալիքի լրագրող, վերջին հաշվով նաեւ Իրան-Հայաստան կապերի ամրապնդման դերակատարն եմ եւ պարտավորված եմ Հայաստանը ճիշտ կերպով ներկայացնել Իրանին։ Հայտնի է, որ մեր երկու երկների միջեւ փոխադարձ լրագրողական աշխատանքի համաձայնագիր կա, բայց չգիտեմ՝ ինչու այն միակողմանի է գործում, եւ Հայաստանից ոչ մի լրագրող չի գնացել աշխատելու Իրան։

Ժորժ (Գեւորգ) Աբրահամյան
լրագրող, Իրան

Դպրոցը՝ Թեհրանի Թովմասյան հայկական դպրոց
Կրթությունը՝ Երեւանի պետական համալսարան, ուսանել է հայոց լեզու եւ գրականություն
Սիրելի ֆիլմը՝ Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն»
Սիրելի հեղինակը՝ Ակսել Բակունց
Սիրելի երաժշտությունը՝ անսահման ցանկ է
Սիրելի արտահայտությունը՝ «Լավ-լավ արտահայտություններ շատ կան, բայց այս պահին ուզում եմ ասել՝ հաճելի է ծանոթանալ։ Հաճելի է, երբ նոր մարդկանց, նոր երկրների հետ ես ծանոթանում»

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License