Հայաստանում ինտերնետն ազատ է

28.10.2015, Նյուսրում

Լրագրող

Freedom House-ի «Ազատությունը ցանցում» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 100 բալանոց սանդղակում զբաղեցնում է 28-րդ տեղը (0-ն լավագույն ցուցանիշն է, 100-ը՝ վատագույն):

2014 թվականի համեմատ այս ցուցանիշը չի փոխվել:

Ուսումնասիրությունը ներառում է 2014 թվականի հունիսից մինչեւ 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածը:

Freedom House-ի համաձայն՝ այդ ընթացքում Հայաստանում առանցքային երկու զարգացում է եղել՝

  • 2015 թվականի մայիսին YouTube-ը հեղինակային իրավունքի խախտման հիմնավորմամբ հեռացրել է «SOS» երգիծական հաղորդաշարի հաղորդումներից մեկը, որտեղ ծաղրվել են ոստիկանության գործողությունները Երեւանում անցկացվող բողոքի ակցիաներից մեկի ժամանակ:
  • Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվել, որոնց համաձայն կստեղծվի գործակալություն, որը կվերահսկի անձնական տվյալներին մուտք ունենալու վերաբերյալ կառավարության որոշումները, ինչը կմեծացնի անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությունը:

Զեկույցի համաձայն՝ ինտերնետի հասանելիությունը շարունակում է բարելավվել վերջին տարիների ընթացքում, դրան զուգահեռ կատարելագործվում են նաեւ ինտերնետային ենթակառուցվածնքերը: Համեմատաբար քիչ սահմանափակումներ են եղել օնլայն բովանդակության հետ կապված: Քաղաքացիական խմբերն ու հասարակական կազմակերպությունները հաջողությամբ օգտագործել են օնլայն հաղորդակցության գործիքները՝ արշավներ կազմակերպելու համար (հատկապես #ElectricYerevan-ի ժամանակ):

Freedom House-ը նշում է, որ ինտերնետի հասանելիությունը մեծանում է, թեեւ այն հասանելի է դեռեւս բնակչության մոտ կեսին՝ 46%-ին: 2014-ի վերջի դրությամբ՝ ինտերնետի միջին արագությունը 3.2 Մբ/վ է: Ամենաարագ ընդլայնվող ինտերնետ փրովայդերը «Ռոստելեկոմ»-ն է՝ 26,208 բաժանորդով, որը միայն մեկ տարվա ընթացքում 18,993 բաժանորդ է ձեռք բերել, մինչդեռ «Արմենթել»-ը՝ ամենամեծ ինտերնետ փրովայդերը, որը հիմնականում ADSL կապ է առաջարկում, սկսել է զիջել իր դիրքերը:

«Բջջային ինտերնետը նույնպես զարգանում է: Բջջային օպերատորների տվյալներով՝ 2015 թվականի փետրվարի դրությամբ 3,35 միլիոն բջջային հեռախոսներից 1,6 միլիոնը միացված է ինտերնետին:

3G ծառայությունները հասանելի են գրեթե բոլորին՝ ապահովելով 90% ծածկույթ երկրում (բացառությամբ չբնակեցված լեռնային շրջանների)»,- ասվում է զեկույցում:

Freedom House-ը նշում է, որ հեռահաղորդակցության ոլորտում լարային եւ անլար հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող 33 ընկերություն կա: Ինտերնետ փրովայդերների 46%-ը արտասահմանյան ընկերություններ են:

«Թեեւ շուկան համեմատաբար բազմազան է, Հայաստանում ինտերնետային ծառայություններից ստացված ողջ եկամտի 96%-ը ապահովում են 5 խոշոր ինտերնետ փրովայդերները, որոնցից մեկը հայկական է, մնացած չորսը՝ արտասահմանյան: Ոլորտը կարգավորում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի անդամներին նշանակում է երկրի նախագահը: Այս մարմինը հաշվետու է Ազգային ժողովին»,- ասվում է զեկույցում:

Freedom House-ի համաձայն՝ 2014 թվականի հունիսի դրությամբ կառավարության կողմից ինտերնետի սահմանափակման կամ ժամանակավոր անջատման որեւէ դեպք չի գրանցվել:

«Օնլայն բովանդակության գրաքննության ամենատարածված դեպքերը կապված են ռուսական կարգավորող մարմնի կողմից կայքերի արգելափակման եւ զտման հետ, ինչի հետեւանքով այդ կայքերը անհասանելի են դառնում նաեւ հայաստանցի որոշ օգտատերերին, քանի որ Հայաստանն իր վեբ թրաֆիքը ստանում է Ռուսաստանից: Այնուամենայնիվ, ինտերնետային փրովայդերներն արագորեն լուծում են նման խնդիրները»,- գրված է զեկույցում:

Freedom House-ն արձանագրել է, որ հայաստանցի ինտերնետ օգտատերերին հասանելի է օնլայն բովանդակության մեծ տեսականի, սակայն օնլայն լրատվամիջոցները ֆինանսական եւ քաղաքական ճնշումների են ենթարկվում:

«Օնլայն տիրույթում ինքնագրաքննությունը տարածված պրակտիկա չէ: Կառավարությունն ու իշխող քաղաքական վերնախավը ոչ իրավական միջոցների չեն դիմել՝ քաղաքական ընդդիմադիրների կամ անկախ ինտերնետային ռեսուրսների կողմից օնլայն բովադանակության հրապարակումը խոչընդոտելու համար: Այնուամենայնիվ, ինտերնետային ռեսուրսներն էլ, ինչպես ավանդական մեդիան, ենթարկվում են քաղաքական ճնշման: Որոշ դեպքերում կոնկրետ օնլայն լրատվամիջոցի լրագրողներին թույլ չեն տվել շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը կապված է եղել քաղաքական կուսակցություններից մեկի հետ: Նման ճնշումները կարող են ազդել երկրում խոսքի ազատության ընդահնուր վիճակի վրա»,- գրված է զեկույցում:

Freedom House-ի համաձայն՝ սոցիալական մեդիայում կա բազմակարծություն: Չեն արձանագրվել բռնության դեպքեր օնլայն լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ, թեեւ 2014 թվականին տպագիր կամ հեռարձակող լրագրողների նկատմամբ բռնության 9 դեպք է գրանցվել:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?