2016.09.21,

Քննադատ

Սեպտեմբերի 21-ը այսօր և հիմա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

1991թ. անկախության հանրաքվեից հետո հայաստանյան (այլևս ազատ) մամուլը ողջունում էր ընտրողների կամքով ձեռք բերված հանրապետության նոր կարգավիճակի հեռանկարները: Անկախությունը նոր էր և խոստումնալից: Թե՛ փողոցներում, թե՛ տներում, թե՛ մամուլի էջերում ուրախություն էր և թարմություն:

Նորաստեղծ «Հայք» թերթը սեպտեմբերի 23-ին իր առաջին էջում տպագրեց «Ժողովրդի կամքով Հայաստանն ազատ է» խորագրով լուսանկարը:

Այդ օրերին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհդի որոշման փաստացի վերատպումն արդեն իսկ մեծ ու թարմ լուր էր, որը հպարտություն էր ներշնչում: Անկախությունը հռչակվել էր, և Հայաստանը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից:

«Երեկոյան Երևանը» սեպտեմբերի 23-ին այսպես մեկնաբանեց անկախության փաստը. «Մեր «Այո»-ն ասված է, կեցցե՜ ազատ ու հպարտ Հայաստանը»:

25 տարի անց Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախությունը շատ ավելի մեծ թափով և զգալիորեն ավելի նվազ ոգևորությամբ: Ցուցադրական տարրերը (զանգվածային երգը, պարը, ասմունքը, մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող զբոսանքն ու հրավառությունները) շատ ավելի մեծ տեղ են գրավում, քան ներքին ինքնազգացողությունը:

1991 թվականին էներգիա կուտակող և ոգեշնչող հիմնական ուժը հանրային ինքնաարտահայտությունն էր (ազատ ընտրության իրավունքի տեսքով), այսօր կարծես թե ոգևորող և միավորողը ֆիզիկական ուժով հպարտանալու գաղափարն է: Այսինքն՝ ոչ թե ընտրության բերկրանքը, այլ ռազմական հաջողություններին ապավինելը:

2016 թվականին մեծ ծավալի ռազմական տեխնիկայի հայտնությունը Հայաստանի Հանրապետության հրապարակում գեղեցիկ, ծանրակշիռ ու տպավորիչ է (զենքն ընդհանրապես գեղեցիկ է):

Զենքը համախմբում է ու միաժամանակ՝ անկախ Հայաստանի քաղաքացիներին ցույց տալիս կյանքի փխրուն ու վաղանցիկ էությունը:

Անհատը զենքի կողքին փոքր է ու աննշան, ճիշտ այնպես, ինչպես անկախության տոնի կապակցությամբ կազմակերպված զանգվածային բնույթի միջոցառումների ու բարձրագոչ ճառերի դեպքում է տեղի ունենում:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ը) «այո» ասաց անկախությանը։ Եվ բոլորն իրենց ձայնի տերն էին: Առանց զենքի ու հատուկ զվարճության կարգավիճակ ունեցող միջոցառումների:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *