2016.02.04,

Տեսակետ

Հայաստանի թերթերի ապագան. «Ազգ»

Media.am-ը շարունակում է թերթերի գլխավոր խմբագիրների հետ հարցազրույցները՝ Հայաստանում տպագիր մեդիայի խնդիրների ու գոյատեւման հեռանկարների շուրջ:

Շարքի ավարտին կամփոփվեն ընդհանուր միտումները:

Մեր զրուցակիցն «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն է:

 «Այո, կփակվեն մեր թերթերը, եթե կորպորատիվ նախաձեռնություններ չլինեն»

«Ազգ» շաբաթաթերթ

Հիմնադրվել է 1991 թ. (եռօրյա), 1992թ.՝ օրաթերթ, 2014թ.՝ շաբաթաթերթ:
Տպագրությունը՝ սեւ ու սպիտակ:
Գինը՝ 200 դրամ:
Ֆինանսական աղբյուրներն են՝ վաճառք, բաժանորդագրություն, «քիչ գովազդ» (կանոնավոր գովազդատուներն են ՎիվաՍել ՄՏՍ-ը եւ ՀՀ Կենտրոնական բանկը): Գլխավոր բաժնետերն Արմեն Աբրահամյանն է (ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանի եղբայրը): Նվիրատվություններով օգնում են գլխավոր խմբագրի մտերիմ ընկերները Ռամկավար ազատական կուսակցությունից (հիմնականում՝ ԱՄՆ-ից): Թերթի մշակութային հավելվածին ֆինանսապես օժանդակում է ՀՀ մշակույթի նախարարությունը (տարեկան մոտ 600 հազար դրամ):
Առցանց տարբերակը՝ 1999թ.:

Երբ «Ազգ»-ն օրաթերթից շաբաթաթերթ էր դառնում, ասացիք, որ ամբողջ հանրապետությունում մնացել է տպագիր թերթերի մոտ 15 հազար ընթերցող: Այս երկու տարվա մեջ ի՞նչ շարժ կա:

Շատ հետեւողական կերպով թվերն իջնում են: Հիմա արդեն 10-12 հազարից ավելի ընթերցող չունենք: Խոսքը թերթ գնող ընթերցողների մասին է:

Այդ մոտ 11 հազարից ու՞մ համար է տպվում «Ազգ» թերթը:

Մեր հավատարիմ 700-800 ընթերցողների համար, որոնք բաժանորդ են կամ գնում են թերթը:

Պարոն Ավետիքյան, արժե՞ 7-8 հարյուր հոգու համար թերթ տպել:

Եթե շուկայական մոտեցում ցույց տանք, ոչ, չարժի: Բայց թերթ փակելը դժվար բան է. ոնց որ ինքդ քեզ դաշունահարես: Մյուս կողմից, այդ 700-800 հոգին ա՛յլ որակի մարդիկ են, հետեւաբար, արժի նրանց համար թերթ հրատարակել…

Հակոբ Ավետիքյան
Լուսանկարը՝ Պանարմենիանի
 

 

Ինչու՞ դռներ չեք թակում բաժանորդագրության համար:

Դրա համար մարդ պետք է վարձել: Մեր աշխատակիցները հասցնում են թերթի կրպակներում պարբերաբար բանակցել՝ ինչո՞ւ եք մեր թերթի ընդամենը երեք օրինակ վերցնում վաճառելու եւ ոչ թե տասը…

Չե՞ք փորձել ընթերցողներին կոչ անել օգնել թերթին՝ ըստ կարեցածի գումար փոխանցել:

Չեմ փորձել: Այս պարագայում խանգարում է մեր գլխավոր բաժնետիրոջ անունը: Ասում են՝ ինքը թող վճարի: Եվ ընկերներ ունեմ, որոնք ի վիճակի են նվիրատվություն անելու, բայց մերժում են՝ ուրիշ մի բանի համար, խնդրեմ: Գիրք հրատարակելու համար տվել եւ տալիս են:

Գովազդը թերթո՞ւմ է թանկ, թե՞ առցանց տարբերակում:

Առցանցում գովազդ չունենք, որովհետեւ շաբաթը մեկ անգամ թարմացվող նյութերով առցանցը գովազդատուների համար հետաքրքրական չէ, առաջին: Երկրորդ, մենք ունե՞նք գովազդային շուկա: Հայաստանում գովազդային շուկա կոչվածը խայտառակ վիճակում է: Եթե այդպես չլիներ, մեր մի քանի տասնյակ հեռուստակայաններից շատ-շատերն արդեն չէին լինի:

Լիբանանում, որտեղ «Զարթօնքի» գլխավոր խմբագիրն էի, մանր ու հատկապես միջին բիզնեսն էր հիմնական գովազդատուն՝ թերթը «յոլա տանողը»: Մինչդեռ Հայաստանում մարդը, եթե գովազդի գումար ունի, գնում է հեռուստատեսություն, որն ավելի մատչելի է եւ շահավետ: Սարսափելի է: Սրա համար եմ միշտ ասում՝ հեռուստատեսությունը քանդեց տպագիր մամուլի տունը: Այսինքն՝ հեռուստատեսությունը քանդեց մեր գովազդային շուկան:

Մյուս կողմից, մեր թերթերի մեծ մասում խմբագիրները դարձել են իբրեւ թե բիզնես մենեջեր. իրենց չհասկացած գործի մեջ են մտել: Մենք էլ «Ազգ»-ում հիմա արդեն չունենք նման մասնագետ. պետք է բարձր վճարել այդ մարդկանց:

Շատ այլ երկրներում այսպես չեղավ. ընկնող թերթերին ասես ռեզինից պարան կապած լիներ. մի կետի հասան ու վերուվար են անում, բայց մեզ մոտ շատ ներքեւ ընկան: Ինչու՞:

Մեր ֆինանսական առաջին դժվարությունը եկավ թերթ տարածող «Կոնտակտ մամուլ» կամ «Հայկոնտակտ» ընկերության սնանկացումից: 99-ի հոկտեմբերի 27-ին զոհվեց նրա հիմնադիր, «Հայմամուլի» նախկին տնօրեն Ռուբեն Միրոյանը, փեսան ստանձնեց գործը եւ տապալեց:

Սնանկացման ժամանակ միայն մեզ ունեցած պարտքը 6,5 միլիոն դրամ էր: Մեր թերթի համար բավական մեծ գումար էր: Շատ մեծ, այն ժամանակ՝ մոտ 14 հազար դոլար: Շատ թերթերի էր պարտք այդ ընկերությունը:

2000-ական թվականներից հասկացանք, որ այդ պարտքերի պատճառով տպագիր մամուլը տանուլ է տալիս: Առաջին հարվածը դա էր, որի տակից երկար ժամանակ չկարողացանք դուրս գալ:

Հակոբ Ավետիքյան
Լուսանկարը՝ News.am-ի 

Թերթերի տարածումը հիմա արդեն կարգավորվե՞լ է:

Ոչ: Հայաստանում թերթ տարածողներն այդ ապրանքի վաճառքը խթանելու, քաջալերելու կարիք բացարձակապես չունեն եւ չեն ունեցել: Թերթը վաճառվում է՝ լավ, չի վաճառվում՝ վերադարձնում են, ու վերջ: Իրենք դրանից չեն տուժում:

Սա առաջին իսկ օրվանից եղել է մեր տպագիր մամուլի գլխավոր խնդիրը: Ի սկզբանե այս գործը շուկայական հիմքերի վրա դրված չի եղել: Սովետական շրջանից ժառանգված «Սոյուզպեչատի» ոճով աշխատեցին եւ առ այսօր աշխատում են:

Միայն տարածման գործակալությունների պատճառո՞վ է տպագիր մամուլն այսքան խեղճացել Հայաստանում:

Ոչ, ամբողջ մեղքը նրանց վրա չպետք է բարդել: Մենք էլ չկարողացանք, լծակներ չունեցանք՝ պետք եղածն անելու, մասնագետներ ներգրավելու:

Պետք էր միջոցներ տնտեսել 1990-ականների առաջին կեսին, երբ «Ազգ»-ը վաճառվում էր մոտ 42 հազար օրինակով: Իսկ մենք գրքեր էինք հրատարակում, բարեգործական այլ ակցիաներ անում… 96 թ. հաղթահարվեց էլեկտրականության հովհարային անջատումների շրջանը, թերթի հին, բայց բավական հզոր մրցակից հեռուստատեսությունը վերադարձավ իր տեղը: Հետո եկավ ինտերնետը…

Բայց ձեր ինտերնետային էջն առաջիններից էր Հայաստանում: Ով բիզնեսում առաջինն է սկսում, նա կարող է ավելի արագ ու ավելի հեռուն «վազել». ձեզ ի՞նչը խանգարեց:

Երեւի «կարկինի բացվածքը» շատ մեծ էինք վերցրել: Վեց լեզվով էինք հրատարակում, դա բավական թանկ նստեց մեզ վրա, 8 թարգմանիչ ունեինք:

Ինչ վերաբերում է ընդհանուր դաշտին: Հայաստանի տպագիր պարբերական մամուլը գոյատևման հարց է լուծում: Օրը՝ օրի: Զարգացման համար չկան միջոցներ: Զարգացում՝ նշանակում է վաճառքը խթանելու մի ամբողջ փաթեթ: Որոշ երկրներում դեռ դպրոցում են թերթին վարժեցնում…

Ինչու՞ դա ուրիշը պիտի անի եւ ոչ թե թերթը:

Թերթը դա անելու համար պետք է հավելյալ գումարներ ունենա: Երբ որ մարդն ապրում է օրն օրի, նման բաներ իրեն չի կարող թույլ տալ:  Հայաստանում, գիտե՞ս, թե ինչքան փոքր կապիտալով են թերթերը հիմնվում:

Մեկն ինձ մի օր ասաց, որ ուզում է թերթ ստեղծել: Ի՞նչ ունես, հարցրի, ասում է՝ երկու կոմպյուտեր, մեկ պրինտեր, շուրջ 1000 դոլար: Ասաց խոստումներ կան, որոշ չափով կօգնեն…

Փոքր կապիտալով այսօր մի կրպակ չես կարող… ի՞նչ կրպակ, մի հատ սեղանիկ չես կարող դնել: Մեր թերթերի մեծ մասն ահա այս ձեւով է ստեղծվել: Ու փչացրել են ամբողջ շուկան էլ, թերթերի իմիջն էլ: Ստիպված են եղել կախման մեջ մնալ սրանից-նրանից, պատվերներից, եւ այդ վիճակն առ այսօր շարունակվում է, որեւէ մեկը հակառակը թող չպնդի:

Հակոբ Ավետիքյան
Լուսանկարը՝ Արմենպրեսի 

«Ազգ»-ի գլխավոր բաժնետիրոջ եղբայր Արա Աբրահամյանը Հայաստանում քաղաքական դաշտ է ուզում մտնել. սա պատվեր չի՞ դառնում ձեզ համար:

Բացարձակ: Մենք պարզապես ուշադիր ենք իր դրական գործունեության նկատմամբ: Խորհրդարանի 2003-ի ընտրություններից հետո մենք հսկայական ճեղքվածք ունեինք: Ընտրական համարների անվճար տարածումից մեծ պարտքեր էինք կուտակել, Արա Աբրահամյանը հենց այդ է, որ փակեց եւ շուրջ 15 համակարգիչ նվիրեց: Մեզ շատ օգնեց այդ վիճակից հանելու գործում: Եվ ոչ թե բիզնես պայմանավորվածություն կար, այլ որպես բարի կամքի դրսևորում մենք իրեն տվեցինք գլխավոր բաժնետիրոջ իրավունքը:

Ասածս ինչ է. երբ որ թերթն առանց կապիտալի է ստեղծվում, չունի հեռանկար, կամ ունի այն, ինչը կնշանակի՝ մեկ այս մարդուց օգտվել, մեկ՝ մյուսից, պատվեր ընդունել, պատվերների հետամուտ լինել, շանտաժ անել, որպեսզի ստանաս… Այդ բոլորը հակաբիզնես են. առողջ բիզնեսով ես չգիտեմ՝ ով է աշխատում:

Չկա՞ Հայաստանում առողջ բիզնես վարող թերթ:

Ինձ ծանոթ չի այդպիսի բան:

Երբ «Ազգ» օրաթերթը 42 հազար վաճառք ուներ, այն ժամանակ առո՞ղջ բիզնես չէր:

Առողջ էր այնքանով, որ մարդիկ հետաքրքրված էին, եւ մենք բավարար եկամուտ ունեինք: Սպառողը կար:

Այդ տարիների պլյուս՝ Լիբանանի «Զարթօնքի» ձեր փորձով հիմա չե՞ք կարող բանալին գտնել առողջ բիզնես կառուցելու ու հատկապես ընթերցողին հետ բերելու համար:

Ընթերցողը հիմա ուրիշինն է: Իմ մեղքն այն է, որ, էլի եմ ասում՝ այն լավ, եկամտաբեր տարիներին չկանխատեսեցի հետագան, զարգացման համար համապատասխան գումարներ չխնայեցինք: Անհեռատեսությանը գումարվեց մեր այս շուկայի վիճակը կամ իսկական շուկայի բացակայությունը:

Եթե իսկական բիզնես դաշտում լիներ տեղեկատվական ոլորտը Հայաստանում, շատ-շատերը կսնանկանային: Ու դա շատ նորմալ կլիներ: Որ չստացվի, թե ուրիշի բոստանն եմ քար նետում, մեր օրինակով ասեմ. ասենք` «Ազգ»-ը պետք է սնանկացած լիներ, կամ մեկ ուրիշը կուլ տված պիտի լիներ մեզ: Նորմալ երեւույթ է բիզնես աշխարհում: Մինչդեռ հովանավորչական գումարներն իսկապես վնասում են, բուն բիզնեսը չի զարգանում:

Դրա հետ մեկտեղ դրսեւորվեց մեր հայկական իրական ֆենոմենը՝ չկարդալ, խորշել ընթերցանությունից: Ընթերցանությունը համարվեց մի ավելորդ բան:

Պրոֆեսիոնալիզմը, թերեւս, նույնպես:

Ոչ: Պրոֆեսիոնալ լրագրության իսկական ժամանակն է եկել: Հիմա՝ առավել եւս: Համացանցի ընթերցողն այսօր նաեւ գրող է, լրագրող, երբեմն նույնիսկ՝ խմբագիր: Հասարակությանն ո՞վ է ճշմարիտ, կարեւոր լուր տալու, ո՞վ է բարձրակարգ մեկնաբանություն, վերլուծություն անելու: Այս մրցակցության մեջ պայքարելու լավագույն ձեւը պրոֆեսիոնալ լրագրողներ ընդգրկելն է:

Բայց դա էլ է փող:

Անշուշտ: Բայց այնքան էլ շատ չի: Ամբողջ աշխարհում մատների վրա հաշված մի քանի լրագրողներ են միայն, որ չափազանց շատ են վաստակում: Մյուսները հիմնականում երկրի միջինից շատ բարձր չեն ստանում:

Վերջին տասը տարում ձեզ, երեւի, մի հազար անգամ ուղղված հարց՝ Հայաստանում կվերանա՞ն թերթերը:

Վերապրելու ելքեր միշտ էլ կարելի է գտնել, բայց մեզ խանգարում է մեր ազգային ֆենոմենը՝ ծույլ, ծույլ, ծույլ: Ուղեղի ծուլությունից է տառապում հայ ազգը: Չի ուզում օգտագործել, չի աշխատեցնում: Եվ դրա համար ժանգոտվել է:

Մենք, Հակոբ Ավետիքյանս, ի՞նչ քայլ ենք կատարել ապագա ընթերցողներին պատրաստելու համար: Այո, կփակվեն թերթերը. աշխարհը լուծել է այդ հարցը, մենք չենք լուծել: Այս ձեւով չենք լուծի: Տպագիր մամուլի ղեկավարները պետք է համախբմվեն կորպորատիվ շահերի շուրջ եւ հետապնդեն դրանք։

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *