Հայաստանի թերթերի ապագան. «Գոլոս Արմենիի»

17.03.2016, Տեսակետ

Լրագրող

Media.am-ը շարունակում է թերթերի գլխավոր խմբագիրների հետ հարցազրույցների շարքը՝ Հայաստանում տպագիր մեդիայի խնդիրների և գոյատևման հեռանկարների շուրջ: Շարքի ավարտին կամփոփվեն ընդհանուր միտումները:

Մեր զրուցակիցը «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանն է:

«Սպանում է ուրիշ բան և ոչ թե փոքր տպաքանակը»

 

«Գոլոս Արմենիի» եռօրյա

Հիմնադրվել է 1991թ.:
Տպաքանակը՝ 3500 (փոփոխական):
Տպագրություն՝ սև և սպիտակ, 8 էջ (A2):
Գինը՝ 150 դրամ:
Ֆինանսական աղբյուրները՝ բաժանորդագրություն, հատավաճառ, տեղեկատվական ուղեկիցներ:
Առցանց տարբերակը՝ 2000 թ.:
Ամիսը մեկ թողարկում է գիտահանրամատչելի «Մոստ» անվճար թերթը, որը «Գոլոս Արմենիի» թերթի և ՀՀ ԳԱ համատեղ ծրագիր է:

«Գոլոս»-ի եկամուտների հիմնական մասը հատավաճառի՞ց է ստացվում, թե՞…

Խնդրում եմ՝ եկամուտների մասին խոսել պետք չէ՛: Անիմա՛ստ է: Եթե մենք կարողանայինք փակել մեր ֆինանսական ճեղքվածքները, մեր հաշիվները՝ զրոյի վրա դուրս գայինք, դրանից էլ երջանիկ կլինեինք:

Ի՞նչ է նշանակում տեղեկատվական ուղեկից, որի մասին նշեցիք որպես ֆինանսական աղբյուր: Այսինքն՝ հովանավո՞ր:

Ո՛չ, դա հովանավորը չէ: Երկարաժամկետ պայմանագրեր ենք կնքում՝ տվյալ իրավաբանական անձին առնչվող գործունեությունը լուսաբանելու համար: Օրինակ, երկու շաբաթը մեկ մշակութային թողարկում ունենք, որում խնդրահարույց հարցադրումներ կան, տարբեր կարծիքներ: Այստեղ մեր տեղեկատվական ուղեկիցը մշակույթի նախարարությունն է:

Կարո՞ղ է տեղեկատվական այդ ուղեկիցը քաղաքական շրջանակներից լինել:

Ձգտում ենք պայմանագրեր չկնքել քաղաքական կառույցների հետ: Շատ երկար անդրադարձել ենք կրթության հարցերին, Սփյուռքի նախարարության հետ ենք որոշ խնդիրներով զբաղվում: Մինչև հիմա մեր ուշադրության կենտրոնում են գիտության հարցերը, հատկապես՝ մեր «Մոստ» հավելվածում:

Այս թեմաներին մենք սկզբունքային կարևորություն ենք տալիս մեր պետականության զարգացման համատեքստում ու փորձում դրանց վրա բևեռել հանրության և իշխանությունների ուշադրությունը:

Իրական տնտեսության խնդիրներին միշտ ենք անդրադառնում: Հիմա Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանից գործարարների, շինարարների, տնտեսագետների մեծ խմբի հետ փորձում ենք, որ հետ գնվեն ու վերակենդանացվեն արտադրական այն օբյեկտները, գործարանները, որոնք գնվել, բայց տարիներով չեն գործարկվել:

Թերթի ծաղկման շրջանը, թերևս, 1990-ականների կեսերին էր, բայց, մյուս կողմից, այդ շրջանում պարբերական բռնություններ կային «Գոլոս»-ի դեմ. եթե ճիշտ եմ հիշում, նույնիսկ վառել էին խմբագրատունը:

Ե՛վ վառել են, և՛ ինձ ծեծել են երկու անգամ, և այլն, և այլն:

Ես հիշում եմ, որ այդ ամենը «Գոլոս»-ի քաղաքական նյութերի համար էր:

Բնականաբար, ծեծում էին քաղաքականի՛ համար:

Դա ձեզ վախեցրե՞ց:

Իհարկե վախեցրեց: Դուք չէ՞իք վախենա, եթե ձեզ ծեծեին ձեր կաբինետում:

Բնականաբար, կվախենայի:

Եվ եթե ամեն օր դատարան ներկայանալու ծանուցագիր ստանայիք՝ մի տասը ամենատարբեր հարցերով:

Հիմնականում ի՞նչ ուղղվածության հոդվածների համար էր:

Պատճա՛ռը կարող եմ ասել՝ այն ժամանակ վարվող քաղաքականությունը, որը այլ կարծիք չէր ընդունում և որևէ փոխզիջման չէր գնում: Ասենք, եթե ասում էին, որ մենք այսինչ հանքային ջրով կարող ենք գոյատևել, չէին հանդուրժում, եթե հակառակն էիր պնդում:

Հետագա իշխանությունների քաղաքականությունն առնվազն խնդիրների քննարկման և երկխոսության հնարավորություն տվեց, իսկ որոշ առողջ գաղափարներ կյանքի կոչվեցին: Չեմ կարող ասել, որ դա մեզ համար ամբողջովին ընդունելի էր, բայց, ամեն դեպքում, ակտիվ հակադարձում չկար:

Ֆլորա Նախշքարյան <br> Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Հարցազրույցների այս շարքում մի քանի թերթերի խմբագիրներ այդ «ոչ ակտիվ հակադարձումն» ավելի խորամանկ քաղաքականություն են համարել՝ լրատվամիջոցները ճնշելու:

Դա նրանից է, որ անձամբ իրենց ու իրենց թերթի գործունեության դեմ ամբողջ չափով չեն զգացել ՀՀՇ-ի ռեժիմի այդ քաղաքականությունը՝ անբարո դատական գործերի, իրենց ԶԼՄ-ներով մեր լրագրողների հանդեպ հալածանքի, հրապարակային ծաղրի, թերթին իր վաստակած գումարներից զրկելու, մայրաքաղաքի 24 տպարաններում տպվելու արգելքի, զբաղեցրած տարածքներից խմբագրությանը վտարելու փորձերի:

«Գոլոս»-ն այդ օրերին ահավոր վիճակում էր, և հիմա նույնիսկ զարմանում եմ, որ այդ պայմաններում չէինք դադարեցնում մեր աշխատանքը: Թերթը փակում էին, մենք շարունակում էինք համարների վրա աշխատել. վայրենի պայմաններ էին:

Ինչ վերաբերում է լրագրողների դեմ ճնշումների՝ իշխանությունների ստեղծագործական երևակայությանը, ապա նրանք ունեն ուսուցիչներ, որոնցից կարելի է սովորել. աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական խնդիրներում փայլուն օրինակներ են ցույց տալիս թե՛ Ֆրանսիայի, թե՛ Գերմանիայի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ «եվրոպականացող» Թուրքիայի, թե՛ «ժողովրդավարության հայրենիք» Ադրբեջանի իշխանությունները, երբ իրենց իմիջի և դիվիդենտների համար սկզբունքորեն կարևոր հարցերի են բախվում:

Առանձին թեմա են այս համատեքստի հարցերը Ռուսաստանում: Այնպես որ, մերոնք նրանց հասնելու դեռ շատ տեղ ունեն, քանի որ մերոնք հաճախ են ընդդիմախոսի փաստարկները հասկանալու և նույնիսկ ընդունելու անկեղծ մղում ցուցաբերում:

Թերթի համար ո՞ր միջոցին է ավելի հեշտ դիմակայել՝ երբ ճակատով հարձակու՞մ է, թե՞ թաքուն, չերևացող ճնշում:

Նույնն է: Պարզապես, երբ քեզ վրա հարձակվում են մահակով, դու պաշտպանվում ես նույն միջոցներով, երբ քեզ վրա հարձակումն ուրիշ եղանակով է, դու համապատասխան եղանակ ես ընտրում դիմակայելու: Այդքան բան:

Բացի Ինտերնետից՝ «Գոլոս Արմենիի» թերթի տպաքանակի կտրուկ անկմանն ի՞նչը նպաստեց:

Գործոնները շատ են: Սկսենք նրանից, որ մեր թերթը հասցեագրված էր տեխնիկական մտավորականությանը և ընդհանրապես մտավորականներին՝ կրթված մարդկանց, որոնք հետաքրքրությամբ էին կարդում իրենց նման այլ մարդկանց՝ մեր հեղինակների կարծիքները: Մեր ընթերցողը հիմնականում գնացել է Հայաստանից:

Մի մեծ հատված հնարավորություն չունի նույնիսկ թերթ առնելու: Երրորդ հատվածն ընդհանրապես թերթի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է որպես այդպիսին:

Ամենամեծ տպաքանակն ինչքա՞ն է եղել և ե՞րբ:

«Կոմունիստ» թերթը, որի հիմքի վրա ստեղծվեց «Գոլոս Արմենիի»-ն, 80 հազար տպաքանակ ուներ: Մենք սկսեցինք, կարող է ճշգրիտ չհիշեմ, բայց հաստատ՝ մի քանի տասնյակ հազարով:

Ամբողջ տպաքանակը վաճառվու՞մ էր:

Մեզ հետ միշտ աշխատել են «առանց վերադարձի» պայմաններով: Մինչ օրս:

Ռուսերենի իմացության նվազումը նեղացրե՞լ է ձեր թերթի հնարավոր ընթերցողների շրջանակը:

Իհարկե: Նրանց մի մասն էլ, ասացի, մեկնել է:

Չե՞ք փորձել գնացածների հետևից, կոպիտ ասած, ուղարկել թերթը, ասենք՝ Ռուսաստանում վաճառել:

Ինչի՞ մասին է խոսքը, մենք ուղղակի վազեցինք մեր ընթերցողների հետևից: Մոտ 20 տարի առաջ Մոսկվայում տպել ենք՝ 32 էջով,15-18 հազար տպաքանակով, տեղական նշանակության նյութերը հանած՝ բովանդակությամբ շատ խիտ ընտրանի: Հատուկ եղանակով ուղարկում էինք կապած էջերը, Մոսկվայում տպում էին և վաճառում:

Ինտերնետը եկավ, դժվար ժամանակները եկան, իմաստը կորավ լրացուցիչ ջանքեր պահանջող այդ աշխատանքի: Մինչ օրս կան մարդիկ, որոնք ուզում են թերթը, բայց Ինտերնետով իրենց ավելի մատչելի է: Չնայած՝ տպագիր խոսքի արժեքն ուրիշ է:

Ինտերնետի հնարավորությունները շատ ավելի մեծ են:

Հիմա չեմ ուզում հայտնի բաների մասին ասել՝ Ինտերնետը շատ հեշտ է նվաճում հանրությանը: Այնտեղ ամեն ինչ հեշտ է. թե՛ տեղեկատվությունը, թե՛ ապատեղեկատվությունը, թե՛ միտումնավոր սադրանքն է հեշտ...

Պրոֆեսիոնալ մամուլը, վերջին հաշվով, պետք է պահանջված լինի: Եվ առաջին հերթին՝ պետության կողմից:

Որովհետև այն, ինչ ասվում է հեռուստացույցից, դա պարզապես ասվում է եթերում ու գնում, կորում է: Իսկ այն, ինչ գրում են թերթի լրագրողները, անհնար է ջնջել:

Ովքե՞ր են կարդում «Գոլոս Արմենիի» թերթը:

Երևի այն մարդիկ, որոնք հավատում են, որ Հայաստանը գիտատեխնիկական և տնտեսական առումով կարող է իր ունակություններին համարժեք դեր խաղալ: Տպագիր տարբերակինը չգիտեմ, բայց մեր ինտերնետային էջի ընթերցողների 45 տոկոսը երիտասարդներ են:

Հայաստանում թերթերը մի տեսակ սպասողական, խեղճացած վիճակում են, ասես, ուզում են հասկանալ՝ մնալու՞ են, չե՞ն մնալու որպես տպագիր մամուլ: Իսկ դու՞ք:

Գիտե՞ք ինչ, Հայաստանում օբյեկտիվորեն այնքան անհասկանալի շեղումներ կան հասարակական, քաղաքական կյանքում... Օրինակ, Հայաստանի մեր թերթերից որևէ մեկը մյուսի հետ մրցակցության մեջ չէ, և այդպիսի բան չի էլ կարող լինել:

Միայն ռուսալեզու՞ թերթերի մասին է խոսքը:

Ո՛չ: Բոլո՛ր թերթերի: Եկեք այսօրվա թերթերի ամբողջ փաթեթը վերցնենք:

...Ահա՛, սա է: Տեսակավորենք՝ մեկ, երկու երեք չորս... (որոշ թերթեր դնում է աջ մասում, որոշ թերթեր՝ ձախում կամ կենտրոնում,- հեղ.): Այս աջ կողմի թերթերում, առանց կարդալու էլ գիտենք՝ ինչի մասին է գրված. սրանք թերթեր են՝ միակ ու նույն թեմայով. բազմահազար հայրենակիցների կյանքը նրանց հետաքրքիր չէ:

Այս մեկը՝ օրվա իրադարձությունների պաշտոնական տեսակետների շարադրանքն է՝ գիտենք: Այս մեկի ամբողջ համարում կարող են լինել 2-3 հետաքրքիր թեմաներ՝ թարմ մարդկանցով: Այս մեկը՝ արտատպումներ, արտատպումներ, արտատպումներ՝ վերից վար:

Իսկ ձե՞րը:

Տնտեսություն՝ անպայման: Ակտուալ գիտություն՝ անպայման: Որոշ օրենքների հետ կապված ակտուալ իրադրություն և խորը, լուրջ մշակույթ. կառավարության և նրա առանձին օղակների աշխատանքի արդյունավետությունը: Համազգային շահի թեմաները, տարածաշրջանային երկրներն ու մենք:

... Ի դեպ, տեսնում եք նաև, որ մեր թերթն իր չափսերով 2 անգամ մեծ է, քան մյուս շատ թերթեր, իսկ գինը նույնն է: Այդ դեպքում, գինը երկու անգամ ցածր է դուրս գալիս: Շատ մեծ է դպրոցը, մշակույթը չկորցնելու ցանկությունը:

Ինչքա՞ն ժամանակ, ձեր կարծիքով, լույս կտեսնի «Գոլոս Արմենիի» թերթը:

Չեմ կարող ասել: Ա՛յ, մայիսին մեր թերթը 25 տարեկան է դառնում…

Շնորհավո՛ր:

Չգիտեմ էլ՝ արժե՞ շնորհավորել, որովհետև մենք բավական ծանր օրեր ենք ապրում. դրությունը լուրջ է՝ շատ փոքր տպաքանակ, շատ քիչ գովազդ… Բայց կարևորն ուրիշ բան է: Չէ՞որ մեր արած գործի հիմնական իմաստն այն է, որ պաշտոնական և ոչ պաշտոնական մարմինների ուշադրությունը բևեռենք լուրջ խնդիրների լուծման վրա:

Բայց քանի որ իշխանության տարբեր հարկերում ոչ բոլոր մարդիկ կարդալ գիտեն. իսկ եթե չեն կարդում, չեն կարող հասկանալ, իսկ եթե կարող են հասկանալ, բայց կամրջային և թրթուռավոր վերամբարձ կռունկների տարբերությունը չգիտեն՝ զբաղված լինելով տնտեսության հարցերով...

Մարդիկ, որոնք չգիտեն իրենց երկիրը, չգիտեն նրա հնարավորությունները և միավորված չեն հանուն երկրի շահերի, նրանց որևէ բան հասցնելը պարզապես անհնար է: Սա՛ է սպանում և ոչ թե փոքր տպաքանակը:

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?