2014.02.05,

Տեսակետ

«Այսօր հեռուստատեսությունում փակ թեմաներ գրեթե չկան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների ղեկավար Գևորգ Ալթունյանը նոր եթերաշրջանի մեկնարկ է համարում այս տարվա սկիզբը: Նա նշում է, որ տեխնիկական վերազինման փուլից հետո «Հ1»-ի լրատվական թողարկումների բովանդակությունը փոփոխություն է կրելու:

Հեռուստատեսությունը ողջ աշխարհում նահանջում է և լսարան կորցնում: Իսկ ինչպե՞ս է փոխվում Հայաստանի հեռուստատեսային դաշտը: Եվ արդյոք կարողանու՞մ է մրցակցել ինտերնետի հետ:

Թվում է, թե ինտերնետային լրատվամիջոցների բազմազանության, զարգացման ու տարածման պարագայում հեռուստատեսության դերի ու դիրքի նվազումը բնական պետք է լիներ, բայց պատկերը միանշանակ չէ:

Ինտերնետային լրատվամիջոցների հիմնական հատվածի կողմից տարածվող ինֆորմացիայում, որպես կանոն, գերակշռում են սթրեսային լուրերը (մահը, բռնաբարությունը, վթարները): Մեծ քանակի նեգատիվ՝ սեռական բնույթի կամ բռնություն պարունակող ինֆորմացիայի տեղադրումը կարծես օրինաչափություն է դարձել:

Ուզենք թե չուզենք, փոխվել է լրատվության բովանդակությունը: Մեդիայում քաղաքական թեմաները հիմա շատ ավելի քիչ պահանջարկ ունեն, քան այսպես ասած՝ «կեղտոտ» թեմաները՝ չստուգված տեղեկատվությունը, պատվիրված հոդվածները, անձը վիրավորող ու վարկաբեկող հրապարակումները:

Երբ տեսնում ես, թե որ հաղորդումներն ու հրապարակումներն ունեն ամենաբարձր վարկանիշը, պարզապես սարսափում ես:

Բայց հակառակ դրան՝ հեռուստատեսությունը կայուն ու նույնիսկ իդեալական կյանքի պատկեր է ստեղծում:

Ես չէի ասի, որ պատկերն իդեալական է, դա ավելի շուտ կարծրատիպային պատկերացում է: Իրականում, եթե համեմատենք այսօրվա հեռուստատեսության մատուցած տեղեկատվությունը մի քանի տարի առաջ գոյություն ունեցածի հետ, ապա սարի ու ձորի տարբերություն կա: Այսօր հեռուստատեսությունում փակ թեմաներ գրեթե չկան: Եվ հետո՝ հեռուստադաշտում մեծ է մրցակցությունը: Այսինքն՝ եթե փակ թեմաներ լինեն, հեռուստաալիքները նաև պարտադրված կերպով կփորձեն դրանք բացել՝ լսարանն ընդլայնելու համար:

Բայց այստեղ ավելի լուրջ խնդիր էլ կա. էլեկտրոնային լրատվամիջոցներից շատերը հանգիստ կարող են տեղեկատվություն հրապարակել առանց ստուգելու, ճշտելու, խմբագրելու կամ սրբագրելու և ոչ մի պատասխանատվություն չկրել այն դեպքում, երբ պարզվի, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

Իսկ հեռուստատեսությունում նման բան չի պատահու՞մ:

Եթե լինում են, ապա դրանք եզակի դեպքեր են: Ինֆորմացիայի հետ աշխատող ցանկացած մարդ, ինֆորմացիայի սեփական ընկալումն ունի (նշանակություն չունի, թե նա որ մեդիայում է աշխատում): Ինֆորմացիան հումք է, որից նա որոշակի արտադրանք է պատրաստում:

Կարծում եմ՝ հումքից ապրանք ստանալու ճանապարհին, այսպես թե այնպես, պիտի զգացվի մասնագետի ձեռքը: Իսկ այդ դեպքում սուբյեկտիվության տարրերն անխուսափելի են:

Չի կարելի պատկերացնել մի իրավիճակ, որտեղ լրատվամիջոցը բառացիորեն միայն օբյեկտիվ ինֆորմացիա է տարածում: Թարմ օրինակ բերեմ՝ ահռելի քանակությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներ կայծակնային արագությամբ տարածեցին մարազմային լուր, թե ինչ-որ մարդիկ՝ ներարկիչներով զինված, վարակում են մարդկանց:

Եվ ոչ մի լրատվամիջոց իր ընթերցողներից ներողություն չխնդրեց, շատերը նույնիսկ հերքում էլ չտպագրեցին: Քանի անգամ են եղել դեպքեր, երբ էլեկտրոնային լրատվամիջոցները նույնիսկ մարդու մահվան մասին տեղեկություն են տարածել, մինչդեռ այդ մարդը ողջ է եղել:

Մեր լրատվական դաշտը հիմա փոքր-ինչ քաոտիկ վիճակում է: Ցանկացած մարդ շատ հանգիստ կարող է լրատվամիջոց բացել, ինքն իրեն լրագրող հռչակել (հիմա լրագրող դառնալու ընթացկարգ էլ չկա) և սկսել իր ուզած ձևով աշխատել: Կարծում եմ՝ լրատվական դաշտի կայացման, մասնագիտական հմտությունների հղկման համար պետք է որոշակի ընթացակարգ լինի:

Չե՞ք կարծում, որ իրականում ավելի դանդաղ, բայց մտորելու, վերլուծելու դրդող ինֆորմացիայի կարիք կա:

Մեծ հաշվով դրա պահանջարկը չկա: Հիմա՛ չկա: Երբ հեռուստատեսությունն սկսեց հեշտ մարսելի, «ֆասթ ֆուդ» արտադրանք առաջարկել (օրինակ՝ սերիալները), լսարանի մեծամասնությունը ընտելացավ ու սիրով համաձայնեց ուտել առողջության համար բավականին վնասակար այդ հեռուստատեսային «ֆասթ ֆուդը»:

Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ չենք կարողանում հակառակ պրոցեսը տանել, քանի որ խնդիրներն այլևս խորքային են, մեր արժեհամակարգում են: Իսկական հերոսների, հայրենիքի պաշտպանների մասին հաղորդումների փոխարեն լսարանի մեծ մասը գերադասում է երգիչների հերթական ցածրորակ տեսահոլավակները դիտել:

Միգուցե հեռուստատեսությունը վանում է հենց այն պատճառով, որ հերոսներին ու խնդիրները ներկայացնում է մակերեսայի՞ն ու պաթետի՞կ:

Այսպես ասեմ՝ Շառլ դը Գոլի գուլպաների մաքրությունը որևէ ֆրանսիացու չի հետաքրքրում: Մենք ընդհանրապես բնավորության վատ գիծ ենք ձեռք բերել. արժեքները բոլոր կողմերից պտտում, ուսումնասիրում ենք ու նույնիսկ աննշան ճաք գտնելու դեպքում փորձում ներս մտնել ու հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում:

Հավատացնում եմ՝ եթե ցանկացած՝ նույնիսկ սրբագույն մարդու օրական 24 ժամ անընդմեջ հետևեն (լուսանկարեն բոլոր գործողությունները, ձայնագրեն բոլոր ասածները), ապա հեշտությամբ կարող են նրան «փչացնել»: Բավական է նրան լուսանկարել հաց ուտելիս, հագնվելիս կամ փռշտալիս:

Խնդիրն ընկալումներն են: Այսինքն՝ հաճախ ոչ թե փորձում ենք մեծարմանն արժանի արարքը գնահատել, այլ այդ արարքի տակ եղած որոշակի ներքին հոսանքները, պատճառահետևանքային կապը գտնել: Արդյունքում արարքի մասին խոսելու փոխարեն ասում ենք՝ բայց ինչու՞ են կեղտոտ նրա գուլպաները:

Դժվար է չհամաձայնել, որ, դիտելով հայաստանյան մեկ ալիքի լրատվական թողարկումը, կարող ես վստահ ասել (մի քանի բացառություններով), որ բոլոր ալիքների լուրերն էլ տեսել ես, քանի որ նույնն են ոչ միայն տեղեկատվական առիթները, այլև կադրերն ու տեքստը:

Լրատվության մատուցումը լուրջ խնդիր է: Նախ՝ իրադարձությունների քանակն է խիստ սահմանափակ, ինչը որոշակիորեն զրկում է ընտրության հնարավորությունից: Եվ միայն հեռուստատեսությունում չէ, որ այդպես է: Ամբողջ մեդիա դաշտում է նույն պատկերը: Բայց, իհարկե, շատ բան կախված է նաև հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի խմբագիրների կամ ղեկավարների աշխատելու ցանկությունից: Որպես կանոն՝ մենք այնքան էլ ջանք չենք գործադրում ստեղծարար արտադրանք պատրաստելու համար:

Հեռուստաընկերությունների և էլեկտրոնային լրատվամիջոցների մեծամասնությունը կարդում է մամուլի ակումբներում կայանալիք ասուլիսների ցանկն ու հենց այդ ասուլիսներով կազմում հաջորդ օրվա իր լրահոսը: Եթե հաշվի առնենք, որ օրական մոտավորապես 10-15 ասուլիսային միջոցառում է լինում, հանգիստ կարելի է դրանց լուսաբանումով մի ողջ լրատվական թողարկում համալրել: Պորտաբույծ լրատվամիջոցների մի ահռելի բանակ էլ ուղղակի արտատպում է այլոց պատրաստած նյութերը:

Տարիներ շարունակ լրագրությունը (հատկապես հեռուստալրագրությունը), որպես երևույթ, «մեռցվել» է:

Ե՞րբ եք վերջին անգամ տեսել, օրինակ, ռեպորտաժներ Աֆղանստանից կամ Եգիպտոսից, բոլոր այն ռիսկային վայրերից, որտեղ աշխատելու համար մեծ պրոֆեսիոնալիզմ է հարկավոր: Մենք հիմա շատ հեռու ենք լրագրության այդ տեսակից:

Իսկ հնարավոր չէ՞, ասենք, հեռուստալրագրող գործուղել Կիև՝ ոչ միջնորդավորված, առաջին ձեռքից ինֆորմացիա բերելու համար:

Նյութական խնդիր կա, քանի որ Մայդանում կամ որևէ այլ թեժ կետում լրագրող պահելու համար ֆինանսական ռեսուրսներ, տեխնիկական հնարավորություններ (թանկարժեք սարքավորումներ, արբանյակային հեռարձակում) են հարկավոր, որոնք հայաստանյան հեռուստաընկերություններն իրենց թույլ տալ չեն կարող:

Իհարկե, մենք կարող ենք ռեպորտաժներ պատրաստել, բայց դա կրկին կապված է ռեսուրսների և լրագրողների անվտանգության գոնե նվազագույն պայմանների ապահովման հետ: Բայց կարևորն այն է, որ մենք խեղված պատկերացում ունենք լրագրողների աշխատանքի մասին:

Չկա՞ մտավախություն, որ անգամ մեծ ցանկության դեպքում չի ստացվի հրաժարվել Հանրայինի հեռուստալրագրողների վերամբարձ ու պրոպագանդիստական շեշտադրումներից:

Համաձայն չեմ գնահատականի հետ: Այդուհանդերձ, նույնիսկ եթե մեր լրագրողների ռեպորտաժ պատրաստելու ոճը ոմանց դուր չի գալիս, ամեն դեպքում մենք խոսում ենք կայացած մասնագետների մասին:

Իսկ այսօր Հայաստանում պրոֆեսիոնալ լրագրողների սուր դեֆիցիտ կա:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետներ ավարտած երիտասարդները հաճախ ստիպված են փորձառություն անցնել որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում, որտեղ իմ կարծիքով՝ նրանց պատկերացումները մասնագիտության մասին որոշ դեպքերում ուղղակի խեղվում են: Եվ արդյունքում Հայաստանում ձևավորվում է լրագրողների մի սերունդ, որի մի պատկառելի հատվածը գաղափար չունի, թե ինչ է լրագրությունը:

Ճիշտն ասած՝ ինձ էլ պրոֆեսիոնալ լրագրող չեմ համարում, քանի որ մասնագիտությամբ պատմաբան եմ: Հիմա աշխատանքի բերումով ես ավելի շուտ մենեջեր եմ, ով համակարգում է բավական մեծ կառույցի աշխատանքները՝ սկսած ջեռուցումն ապահովելու ու համակարգիչներ ձեռքբերելու գործից, վերջացրած լրատվական ծառայության առօրյա խնդիրներով:

Սա նաև շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ, ի տարբերություն մասնավորի, Հանրային հեռուստաընկերության ցանկացած լրատվական թողարկում մանրադիտակով է ուսումնասիրվում: Հիմա շատ ցավալի բան է կատարվում՝ մենք կարող ենք մի բացառիկ հետաքրքիր լուր, հրաշալի մարդու մասին ռեպորտաժ պատրաստել (որը ոչ ոք չի անի), բայց դրա փոխարեն մարդիկ ավելի մեծ սիրով կհեռարձակեն ու կդիտեն հերթական սպանության կամ բռնաբարության մասին ռեպորտաժները:

Վերջերս, օրինակ, մենք նյութ էինք պատրաստել Տրդատ թագավորի թագի մասին: Ծանր աշխատանք էր, քչերը կանեին: Բայց չափազանց արժեքավոր բան ստացվեց: Ոչ մի արձագանք: Դրա փոխարեն՝ ցանկացած վրիպում (բնական է, ոչ ոք ապահովագրված չէ սխալներից) համապետական քննարկման խնդիր է դառնում: Լավի համար ոչ ոք շնորհակալություն չի հայտնի: Բայց նույնիսկ աննշան սխալի համար կքննադատվես անհնարինության աստիճան:

Արդյոք վերջնական արդյունքը միայն լրագրողի ունակությունների՞ց է կախված, թե՞ այլ՝ չերևացող խնդիրներ էլ կան, օրինակ, քաղաքական:

Բնականաբար, եթե խոսում ենք մասնավոր լրատվամիջոցների մասին, ապա ինֆորմացիոն արտադրանքի վրա անպայման որոշակիորեն ազդեցություն են թողնում տվյալ լրատվամիջոցի ղեկավարի աշխարհայացքը, պատկերացումները, ընկալումները: Տարբերվում են նաև Հանրային հեռուստաընկերության ընկալումները (իհարկե, ես կարող եմ խոսել միայն լրատվական հաղորդումների մասին):

Բոլոր քաղաքական ուժերին՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, թվում է, թե միայն իրենց գործունեությունն է արժանի ամենալայն լուսաբանման:

Բոլոր քաղաքական գործիչները հավատացած են, որ միայն իրենց պետք է ցույց տալ խորհրդարանի աշխատանքների մասին պատմող ռեպորտաժներում: Նույն վստահությունն ունեն հասարակական կազմակերպությունները, պետական գերատեսչությունները և այլն:

Չեք պատկերացնի, թե ինչ մարազմի հետ ենք ստիպված լինում առնչվել: Մեզ մեղադրում են, որ, ենթադրենք, մի պատգամավորի խոսքը հեռարձակել ենք 38 վայրկյան, իսկ մյուսինը՝ 41: Կամ մեկ նախարարության մասին անդրադարձը տևել է 27 վայրկյան, իսկ մյուսինը՝ ավելի կարճ:

Խնդիրն այն է, որ «Հ1»-ի լուրերի մեծամասնությունը հենց գերատեսչայի՞ն ու արարողակարգայի՞ն է:

Համաձայն չեմ: Ասեմ ավելին՝ մեր նոր աշխատանքային հայեցակարգի համաձայն՝ լրատվական թողարկումները շուտով լուրջ փոփոխությունների կենթարկվեն: Մենք ավելացնելու ենք հեղինակային ռեպորտաժների քանակը, իսկ հիմնական շեշտը դնելու ենք մարդու վրա:

Հեռուստատեսության լրատվության այն մոդելը, որը կար նախկինում (և միգուցե ժամանակին պահանջարկ ուներ), փորձելու ենք վերացնել և հրաժարվել մամուլի ակումբների գործունեության լուսաբանմամբ եթեր լցնելու գործելաոճից:

Բայց հաշվի ենք առնում նաև այն, որ մարդիկ Հանրայինը դիտարկում են որպես պետական հեռուստաալիք (իհարկե, հասկանալի է, որ հանրայինն ու պետականը տարբեր բաներ են), և, որպես կանոն, պետական կառույցների գործունեության ու պետական համակարգում տեղի ունեցող իրադարձությունների մասին հիմնականում մենք ենք տեղեկացնում: Մասնավոր ալիքները պարտավոր չեն դա անել և հանգիստ կարող են, ասենք, խորհրդարանական հայտարարությունները հեռարձակելու փոխարեն որևէ ռեյթինգային ֆիլմ ցուցադրել:

Իսկ նոր ֆորմատի բանավիճային հաղորդում սպասվու՞մ է: Այսպես ասած՝ «քաջ» հաղորդումներ, որտեղ քաղաքականությունը քիչ է, իսկ խնդիրների քննարկումը՝ իրական:

Մենք, իհարկե, նախատեսում ենք բանավիճային հաղորդում պատրաստել: Բայց դրա իրական պահանջարկն էլ պետք է հասկանալ: Հանրային հեռուստաընկերության լսարանը միատարր չէ, բոլորն իրենց պատկերացումներն ունեն, թե ինչպիսին պիտի լինի Հանրայինը:

Օրինակ՝ երբ Հանրայինի եթերից դուրս եկան բոլորի կողմից ու անխնա քննադատվող սերիալները, հազարավոր մարդիկ սկսեցին զանգահարել ու բողոքել, որ դադարել ենք ցուցադրել դրանք: Կրկնում եմ՝ ամեն ինչ ընկալումներով է պայմանավորված:

«Առաջին լրատվականի» դեպքում շատ կարևոր էր տեխնիկական վերազինումը, աշխատանքային պայմանների բարելավումը, քանի որ դա այն մեկնարկային հիմքն է, այն գործիքը, որի շնորհիվ կարելի է փոփոխություններ կատարել: Հիմա նոր փուլ ենք մտնում, լրատվության բովանդակության որակը պիտի փոխվի:

Առաջնային ենք համարում աշխատանքը կառուցել ստեղծագործական մտքի վրա ու փորձելու ենք ոչ թե պարզապես ինֆորմացիա մատուցել, այլ «բացել» այդ ինֆորմացիան: Հույս ունեմ, որ կստացվի: 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *