2014.12.05,

Նյուսրում

Ինչ գիտի Ֆեյսբուքը մեր մասին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ֆեյսբուքն իր օգտատերերին տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից սոցցանցը կունենա թարմացված օգտագործման պայմաններ ու տվյալների քաղաքականություն:

Այս ծանուցումը օգտատերերից շատերի մոտ անհանգստություն, որոշ դեպքերում խուճապ է առաջացրել:

Խուճապը պայմանավորված է անձնական տարածք ներխուժելու հնարավոր սպառնալիքով:

Տպավորություն է ստեղծվել, որ սոցցանցը սկսել է ավելի ակտիվ հավաքագրել անձնական տվյալները (լուսանկարները, գրառումները, մեկնաբանություններն ու նախասիրությունները)՝ հետագայում դրանք անհայտ եւ մութ նպատակներով օգտագործելու մտադրությամբ:

Այսպիսի խուճապ ու անհանգստություն առաջանում է ամեն անգամ, երբ Ֆեյսբուքը պայմանների կամ քաղաքականության փոփոխության կամ թարմացման մասին ինֆորմացիա է տարածում: Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 2012 թվականին:

Եվ ինչպես 2012-ին, այս անգամ էլ ֆեյսբուքյան օգտատերերից շատերը ծանոթ-բարեկամներին հարցուփորձ անելուն զուգահեռ իրենց էջերում ի գիտություն Ֆեյսբուքին տարբեր լեզուներով հայտարարեցին, թե իրենց անձնական տվյալների հեղինակային իրավունքը պատկանում է միմիայն իրենց, իսկ դրանք առեւտրային նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է իրենց գրավոր համաձայնությունը:

Իրականում Ֆեյսբուքից օգտվելու պայմանները չեն փոխվել, չի փոխվել նաեւ սոցցանցի՝ տվյալների քաղաքականությունը: Դրանք թարմացվել են:

Ֆեյսբուքն ավելի մատչելի լեզվով եւ մանրամասնորեն է ներկայացնում, թե ինչ տվյալներ է հավաքագրում, ինչ նպատակով եւ ինչպես է դրանք օգտագործում: Դրան զուգահեռ բացատրում է տվյալների գաղտնիության հիմունքները, որով պատասխանում է հաճախ տրվող հարցերին, թե ինչպես կարելի է վերահսկել սեփական ինֆորմացիան սոցցանցում:

 


Ի՞նչ ինֆորմացիա է հավաքագրում Ֆեյսբուքը

Ֆեյսբուքը հավաքագրում է ամեն ինչ: Մեր՝ օգտատերերիս մասին հնարավոր ողջ ինֆորմացիան: Նախ եւ առաջ այն ինֆորմացիան, որը մենք ենք տրամադրում: Դա սոցցանցում գրանցվելու պահին մուտքագրվող տվյալներն են՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար:

Ֆեյսբուքը հավաքագրում է նաեւ ցանկացած ինֆորմացիա մեր լայքած՝ հավանած էջերի, խմբերին անդամակցությունների, լուսանկարների, գրառումների, check-in-ների եւ այլնի միջոցով, ինչպես նաեւ մեր մասին այլ անձանց կողմից տարածված ինֆորմացիան, երբ ընկերներն են մեզ նշում իրենց նկարներում, գրառումներում, ստատուսներում կամ check-in-ներում:

Այս ամենից բացի՝ Ֆեյսբուքն ունի մեր վերբեռնած լուսանկարներին կամ տեսանյութերին առնչվող հավելյալ ինֆորմացիա՝ մետադատա՝ ժամը, ամսաթիվը, նկարահանման վայրը:

Երբ զննում ենք մեկ այլ օգտատերի թայմլայնը կամ հաղորդակցվում նրա հետ, հաղորդագրություններ ուղարկում, այցելում սոցցանցի ներսում որեւէ էջ, խաղ խաղում, ֆեյսբուքյան հարթակում ստեղծված հավելված մուտք գործում կամ ֆեյսբուքյան սոցիալական կոճակի (social plugin) միջոցով այցելում որեւէ վեբկայք, այդ ինֆորմացիան նույնպես գրանցվում է Ֆեյսբուքի «պահեստներում»:

Ֆեյսբուքն ամեն ինչ գիտի մեր սարքերի եւ դրանց վիճակի մասին: Նա ինֆորմացիա է ստանում այն սարքերից եւ սարքերի մասին (համակարգիչ, սմարթֆոն, թաբլեթ), որով մուտք ենք գործում սոցցանց: Նա տեղյակ է մեր օպերացիոն համակարգի, սարքավորման տեսակի, սարքավորման պարամետրերի, ֆայլերի եւ ծրագրերի անվանումների եւ տեսակների, նույնիսկ մարտկոցի լիցքի եւ ազդանշանի ուժգնության մասին: Գիտի սարքավորման գտնվելու վայրը՝ կոնկրետ աշխարհագրական դիրքը. այդ տվյալները նա ստանում է GPS-ի, Bluetooth-ի կամ WiFi ազդանշանների միջոցով:

Ֆեյսբուքը տեղեկություններ ունի նաեւ մեր բջջային օպերատորի կամ ինտերնետային փրովայդերի, զննարկչի տեսակի, լեզվի եւ ժամանակային գոտու, բջջային հեռախոսահամարի եւ IP հասցեի մասին:

Տիրապետում է նաեւ մեր գնումների կամ գործարքների մասին ինֆորմացիային՝ ներառյալ վճարման մասին տեղեկությունները, ինչպիսիք են բանկային քարտի համարը, բանկային քարտի եւ հաշվի հետ կապված այլ տեղեկատվություն, ինչպես նաեւ առաքման եւ կոնտակտային տվյալները:

Ֆեյսբուքը ինֆորմացիա է ստանում նաեւ երրորդ անձանցից՝ գովազդային գործընկերներից, հաճախորդներից, այն ընկերություններից, որոնք պատկանում են ֆեյսբուքին կամ գործարկվում են ֆեյսբուքի կողմից՝ համաձայն այդ ընկերությունների օգտագործման պայմանների եւ քաղաքականության:

 


Ինչպե՞ս է Ֆեյսբուքն օգտագործում հավաքագրած ինֆորմացիան

Մեր մասին ինֆորմացիան Ֆեյսբուքը վաճառում է գովազդատուներին, սակայն վստահեցնում է, որ այդ ինֆորմացիան վաճառում է այն տեսքով, որով հնարավոր չէ նույնականացնել անձին, այսինքն՝ առանց անվան, ազգանվան եւ անձը նույնականացնող այլ տվյալների:

Մեր մասին, ինչպես նաեւ երրորդ անձանց կողմից հավաքագրված ինֆորմացիան ֆեյսբուքն օգտագործում է մեր նախասիրություններին համապատասխան ծառայություններ եւ գովազդ առաջարկելու նպատակով:

Առաջարկում է, օրինակ, ընկերանալ, նկարում նշել այս կամ այն օգտատերին, ընտրում է մեր լրահոսում ցուցադրվող գրառումները:

Մեր սարքերի GPS տվյալների հիման վրա Ֆեյսբուքը ցուցադրում է մեր գտնվելու վայրի շրջակայքում անցկացվող միջոցառումների տարբերակներ, որոնց կարող ենք մասնակցել:

 


Հնարավո՞ր է արգելել Ֆեյսբուքին հավաքագրել եւ օգտագործել օգտատերերի տվյալները

Սոցցանցում գրանցվելով՝ մենք համաձայնություն ենք տալիս Ֆեյսբուքի առաջարկած օգտագործման պայմաններին եւ տվյալների քաղաքականությանը:

Եթե դեմ ենք այդ պայմաններին, կարող ենք ջնջել մեր ֆեյսբուքյան հաշիվը: Սակայն նույնիսկ ջնջելուց հետո մեր մասին հավաքագրված որոշ ինֆորմացիա պահպանվում է մինչեւ 90 օր:

Ջնջելու գործընթացը տեւում է մոտ 1 ամիս:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *