2015.01.22,

Քննադատ

«Այստեղ կարող էր լինել քո՛ նկարը, Մուհամեդ»․ ամերիկյան մամուլի քննարկումները մարգարեի բացակա պատկերի շուրջ

author_posts/armen-sargsyan
Արմեն Սարգսյան
twiter

Լրագրող

– Հարց «Նյու Յորք Թայմսի» խմբագիր Դին Բաքեթին։ Քանի՞ մարդ պետք է դիմահար կրակոցով սպանվեր, որպեսզի ձեր թերթը որոշեր ցուցադրել, թե ո՛ր նկարների պատճառով մարդասպաններին այդպես վարվեցին։

23 հոգու վրա կրակել են, 11-ը մահացել է, դա ձեզ չի՞ բավարարում։

Մեջբերումը՝ Ֆեյսբուքից

Այսպիսի հարց է ուղղում Հարավային Կալիֆորնայի համալսարանի լրագրության ֆակուլտետի պրոֆեսոր Մարկ Քուփերը իր գործընկերջը՝ «Նյու Յորք Թայմսի» խմբագիր Դին Բաքեթին, եւ պատասխան ստանում։

– Սիրելի Մարկ, ընդունիր իմ ինքնաարդարացման երկրորդ փորձը եւ շարունակիր մտածել, թե այս հարցի շուրջ այլ տեսակետներ չեն կարող լինել։ Հույս ունեմ, որ քո ուսանողներն ավելի լայնախոհ են, քան դու, անասուն (asshole):

Մեջբերումը՝ Ֆեյսբուքից

Սիրելի ընթերցող, ինչու՞ մենք Շառլի չենք

«Շառլի Էբդոյի» վրա տեղի ունեցած հարձակումից հետո ամերիկյան մեդիան կանգնել է ընտրության առաջ․ հրապարակե՞լ արդյոք այն ծաղրանկարները, որոնք իրենց եվրոպացի գործընկերների սպանության պատճառ դարձան։ Որոշ հայտնի լրատվամիջոցներ՝ «Հաֆինգթոն Փոսթ», «Բազ Ֆիդ», «Վոքս», «Բլումբերգ», «CBS», «Ֆոքս Նյուզ», հրապարակեցին նկարները՝ ի նշան համերաշխության։ «Վաշինգթոն Փոսթը» եւս հրապարակեց, բայց առ այսօր էլ խմբագրությունը քննարկումների մեջ է։

Նրանց հակառակ՝ «CNN», «Նյու Յորք Թայմս», «Թայմս», «NPR» (հանրային), «ABC», «NBC» լրատվամիջոցները որոշեցին «զերծ մնալ ընթերցողների կամ լսարանի զգացմունքները ոտնահարող պատկերներից», ինչպես նշվում է նրանց հայտարարություններում։

Այդպիսի մի օրինակ է «NPR»-ի բացատրությունը․ «Եթե մենք մենք լուսաբանում ենք այդ դեպքերը, դա չի նշանակում, թե պետք է ցուցադրենք նաեւ այդ ծաղրանկարները»։ «Շառլի Էբդոյի» սպանված խմբագրի հայտնի լուսանկարը՝ Մուհամեդի ծաղրանկարով, նրանք ցուցադրեցին կամ կիսատ՝ առանց «պրովոկացիոն» պատկերի կամ անճանաչելի դարձրած։

Լուսանկարը՝ Buzzfeed.com-ի

Լուսանկարը՝ Buzzfeed.com-ի

Լուսանկարը՝ Buzzfeed.com-ի

Լուսանկարը՝ Buzzfeed.com-ի

Բանը հասավ նրան, որ «Սքայ Նյուզը» ուղիղ եթերում կտրեց ֆրանսիացի լրագրողի խոսքը, երբ նա փորձում էր ցուցադրել «Շառլի Էբդոյի» համարը։ Ընդ որում՝ ֆրանսուհին խոսում էր իրենց չպաշտպանած բրիտանական թերթերի («Թելեգրաֆ», «Դեյլի Նյուզ») մասին եւ փորձում եթերում ցուցադրել «Շառլի Էբդոյի» առաջին էջը, որը հենց հարձակման պատճառ էր դարձել։

(դիտել 15-րդ վայրկյանից)

– Շատ տխուր եմ, որ լրագրողները Բրիտանիայում մեզ չեն օժանդակում, դավաճանում են լրագրությանը՝ մտածելով, թե մարդիկ այնքան հասուն չեն, որ իրենք որոշեն՝ այս նկարները վիրավորական են, թե չէ։ Ինչպե՞ս որոշեն, եթե դու դա ցույց էլ չես տալիս։ Եվ սա լրիվ խելագարություն է, որ Բրիտանիայում այ սա ցույց չեն տալիս։

– Կներեք, «Սքայ նյուզը» որոշել է չհրապարակել այդ նկարները, եւ կխնդրենք քեզ Քերոլայն, դրանք ցույց չտալ հիմա։ Մենք ներողություն ենք խնդրում հիմա նրանցից ովքեր վիրավորվեցին այս նկարից։ Գիտեք, որ մենք խմբագրական որոշում ունենք՝ ցույց չտալ «Շառլի Էբդոյի» առաջին էջը։

 

Ես էլ եմ Շառլի, բայց վախենում եմ

Այսպիսի «զգուշավոր» պահվածքը մեծ իրարանցում առաջացրեց Ամերիկայում։ Հայտնի մեդիաքննադատներ եւ լրագրության պրոֆեսորներ մեղադրեցին «պատասխանատու» լրատվամիջոցներին «Առաջին Ուղղումը»՝ ԱՄՆ սահմանադրության խոսքի եւ այլ ազատությունները չսահմանափակելու լրացումը ոտնահարելու մեջ։

Հնչեցին տեսակետներ, թե էթիկայի քողի տակ լրագրողները պարզապես վախենում են ծայրահեղ իսլամական վրեժխնդրությունից, տեռորից եւ ճնշումներից։ «Էքստրեմիստների կողմից հաստատված» ծաղրանկարի օրինակը սկսեց շրջանառվել Թվիթերում:

«Ես էլ եմ Շառլի, բայց վախենում եմ». այսպես են մեդիա քննադատներն արտահայտվում այն լրատվամիջոցների հասցեին, որոնք հրաժարվել են հրապարակել լուսանկարները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը հայտարարեց, թե «Լրատվական կազմակերպություններն իրենք պետք է գնահատեն իրենց ռիսկը դրանք հրապարակելիս»։ Դրան անմիջապես հետեւեց հարցը․

-Պե՞տք է ամերիկացիներն այսուհետ անհանգստանան, թե ինչպես են նկարում Մուհամեդին։
– Ո՛չ, ամերիկացիները ազատ կարող են պատկերել Մուհամեդին։

ԱՄՆ լրագրողական շատ կազմակերպություններ՝ «Առցանց լրագրողների ասոցացիան», «Մամուլի ազգային ակումբը», «Փոյնթերը», «Մամուլի ազգային հիմնադրամը» կողմ են արտահայտվել նկարները հրապարակելուն։

Որպես իրական լրագրության օրինակ՝ մեջբերում են «Վոքս» (The Vox) պարբերականին, որը հրապարակել էր ծաղրանկարները, բայց տեղադրել էր նաեւ խմբագրության սպանդից հետո Ֆրանսիայում մուսուլմանների դեմ կատարված բռնությունների ինտերակտիվ այս քարտեզը։

nkar 10

Սիրելի ամերիկացի գործընկերներ, այսօր դուք կորցրիք ինձ

Գերմանացի լրագրող եւ բլոգեր Քլեմենս Վերգինը, ով աշխատել է նաեւ «Նյու Յորք Թայմսի» եւ «Չիկագո Թրիբյունի» համար, «Դի Վելթ» գերմանական պարբերականում դիմում է նկարները չհրապարակելու որոշում ընդունած ամերիկացի իր գործընկերներին.

– Ես միշտ կարծել եմ, թե այդ լրատվամիջոցները ներկայացնում են միջազգային լրագրության ոսկե չափանիշերը։ Շառլի Էբդոյի վրա իսլամիստական հարձակումից եւ դրա հանդեպ ամերիկյան որոշ լրատվամիջոցների վերաբերմունքից հետո ես արդեն մտածում եմ լրագրության նոր՝ կեղծավորության ոսկե չափանիշի մասին։ ․․․ Դեպի ու՞ր է թեքվել ձեր բարոյական կողմնացույցը, սիրելի գործընկերներ․․․

Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հրաժարվել էին հրապարակել նաեւ «Շառլի Էբդոյի»՝ սպանդից հետո լույս տեսած թողարկման առաջին էջը։

Մակագրություն՝ «Ամեն ինչ ներված է։ Ես եմ Շառլին»։
Նկարը՝ Շառլի Էբդոյից

Հիշեցնենք, որ երգիծական պարբերականի միայն այս համարի 7 միլիոն օրինակ է վաճառվել մի քանի օրում, ավելի քան 120 անգամ շատ, քան սովորական տպաքանակն է:

Արմեն Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *