2016.04.29,

Տեսակետ

«Մեդիա դաշտի խնդիրը ոչ թե ազատության, այլ մտքի պակասն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում է, որ մարդկության մեծամասնությունը լրատվության զոհ է: Եվ այսօրվա անհասկանալի լրատվական դաշտը կշարունակի անհասկանալի մնալ, քանի դեռ իսկապես անկախ ու էթիկական կանոններով աշխատող լրատվամիջոցները առաջատար դիրքերում չեն: Այդ դեպքում երկրորդական լրատվամիջոցները կմղվեն լուսանցքից դուրս:

Հայաստանի քաղաքական ու լրատվական իրականությունը Ավետիք Իշխանյանն այսպես է բնորոշում. «Հիմնականում, որոշ բացառություններով, բոլորը կարծես ոչ թե ելքեր, այլ մուտքեր են փնտրում»: Այսինքն՝ մտածում են իրենց նյութական շահի աղբյուրները ավելացնելու, այլ ոչ թե հասարակական կարծիք ձևավորելու և լուծումներ առաջարկելու մասին:

Լրատվությունն ունի համոզողի, բացատրողի և ուղղորդողի դեր: Որքանո՞վ է այդ դերը փոխվել Հայաստանում վերջին 25 տարում:

Լրատվությունը մտածողություն է ձևավորում: Եվ իմ կարծիքով՝ մարդկանց մեծամասնությունը լրատվության զոհ է: Ընդհանրապես աշխարհում մարդկանց չնչին տոկոսն է լրահոսը ընկալում քննադատաբար, այսինքն՝ հալած յուղի պես չի ընդունում այն ամենը, ինչ իրեն մատուցում են: Սակայն քաղաքական, կրոնական, հասարակական տարբեր կազմակերպությունների համար այդ մի քանի հոգին ընդհանրապես կարևոր չեն:

Նրանց համար կարևորը հիմնական զանգվածի վրա ազդելն է: Եվ այս տեսակետից՝ բռնապետական կամ բռնապետական հակում ունեցող իշխանությունները դա շատ լավ հասկանում են՝ փորձելով սանձահարել ու իրենց ձեռքում պահել լրատվամիջոցները: Հաճախ դա գործուն մեթոդ է:

Հիշում եմ, որ խորհրդային տարիներին իմ ծանոթներից ու ընկերներից շատերը հավատում էին բոլոր լուրերին (անգամ երբ դրանք ծիծաղ էին առաջացնում), ասելով՝ եթե թերթում են գրել կամ հեռուստացույցով են ասել, ուրեմն ճիշտ է:

Իհարկե, խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանի լրատվամիջոցները դարձան շատ ավելի բազմազան: Կարծում եմ՝ ամենալավ ժամանակաշրջանը 1990-1994 թթ. էին, երբ հատկապես տպագիր թերթերն էին շշմելու հետաքրքիր, քանի որ հայտնվել էին անկաշկանդ գրող երիտասարդ լրագրողներ ու վերլուծաբաններ:

Այն ժամանակ ավելի շատ էնտուզիազմ կար, քան պատվեր:

Հետագայում իրավիճակը փոխվեց: Նոր քաղաքական ուժերը, տարբեր ֆինանսական կառույցներն ու բուրգերը (ինչպես այսօր են ասում՝ օլիգարխները) փորձեցին իրենց ազդեցության տակ առնել լրատվամիջոցները: Որոշ լրատվամիջոցներ հարմարվեցին այդ իրավիճակին, ծնվեցին նաև նորերը, որոնք արդեն ամբողջովին կառավարվում էին:

Այսօր կարծես հակառակն է. պատվեր կա, ինչ-որ բան փոխելու ցանկություն չկա:

Խոսելով լրատվամիջոցների մասին՝ ստիպված եմ հայտնի բաներ ասել: Հեռարձակող լրատվամիջոցներն այսօր առավել կաշկանդված ու ոչ ազատ են, անընդհատ գտնվում են վերստուգող մարմինների ճնշման տակ: Իսկ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ իշխանությունների քարոզչամիջոց:

Վստահ եմ՝ այն, ինչը ասվում է էկրանից, շարունակում է ազդել հասարակության վրա:

Իհարկե, կուսակցություններին օրենքով արգելվում է հեռուստաընկերություն ունենալ, բայց ինչպես տեսնում ենք, քիչ թե շատ ազդեցիկ բոլոր կուսակցություններն իրենց ալիքներն ունեն:

Պաշտոնապես բոլոր կուսակցությունները պնդում են, որ հեռուստաալիքների սեփանակատերեր չեն: Չե՞ք կարծում, որ եթերը հանրային նշանակության ունեցվածք է և դրա քողարկումը մարդու տեղեկացված լինելու իրավունքի խախտում է:

Նախարարներն ու պատգամավորներն էլ, ըստ օրենքի, իրավունք չունեն բիզնես գործողություն վարել, բայց բոլորին հայտնի է, թե նրանք ինչպիսի ճանապարներով են իրենց սեփականությունը ձևակերպում: Եվ հետո էլ՝ դեմքի անմեղ արտահայտությամբ ասում, որ ոչ մի բիզնես չունեն:

Բոլորը գիտեն, թե ո՛ր հեռուստաընկերությունը ո՛ր կուսակցությանն է պատկանում: Թեև սա օրենքի խախտում է, բայց միևնույն ժամանակ «դրական» ազդեցություն ունի, քանի որ, կուսակցական շահերից կախված, այդ ալիքները որոշակի բազմազանություն են ապահովում եթերում:

Կարծու՞մ եք…

Իհարկե, կուսակցությունները, մեծ հաշվով, իրարից շատ չեն տարբերվում, բայց ամեն դեպքում՝ մրցակցում են: Այսպես ասեմ՝ դա «մուտքեր» որոնելու մրցակցություն է, երբ փորձում են «սադրիչ» հաղորդումներով ինչ-որ բան հասկացնել իշխանություններին ու փոխարենը ինչ-որ բան ստանալ:

Մի անգամ ասել եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերը իրավիճակից ոչ թե ելքեր են որոնում, այլ մուտքեր:

Երբ լրատվամիջոցը սպասարկում է քաղաքական ուժին, հասարակական դերը վերանում է: Բայց կոպտորեն սխալված կլինենք, եթե ասենք, որ ինտերնետային մեդիայում ազատություն չկա: Իհարկե, դա այն ազատության մակարդակը չէ, որը թույլ կտա լրատվամիջոցին բարգավաճել (չեմ ուզում ասել՝ գոյատևել) պրոֆեսիանալիզմի շնորհիվ:

Հայաստանի փոքր շուկան տպագիր ու ինտերնետային լրատվամիջոցներին հնարավորություն չի տալիս ապրել գովազդով, քանի որ գործարար շրջանակներն աշխատում են իշխանությունների ցուցումով:

Հայտնի է, թե ո՛ր լրատվամիջոցը ո՛ր կուսակցական կամ ֆինանսական բուրգերի ազդեցության տակ է: Բացի դրանից՝ հայտնի է նաև, թե որ բուրգերն են ֆինանսավորում լրատվամիջոցներին միայն այն բանի համար, որ իրենց դեմ հոդվածներ չգրեն կամ փոխզիջման հասնում, որ այդ հոդվածները չհրապարակվեն:

Լավ կլիներ, որ այդ թեմայով անկախ լրագրողական հետաքննություններ արվեին:

Վերջերս հրապարակվեցին «Պանամայի փաստաթղթերը», և մի պաշտոնյա Հայաստանում հրաժարական ներկայացրեց: Բայց մեծ հաշվով՝ լրագրողական հետաքննությունները անարձագանք են մնում: Ի՞նչն է խանգարում:

Մեր լրատվամիջոցները բևեռացված լինելով քաղաքական ուժերի շրջանակներում, բազմաթիվ հրապարակումներ են անում տարբեր պաշտոնյաների մասին: Քաղաքակիրթ երկրում ցանկացած նման հրապարակում կդառնար սկանդալ, որին կհաջորդեր հրաժարականների շարանը:

Հիշում եմ՝ տարիներ առաջ նկարահանեցին Չեխիայի վարչապետի տունը, ու հարց առաջացավ, թե որտեղից նրան այդքան փող՝ նման շքեղ տուն գնելու համար: Հենց ծագեց այդ հարցը, վարչապետը միանգամից հրաժարական տվեց:

Ինչ վերաբերում է պանամական սկանդալի հետ կապված ԴԱՀԿ-ի պետի հրաժարականին, համոզված եմ, որ դա նրա ինքնուրույն որոշումը չէր, այլ նախագահի ցուցումը: Եթե վերևներում պարզվի, որ պանամական հաշիվները ԴԱՀԿ-ի պետի գաղտնի հաշիվներն էին (ինչը քիչ հավանական է), նա կպատժվի: Իսկ ավելի հավանական է, որ կարճ ժամանակ անց նա նոր, միգուցե ավելի բարձր պաշտոն ստանա՝ ապացուցելով, որ «տաշած քարը գետնին չի մնում»:

Մեզ մոտ մի կողմից ազատ գրում են, բայց մյուս կողմից՝ գրածը հասարակական ազդեցություն չունի: Իհարկե, պաշտոնյաներին դուր չի գալիս, որ հայտնվում են սկանդալային լրահոսում, բայց ցավալին այն է, որ այդ հետաքննությունների արդյունքը զրոյական է: Ի վերջո, Հայաստանում հասարակական կարծիքը ազդեցիկ չէ:

Կարծում եմ՝ մեդիա դաշտի խնդիրը ոչ թե ազատության, այլ մտքի պակասն է: Նկատի ունեմ, որ լրատվամիջոցներում ավելի շատ է հայհոյանքն ու քծնանքը, քան քննադատական միտքը: Առավել ևս՝ չենք կարողանում ընդունել ու քաղաքակիրթ եղանակով պատասխանել քննադատությանը: Ցանկացած քննադատություն դիմացինի կողմից ընկալվում է որպես իր հակառակորդների կողմից պատվեր, և սկսվում է հայհոյանքների շարքը: Դեռևս Թումանյանն էր այդ մասին գրել՝ նկատի ունենալով անցյալ դարասկզբի թերթերը.

«Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի։ Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ։

Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը — հայ թերթն է»:

Սա վերաբերում է ոչ միայն քաղաքական ուժերին, այլև գիտական, մշակութային գործիչներին: Թերևս, սա է հիմնական պատճառը, որ Հայաստանում շատ քիչ են այդ բնագավառներում նոր խոսք ասող դեմքեր: Ավելի հեշտ է կրկնել «ականավոր» գործիչների տեսակետները, թեզեր պաշտպանել և հարմարվել:

Մեր լեզուն կարծես դարձել է ավելի սովետական, քան սովետական տարիներին էր: Շատ են խոսում, բայց բան չեն ասում:

Շատ լրագրողներ ու հատկապես հաղորդավարներ տարածում են կեղծ հայերեն, որը տարբերվում է նույնիսկ խորհրդային մշակված կեղծ լեզվից: Այսօրվա լեզուն ավելի նոմենկլատուրային ու գավառական է, քան նախկինում էր:

Օրինակ. «Այդ հարցի կապացությամբ կարող եմ ասել, որ հարցը կայանում է նրանում, որ այսօրվա դրությամբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ և այդ հարցին պետք է նայենք տարբեր կողմերից, հա՞: Մենք նաև կարևորում ենք, հա՞, ինչու՝ ոչ, նաև հասարկության մասնակցությունը, որպեսզի կարողանանք ճիշտ վերլուծել ու կարևոր հետևություններ անել, վերաբերյալ…»:

Սա է մեր թե՛ շատ քաղաքական գործիչների, թե՛ հաճախ նաև մեդիայի խոսքը:

Երբեմն զավեշտալի բաներ էլ են լինում: Մարզական մեկնաբանն օրինակ ասում է՝ Ռոնալդոյի համար դեռ երեկո չէ: Կամ էլ՝ դարպասապահը սեյվ արեց, կա սուլիչը և այլն:

Մի կողմից՝ գավառական, շինծու թարգմանված ու կեղծ լեզու է տարածվում, իսկ մյուս կողմից՝ տարբեր սերիալների ու կատակային հաղորդումների միջոցով քարոզվում է փողոցային ժարգոնը:

Իմ կարծիքով՝ տեղի է ունենում լեզվի այլասերում, որը լրատվամիջոցներից տարածվում է հասարակություն, և՝ հակառակը:

Մարդու իրավունքներից է երջանիկ լինելու իրավունքը: Մի քիչ տարօրինակ հարց տամ. ինչու՞ այդ երջանկությունը տեղ չի գտնում առօրյա կյանքում՝ մնալով կա՛մ որպես պայքարի կարոտ, կա՛մ հեռավոր երազանք:

Առօրյա կյանքում երջանիկ ու բարոյական ապրելու ազգային գաղափարախոսություն մենք չունենք, փոխարենը ունենք գոյատևելու ու նահատակվելու գաղափարախոսություն:

Պետք է փորձել ձերբազատվել «Մահ կամ ազատություն» մտքից ու անցնել «Ազատություն և միայն ազատություն» գաղափարի: Կարծում եմ՝ մեզ շատ է խանգարում դարերից եկած կղերական մտածողությունը, հանուն խաչի նահատակվելու ու սրբանալու մարտիրոսությունը:

Այսինքն՝ պետք է երջանիկ ապրելու մասին մտածել: Հայաստանում ամոթ է լավ, երջանիկ լինելը, մոդայիկ է լացակումած ասելը՝ ո՞վ է հիմա լավ, յոլա ենք գնում և այլն: Իհարկե, ես հասկանում եմ շատերի սոցիալական վիճակը, համատարած անարդարությունը, բայց այսպես ասողները միայն անապահովները չեն: Ես կողմ եմ թումանյանական «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» սկզբունքին:

Վերջերս Հռոմի պապը ներկայացրեց «Սիրո հաճույքը» ճառը, որտեղ ասեց, թե սերն ու մարմնական հաճույքը Աստծո շնորհն են: Այսինքն՝ խոսքը կյանքի մասին էր: Մեր եկեղեցին կարծես բոլորովին այլ դիրքորոշում ունի:

Կաթոլիկ եկեղեցին վերափոխվելու ուժ ունեցավ՝ մրցակության մեջ մտնելով բողոքական շարժման հետ: Եվ ռեֆորմացիային հաջորդեց լուսավորությունը:

Ցանկացած դաշտում (թե՛ մեդիա, թե՛ կրոնական) շատ կարևոր է մրցակցությունը: Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ գործեց առանց վերանայումների ու մնաց դոգմատիկ, քանի որ բոլոր բողոքական շարժումները ճնշվեցին: Ամենակարևոր վերանայումը կլիներ այն, որ Հայաստանի հանրապետությունը դառնար իրապես աշխարհիկ երկիր:

Բայց հիմա այդպես է:

Հիմա պետության ու եկեղեցու կապերը սահմանված են հատուկ օրենքով: Մենաշնորհներ են տրված Հայ առաքելական եկեղեցուն, որը մուտք է գործել տարբեր պետական կառույցներ՝ դպրոց, բանակ և այլն: Եվ ինչպես միջնադարում էր, հիմա էլ քարոզում է հնազանդություն ու նահատակություն:

Հիշենք Րաֆֆուն. «Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական խոնարհության, քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել»:

Տեսեք, թե ինչպես է մեր գյուղատնտեսության նախարարը ջրանցքները նորոգելու ու հակակարկտային ցանցեր կառուցելու փոխարեն քահանաների հետ օրհնում հողը, որպեսզի լավ բերք լինի: Լսելով այդ լուրերը՝ տպավորություն է ստեղծվում, որ Գյուլնազ տատի հեքիաթն ես լսում:

Ապրիլյան պատերազմից հետո հատկապես ավելացան պաթետիկ ու աստվածահիշատակ տեքստերը: Դա փրկությու՞ն է այն դեպքերում, երբ բարդ է գտնել ինֆորմացիա փոխանցելու ճիշտ շեշտադրումները:

Հասկանալի է, որ պատերազմական ժամանակ ոգի բարձրացնելու խնդիր կա: Բայց ավելորդ պաթետիզմը ջղաձգում է մարդկանց: Համենայնդեպս, ես քիչ լսեցի անկեղծ խոսք, որտեղ լիներ և՛ մտահոգություն, և՛ չհուսահատվելու կոչ:

Պատերազմը կարո՞ղ է փոխել վերաբերմունքը ներկայի խնդիրների հանդեպ: Համենայնդեպս, որոշ լրատվամիջոցներ առաջ քաշեցին բավականին սուր հարցեր:

Պատերազմի առաջին օրերին թվում էր, որ շատ բան է փոխվել, և ոչ միայն մեդիա, այլև քաղաքկան դաշտում:

Բայց կարծում եմ՝ հույս դնել, թե իշխանություններն իրենց կամքով ինչ-որ բան կփոխեն, չի կարելի: Պատերազմի օրերին առաջացած ոգևորության ալիքը հանրությունը պետք է ուղղեր փոփոխությունների պահանջի: Ցավալի է, որ այդ հույսը չի արդարանում: Տեսեք, թե ինչ եղավ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, կամ ապրիլի 22-ին ինչպիսի բռնություն ցուցաբերեցին ոստիկանները ցուցարարների նկատմամբ: Բան փոխվե՞ց:

Իշխանավորները կրկին վերադարձան իրենց աշխատաոճին ու ապրելակերպին:

Հայաստանում տարբեր կազմակերպություններ բավականին սուր քննադատում են իշխանություններին: Եվ ստեղծվում է պատկերացում, թե մենք հիանալի հասարակություն ու վատ իշխանություններ ունենք, չնայած ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես կարող է հրաշքներ գործել:

Ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունները երբեք և ոչ մի տեղ լավը չեն լինում: Դրանք լինում են կա՛մ տանելի, կա՛մ անտանելի: Մեզ մոտ, թերևս, անտանելի իշխանություններ են: Իսկ տանելի կլինեն այն ժամանակ, երբ ուժեղ լինի հասարակությունը:

Օրինակ՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, եկեք ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք մեր հասարակությունում կոռուպցիայի հանդեպ համատարած բացասական վերաբերմունք է:

Քանի դեռ հասարակության արժեքները չեն փոխվել, չի փոխվի նաև իշխանությունների բնույթը: Ավելի ճիշտ՝ քանի դեռ հասարակությունը թույլ է, իշխանությունները կլինեն «ուժեղ»:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *