2016.05.18,

Նյուսրում

Միջին վիճակագրական լրագրողը Հայաստանում 25 տարեկան աղջիկ է. հավաքական դիմանկար

Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը դիմանկարն արել է ավագ սերնդի 11 մտավորականների նկարագրությունների տպավորությամբ:

Հայաստանում միջին վիճակագրական լրագրողի կերպարն ամբողջացնելու համար Media.am-ը դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսներին մի շարք հայտնի մտավորականների խնդրեց նկարագրել արտաքին ու ներքին հատկանիշներ, որոնք բնորոշ են մեր այսօրվա լրագրողների հիմնական մասին: Զրույցների գերակշիռ մասն արված է առկա հարցազրույցի ձևով, շատ փոքր մասը՝ Ֆեյսբուքի միջոցով, մեկը՝ հեռախոսով:

Արմեն Շեկոյան. բանաստեղծ, արձակագիր

Մինչև 30 տարեկան տղա եմ պատկերացնում, բայց պարզվում է, որ լրագրությունը աղջիկների գործն է Հայաստանում: Չնայած կան ոչ շատ երիտասարդ տարիքի տղամարդ լավ լրագրողներ, բայց լրագրության մեջ եղանակ ստեղծում են ավելի շատ կանայք: Աչքերի գույնը… Ախր, ես շա՞տ գիտեմ: Կարևորը, որ գրագետ լինեն:

Դաստիարակվածությունը հարաբերական է. մեկի համար անդաստիարակն է դաստիարակված, մյուսի համար դաստիարակվածը շատ զգուշավոր լրագրող է:

Աբգար Ափինյան. գրականագետ

28-30 տարեկան, աչքերը, երևի՝ սև: Քիչ դաստիարակված, քիչ կարդացած: Կոնկրետ որևէ մեկին չեմ պատկերացնում՝ հավաքական ընդհանուր հատկանիշներն եմ ի մի բերում:

Թող չվիրավորվեն լավագույնները, որովհետև գիտեմ, որ նրանք կան: Բայց հավաքական կերպարն այսպիսին է՝ հայ ժուռնալիստիկայի ավանդույթները չիմացող, լրագրության նպատակը չպատկերացնող, պատվեր կատարող: Հիմնականում մեծ հեռավորության վրա է հայոց պատմության, հայ մշակույթի, հայ գրականության խնդիրներից: Սիրում է կրկնել 50-60 տարի առաջ հրատարակված զանազան գրքերից անգիր արած հատվածներ:

Կնոջ եմ պատկերացնում, որովհետև բնությունը կնոջ մեջ դրել է մեծ սիրտ, նրբանկատություն, ինչը մենք՝ տղամարդիկս, չունենք: Այո, կին է, անպայման կին է, բայց, ցավոք սրտի, էստեղ էլ պրոբլեմ ունենք, որովհետև կանացիության հավերժական գեղեցիկ հատկանիշները պակասում են: Սեռապես կին է, բայց պահվածքը կանացի չէ:

Միքայել Ստամբոլցյան. կինոգետ

Կին է, աչքերը՝ բաց կապույտից մինչև մուգ սև, տարիքը՝ 25-45-ի սահմաններում: Տարիքն ինչքան բարձր է, այնքան ավելի կիրթ է: Ինչքան երիտասարդ` այնքան ավելի ազատ, երբեմն նույնիսկ՝ սանձարձակ:

Կարդացած լինելու իմաստով, մի քանի տարի առաջ ավելի վատ էր վիճակը, հիմա, իմ տպավորությամբ, ոնց որ թե արդեն կարդում են:

Կուզենայի, որ կրթվածության մակարդակն ավելի բարձր լիներ: Բնավորության գծերը՝ մեկ բառո՞վ… Լրագրող, դա արդեն ամեն ինչ ասում է:

Սուսաննա Հարությունյան. կինոգետ

25-45 տարեկան կին է. աչքերը՝ մուգ, երևի, շագանակագույն, մազերն ուսերին, հայացքի մեջ հետաքրքրվածություն թեմայի նկատմամբ, երբեմն նաև ինտելեկտ:

Բարձրագույն կրթություն բոլոր լրագրողներն էլ ունեն, բայց շատ քչերը լավ պատկերացում ունեն բուն թեմայի մասին, ինչի մասին գրում են: Շատերը կան, որ հարցազրույցի բանավոր խոսքդ քիչ թե շատ գրավորի չեն վերածում: Անգամ չեն խտացնում, եթե մի բանը լավ բացատրելու համար կրկնել ես, կրկնությունն էլ չեն հանում:

Նիկոլայ Դավթյան. ռեժիսոր

Շատ երիտասարդ՝ 22, 23 կամ 24 տարեկան աղջիկ: Մազերը, երևի, կիսակարճ, մինչև ուսերը: Աչքերի գույնը՝ չգիտեմ, բայց ինձ թվում է՝ շատ քսված: Չգիտես ինչու՝ այդպես պատկերացրի: Բնականաբար՝ այփադով, նոթբուքով կամ մի այլ ֆենոմենալ չգիտեմինչով:

Զարդարանք կա, բայց չափի մեջ: Ականջօ՞ղ… Այդպիսի բաները չեմ նկատում. էդ կողմից շատ անտարբեր եմ:

Ցավալի բան եմ ասում, բայց ինձ թվում է՝ անգրագետ է. ո՛չ պատմություն գիտի, ո՛չ ներկան: Ցավով եմ ասում: Անալիտիկա մեջը չկա, իմ կարծիքով:

Դաստիարակվա՞ծ: Դժվարանում եմ ասել: Երևի՝ այո:

Հավաքական կերպարի երկու տեսակ կա. մի մասն՝ ահավոր համեստ, մի մասն էլ՝ լկտիության հասնող անամոթ: Իմ պատկերացրած միջին վիճակագրական լրագրողը Հայաստանում կա՛մ նա է, կա՛մ նա է. դրանց խառնուրդը մի մարդու մեջ չկա:

Տիգրան Պասկևիչյան. հրապարակախոս

20 -22 տարեկան աղջիկ է: Ախմախ, անկիրթ: Բարձր կրունկներով անպայման: Շպարին ուշադրություն չեմ դարձրել, հստակ չեմ կարող ասել, բայց որ անխելք է, էդ՝ հաստատ:

Նարինե Դիլբարյան. լեզվաբան

22-27 տարեկան աղջիկ է: Հավերժ շտապող, քիչ կարդացող, քչով բավարարվող, մանրակրկիտ աշխատանքից խուսափող, հիմնավորված ինքնուրույն եզրակացություններից ու խորքային վերլուծություններից խորշող, անձնական նախաձեռնություն չցուցաբերող:

Հավակնոտ, բայց ոչ ինտելեկտուալ արտաքինով, ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողության եղանակներին անգիտակ, հանրային շահի գիտակցությունից զուրկ, սեփական եսը գերադասող «անձ մըն է», որի գլխին կարելի է ավետարան կարդալ, իսկ նա կասի՝ շուտ արեք մեքենան գնաց, նյութը հանձնելու ժամանակս պրծավ:

Աշխարհագրություն, քաղաքական հոսանքների պատմություն, տնտեսագիտություն, մայրենի լեզու թերի իմացող…. Մի փոքր տխուր եղավ, բայց միջինը դա է, ըստ իս:

Վազգեն Գաբրիելյան. գրականագետ

Հավաքական կերպարի տարիքը բավական ցածր կստացվի՝ մոտ 25 տարեկան: 15-17 տարեկանից սկսում են:

Լրագրողների մեծ մասը կանայք են, ցավոք սրտի:

Հավաքական լրագրողի աչքերը՝ խաժ, մազերը բազմազան և բազմաբղետ գույների:

Կարծում եմ, որ շատ երիտասարդները չպետք է լրագրող լինեն և ոչ էլ՝ արդեն 50-ն անց մարդիկ: Երկու ծայրահեղություն են դրանք: Մեկը բորբոքուն և դեռ խակ է կամ կիսախակ, մյուսը՝ մի քիչ հոգնած: Հետևաբար, հատկապես 30-ից 45-ը լրագրությամբ զբաղվելու լավագույն տարիքն է:

Սվետլանա Պողոսյան. ազգագրագետ

Գերակշռում են 20 -35 տարեկան կին լրագրողները: Երիտասարդները՝ հիմնականում փորձի պակասի պատճառով ոչ խորագիտակ են, սակայն համարձակությունը, եռանդը և փորձարկումները փոքր-ինչ մեղմում են տպավորությունը:

35 -65 տարեկանները կարդացած են, բարեկիրթ, էլեգանտ: Անում են գրագետ հարցադրումներ, պատրաստված են գալիս հարցազրույցներին:

Հագուկապը նորաձև է, սանրվածքը` տեղը տեղին: Իմ տպավորությամբ՝ շատ են շիկահերները (գերազանցապես` արհեստական): Սև ստվերաներկի առատ օգտագործման արդյունքում գերակշռող է թվում աչքերի մուգ գույնը:

Նազարեթ Կարոյան. արվեստի տեսաբան

Ֆիզիկական նկարագրությունն ինձ համար մի փոքր դժվար է, որովհետև իմ իմացած լրագրողներն իրարից շատ տարբեր են:

Լավ, ընդհանրացնելու դեպքում՝ սև չեն աչքերը, շիկահեր չէ: Մազերն այնքան էլ գանգուր չեն: Շատ աչքի ըկնող չէ, չի աշխատում լինել շատ վառվռուն, աչք ծակող:

Տարիքը՝ մինչև 30 տարեկան, սեռը, բնականաբար, աղջիկ:

Վառ արտահայտված հագուստ, բարձր կրունկներ չկան: Գուցե էլիտար լրագրողներ կան, որոնք էլիտայի՝ «Իշտոյանի» հետ գործ ունեն: Բայց մենք էդ տեղերը չգիտենք, իրենց չենք հանդիպում, որպեսզի այս հատվածի դրեսկոդը նկարագրեմ:

Ինձ հանդիպածները շարքային մարդիկ են. սովորական, առօրեական, էքզիստենցիալ խնդիրներով, փորձում են գոյատևել: Ունեն որոշակի կրթություն: Բայց նաև հնարավորություն չունեն անընդհատ ինքնակրթությամբ զբաղվելու, զարգանալու:

Իրենք իրենց մեդիումի տեղ են դնում՝ վերցնել և փոխանցել, վերցնել և փոխանցել:

Աշոտ Բլեյան, մանկավարժ

Քանի որ մեր կրթահամալիրի կայքն իմ ամենասիրելի լրատվամիջոցն է, ինքը գալիս է ջնջելու ամեն տարիք. ամեն մի երրորդ, չորրորդ, թե տասնմեկերորդ դասարանցի բլոգեր է, լրագրող է: Տարիքները ջնջված են…

Եթե դրանից վերանանք էլ, լրագրողի միջին տարիքն էապես երիտասարդացել է, ինձ թվում է: Քսանքանի տարեկան է, ոչ ավելի: Եվ ամեն տեղ աղջիկներ են. ազգս ինքը կին ազգ է: Բայց ամենաընդունակ աղջիկները չեն:

Մեր աղջիկներին ես շատ եմ հավանում, բայց ինձ կներեք էլի, օրինակ, հրաժարվեցի մամուլի ակումբներից, որովհետև ինձ ոչնչացած էի զգում: Մի կողմից տեսնում եմ՝ ինչքան հետաքրքիր կանայք, աղջիկներ կան, գրավիչ, հետաքրքիր, բայց թիվիներում էդ նույն մարդկանց հետ մոտիկից շփվում ես՝ ոչ մի լավ բան:

Չարության պակաս կա, ատամի, ուժի պակաս, որոնցով ինձ կարող է խայթել: Երբեք չի եղել, որ դրա համար լրագրողից նեղանամ: Ատա’մը չկա: Էդ լավ չի:

Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը
Տեսանյութը՝ Media.am-ի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *