2015.03.24,

Տեսակետ

«Հիմա զուսպ լինելու, գոտիները ձգելու ժամանակն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի համար հեռուստատեսությունը առաջին հերթին բիզնես կառույց է, որտեղ կարեւորը ոչ այնքան ցանկություններն են, որքան հնարավորությունները: Տնտեսության անկումը լուրջ հարված հասցրեց ողջ ոլորտին՝ սառեցնելով կամ ստիպելով հրաժարվել շատ նախագծերից: Եվ այսօր Արթուր Եզեկյանը զուսպ ռազմավարության կողմնակիցն է:

Հեռուստատեսային դաշտը վերջին տարիներին բավականին լուրջ փոխվեց: Մի քանի ալիքներ ընդգրկվեցին մեկ հոլդինգի կազմում, Հանրային հեռուստաընկերությունն այլ ղեկավար ու մարտավարություն ունեցավ: Փոխվե՞ց արդյոք «Շանթ»-ի աշխատաոճը:

Առանձնապես լուրջ փոփոխություններ չեմ կարող նշել: Որքան հիշում եմ, բոլոր ալիքներում էլ պարբերաբար փոփոխություններ են արվում: Հեռուստատեսային ոլորտում աշխատելը միշտ էլ գոյատեւել, շուկայական տրամաբանությամբ մրցակցել է նշանակել: Երբեւէ չի եղել ժամանակահատված, երբ լիցքաթափվել ենք, հանգիստ նստել, ինչ-որ տեղից բյուջե ստացել ու ծախսել ենք այն:

Մեզ բավականչափ բարդ խնդրի առջեւ կանգնեցրեց տնտեսությունը: Ոչ մի կերպ չի ստացվում վստահաբար պլանավորել անելիքները: Ցանկացած եթերաշրջան կազմելուց առաջ առնվազն պիտի նախապատրաստական փուլ անցնել, որը, ասենք, կարող է կես տարի տեւել: Բայց եթե չես պատկերացնում, թե կես տարի հետո ինչպիսին կլինի տնտեսական իրավիճակը, անգամ ամենալավ նախաձեռնությունը կամ ծրագիրը կրկնակի, եռակի ռիսկային է դառնում: Ամենամեծ խնդիրը սա է:

Երբ Հանրային հեռուստաընկերությունը դուրս եկավ գովազդային պայքարից, իրավիճակը պիտի փոխվեր, քանի որ շուկայում առկա գովազդային գումարները պիտի բաժին հասնեին այլ ալիքներին: Հոսքերի աճ նկատվե՞ց:

Հանրայինի՝ գովազդից հրաժարվելու որոշումն ու տնտեսության անկումը կարծես զուգադիպեցին, եւ գովազդի շուկայից հոսքերի ավելացում մենք չզգացինք: Վերջին երկու

«Հեռուստատեսության ոլորտում ներգրավված բոլոր անձանց դժբախտությունը հենց այն է, որ նրանք հեռուստատեսությանը որպես բիզնեսի չեն վերաբերվում: Եթե բոլորը բիզնես համարեին, մենք ամենաերջանիկ մարդիկ կլինեինք»

տարիներին արդեն իսկ նկատվում էր շուկայի անկում, ինչն էլ ազդեց գովազդային դաշտի վրա:

Երբ համեմատում ենք անցյալ տարվա եւ այս տարվա նույն ժամանակահատվածի եկամուտները, տեսնում ենք, որ եկամուտը մոտ 20%-ով պակասել է: Ենթադրում եմ, որ եթե Հանրայինը շարունակեր գովազդ հեռարձակել, մեր եկամուտն ավելի պակաս կլիներ:

Փորձագետները հեռուստատեսային գովազդի շուկան տարեկան 20 միլիոն դոլար էին գնահատել՝ նշելով, որ այն բավականին ուռճացված է: Ձեր կարծիքով՝ որքա՞ն է այն այսօր:

Անընդհատ տարբեր թվեր են նշվում: Տնտեսության մեջ առկա անկումային տրամադրություններին գումարվեցին նաեւ դրամի կուրսի տատանումները: Այդ ամենը ոչ մի կերպ չի կարող հուշել, թե իրականանում ինչ թվի հետ գործ ունենք:

Հեռուստատեսությանն ուղղվող ֆինանսական միջոցները կարող են լինել ոչ միայն գովազդից, այլ, ասենք, ալիքի թիկունքում կանգնած այս կամ այն քաղաքական ուժից կամ գործարարից (այդ մասին լսարանը չի էլ իմանում): Չե՞ք կարծում, որ թափանցիկ աշխատելու կարիք կա:

Բոլոր ալիքների բյուջեն հարկատուների ցանկում կա: Դա գաղտնիք չէ, պարզապես յուրաքանչյուրն իր կոնֆիդենցիալությունն ու քաղաքականությունն ունի: «Շանթ»-ը գովազդից բացի այլ եկամուտներ չունի: Մեր դեպքում այլ միջոցների մասին խոսելը անլուրջ եմ համարում:

Բայց հեռուստատեսության ոլորտում ներգրավված բոլոր անձանց դժբախտությունը հենց այն է, որ նրանք հեռուստատեսությանը որպես բիզնեսի չեն վերաբերվում: Եթե բոլորը բիզնես համարեին, մենք ամենաերջանիկ մարդիկ կլինեինք:

Եթե ոչ բիզնես, ապա ի՞նչ է այն համարվում:

Ամեն ինչ՝ բիզնեսից բացի: Այդ պատճառով էլ՝ անխուսափելի են արտառոց երեւույթները:

Ինչպե՞ս կբնութագրեք «Շանթ»-ի թիրախային լսարանը:

Մենք ընտանեկան ալիք ենք: Իհարկե, «Շանթ»-ի ընդհանուր ողնաշարը ձեւավորվեց առաջին հերթին լրատվական հաղորդումների շուրջ: 10-15 տարի մենք բացառապես լրատվական ալիք էինք: Հետո դրան գումարվեցին միջազգային ֆորմատների շոու ծրագրերն ու սերիալների արտադրությունը: Հայաստանում սերիալները բառիս բուն իմաստով մենք հիմնադրեցինք:

Հիմնադրել ասելով՝ ես, իհարկե, խոսում եմ ոչ թե Կոլումբոսի առաքելության, այլ հայկական իրականության մեջ բեմադրվող արտադրանքի մասին, որը «Հայֆիլմ»-ի գործունեության դադարից հետո խնդրահարույց էր դարձել:

Ֆիլմ կամ սերիալ նկարահանելու համար հսկայական ինդուստրիա է հարկավոր՝ իր ծախսերով, ծավալով եւ այլն: Մեր հիմնական «նոու հաու»-ն այն մոդելի ստեղծումն է, որով կարելի է սերիալ արտադրել ու ծախսերը հատուցել: Արտադրության գործընթացն այնքան մատչելի էինք դարձրել, որ հնարավոր էր ծախսած միջոցները հատուցել գովազդով (ինքնածախս աշխատել): Մենք երկար էքսպերիմենտներ արեցինք, եւ, ի վերջո, գտանք այն տեսակը, որը բարձր դիտելիություն ունեցավ:

Ալիքների մրցակցությունը տարիներ առաջ հենց սերիալներով էր պայմանավորված:

Սերիալների մրցակցությունը ոչ մի օր էլ չի թուլացել: Բայց հիմա ռիսկային քայլ է ոչ միայն սերիալների, այլեւ ցանկացած հեռուստաարտադրանքի պատրաստումը: Հիմա ավելու շուտ զուսպ լինելու, գոտիները ձգելու ժամանակն է: Անգամ հեռանկարային պլաններ կազմելու դեպքում պետք է հնարավորինս զգուշավոր լինել, քանի որ ամեն բան հանգում է տնտեսական խնդիրներին: Ներկայիս իրավիճակում ցանկացած մասշտաբային նախագծի մասին խոսելը առնվազն ավանտյուրա է:

«Ինտերնետը համեմատելի չէ եթերի հետ իր տարածվածության, դիտելիության ու գովազդի ծավալների տեսակետից»

Շատ գաղափարներ (սիթքոմ, հաղորդաշար) ունենք, որոնք կարող ենք հենց վաղն էլ սկսել, բայց ստիպված սառեցված ենք պահել՝ անհեթեթ վիճակում չհայտնվելու համար:

Փորձում ենք կայուն լինել մեր անկայուն կյանքում, կոպիտ ասած՝ ոտքերը վերմակի չափով մեկնել: Այլ տրամաբանություն չկա: Եվ եթե բոլորն այդ սկզբունքով աշխատեին, ներդաշնակ հեռուստադաշտ կունենայինք:

Կրկնում եմ՝ պետք է ծախսել այնքան գումար, որքան աշխատելու հնարավորություն կա: Եթե հեռուստաընկերության ամսական շարժը 10-20 հազար դոլար է, չես կարող 100 հազարի եկամուտ ակնկալել: Մենք էլ ենք սկսել փոքր գումարից եւ քայլ առ քայլ հասել այսօրվա վիճակին: Իսկ եթե առաջին իսկ օրից մեր հասույթից ավելի շատ գումար ծախսեինք, կդադարեինք գոյություն ունենալ:

Լսարանը նաեւ ինտերնետ տեղափոխելու ու դիտումները գումարի վերածելու փորձերը բավականին հաջող իրականցնում է «Արմենիա» ալիքը: «Շանթ»-ի դեպքում ինչպե՞ս է:

Ինտերնետից սպասելիքները միշտ գերազանցում են ինտերնետի իրական հնարավորությունները: Իհարկե, համացանցում աշխատելն անհամեմատ ավելի պարզ, թափանցիկ, կանխատեսելի ու չափելի է: Այն այսօրվա պահանջներին իդեալական համապատասխանող հարթակ է, եւ, իհարկե, մենք էլ արդեն մի քանի տարի է՝ զբաղվում ենք ինտերնետային տիրույթում իրացմամբ, բայց, ցավոք, այն համեմատելի չէ եթերի հետ իր տարածվածության, դիտելիության ու գովազդի ծավալների տեսակետից:

Ինտերնետը չունի եթերի մասայականությունը: Նույնիսկ ամենազարգացած երկրների հեռուստատեսությունների դեպքում ինտերնետի գործոնը չնչին տոկոս է կազմում: Թեեւ ինտերնետը բոլորիս աչքի առաջ ակտիվորեն տարածում է ստանում, միեւնույն է, շատ վաղ է խոսել եթերը փոխարինելու մասին:

Հայկական իրականության համար, երբ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս, միգուցե հենց ինտերնե՞տը կարող է միավորող (նաեւ շահավետ) հարթակ դառնալ:

Հինգ տարի առաջ նախաձեռնեցինք «Հայկական աշխարհ» նախագիծը, որի հիմքում հենց վիրտուալ տիրույթում հայկական լսարանը կենտրոնացնելու, մոբիլիզացնելու ցանկությունն էր: Հաղորդակցության միջոցները թույլ են տալիս լինել հայկական աշխարհի մի մասնիկը, նույնիսկ եթե աշխարհի հեռավոր ծայրում ես:

Մենք բավականաչափ մեծ գործ արեցինք՝ հանդիպելով սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, բայց, թեեւ սկզբում լավատես էինք, պրակտիկան ցույց տվեց, որ այդ գործը սարսափելի դժվարությամբ է առաջ գնում:

Հիմնական խոչընդոտը հայերի՝ միմյանց հանդեպ ունեցած անվստահությունն էր: Ցավոք, հայերին չեն վստահում առաջին հերթին հենց հայերը: Անվստահությունը հաղթահարելու համար մեծ ճիգեր ու ջանքեր են պետք, բայց դա մեկ մասնավոր ալիքի ուժերից վեր գործ է, պետական եւ հասարակական կառույցների աջակցությունն է հարկավոր:

Մեր բոլոր ալիքների լրատվական թողարկումները գրեթե նույնն են: Տարբերությունն ավելի շուտ պատկերի որակն ու տարբեր աստիճանի գեղեցկությունն է, բայց լուրերի ընտրությունը, դասավորությունը, անգամ կադրերը իրարից շատ չեն տարբերվում:

Սովորական դիտողի տեսակետից միգուցե այդպես է, բայց տարբերություն, իհարկե, կա: «Շանթ»-ի լրահոսի ոճն, օրինակ, տարիներ շարունակ անփոփոխ է, միշտ

««Շանթ» -իհիմնական «նոու հաու»-ն այն մոդելի ստեղծումն է, որով կարելի է սերիալ արտադրել ու ծախսերը հատուցել»

փորձել ենք հնարավորինս անկողմնակալ դիրքերից ներկայացնել լուրերը:

Հետաքրքիր է, որ մեզ քննադատել են թե՛ մի կողմից, թե՛ մյուս, բայց մենք միշտ բաց ու պարզ ճակատով ենք աշխատել, մեր խղճի առջեւ մեղք չենք գործել եւ երբեւէ չեզոքությունը չենք խախտել: Փորձված դիտողը կամ մասնագետը շատ լավ կարող է կարդալ լուրերի տողատակերը: Դա է տարբերությունը:

Փաստորեն տողատակերով կարդա՞լն է կարեւոր:

Հիշում եմ, երբ 1989 թվականին «Պրավդա» ու «Իզվեստիա» թերթերի ձեռքը ազգովի կրակն էինք ընկել, խոսվում էր, որ պետք է ոչ թե գրած, այլ չգրած տեղեկությունն էլ կարդալ: Եվ այսպես տարիներ շարունակ մենք այդ պրոցեսով ենք անցնում:

Եթե մասնավոր հեռուստաընկերությունը միայն լուրերի վրա շեշտադրում անի, անպայման վարկանիշով կզիջի ժամանցային ալիքներին ու կկորցնի իր դիրքերն ու բյուջեն: Ալիքը դատապարտված է ամեն ինչի մասին էլ մտածել: Եթե պատկերացնեմ, որ օրերից մի օր մեր հեռուստադիտողը համատարած կսկսի լրատվական թողարկումներ դիտել, մեր ծրագրերի մեջ լուրերի քանակը շեշտակի կաճի: Այսինքն՝ դա սովորական պահանջարկի ու առաջարկի խնդիր է:

Իսկ ո՞ր հաղորդումներ են պահանջված ու վարկանիշային:

Սերիալները: Կարծում էի՝ որոշ ժամանակ անց սերիալները կդադարեն հետաքրքրել լսարանին, բայց դա տեղի չունեցավ:

Արդյոք չի կարելի՞ օգտագործել սերիալները սոցիալական ուղերձներ փոխանցելու համար:

«Որոգայթ» սերիալի շուրջ բարձրացրած հիստերիայից սկսած՝ մեր յուրաքանչյուր սերիալում միշտ շեշտել ենք սոցիալական, դաստիարակչական խնդիրները: «Բանակում» սերիալում, օրինակ, դրականի ու բացասականի հստակ բաժանում կար: Նույն կերպ էլ «Քաղաքում» սերիալի միջոցով պայքարում էինք ռաբիսության դրսեւորումների դեմ:

Հակադրված էին թարմ, ժամանակակից ու կարծրացած (ժողովրդական լեզվով ասած՝ քյարթու) մտածելակերպերը, եւ ակնհայտորեն երեւում էր, թե որն է դրական լույսի ներքո ներկայացված:

Բայց նույնիսկ այդ դեպքում մեզ քննադատողներ գտնվեցին, որոնք դժգոհ էին հերոսների խոսակցական լեզվից, ոճից: Մինչդեռ այդ ամենը ցուցադրվում էր որպես նեգատիվ, ոչ օրինակելի վարքագիծ:

Ընդհանրապես քննադատողներն անգամ չեղած տեղն են կարողանում պրոբլեմներ գտնել ու մեկ էլ տեսար՝ ՀՀ նախագահին նամակ են գրում:

Զարգացման ի՞նչ ուղիներ եք տեսնում: Լավատեսություն կա՞:

Լավատեսությունն այն է, որ շարունակում ենք աշխատել: Մեր հեռուստատեսությունը միշտ էլ փորձել է, անգամ ճկռել՝ իր արեւմտյան անալոգների հետ զուգահեռներ ունենալ: Ուրիշ նման բնագավառ չեք կարող նշել (միգուցե միայն գինու որոշ արտադրողներն են կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտը):

Իսկ մյուս բոլոր ոլորտները բառիս բուն իմաստով հանձնվեցին ու սեփական զարգացման վրա խաչ քաշեցին:

Եվ մի մոռացեք, որ հեռուստատեսության ոլորտում մեր իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող գործ է արվում: Լավ կլինի, որ հեռուստադիտողը գնահատի դա:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *