2016.01.29,

vox populi

YouTube vs TV

Սեքս, գուշակություն, էքստրասենսներ, շոու բիզնես … Սրանք թեմաներ էին, որոնք մի քանի տարի առաջ մեծ դիտելիություն էին ապահովում հեռուստաեթերում:

Հայտնի, ընդունված, հետագայում արդեն չարչրկված հնարքներ էին. բավական էր թոք շոուի ժամանակ քննարկել այս թեմաները, և միջին կամ բարձր վարկանիշը ապահովված էր:

Բայց համացանցը խառնեց խաղաթղթերը: Նույնիսկ ինտերնետից լիարժեք օգտվել չիմացողը կարող է լատինատառ մուտք անել անհրաժեշտ բառերը, և խնդրեմ՝ ավելի սկանդալային, ավելի ազատ կարծիքներ, վիդեոներ, սիրողական նկարահանումներ, մի խոսքով՝ ամեն ինչ սենսացիաների սիրահարների համար: Հարց է առաջանում՝ էլ ինչու՞ դիտել հեռուստացույց, որտեղ ավելի խոսքի սահմանափակ իրավունքով, կոմպլեքսներով, կրճատումներով քննարկում են ինչ-որ թեմա:

Դեռ 4 տարի առաջ, երբ թեմաներ էինք մտածում «Ազատ գոտի» թոք շոուի համար, դժվարություններ չէինք ունենում: Ինտերնետն այսչափ գերիշխող չէր: Այդ ժամանակ ցանկացած թեմա, որտեղ մի փոքր սկանդալ կար /նկատի ունեմ՝ քննարկման տոնը միջինից բարձր էր/, ակնհայտ բարձր վարկանիշ էր խոստանում և հետո էլ՝ ապահովում: Էլ չեմ ասում, որ եթե «բախտներս բերեր», և բանախոսներից մեկը հանկարծ լքեր տաղավարը… Այս դեպքում կրկնակի հաղթանակ էիր տոնում: Ծրագիրը հանրահայտ էր դառնում և՛ ինտերնետում, և՛ հեռուստաեթերում:

2011 թվականին, երբ առցանց հաղորդումներ նայելը աստիճանաբար դառնում էր հարմար ու մոդայիկ, մեջտեղ եկավ Անժելա Սարգսյանի հայտնի սկանդալը: Ազատ գոտու 2012-ի հունվար ամսվա հաղորդումը 2011-ի ամփոփումն էր: Ներկայացնում էիք նախորդ տարվա 5 ամենակարևոր իրադարձությունները: Հեռուստաեթերում այն ունեցավ միջինից ցածր վարկանիշ, իսկ համացանցում միայն Անժելա Սարգսյան «բանալի բառը» աննախադեպ դիտելիություն ապահովեց, ինչի մասին այդ ժամանակներում հեռուստատեսային եթերը ուղղակի կերազեր:

Երբ երկու տարի առաջ պատրաստում էինք «Երևանն է խոսում» թոք շոուն, արդեն հաշվի էինք առնում հետևյալ գործոնները. ընտրել թեմաներ, որոնք պոպուլյար կլինեն և՛ համացանցում, և հեռուստաեթերում: Հաղորդման ձևաչափը մեզ պարզ էր. պետք էր թեմա` երկու հակադիր բևեռներով: Բայց խնդիրների, այնուամենայնիվ, բախվեցինք: Այն թեմաները, որոնք հեռուստատեսությամբ ունենում էին բարձր վարկանիշ, ինտերնետում տապալվում էին:

Օրինակ՝ «Չդերասաններ»-ի մասին թոք շուուն, որում քննարկում էինք, թե ինչու են սերիալներում նկարահանվում դերասանական կրթություն և հմտություն չունեցողները: Տաղավարում առաջատար սերիալների դերասաններ էին, ինչը պիտի որ համացանցում հետաքրքրություն առաջացներ: Արդյունքում թողարկումը հեռուստատեսությամբ ունեցավ ռեկորդային վարկանիշ, իսկ համացանցում դիտելիությունը 200-ի շրջանակներում էր:

Մի այլ թողարկում, որում սիրո խոստովանություններ էին անում, նույնիսկ՝ ամուսնության անակնկալ առաջարկ, թվում էր` լավ վարկանիշ կունենա եթերում: Ստացվեց հակառակը. ծրագրի կրկնություններով հանդերձ այն եթերում հետաքրքիր չընկալվեց, բայց համացանցում դարձավ հիթ:

Օրինակներից մեկը, որ մեծ դիտելիություն է ունեցել և՛ եթերում, և՛ համացանցում, գեղեցկության չափանիշների մասին մի թողարկում էր: Այստեղ մի աղջիկ անկաշկանդ պատմում էր մեծ կրծքերի և իր` Բարբի տիկնիկ դառնալու մասին:

Այս ու էլի մի քանի օրինակներով կարելի է համոզվել, որ և՛ ինտերնետում, և՛ հեռուստաեթերում ամենաթողության և ընտրության առատ հնարավորության պայմաններում մշտապես հաղթում են լավ, անկեղծ ու խնամքով պատրաստված մարդկային պատմությունները: Պատմություններ, որոնցում հերոսը ձևեր չի թափում, շիտակ է արտահայտվում, նման չէ շատերին ու առինքնող արտաքին ունի:

Դժվար է թոք շոուներին ուղղված քննադատությունները հավաքելը, դասակարգելն ու հետևություն անելը: Հեռուստադիտողների և մասնագետների մեծ մասն ասում է` այդ ի՞նչ թեմաներ եք քննարկում, դուք եք կարծիք ձևավորողը, ինչ ցույց տաք, այն էլ կնայեն:

Սա էլ ենք փորձել: Տևական ժամանակ «Երևանն է խոսում»-ը քննարկում էր թեմաներ, որոնք հատուկ պատրաստված էին առանց սկանդալային տարրերի: Ստացվեց անասելի վատ պատկեր: Այդ թողարկումները ուղղակի լռության մատնվեցին թե՛ ինտերնետում, թե՛ եթերում:

Մենք համոզվեցինք, որ լսարանը կարող է պահանջել այդպիսի հաղորդումներ ու թեմաներ, բայց երբ հերթը դիտելուն է հասնում, հետևողական չի լինում, չի դիտում: Իսկ դա նշանակում է, որ այդպես շարունակվելու դեպքում ծրագրի կյանքի թելը շուտ կկտրվի:

Ինչպես ասում են, մեծամասնության քիմքը բավարարելու համար մենք փորձում էինք «ուժեղ և թույլ» (նկատի ունեմ սկանդալային և ոչ սկանդալային) հաղորդումները որոշակի համամասնությամբ շարել եթերում: Արդյունքը վատ չէր: Մարդիկ վայելում էին աղմկոտ շոու, հաջորդ օրը նույնանման մի բան տեսնելու ակնկալիքով մնում էին էկրանների մոտ, բայց այս անգամ պարզվում էր, որ երեկվա աղմկող քաղաքը հիմա էլ երգում է ու խոսում աշուղական արվեստից:

Ամփոփելով՝ ասեմ, որ ամեն դեպքում այդ կարգի հաղորդումներն ու թեմաները մեծ տարածում, ճանաչում չեն ունենում: Քննարկումները, քննադատությունները, մասսայականությունը գալիս են այն ժամանակ, երբ մամուլն ու մասնագետները անդրադառնում են հաղորդումներին: Իսկ նրանք անդրադառնում են հենց սկանդալային հաղորդումներին, ինչը բնական է թե՛ իրենց, և թե՛ մեզ համար:

Արտակ Վարդանյան
լրագրող, հաղորդավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *