2015.03.03,

Խաչմերուկ

Գալիպոլիի տոնակատարության «չեղարկումը» հայաստանյան մեդիայում

Հայաստանյան մեդիան Թուրքիայում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացմանը շատ ուշադիր ու սրտացավ է հետեւում:

Ցանկացած բան՝ լինի դա Թուրքիայում ձյան տեղումներ, թե ավտոբուսի շրջվել, միանգամից ամենաընթերցված նյութն է դառնում մեր լրատվամիջոցներում: Ուստի հատկապես Հայոց Ցեղասպանության հետ կապված լուրերը մեր մեդիան անմիջապես վերցնում ու տարածում է:

Այսպես տեղի ունեցավ նաեւ Գալիպոլիի տոնակատարության «չեղարկման» մասին լուրի պարագայում: Ծայրահեղ ընդդիմադիր մի թերթ` «Today’s Zaman»-ը, առանց որեւէ աղբյուր նշելու, հրապարակել էր, թե «անանուն աղբյուրը ենթադրաբար ասում է, որ հնարավոր է` տոնակատարությունը չեղարկվի», այսինքն՝ թերթը նույնիսկ իր տեքստի մեջ մի քանի անգամ չեղարկել էր իր ասածը: Բայց մենք մեր ցանկացածն ընդունեցինք իրականի տեղ ու սկսեցինք այն գովազդել, ինչը մեր ամենամեծ սխալն էր:

Այս անգամ հայաստանյան մեդիան թուրքական այլ լրատվամիջոցից օգտվելու հնարավորություն չուներ, որովհետեւ միայն «Today’s Zaman»-ն էր հրապարակել լուրը: Պարզապես պետք է լավ ճանաչել թուրքական մեդիա դաշտն ու հասկանալ, թե ով ինչի համար է այս կամ այն «արտահոսքը» հրապարակում:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ Ֆեթուլահ Գյուլենը, որին պատկանում է «Զաման» թերթը, արդեն երկու տարի է` փորձում է Էրդողանի դեմ պատնեշներ սարքել: Այս ապատեղեկատվության առաջնային թիրախը հայերս չէինք: Թերթը Էրդողանի պոտենցիալ ընտրողներին էր թիրախավորել՝ նրա ձախողման մասին հայտնելու համար: Եվ դա արել էր թերթի անգլալեզու տարբերակում` փորձելով Թուրքիայի նախագահի ձախողումը դուրս բերել միջազգային ասպարեզ:

Երբ ինֆորմացիան լինում է «արտահոսքի» ձեւաչափով, հաճախ այլ աղբյուր չի լինում` դրա հավաստիությունը ստուգելու համար: Եվ եթե Թուրքիան այդքան կարեւոր է մեզ համար, շատ լավ կլիներ, որ մեր խոշոր եւ բավականաչափ միջոցներ ունեցող լրատվամիջոցներն ունենային իրենց ստամբուլահայ թղթակիցը կամ աղբյուրը` հասկանալու, թե Թուրքիայում այդ մասին ինչ է խոսվում:

Մեր մեդիայի խնդիրն այն է, որ այն պարզապես թարգմանում ու հրապարակում է լուրը` դառնալով թուրքական սադրանքի միջնորդ: Մեդիան պետք է ունենա ոսկե կանոն` առանց մասնագիտական մեկնաբանության` թարգմանաբար որեւէ բան չհրապարակել, եթե մի քանի աղբյուրից հնարավոր չէ ճշտել լուրի իսկությունը:

Մեդիան իր համար պետք է արձանագրի, որ ինքը ոչ թե թարգմանիչ է, այլ լուր հաղորդող: Եվ եթե Թուրքիայի զարգացումների վերաբերյալ լուր կա, կարելի է մասնագետներից մեկնաբանություն խնդրել եւ պատասխանատվությունն էլ դնել նրանց վրա:

Ես ընդունում եմ, որ կան քլիքերի ու ռեյթինգի հետեւից ընկած լրատվամիջոցներ, որոնք, իրենց նյութերում Թուրքիա բառն օգտագործելով, ընդամենը ուզում են մեծացնել իրենց կայքի այցելությունների քանակը: Խնդիրն ավելի շատ տեսնում եմ այն պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մեջ, որոնք նույնպես կերան խայծը եւ սկսեցին մեկնաբանել ինչ-որ բան, որ իրականում գոյություն չուներ:

Մեդիան լուրի հերքումն էլ դարձրեց սկանդալ. Թուրքիայի արտգործնախարարության հերքումը ներկայացրեց առանց որեւէ մեկնաբանության կամ ներողության: Ընթերցողների հետ որեւէ երկխոսություն տեղի չունեցավ: Ինչպես ավտոմատ թարգմանել էր ապատեղեկատվությունը, նույն կերպով էլ տարածեց դրա հերքումը՝ առանց նույնիսկ փորձելու արդարանալ:

Արտակ Շաքարյան
թուրքագետ

Հ.Գ. Հոդվածը գրվել է 27.02.2015-ին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *