2016.06.15,

vox populi

Պատմության միկրոկաթված՝ հեռուստակադրում

Բունդեսթագը հունիսի 2-ին բաց քվեարկությամբ, նախագահ Լամմերտի գնահատմամբ՝ «նշանակալի մեծամասնությամբ» կողմ, և 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «1915-16-ին հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակումն ու ոգեկոչումը» բանաձևը։ Գերմանական, թուրքական, ընդհանրապես աշխարհի մեդիան շաբաթներ է արդեն՝ լուսաբանում կամ վերլուծում է պատմական այս իրադարձությունը:

Հայաստանի մեդիան էլ, բնականաբար, հունիսի 2-ից անդրադառնում է բանաձևի ընդունման փաստին, բայց ինչպե՞ս:

2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագում, ի զարմանս ինձ, Հայաստանից ժամանած որևէ գործընկերոջ չտեսա, փնտրում էի մեր հեռուստաընկերությունների միկրոֆոնները, օպերատորական խցիկները, դարձյալ չկային։ Ասորական հեռուստատեսության օպերատորը աջուձախ էր վազվզում, իսկ անկախ մեր երկրի լրագրողների համար, ինչքան կռահեցի, ցավոք, ֆինանսը խնայել էին։

Հունիսի 2-ին Հայաստանի հեռուստաարտադրանքին չէի հետևել, գերմանական տարբեր ալիքներ այնքան խիտ էին անդրադառնում մեր թեմային, որ հայկականի մագնիսը թուլանում էր։ Բայց հաջորդ օրն իսկ դիտեցի Հանրայինի՝ «Առաջին լրատվականի», «Արմենիայի»՝ «Ժամի», «Շանթի»՝ «Հեռանկարի», «Կենտրոնի»՝ «Էպիկենտրոնի» հեռուստաանդրադարձները, որտեղ նույն սխալներն էին։

Մինչ օրս էլ նկատելի է, որ հունիսի 2-ին մատուցած տեսաշարերը չեն փոփոխվել, հետևաբար սխալները շարունակվում են։ Եվ քանի որ «Հանրայինի» անունը հուշում է, որ նրա «պատվիրատուն» Հայաստանի հարկատու հանրությունն է, հետևաբար նաև՝ որակի պահանջատերը, ստորև շարադրելիք նյութս դիտարկենք այս հեռուստատընկերության մատուցածի համաձայն և կոնկրետ օրինակներով։

Հունիսի 2-ի ժամը 17-ի եթերը, բնականաբար, սկսվում է բանաձևի նիստի մասին տեղեկատվությամբ։ Կադրերը համարյա նույնն են, ինչ ժամը 13-ի եթերաժամինը, երբ նիստը դեռ չէր սկսվել։ Ժամը 17-ի եթերի 2։41 րոպեից ասվում է՝ ««Բանաձևը կրում էր «101 տարի առաջ հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների հիշատակի և դատապարտման մասին» անունը»։ Թեև բանաձևի վերնագիրը գերմաներեն էլ մինչև հունիսի 2-ը տարբեր ձևերով էր ներկայացվում, այդուհանդերձ, հունիսի 2-ին ընդունվածը «դատապարտում» բառը չի պարունակում, դրա փոխարեն «ոգեկոչում» բառն է։ Շարունակենք դիտել հիշյալ թողարկումը. կադրում Բունդեսթագի նիստերի դահլիճում տեղադրված մի քվեատուփ է, որի մեջ պատգամավորները քվեաթերթիկներ են լցնում. հեռուստադիտողը տեսնում է, որ փակ, գաղտնի քվեարկություն է ընթանում։ Չկա որևէ հուշում՝ ո՛ր օրվա տեսաշարն է, «արխիվ» բառն էլ բացակայում է։ Տեքստի հեղինակը չի հստակեցնում, թե Բունդեսթագում հունիսի 2-ին ինչպիսի՛ քվեարկություն է կայացել։

Դեռ օրեր առաջ, երբ ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին գերմանացի լրագրողները հարցրել էին՝ ինչպե՞ս է քվեարկելու, սոցիալ դեմոկրատ Շթայնմայերն ասել էր, թե իրենց խմբակցությունը փակ քվեարկություն է իրականացնելու։ Սրա մասին իրազեկել ենք վերջին շաբաթներին «Ազգի» մեր հրապարակումներում։

Հունիսի 1-ին գերմանացի մեր գործընկերներից շատերն էին կարծիք հայտնում, հորդորում՝ անհրաժեշտ է, որ քվեարկությունը բաց լինի, հանրությունն իմանա՝ ով ինչպես է քվեարկել։ Հունիսի 2-ին Բունդեսթագը հաշվի առավ գերմանացի լրագրողների կարծիքը։ Բոլորս տեսանք վեր պարզված ձեռքերը՝ ով ինչպես է քվեարկում։ Ուրեմն էլ ինչու՞, ի՞նչ նպատակով ցույց տալ այդ քվեատուփը հունիսի 2-ից մինչև 7-ը՝ առանց վրան «արխիվ» կամ ամսաթիվ նշելու, երբ խոսքը Բունդեսթագի հունիսի 2-ի նիստի, նույն օրը կայացած բաց քվեարկության մասին է։ Չե՞նք խեղաթյուրում, արդյոք, պատմական այդ կարևոր փաստը։

«Առաջին լրատվականի» գլխավոր թողարկումը ժամը 21-ին է, ուստի այսուհետ դիտարկենք ա՛յդ եթերաժամին մատուցածը։ Հունիսի 2-ին 1։45 րոպեից սկսած, հունիսի 3- ին՝ 09։15- ից ցույց են տալիս նույն կադրերը, որոնց վրա գրված է միայն «Գերմանիա»։

Դիտենք հունիսի 5-ի թողարկման 4։23-4։46 հատվածը։ Ցուցադրվում է կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթի պահին, կադրի վրա բացակայում է «արխիվ» գրությունը, ինչը հունիսի 2-ին, նույն այդ կադրի վրա կարճ հասցրել էին տեղադրել։ Նույն «արխիվ» գրությունը չենք տեսնում, երբ ցուցադրվում է քվեատուփը, իսկ տեքստում խոսվում է քվեարկության արդյունքի մասին՝ «Գերմանիայի օրենսդիրը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։ Պիտի նկատել, որ Մերկելին Բունդեսթագում ելույթի պահին ներկայացնելը, փոխկանցլեր Գաբրիելին, արտգործնախարար Շթայնմայերին իրենց տեղերում պինդ նստած ցույց տալն այդ օրվա նիստին անդրադառնալու պարագայում ոչ միայն տեղին չէ, այլև սխալ, քանի որ տեսողական ինֆորմացիան առավել մնայուն է, և դրանից հետո մեր լսած կամ կարդացած տեղեկատվությունը, թե կանցլերը և նրա տեղակալը, նաև՝ արտգործնախարար Շթայնմայերը հունիսի 2-ի նիստին չեն մասնակցել, կարող է մոռացվել։ Մանավանդ, որ հունիսի 2-ի եթերում ասում է՝ «Կանցլեր Անգելա Մերկելը սատարում էր բանաձևին և նախնական քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել բանաձևին, այնուամենայնիվ, կանցլեր Մերկելը, ինչպես նաև փոխկանցլեր Գաբրիելը, արտգործնախարար Շթայնմայերը ներկա չեն եղել լիագումար նիստին»։ Ուրեմն ինչու՞ է այդքան անհրաժեշտ նրանց անպայման Բունդեսթագի նիստերի դահլիճում ցուցադրելը։

Հունիսի 2-ին լուրերի գլխավոր թողարկմանը մեկ ուրիշ պատկեր էլ աչքի ընկավ։ 31։43 րոպեին Գերմանահայոց թեմի փոխառաջնորդ Սերովբե Իսախանյանը հիշեցնում է ԳԴՀ նախագահ Գաուքի՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ունեցած ելույթը, որի ժամանակ Գերմանիայի նախագահը դարձավ երկրում առաջին քաղաքական դեմքը, որ Հայոց ոճիրն անվանեց «ցեղասպանություն» բառեզրով։ Կադրում ցուցադրում են Գաուքին՝ 2015-ի ապրիլի 17- ին Քյոլնի Մայր տաճարում Germanwings-ի զոհերի սգահանդեսի առիթով ունեցած ելույթի տեսարանը, ավելին՝ գերմաներեն հստակ գրված է մեր վերոնշյալ տեղեկատվությունը։ Կադրում երևում է հոգեհանգստյան արարողությանը մասնակից Գերմանիայի մահմեդականների կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մացիեկի դեմքը։ Այս կադրերն էլ ներկայացվում են՝ առանց համապատասխան «արխիվ» գրության։

Ստացվում է այսպես՝ մահմեդականների առաջնորդն ապրիլի 23-ին մեր կողքին էր Բեռլինում, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Թեկուզ ոչ միտումնավոր, բայց այսպես անփութորեն կեղծում ենք մեր արդի պատմությունը։

Նույն կադրերը, առանց «արխիվ» կամ «ամսաթիվ» նշելու, շարունակվում են նաև հունիսի 6-ի եթերում։

Դիտենք 23։31 րոպեից սկսյալ և կհամոզվենք։ Որևէ փոփոխություն չկա նաև հունիսի 7-ի եթերում՝ 17։10-ից քվեատուփի պատկերն է, իսկ 17։28-ին ցույց է տրվում Բունդեսթագի նիստերի դահլիճի այն օթյակը, որտեղ նստել էին հայ համայնքի ներկայացուցիչները։ Շատ լավ հիշում եմ՝ oթյակի այդ կազմը 2015-ի ապրիլի 24-ին էր, հունիսի 2-ին նույն օթյակում ուրիշ դեմքեր էին, ու կրկին՝ կադրի վրա պակասում է համապատասխան նշումը։

Շարունակենք հետևել հունիսի 7-ի եթերին. Հայոց ցեղասպանության բանաձևին անդրադարձից հետո դիտենք 18։15 րոպեից սկսյալ. ցույց է տալիս նույն օրը Բեռլինում Ալիև-Մերկել ասուլիսը, սակայն դա հունիսի 7- ի պատկերը չէ, նույն օրն այնտեղ եղած լինելով՝ կարող եմ փաստել, որ «Առաջին լրատվականի» եթերում նախորդ տարի նույն ձևաչափով անցկացված ասուլիսի կադրերն են, ու դարձյալ բացակայում է «արխիվ» գրությունը։ Մեր կարծիքով՝ այս դեպքում ավելի ճիշտ կլինի գրել կոնկրետ տարին, ամիս-ամսաթիվը։

Հեռուստակադրերից հոգնած՝ համակարգչիս մկնիկն ինձ տարավ հունիսի 3-ի «Առավոտ». «Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ պրոֆեսոր Նորբերտ Լամերտը, որովհետև կանցլեր Անգելա Մերկելը բացակայում էր»։ Իրականության աղավաղում, որովհետև որևէ մեկը նախապես չէր հայտարարել, որ այդ օրը նիստը «բացելու» էր կանցլերը։ Արտակարգ բան տեղի չի ունեցել՝ Նորբերտ Լամերտը «բացեց» նիստը, որովհետև նա՛ է Բունդեսթագի նախագահը՝ անկախ այն հանգամանքից՝ կանցլերը ներկա է նիստին, թե ոչ։

Միգուցե չհամաձայնեք, բայց այն տպավորությունն ունեմ, թե մանրակրկիտ աշխատանքից շատ ենք հեռացել։ Այլոց իրավամբ մեղադրում ենք մեր պատմությունը աղավաղելու մեջ, բայց ինքներս, թեկուզ չգիտակցելով, նույնը չե՞նք անում։

Անահիտ Հովսեփյան 
«Ազգ»-ի լրագրող
Գերմանիա

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

4 Responses to “Պատմության միկրոկաթված՝ հեռուստակադրում”
  1. Աննա Իսրայելյան says:

    Շնորհակալություն
    Ան ջան, շնորհակալ եմ դիտողության համար: Ուղղեցինք

    1. Անահիտ Հովսեփյան says:

      Պատմության միկրոկաթված՝ հեռուստակադրում
      Ես եմ շնորհակալ, սիրելի Աննա

  2. Զոհրաբ Հարոյան says:

    Ի?նչ նկատի ունեք նույն սխալ ասելով
    Հարգելի Անահիտ Հովսեփյան, դուք կամ չեք դիտել «Արմենիայի»՝ «Ժամի» տեսանյութերն այս թեմայով, կամ միտումնավոր փորձում եք իրականությունը խեղաթյուրել: Արմենիայի Ժամը լրատվականում չի գնացել ոչ մի արխիվային կադր: Խնդրում եմ հարգեք ձեր լսարանը եւ քննադատելուց առաջ ապտշաճ մոնիթորինգ իրականացրեք:

    “Բայց հաջորդ օրն իսկ դիտեցի Հանրայինի՝ «Առաջին լրատվականի», «Արմենիայի»՝ «Ժամի», «Շանթի»՝ «Հեռանկարի», «Կենտրոնի»՝ «Էպիկենտրոնի» հեռուստաանդրադարձները, որտեղ նույն սխալներն էին։”

    1. Անահիտ Հովսեփյան says:

      Պատմության միկրոկաթված՝ հեռուստակադրում
      Հարգելի եւ սիրելի Զոհրապ Հարոյան,

      կներեք, որ Ձեր նամակին ուշ եմ աձագանքում։ Չեմ կարծում, թե լրագրողին հատուկ է
      իրականությունը միտումնավոր խեղաթյուրելը, ինչպես Դուք եք գրել։
      Համենայնդեպս, ես այդպես միտումնավոր մարդկանց, առավել եւս գործընկերներիս չեմ
      վիրավորում իմ տոնայնությամբ։

      Շնորհակալություն, որ ինձ օգնեցիք դիտել Ձեր հունիսի 2- ի թողարկումը եւ
      ուրախանալ. Ձեր լրագրող Դավիթ Սարգսյանը հիմնականում ճիշտ է լուսաբանել նիստի
      ընթացքը՝ առանց, կարծում եմ, ներկա լինելու։ Ներում եմ հայցում՝ ես նրա կիրթ
      ձայնը չէի մոռանա, միգուցե ուրիշ լրագրողի սխալն է տիրապետող եղել…Սրանից
      հետո Ձեր եթերին առավել ուշադիր կհետեւեմ։ Ինչ վերաբերում է Ձեր՝ « պատշաճ
      մոնիթորինգ անցկացնելու» հորդորին, խոստովանեմ՝ նպատակս որեւէ մեկի վարկանիշը
      բարձրացնել- իջեցնելը չէ, իսկ երբ Գերմանիայում հայկական ալիքներին ես հետևում, տպավորվում է ոչ թե կոնկրետ հեռուստաընկերությունը, այլ ամբողջ համապատկերը։ Իմ գրածն այդ տպավորությունից է, կարծիք, որը բարեբախտաբար ենթակա է փոփոխության։ Հուսամ Ձեր տոնը ՝ նույնպես։

      Սիրով՝ Անահիտ Հովսեփյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *