6 խորհուրդ լրագրողներին այն մասին, թե ինչպես կարելի է մաքրագրել նյութը և քիչ սխալներ թույլ տալ

30.05.2012

Վերջին ժամանակներս ինձ այնքան է վրդովեցնում հեղինակավոր օնլայն ու տպագիր լրատվամիջոցներում հանդիպող հեշտ խուսափելի սխալների քանակը, որ որոշեցի կապվել Փոյնթերի հետ՝ ցանկություն հայտնելով մի բան գրել այդ  կազմակերպությունների՝ խմբագրմանն այդքան խնայողաբար մոտենալու մասին:

Իմ փորձից գիտեմ, հատկապես Atlanta Journal-Constitution ամսագրում ավելի քան տասը տարի առաջ հանրային խմբագիր աշխատելու տարիներից,  թե ինչպես կարող են նման սխալները խանգարել ընթերցողներին՝ միտելով նրանց հավատալ, որ նման բացթողումների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում և դրանք ոչ մեկին չեն անհանգստացնում:

Մյուս կողմից, արդյո՞ք Փոյնթերի լսարանն ուզում է կարդալ հերթական քննադատությունը  ծեր, խարխլված թոշակառու լրագրողից:  Ոչ` ասաց Փոյնթերի աշխատակից  Ջուլի Մուսը: Այս հաստատության ընթերցողներին ավելի շատ լուծումներն են հետաքրքիր, քան բողոքները (սրանք իմ խոսքերն են. Ջուլին, իհարկե, շատ ավելի քաղաքավարի էր):

Սկզբում, կարծում էի, որ լուծումներ չկան: Բայց որքան ծամծմեցի այս թեման, այնքան ավելի համոզվեցի այն բանում, որ կարող եմ ինչ-որ բան առաջարկել: Հավանաբար լրագրողները կօգտագործեն այն որպես ստուգման թերթիկ կամ կթարմացնեն իրենց գիտելիքները:

Այսպիսով, ներկայացնում եմ վեց խորհուրդ, որ կօգնեն ձեզ վերահսկել նյութի վերջնական տեսքը: Դրանցից ոչ մեկը նորամուծություն չէ, և հաստատ դրանց բոլորին դուք հանդիպած կլինեք, բայց երաշխավորում եմ, որ եթե ջանասիրաբար հետևեք դրանց, ավելի քիչ բացթողումներ կունենաք ձեր նյութերում:

1. Համարեք, որ ձեր նյութը տպագրվելու է այն տեսքով, որ գրել եք. Լրատվական բաժնի վրա մի թողեք փաստական, ոճական, քերականական ու արտասանական բնույթի հարցեր, մի աշխատացրեք spell-check-ն ու համարեք, որ գործն ավարտված է, ստուգեք մեկ անգամ ևս:

2. Նախքան ուղարկելը կարդացեք նյութը բարձրաձայն եւ դանդաղ՝ ուշադիր լսելով ձեզ. Փաստացիորեն ոչինչ ձեզ այնքան արագ չի օգնի գտնել տառասխալը, բառի կամ արտահայտության սխալ տեղը, դուրս մնացած բառերը, որքան յուրաքանչյուր բառն ու նախադասությունը լսելը:

3. Ազնիվ եղեք. Եթե ձեր նյութում մեղադրել կամ բացասական կարծիք եք հայտնել որևէ մեկի մասին, համոզվեք, որ հնարավորություն եք տվել նրան արձագանքելու:  Յուրաքանչյուրն արժանի է դրան:

4. Կանգ առեք յուրաքանչյուր թվի վրա. Նախ համոզվեք, որ շարադրել եք անհրաժեշտ բովանդակությունը: Հինգ խանութների գործունեությունը դադարեցրած ընկերությունը, որն ընդհանուր հաշվով ունի 500 խանութ մի բան է, մեկ այլ բան, եթե նա ընդամենը ունի տասը խանութ: Անհնար է գնահատել աշխատավարձի  յոթ տոկոս աճը, եթե չկան հին կամ նոր աշխատավարձի թվերը: Երկրորդ, եթե թվերը ենթադրում են գումարում, թվաբանությունը դուք արեք: Երրորդ, մի շփոթեք տոկոսը՝ տոկոսի փոփոխման միավորի, իսկ միջինացված թիվը՝ միջին թվաբանականի հետ և, առհասարակ, թույլ մի տվեք տարրական մաթեմատիկական սխալներ: Ի վերջո, կրկնակի ստուգեք բոլոր  ամսաթվերը, հեռախոսահամարներն ու  ինտերնետային հասցեները:

5. Կարդացեք ձեր  էլեկտրոնային նամակներն ու արձագանքեք. Ես գրավոր զգուշացնում եմ լրագրողներին իրենց սխալների մասին, սկսած աղավաղված մեջբերումներից ու ոչ ստույգ ամսաթվերից մինչև մեծ  փաստական սխալներ: Համոզված եմ, շատերն են այսպես անում: Բայց շատ անգամ պատասխան չեմ ստանում, իսկ որ ավելի վատ է՝ սխալները հետագայում էլ չեն շտկվում:

6. Ցանկ կազմեք և կրկնակի ստուգեք այն. Սա հատկապես կարեւոր է, եթե ձեր աշխատանքը ներառում է այլ աղբյուրների օգտագործում:  Նշեք, թե որ լրատվամիջոցներն ու հեղինակներն  են ճիշտ, որոնք՝ ոչ: Ձեր նյութում առկա այլ աղբյուրի սխալը չի ազատում ձեզ պատասխանատվությունից:  Դա հերքում է, ոչ՝ ճշգրտում:

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:

Հեղինակ՝ Ջորջ Էդմոնսոն
Թարգմանությունը` Քրիստինա Հարությունյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?